Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Հովհաննես Գրիգորյան. Անավարտ զրույց կամ մենախոսություն

…Ձմեռը չեմ սիրում: Եթե ձյուն չկա, արդեն թերություն է: Կար ժամանակ՝ դարպասը բացում էին թիերով: Լենինականում բոլորս սահնակներ ունեինք: Զարմանալի բան է, ձյունն էլ պակասեց: Աշխարհը կարծես ամաչկոտ է դարձել և առաջվա պես է՛լ չի ճերմակում: Մենք սահնակին շուն էինք կապում: Մի անգամ շունը կատու տեսավ և ընկավ նրա ետևից: Ինձ պատկերացրեք այդ սահնակի վրա: Ես ձմեռ էլ էի սիրում, բայց իմ հարաբերությունները նրա հետ գնալով վատացան: Մարդ տարիների հետ ջերմության կարիք է զգում և կամաց-կամաց վերադառնում է դեպի իր անցյալը: Ապագայից նա ոչ մի սպասելիք չունի: Ընդամենը վախենում է: Մանկու­թյան զվարթունները հետո գնալով դառնում են մահվան ուղեկիցներ: Նրանք նման են լուցկու տուփի: Վառվեց, ու վերջ: Ծերանում ես, երբ փոխվում է մեր որակը: Դու կորցնում ես պորտալարով կապված ծնողներիդ: Ինձ թվում է, որ հիմա էլ մայրս անվերջ լվացք է անում: Նա ոտնաձայներից հասկանում էր ինձ…

…Երբ հասունանում ես, հատում ես հիսունի սահմանագիծը, մայրն ու կինը գրեթե նույնանում են: Մեկի ավարտած առաքելությունը շարունակում է մյուսը: Երջանկություն է, երբ հանդիպում ես քո կեսին: Այն վիճակախաղի պես մի բան է: Կամ շահում ես, կամ` չէ: Հիմա ընտանիք կառույցը խլածաղկի պես բան է: Կպար` թերթաթափ կլինի, կմնա ցողունը: Երբ Վաշինգտոնում իմացան, որ ես 28 տարի ապրում եմ մի կնոջ հետ, «հավատարմության» վկայական տվեցին, ինձ փողկապ նվիրեցին, կնոջս էլ` օղեր: Նվիրյալ կինը լավ բան է: Կորցրեցիր` հողը կսահի ոտքերիդ տակից: Կարելի է միասին ծերանալ, բայց ծեր չլինել: Մեր տարիները հանվում են, երիտասարդներինը` գումարվում: Տեսնես` ո՞ւր են շտապում:

…Բանաստեղծը միշտ ստեղծում է իր երկրորդ աշխարհը, որը անցյալի պրոդուկցիան է: Դատարկության մեջ ոչինչ չի հորինվում: Նրա համար հրեշտակները ռեալ, հողին ապրող կերպարներ են: Օրվա մեծ մասը անցնում է նրանց հետ: Պոետն է ընտրում իր ճակատագիրը և փորձում է տնօրինել յուրովի, իր պես… Երբեմն հրեշտակներն էլ են շփոթվում, և դու էլ՝ նրանց հետ: Այդ գլխապտույտը գինովության պես մի բան է: Սթափվեցիր` կհիշես, որ կա վերին Ուժը, Հսկումը կա, հայացքի սրությունը Տիրոջ, և ակամա ուզում ես շփոթմունքդ մեղքանման հավանել և քայլում ես քո իսկ ստվերը ոտքերիդ տակ գցած… Հետո սպասում ես, սպասում, արդեն երևակայական մի անկշիռ, անկոչ հրեշտակի, որին երբևէ չես տեսել, չես նայել աչքերի մեջ: Նա կգա ու կասի.

- Գնա՛նք…

Դու ձեռքդ ակամա կմեկնես նրան նորապսակի նման, չես հասցնի հրաժեշտի խոսքեր ասել յուրայիններին:
…Բայց չէ, վերադառնանք մեր զրույցին: Միշտ ուզում եմ բարձրաձայնել.

- Մանկություն չեք ապրում, երեխե՛ք:

Հետո կգա կյանքի պրոզան: Գրեք կարևորի մասին: Հոգեբուժարանում երբեմն կարող ես հանդիպել խենթերի, ովքեր շատ խելոք բաներ են խոսում, բայց՝ անվերջանալի: Նրանց մեջ գրողներ էլ կան: Ջուր մի՛ խառնեք եղածին: Ձեզ շաքար են տալիս, այն մի բաժակի մեջ երևում է, իսկ դույլի մեջ՝ կորչում: Մտքերը սեղմեք, թող չկորչեն շաքարի պես: Մատաղ ծառին կարելի է ուղղու­թյուն տալ: Թե բունը հաստանա, ոչինչ արդեն չի փոխվի: Նկատե՞լ եք` թաղման ժամանակ հարազատները ամենաքիչն են խոսում, օտարներն են, որ չաչանակություն են անում: Նույնն է նաև գրականության մեջ: Անկեղծ զգացողություն ունեցող մարդը ժլատ է և քչախոս: Նա մտածում է:

Հ.Գ. Հովհաննես Գրիգորյանը մի կում սառը սուրճ խմեց և ասաց.
- Հոգնեցի, Հռիփսիմէ, արի զրույցը շարունակենք մի ուրիշ օր…

Զրուցել է ՀՌԻՓՍԻՄԷՆ
Տպագրվել առանց հարցերի
Աղբյուր՝ Grakantert.am