Այսպէս է ասում Տէրը. «Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ։ Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան» (Տիմոթեոս 2:11-13)

Վերջին մարդու իշխանությունը

«Գու՛յժ, մոտենում է ժամանակը, երբ մարդն այլեւս աստղ չի ծնելու: Գու՛յժ, մոտենում է ամենաչնչին մարդու ժամանակը, որն արդեն չի կարողանալու քամահրել ինքն իրեն: Նայեցե՛ք, ես ձեզ ցույց եմ տալիս Վերջին Մարդուն»:
ՆԻՑՇԵ
 
Հայաստանում հաստատվել է «վերջին մարդու» իշխանությունը: Նա առաջ է քաշել միակ ճշմարտության անհաղթ կարգախոսը. «Մենք գտել ենք երջանկությունը»: Եւ «Վերջին մարդուն» հատուկ հաստատակամությամբ իր ճանապարհին ոչնչացնում է ամեն ինչ: Հագեցած բարձրագույն իշխանությունից ստացված անհոգությամբ՝ նա արհամարհում է ծառացած վտանգը, քրքիջ սփռում ավերածությունների ու արյան մեջ, լուտանք ու մեղադրանքներ թափում իր իսկ կողմից չպաշտպանված ու մահապուրծ եղբայրների վրա եւ անտեսում այն ամենը, ինչ կասկածի է ենթարկում «Վերջին մարդու» իշխանությունը: «Նա անփոխարինելի՛ է, նա միա՛կն է», ճչում է հոտը, եւ այդ ճիչը խլացնում է ինքնապաշտպանության գիտակցությունը: Հոտի վերածված հասարակությունը որպես երկնային պարգեւ ստացել է այն առավելագույնը, ինչի մասին կարելի էր միայն երազել՝ ազատություն: Ազատություն՝ տրվելու ամենացածրագույն բնազդներին եւ ինքնակառավարվելու նրանցով: Եւ որքան ավելի քիչ է «Վերջին մարդը» միջամտում հոտի կենսագործունեությանը, այնքան ավելի է նա գնահատվում եւ գիտակցվում իբրեւ անփոխարինելի: Պատմությամբ բազմիցս հաստատված ճշմարտություն է, որ հասարակությունը եւ մանավանդ հոտի աստիճանին իջած զանգվածը թշնամի է ցանկացած բարեփոխումների, ինքնակարգավորման, առավել եւս՝ գործողությունների, որոնք պահանջելու են հաղթահարել սեփական ինքնությունը: Ուստի, միմյանցից անդունդով բաժանված «Վերջին մարդն» ու հոտը փոխադարձաբար գոհ են ու երջանիկ, քանզի յուրաքանչյուրն ստացել է այն ինչին ձգտում էր՝ մեկը անսասան իշխանություն, մյուսը՝ իր ցածրագույն բնազդներով կառավարվելու բացարձակ ազատություն: Այս համերաշխությունն անհաղթահարելի է, քանզի «հողը փոքրացել է, եւ նրա վրա թռչկոտում է «Վերջին մարդը», որ նվազեցնում եւ փոշիացնում է ամեն ինչ: Նրա սերունդն անշիջանելի է, ինչպես գետնի լուն. «Վերջին մարդը» բոլորից երկարակյաց է»: Ուզում ենք գիտակցել թե ոչ, բայց մեր ժողովուրդը թեւակոխել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը տանում է պարզունակ աղետի:
 
«Վերահարմարեցման եւ վարքի ստերեոտիպների փոփոխության բարդ ու դժվարին պայմաններում կրկին ի հայտ է գալիս բնական ընտրությունը, եւ նրա կողմից ձեւավորվող պոպուլյացիան կամ կործանվում է, կամ դառնում է նոր էթնոս» (Լ. 2 Գումիլյով): Հասկանու՞մ են արդյոք «վերջին մարդը» եւ նրանից կառչած զանգվածը, որ հանգուցալուծման երրորդ ճանապարհ չկա: Գուցեեւ հասկանում են, բայց երկուստեք բավարարող գոյատեւման խրախճանքի մեջ, ինքնախաբեությամբ երկարաձգում են ժամանակը: Զանգվածն անշեղորեն հետեւում է «Վերջին մարդուն» եւ ցնորային համառությամբ հավատում, որ բնական ընտրության այս դաժան պայմաններում գոյատեւելու է մի մարմին, որ զուրկ է ինքնավերարտադրության ընդունակությունից, ինքնապաշտպանության կամքից եւ թշնամի է բարեփոխության շողքին իսկ: «Բնական ընտրությունն ազդում է այն փոփոխությունների վրա, որոնք ունեն հարմարվողական բնույթ, բայց այդ փոփոխությունները ցանկացած ուղղությաամբ չէ, որ գնում են: Նրանց առավելագույն մասը տանում է կառուցվածքի բարդության կորստին, կամ մարմինների ապաճման, այսինքն՝ անկման» (Ջոն Հոլդըն): Համեմատեք վերն ասվածը մեր հասարակությունում ընթացող տեղաշարժերի հետ եւ գուցե գիտակցեք, թե ուր է տանում մեզ «Վերջին մարդու» իշխանությունը: Եւ մի խաբվեք, առավել եւս՝ մի փորձեք խաբել ուրիշներին՝ դիմակայության ընդունակ առանձին բեկորների առկայությամբ, որոնք անհույս պայքար են մղում վերահաս աղետի դեմ: Որպեսզի անցումային փուլում մեծ կամ փոքր, ուժեղ կամ թույլ էթնոսը գոյատեւի, նրա ներսում պետք է իշխի հակաէգոիզմի էթիկան, երբ հասարակական շահը գերադասվում է անձնական շահից: Նման վիճակին ամբոխվարությամբ կամ դատարկ կարգախոսներով հասնել հնարավոր չէ, առավել եւս դա բացառվում է հասարակության մեջ խտրական վերաբերմունքի առկայությամբ: Հակաէգոիզմի էթիկան հասու է միայն այն հասարակություններին, ուր առաջնորդից մինչեւ ստորին աստիճանի մարդը ունեն միավորիչ գաղափար, ուր կա միավորիչ նպատակ, ուր յուրաքանչյուրն իր տեղում համապատասխան իրավունք եւ պատասխանատվություն ունի, ուր գոյատեւումը գնահատվում է ոչ թե իբրեւ նպատակ, այլ միջոց՝ ստեղծագործելու, նպատակներն իրականացնելու եւ զարգանալու: Կարո՞ղ է արդյոք այս ամենն իրականացնել «Վերջին մարդը» որ ժողովրդի եւ երկրի վերածննդի մեծ ճանապարհի դեռ առաջին քայլը չարած՝ հռչակեց, թե «մենք արդեն երջանիկ ենք, քանզի գտել ենք ճշմարտությունը»:
 
Հակաէգոիզմի էթիկայով առաջնորդվող հասարակությունն առավելապես զգայուն է իր ամբողջականության յուրաքանչյուր մասնիկի հետ կատարվող երեւույթների նկատմամբ: Նա առողջ ցնցում է ապրում իր մասնիկի ապրած դժբախտությունից՝ դրանում արդարացիորեն տեսնելով ողջ ընդհանրության վրա ծառացած վտանգը: Այստեղ բարձրագույն արժեքը կյանքն է, եւ ընդհանրության համար թափված արյան յուրաքանչյուր կաթիլն իր գինն ու հաշիվն ունի: Արժեքավորված կյանքի բարձունքում է, որ ձեւավորվում է ընդհանրության շահերի պաշտպանության գիտակցությունը, եւ այն անհաղթահարելի է, քանզի հիմնված չէ պատվախնդրությունից դրդված ինքնազոհաբերության վրա եւ առանձին բեկորների հոգու պարտքը չէ, այլ՝ պարտականություն եւ նույնիսկ արտոնություն՝ դաստիարակված հակաէգոիզմի էթիկայի բարձրագույն չափանիշներով: 3 Նայե՛ք պաշտպանության խնդրի նկատամամբ մեր զանգվածի ունեցած վերաբերմունքին եւ գուցե գիտակցեք, թե ցածրոգության ինչ աստիճանի է մեզ իջեցրել «Վերջին մարդու» իշխանությունը: «Մենք խաղաղության ենք ձգտում» և ասում է «Վերջին մարդը», «Մենք պատերազմ չենք ուզում» և ճչում է զանգվածն ու հանգստանում, որ «Վերջին մարդը» թույլ չի տալու, որ պատերազմ լինի: Բայց նա արդեն սանձազերծել է պատերազմը, եւ դեպի իր գահը տանող ճանապարհին այրել պատերազմից հեռու տանող բոլոր կամուրջները: Իսկ այժմ պատմության կամ տրամաբանության ո՞ր օրենքով է ապացուցվելու, թե պատերազմն անտեսելը հավասարազոր է նրա բացակայությանը: Այդ ինչպե՞ս է, որ անընդհատ խաղաղություն ենք ցանկանում, իսկ արդյունքում ՝ պատերազմ հնձում: Չե՞նք տեսնում, որ «Վերջին մարդու»՝ «խաղաղության» քաղաքականությունը պատերազմի հիմքերն է ամրացնում: Տեսնում ենք, բայց քանի դեռ այս ամենակուլ մայրաքաղաք կոչվածը թշնամու ռումբերից ավերակների չի վերածվել, շարունակելու ենք ջայլամի նման գլուխներս հողի մեջ թաղած չտեսնելու տալ պատերազմը: «Հակաէգոիստները պաշտպանում են էթնոսն ամբողջությամբ, իսկ էգոիստները վերարտադրում են այն սերունդներում: Բայց բնական ընտրությունը կրճատում է հակաէգոիստների քանակը, որ անպաշտպան է դարձնում էթնոսը, եւ որոշ ժամանակ անց վերջինս, զրկվելով իր պաշտպաններից, կուլ է գնում իր հարեւաններին» (Գումիլյով Լ.): Մեր հասարակությունում, ուր հակաէգոիզմը խիստ սահմանափակ արտահայտություն ունի, իսկ զանգվածները «Վերջին մարդու» իշխանության ջանքերով օրեցօր կաղապարվում են սեփական «ես»-ի մեջ ՝ կորցնելով ընդհանրական շահերի առաջնայնության ըմբռնումը, այս գործընթացն առավել արագ է կատարվում: Համատարած ամենաթողությամբ ու անբարոյականությամբ, տնտեսական եւ սոցիալական վայրի իրականությամբ «Վերջին մարդը» ոչնչացնում է հակաէգոիզմի սաղմերն իսկ, եւ մտածու՞մ ենք արդյոք, թե ո՞վ է պաշտպանելու մեր ընդհանրությունը, եթե ռազմաճակատներում այսպես շռայլորեն զոհաբերում ենք ժողովրդի ինքնապաշտպանության գեները կրող մի հատվածի վերջին բեկորները: Մի՛ խաբվեք, եւ մի՛ փորձեք խաբել ուրիշներին, թե արհավիրքը կողքով է անցնելու՝ չշոշափելով յուրաքանչյուրիդ «ես»-ը, քանզի պատմությունը նման հասարակությունների վերջաբանի բազում օրինակներ է տվել՝ բնաջնջված Կարթագենից մինչեւ մասնատված Ռեչ Պոսպոլիտան: Այնտեղ եւս «Վերջին մարդու» իշխանությունն էր, որ սպանեց ժողովրդին ավելի վաղ, քան թշնամին: Պարզունակ դարձած էթնիկական համակարգերը դատապարտված են: «Համեմատական հավասարակշռության պայմաններում կառուցվածքների բարդացումը բարձրացնում է դիմադրողականությունը թշնամական շրջապատի նկատմամբ, իսկ պարզունակացումը թուլացնում է այն» (Գումիլյով Լ.):
 
Բարդացման համակարգի մեջ կարեւորվում են հասարակական հարաբերությունների բոլոր ոլորտները, սկսած կենցաղային հնաոճ, քարացած եւ դրանով իսկ պարզեցված ավանդականության հաղթահարումից մինչեւ լիարժեքորեն գործող բազմակուսակցականությունն ու ազդեցիկ այլակարծությունը, տարածքների 4 ֆեդերալիզացիայից մինչեւ ազգային գաղափարախոսության առկայությունն ու ազգային բանակը: Իսկ պարզունակացման բարձրագույն աստիճանը տվյալ համակարգում հակաէգոիզմի էթիկայի թուլությունն է կամ բացակայությունը, քանզի անխուսափելիորեն հանգեցնում է հավաքականության եւ պետականության կորստին: Պետականության թուլությունը ողջ էթնոսի թուլությունն է, իսկ գաղթականության ուղին բռնած էթնոսները հազարամյակներ շարունակ հալածվել են եւ շարունակելու են հալածվել, որքան էլ քաղաքակիրթ թվա աշխարհը: Մարդկությունը մի ինչ-որ գերագույն տրամաբանությամբ չի ներում այն ժողովուրդներին, որոնք չկարողացան պաշտպանել իրենց հայրենիքը, եւ հալածում է նրանց մինչեւ այն աստիճանը, երբ նրանք կամ վերանում են, կամ կրկին քավում իրենց մեղքը՝ վերակերտելով հայրենիքը: Հայերի հալածումը գուցեեւ նոր երեւույթ չէ, սակայն նորություն է նրանց ընկալվելն իբրեւ հայրենիք ունեցող բայց նրանից հրաժարվող ժողովուրդ: Ցեղասպանությամբ ձեւավորված զոհի կերպարն իր տեղը զիջում է հայրենիքը վերակերտել չցանկացած անբարոյական ազգի կերպարին, եւ լարվածության տարածքներում հակահայ գործողություններն ընդամենը սկիզբն են այն ցավագին ընթացքի, որ սպառնում է մեզ, եթե չկարողանանք համայն հայության հայրենիքը կառուցել: «Վերջին մարդու» իշխանությունը նման հույսերի տեղ չի թողնում: Ազգային իդեալներից զրկված եւ սեփական ցածրագույն բնազդների հաղթանակից սարսափած էթնոսը ցրվում է, իսկ «Վերջին մարդու» դաստիարակած զանգվածը նպաստում է դրան, որպեսզի հետագայում ինքն էլ մասևմաս միանա գնացողներին: Հավաքականության գիտակցությունն իջել է նվազագույնի, քանզի էթնոսի ներսում ուժով եւ կարողություններով միմյանց խեղդելը եւ սեփական «ես»-ի խնդիրների լուծումն ի հաշիվ ուրիշների՝ օրինականացված բարոյականություն է դարձել: Մենք այլեւս ընդունակ չենք մտահոգվելու ուրիշների ճակատագրով, քանզի հաղթանակած էգոիզմի էթիկան մեզ պարտադրում է միայն «ես»-ի պաշտամունքը: Էթնիկական ընդհանրությունը քայքայվում է ինչպես ներքեւից վերեւ, այնպես էլ վերեւից ներքեւ: Զանգվածի գիտակցությունից դուրս է մղվել հայ հավաքական գիտակցությունը՝ տեղը լրացնելով ներքին տարանջատման պայմանանշաններով, որոնցից առավել էականը տարանջատումն է ըստ տարածքային պատկանելության: Հայ եւ Հայաստան ընդհանրական հասկացություններին փոխարինել են Ղարաբաղ-ղարաբաղցի, Զանգեզուր-զանգեզուրցի, աղետի գոտի-աղետյալներ, պատերազմական տարածքներ-գաղթականներ հասկացությունները, ընդհուպ մինչեւ առանձին բնակավայրերը, ինչպես՝ Արծվաշեն-արծվաշենցիներ: Պարզամիտ գիտնականները կարծում էին, թե էթնոսների ներսում տարածքային մասնատվաությունն անցյալի խնդիր է եւ նոր ժամանակներում դա հնարավոր չէ:
 
Սակայն Հայաստանում «Վերջին մարդու» իշխանությունը հերքեց այդ թյուր կարծիքը եւ իջեցրեց երկիրը մինչեւ ավատական մասնատվածության իրողության, երբ յուրաքանչյուր ավատատեր իր 5 հպատակներով պատասխանատու էր միայն իր տարածքի համար եւ պաշտպանում էր միայն իր տարածքը: Ինքնաքայքայում ապրող էթնոսներն իրենց կործանման պատճառները սովորաբար հակված են փնտրել առանձին երկրների կամ ժողովուրդների, միջազգային մութ ուժերի խարդավանքների եւ այլ պարագաների մեջ, շարունակելով այն ինքնախաբեությունը, որին արդեն իսկ զոհ են գնացել: Կարծում ենք, որ ամեն ինչ շատ ավելի պարզ է եւ տրամաբանական: Բնական ընտրության օրենքներն էթնոսֆերայում նույնքան պարբերաբար մաքրում են էթնոսֆերան թույլ, անընդունակ եւ պորտաբուծությանը հակված տարրերից՝ իբրեւ գործիք օգտագործելով արտաքին ագրեսիան, ներքին համաղետները եւ այլն: Եթե էթնոսն ինքը թերանում է կատարելագործվել, ստեղծել ինքնավերարտադրությանը նպաստող հասարակական հարաբերությունների եւ ներհասարակական կառույցների անհրաժեշտ համակարգերը, եթե խեղդում է ինքնապաշտպանության բնազդը եւ զլանում է պաշտպանել ինքն իրեն, ապա նա դատապարտված է: Ցանկացած ժողովուրդ, որ խաղաղություն է մուրում ՝ պատրաստ զոհաբերելու իր հայրենիքն ու իր անբաժանելի հատվածի կյանքը, դատապարտված է կործանման: Ի վերջո, ժողովուրդն է տնօրինում իր ճակատագիրը՝ չտրվելով «վերջին մարդու» կործանարար իշխանությանը կամ տրվելով նրա կողմից առաջադրված անհոգության գայթակղությանը: «Վերջին մարդու» իշխանությունից սթափվելը ողջ ժողովրդի խնդիրն է, քանզի «Վերջին մարդու» գործելակերպի բաղկացուցիչ մասն է կազմում «ժամանակ առ ժամանակ թույն տալ՝ դա հաճելի երազներ է առաջացնում: Իսկ վերջում թույնի մեծ բաժին, որպեսզի մահը հաճելի լինի» (Նիցշե):
 
Տիգրան ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
09.09.1992թ.