Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ պարծեցիր վաղուայ օրով, որովհետեւ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ: Թող քեզ քո ընկե՛րը գովի, եւ ոչ թէ՝ քո բերանը, օտարը, եւ ոչ թէ՝ քո շուրթեր» (Առակներ 27:1-2)

Սերգեյ Մերգելյան. Կենսագրություն

Սերգեյ Մերգելյան (մայիսի 19, 1928, Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 20, 2008, Լոս Անջելես, ԱՄՆ), հայ մաթեմատիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1953 թվականից, 1991 թվականից՝ ՌԳԱ), ՀԽՍՀ ԳԱ անդամ (1956 թվականից, 1993 թվականից՝ ԳԱԱ ), Ստալինյան մրցանակակիր (1952), Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր (2008)։ ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտոր (աստիճանը շնորհվել է թեկնածուական թեզը պաշտպանելիս 20 տարեկանում), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամ (24 տարեկան): Ասպիրանտուրայում սովորելու տարիներին 20-ամյա Մերգելյանը լուծեց մաթեմատիկան ֆունկցիաների տեսության հիմնարար պրոբլեմներից մեկը, որի լուծումն ավելի քան 70 տարի չէր գտնվում: Նրա ապացուցած թեորեմը՝ կոմպլեքս ֆունկցիաների հավասարաչափ բազմանդամային մոտարկման հնարավորության վերաբերյալ, դասական է համարվում  և այն ներառված է Ֆունկցիաների տեսության դասընթացում։ Մերգելյանը կանգնած է եղել Հայաստանի հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։

Կենսագրություն

Վաղ տարիներ
Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 19-ին Սիմֆերոպոլում՝ հայկական ընտանիքում : Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը, ծնունդով ախալքալաքցի էր, նախկին անհատ ձեռներեց (նեպման), մայրը՝ Լյուդմիլա Իվանովնա Վիրոդովան Ազով-Սևծովյան բանկի կառավարչի՝ ով 1918 թվականին գնդակահարվել էր, դուստրն էր։ Սերգեյի հայրը 1936 թվականին Ելեց քաղաքում թղթի գործարան էր կառուցում, սակայն շուտով աքսորվեց Նառիմ, Տոմսկի մարզ։ Սիբիրում Սերգեյը ցրտից շատ ծանր հիվանդացավ և հրաշքով կենդանի մնաց։ 1937 թվականին Սերգեյը և մայրը արդարացվեցին և վերադարձան Կերչ, իսկ 1938 թվականին Լյուդմիլա Իվանովնան կարողացավ (ԽՍՀՄ գլխավոր դատախազ Անդրեյ Վիշինսկուց) ամուսնու արդարացումը ստանալ։

Ուսում
Մինչ պատերազմի սկսելը Սերգեյն ապրել էր Ռուսաստանում, սովորել Կերչի միջնակարգ դպրոցում։ Երբ 1941 թվականի աշնանը նրա ընտանիքը Կերչից Երևան տեղափոխվեց, Սերգեյը հայտնվեց այլ միջավայրում, հայերենին նա չէր տիրապետում։ 1943 թվականին հանրապետական ֆիզիկամաթեմատիկական օլիմպիադայում Սերգեյը զբաղեցրեց առաջին տեղը։ 1944 թվականին (16 տարեկանում), 9-10 դասարանների քննությունները էքստեռն հանձնելով ընդունվեց Երևանի Պետական Համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետ։ Պետական համալսարանում նա առաջին տարում հանձնում է առաջին և երկրորդ կուրսի բոլոր քննությունները և սկսում հաճախել երրորդ կուրս։ 1947 թվականին, 19 տարեկանում էքստեռն ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին նա հատկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Արտաշես Շահինյանի դասախոսություններին, ով և անմիջապես նկատում է ապագա մաթեմատիկոսին։ Հետագայում Արտաշես Շահինյանը գրում է.

Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում էր և տալիս դիպուկ հարցեր, համակում է առաջին իսկ հանդիպողին: Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը և այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց 

Շահինյանը նաև ընդգծում է, որ Մերգելյանով վերջնականապես ձևավորվեց հայկական մաթեմատիկայի պատմության մի շրջանը: Նրա մասին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահ Պավել Ալեքսանդրովն ասել է․ «Մեր աչքի առաջ ծնվում է հայկական մաթեմատիկական դպրոցը»:

Ուսմանը զուգահեռ Սերգեյը դասավանդում էր Երևանի Պիոներների պալատի մաթեմատիկոսների խմբակում։ Այնտեղ նա իր երևակայությանը ազատություն տվեց, պատանիների համար գլուխկոտրուկներ հորինելով, կազմակերպելով հատկապես բարդ խնդիրների լուծման մրցույթներ, մաթեմատիկական խաղեր և այլն։ Համալսարանի հնգամյա դասընթացը նա անցավ երեք տարում՝ առաջին կուրսում սովորելով մի քանի օր, այնուհետ էքստեռն քննությունները հանձնելով փոխադրվեց երկրորդ կուրս և 1946 թվականին ավարտեց համալսարանը։ Այդ ընթացքում նա վերականգնեց հայրական ազգանունը և ավարտական վկայական ստացավ որպես Սերգեյ Մերգելյան։ Համալսարանն ավարտելուց հետո Մերգելյանն ընդունվում է ասպիրանտուրա Մոսկվայի Ստեկլովի անվան ինստիտուտում։ Նրա գիտական ղեկավարը Մստիսլավ Կելդիշն էր։ Չնայած զբաղվածությանը Կելդիշը հատուկ ուշադրության էր արժանացնում իր նոր ասպիրանտին։ Նրանք հանդիպում էին Կելդիշի տանը երեկոյան ժամերին և երկարատև զրույցներ էին վարում մաթեմատիկական պրոբլեմների վերաբերյալ:

Մերգելյանը թեկնածուական թեզը գրեց մեկուկես տարվա ընթացքում։ Պաշտպանությունը կայացավ 1949 թվականին։ Մեկուկեսժամյա նիստից հետո գիտական խորհուրդը հայտարարեց Մերգելյանին ֆիզմաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին։ Չնայած Մերգելյանը իր աշխատանքը որպես թեկնածուական թեզ էր ներկայացրել, սակայն երեք պաշտոնական ընդդիմախոսներն էլ՝ ակադեմիկոսներ Միխայիլ Լավրենտյևը, Սերգեյ Նիկոլսկին և թղթակից անդամ Ալեքսանդր Գելֆոնդը գիտխորհրդին առաջարկեցին Մերգելյանին դոկտորական աստիճան շնորհել։ Գիտխորհուրդը դիմումը բավարարեց և Սերգեյ Մերգելյանը 20 տարեկանում դարձավ ԽՍՀՄ ամենաերիտասարդ գիտությունների դոկտորը։

Գիտական գործունեություն

Մերգելյանի թեկնածուական թեզը առնչվում էր ֆունկցիաների մոտավորության տեսությանը։ 1951 թվականին Մերգելյանը ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։ Մերգելյանի հիմնական աշխատանքներն առնչվում են կոմպլեքս փոփոխականների տեսությանը, մոտարկումների տեսությանը և հարմոնիկ ֆունկցիաներին։ 1951 թվականին Մերգելյանը լուծեց անընդհատ ֆունկցիաները բազմանդամներով մոտարկելու խնդիրը, այնուհետ նաև Բերշտայնի մոտարկման պրոբլեմը։ Մերգելյանի թեորեմը եզրափակեց 1885 թվականին սկսված և Կարլ Վեյերշտրասի, Կարլ Ռունգեի, Ուոլշի, Միխայիլ Լավրենտևի, Մստիսլավ Կելդիշի և այլոց դասական արդյունքներից կազմված հետազոտությունների երկարաձիգ շարքը։ "Մերգելյանի թեորեմ" և "Մերգելյանի բազմություն" նոր տերմինները իրենց տեղը գտան մոտարկումների տեսության դասագրքերում և մենագրություններում։ Մերգելյանի գիտական ձեռքբերումներն օժանդակեցին հայկական մաթեմատիկական դպրոցի զարգացմանն ու միջազգային ճանաչմանը, ինչի վկայականն է 1965 թվականին Մերգելյանի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպված ֆունկցիաների տեսությանը նվիրված խոշոր միջազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին աշխարհի շատ հայտնի մաթեմատիկոսներ, որը մեծապես օժանդակեց հայկական մաթեմատիկական դպրոցի առաջընթացին։

21 տարեկան հասակում Մերգելյանը դառնում է գիտությունների դոկտոր, 25 տարեկանում ընտրվում ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 28 տարեկանում՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի