Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Ջանի Ռոդարի․ Երիտասարդ խեցգետինը

Մի երիտասարդ խեցգետին մտածում էր.

- Ինչո՞ւ իմ ըտանիքում բոլորը քայլում են ետ-ետ: Ես այդպես չեմ ուզում: Ես ուզում եմ քայլել միայն առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի:

Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ, ու առաջին օրերին շատ հոգնեց. ամենուր բախվում էր ինչ-որ բանի, քերծում էր զրահն ու կոխկրտում սեփական ոտքերը: Բայց, քիչ-քիչ, փորձերը սկսեցին հաջողվել, եթե իրոք ուզում ես, ապա ամեն բան էլ կարելի է սովորել:

Երբ արդեն շատ վստահ էր իր ուժերի վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.

- Հապա նայե՛ք:

Ու հրաշալի քայլերով առաջ գնաց:

- Զավա՛կս, - լաց եղավ նրա մայրը, - Հո խելքդ չե՞ս թռցրել: Ուշքի ե՛կ, քայլի՛ր եղբայրներիդ պես, որ քեզ շատ են սիրում:

Բայց նրա եղբայրները միայն փռթկացնում էին: Հայրը խստորեն նրան նայեց, հետո ասաց.

- Դե հերի՛ք է: Եթե ուզում է ես մնալ մեզ հետ, քայլի՛ր ինչպես բոլոր մյուս խեցգետինները: Իսկ եթե ուզում ես համառել, գետը մեծ է. գնա՛, ու այլևս ետ չվերադառնաս:

Քաջարի խեցգետինը սիրում էր իր հարազատներին, բայց չափից ավելի էր վստահ իր վրա, որպեսզի կասկածներ ունենար.նա համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճանապարհ ընկավ դեպի մեծ աշխարհ:

Անցնելիս` արթնացրեց գորտերի մի խմբի զարմանքը, որոնք որպես իսկական կանայք, հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:

- Աշխարհը շուռ է եկել, - ասաց նրանցից մեկը, - նայե՛ք այս խեցգետնին ու ասացեք, որ սխալվում եմ, եթե կարող եք:

- Էլ հարգանք չի՛ մնացել, - ասաց մեկ ուրիշը:

- Վա՜յ, վա՜յ, վա՜յ, - հառաչեց երրորդը:

Բայց խեցգետինը շարունակեց քայլել իր ճանապարհով: Որոշ ժամանակ հետո լսեց, որ իրեն կանչում է մի ծեր, մեծ խեցգետին, որը դեմքի թախծոտ արտահայտություն ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ.

- Բարի՛ օր, - ասաց երիտասարդ խեցգետինը:

Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.

- Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնեմ քայլել առաջ: Բայց տե՛ս, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու մարդիկ ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ակա՛նջ արա ինձ. համակերպվի՛ր անելու այնպես, ինչպես անում են մյուսները, ու մի օր, շնորհակալ կլինես իմ այս խորհրդի համար:

Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխաներ ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.

- Չէ՛, ե՛ս եմ իրավացի:

Ու հրաժեշտ տալով ծեր խեցգետնին` հպարտորեն շարունակեց իր ճանապարհը: Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծուռ բաները: Մենք դա չգիտենք, քանզի նա դեռ շարունակում է քայլել այն նույն քաջությամբ ու վճռականությամբ, ինչ առաջին օրը: Միայն կարող ենք նրան ի սրտե հաջողություն մաղթել՝ ասելով.

- Բարի՛ ճանապարհ: