Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Սուրբ Պանդալեոն բժշկի գաղտնիքը

Երիտասարդ, գեղեցիկ, խիզախ, լավ կրթված, հարուստ ընտանիքից. թերևս նա առաջինն էր, ում անվանում էին բժիշկ Աստծուց. Սուրբ Պանդալեոն՝ բուժող և պաշտպան, նաև զինվորների բարեխոս:
Հայտնի բժիշկ Պանդալեոնը ապրել է 3-4-րդ դարերում ժամանակակից Թուրքիայի տարածքում:
Նա շատ համբերատար էր, բարի, բուժում էր հիվանդներին, անտուններին, աղքատներին և բանտարկյալներին՝ իր բժշկության դիմաց ոչինչ չակնկալելով:

Ինչո՞ւմն է նրա գաղտնիքը, ինչպե՞ս էր կարողանում բուժել կույրերին, բորոտներին, կաղերին: Նրա վկայաբանությունից մեզ հայտնի է, թե ինչպես մի մահացած երեխայի կենդանացրեց: Ինչպե՞ս կարող է սովորական մի մահկանացու նման բժշկություններ կատարել: Նրա գաղտնիքը պարզ է. նա հավատաց Հիսուս Քրիստոսին՝ հոգու և մարմնի միակ Բժշկին: Երբ վերադարձավ քրիստոնեության գիրկը, ֆիզիկական բժշկության արվեստը թողնելով, հոգևոր բժշկության կոչում զգաց իր մեջ: Պանդալեոնն սկսեց բազմաթիվ բժշկություններ կատարել աղոթքով և Հիսուսի անունով: Իր գործունեությամբ երեք տեսակ չարիքների առաջն առավ՝ աղքատության, հիվանդության և մեղքի. քանի որ թե՛ հիվանդներին էր բժշկում Քրիստոսի անունով, թե՛ չքավորներին էր հասնում և թե՛ հոգիներին դարձի բերում:

Պանդալեոն կամ Պանդելեմիոն բժիշկն ապրել է Փոքր-Ասիական Նիկոմեդիա (այժմ Իզմիտ) քաղաքում, եղել հեթանոս ազնվական հոր և քրիստոնյա մոր զավակ: Նրա մայրը՝ Եվվուլան, ուզում էր իր որդուն քրիստոնեական ոգով կրթել, բայց մահանում է, երբ ապագա մարտիրոսը դեռ երիտասարդ էր: Չնայած դեռ չմահացած՝ կարողանում է նրա մատաղ սրտի մեջ քրիստոնեական սերմը ցանել: Մոր մահից հետո մանուկը մեծանում է հեթանոսության մեջ: Հայրը պատանի Պանդելեմիոնին կրթության է տալիս Եփրոսինոս հայտնի բժշկի մոտ: Ստանում է բարձր ուսում և նվիրվում բժշկությանը: Շուտով խելացի, շնորհալի և գեղեցկադեմ Պանդալեոնին նկատում է Մաքսիմիանոս կայսրը, ով ցանկություն է հայտնում նրան վերցնել իր մոտ՝ որպես պալատական բժիշկ: Սակայն Աստծո նախախնամությամբ Պանդալեոնին նկատում է նաև մեկ այլ անձնավորություն՝ Երմողայոս քահանան, ով իր երկու ընկերների հետ փրկվել էր 303թ. Նիկոմեդիայի եկեղեցում 20000 քրիստոնյաների հրկիզումից: Նա իր ընկերների հետ բնակվում էր թաքստարանում, որի կողքով հաճախ անցնում էր Պանդալեոնը: Երմողայոսն նրան հիացումով էր դիտում՝ նկատելով նրա մեջ բացառիկ լրջություն: Ծերունի Երմողայոսն իր զրույցներով Պանդալեոնի մեջ սերմանում է Քրիստոսի հանդեպ սերը, ծլեցնում և աճեցնում նրա մեջ բարեպաշտ մոր նետած սերմերը ու նրան համոզում քրիստոնեական կրոնի ճշմարտացիությունը:

Իր նոր հավատքի մեջ ավելի է ամրանում մի հրաշքով: Մի օր Պանդալեոնը փողոցում ընկած մեռած մի մանուկ է տեսնում, որը մահացել էր օձի խայթոցից և օձն էլ նրա մոտ էր: Մանկանը տեսնելով՝ ասում է. «Ո՛վ մեռյալ մանուկ, ոտքի՛ ելիր հանուն Հիսուս Քրիստոսի. իսկ դո՛ւ, չար գազան, պատիժը ստացիր քո չարիքիդ, որ գործեցիր այս մանկան»: Նույն վայրկյանին մանուկը հարություն է առնում, իսկ օձը՝ սատկում: Այս հրաշքը առավել ամրապնդում է նրա հավատը Փրկչի հանդեպ և Պանդալեոնը մկրտվում է Երմողայոսի ձեռքով:

Ուրախ սրտով ու համարձակ դավանում է. «Հիսուս Քրիստոս ի՛մ Աստվածն է: Հավատում եմ»:
Պանդալեոնը դարձի է բերում նաև իր հեթանոս հորը, երբ նրա ներկայությամբ Տիրոջ անունով և խաչի նշանով բացում է մի կույրի աչքերը: Հայրը նույնպես մկրտվում է և փշրում իր տանը եղած կուռքերը: Հոր մահից հետո Պանդալեոնը նրա ամբողջ հարստությունը ծախսում է աղքատների համար, Քրիստոսի անունով բժշկություններ կատարում և շատերին դարձի բերում:
Նրա համբավը տարածվում է և որոշ բժիշկներ նախանձից նրան ամբաստանում են Մաքսիմիանոս կայսեր առաջ:

Հակառակ այն իրողության, որ կայսեր ներկայությամբ անբուժելի հաշմանդամին աղոթքով կատարյալ բժշկություն է պարգևում, սակայն կայսրը չի բուժվում իր հոգեկան հաշմանդամությունից, ընդհակառակը՝ Պանդալեոնին ենթարկում է չարչարանքների, որոնցից հրաշքով ազատվում է Աստծո ծառան:
Նրան ստիպում են թողնել քրիստոնեությունը և դառնալ դեպի հեթանոսություն: Նրան սպառնում են, խոշտանգում, խոստանում են բոլոր հարստությունները երկրի: Բայց նրա դեմքը լուսավոր էր, և անփոփոխ նրա՝ «Հավատում եմ»:

Սակայն այս ամենը, ինչպես նաև հաջորդաբար ենթարկված բոլոր տանջանքներից անվնաս ազատվելը վերագրվում է կախարդության:
Երբ իմանում են, որ նրան դարձի բերողը Երմողայոսն է, ատյան են հանում նաև վերջինիս իր երկու ընկերների հետ և չարչարանքների մատնելուց հետո՝ գլխատում: Այնուհետև գլխատվում է նաև Պանդալեոնը: Սուրբը սիրով և աղոթանվեր երկյուղածությամբ պարզում է իր պարանոցը դահճի սրի տակ: Վկայաբանություններում ասվում է, թե նրա կտրված պարանոցից ոչ թե արյուն է բխում, այլ կաթ: Իր մահվանից առաջ աղոթելով՝ նա Տիրոջից թողություն է խնդրում իրեն չարչարողների համար: Արդեն իսկ 4-րդ դարում նրա անունով եկեղեցիներ են կառուցվում Հայոց Սեբաստիա քաղաքում և Կ.Պոլսում, իսկ նրա նշխարները տարածվում են բազմաթիվ վայրերում: Նրան տրվել է նաև Պանդելեմիոն անունը, որ նշանակում է «ամենողորմած»՝ իր կատարած անթիվ բարիքների համար, որոնցից վերջինն էր իրեն չարչարողների համար թողություն խնդրելը:

Սուրբ Պանդալեոնի վարքը գրել են նրա երեք ընկերները, ովքեր մինչև նրա նահատակությունը հետևել են նրան:

Բոլոր ժամանակներում էլ յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է, որ որևիցե մեկը օգնի, սատար կանգնի և բժշկի, ոչ միայն մարմինը, այլ նաև հոգին: Ինչպես ամեն մարդ հիվանդության դեպքում դիմում է բժշկի, այնպես էլ ամեն հավատավոր դիմում է նաև Սուրբ Պանդալեոնի բարեխոսությանը:

Արդյոք օգնո՞ւմ է նա այսօր: Արդյոք լսո՞ւմ է մեզ այդ երիտասարդ բժիշկը: Անկասկած, այո՛: Ինչպես այն ժամանակ, այսօր էլ Սուրբ Պանդալեոնը չի դադարում օգնել այն մարդկանց, ովքեր հավատով դիմում են նրա բարեխոսությանը, և որոնց համար նա բարեխոսում է հոգու և մարմնի միակ Բժիշկի՝ Հիսուս Քրիստոսի մոտ:

Սկզբնաղբյուրներ՝
1. Տ. Թորգոմ պատրիարք, «Սուրբք և տօնք Հայաստանեայց եկեղեցւոյ», 1981թ.
2. Из книги «Синаксарь: Жития святых Православной Церкви», вышедшей в издательстве Сретенского монастыря.Составитель - иеромонах Макарий Симонопетрский,
адаптированный русский перевод - издательство Сретенского монастыря
3. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեան, «Համաքրիստոնեական սուրբեր», Երևան, 1997թ.
4. Վարք Սրբոց, 1975թ.:

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Holytrinity.am