Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ արդարը հազիւ է փրկուելու, ապա ամբարիշտը կամ մեղաւորը էլ ո՞ւր պիտի մնայ:Հետեւաբար նրանք, որ չարչարւում են ըստ Աստծոյ կամքի, բարի գործերով թող իրենց հոգիները յանձնեն հաւատարիմ Ստեղծողին» (Պետրոս 4:18-19)

Տասնաբանյա օրենք կամ սիրո ոսկեշղթա

Աստծո կողմից մարդուն տրված պատվիրանների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում «Տասը պատվիրանները» կամ «Տասնաբանեայ օրէնքը» (Ելք 20.1-17), որոնք Աստծո ձեռքով գրվեցին քարեղեն տախտակների վրա, որպեսզի չմոռացվեն: Տասը պատվիրանները տրվեցին Մովսես մարգարեին Սինա լեռան վրա: Դրանք են.

1. Ես եմ քո Տեր Աստվածը. ուրիշ աստվածներ չունենա՛ս:
2. Կուռքեր չշինե՛ս քեզ համար:
3. Աստծու անունը զուր տեղը չտա՛ս:
4. Շաբաթ օրը սու՛րբ պահիր:
5. Պատվի՛ր քո հորն ու քո մորը:
6. Մի՛ սպանիր:
7. Մի՛ շնացիր:
8. Մի՛ գողացիր:
9. Սուտ վկայություն մի՛ տուր:
10. Մի՛ ցանկացիր մերձավորիդ ունեցվածքը:

Այս պատվիրանները հոգևոր օրենքներ են: Դրանցով էին շարժվում Հին ուխտի բոլոր մարգարեներն ու առաքինասեր մարդիկ: Ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերանի, պատվիրանները ներկայացնում են մի ոսկե շղթա: Եթե այդ շղթայից ընկնում կամ կոտրվում է մի օղակ, ապա փոխհարաբերությունները Աստծո հետ երկրի վրա և հավիտենական փրկությունը մարդու համար դառնում է անհնարին:

Տասը պատվիրանները նաև սիրո պատվիրաններ են, սեր ուղղված դեպի Աստված և դեպի մերձավորը: Ցույց տալով այս երկու տիպի սերը`Հիսուս Քրիստոս այն հարցին, թե ո՞րն է ամենամեծ պատվիրանը, ասաց. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով»: Սա է մեծագույն և կարևորագույն պատվիրանը. երկրորդը սրա նման է. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես»: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեների ուսուցումները (Մատթեոս 22.37-40): Քրիստոսի կյանքի օրինակով ոչ միայն ամբողջանում և նոր իմաստ է ձեռք բերում օրենքը, այլև բացահայտվում է նրա բուն նպատակը` նախապատրաստել մարդուն ընդունելու Քրիստոսի փրկության լույսը և սիրո օրենքը:

Գաղափարական մոտեցումն այն է, որ նախ և առաջ մենք պետք է Աստծուն սիրենք, որովհետև Նա է մեր արարիչը և փրկիչը, ապա հետևում է սերը մերձավորի հանդեպ, որով էլ արտահայտվում է մեր սերը Աստծո հանդեպ: Որովհետև ով իր մերձավորին չի սիրում, Աստծուն էլ չի կարող սիրել: Սուրբ Հովհաննես առաքյալը պարզաբանում է. «Այն մարդը, որ ասում է`«Ես սիրում եմ Աստծուն», բայց ատում է իր եղբորը, ստախոս է: Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում» (Ա Հովհաննես 4.20-21):

Աստծուն և մարդկանց սիրելով`նախ բացահայտում ենք, որ առաջինը անկեղծորեն մեզ ենք սիրում, որովհետև անկեղծ սերը ինքներս մեր հանդեպ այն դեպքում է, երբ մենք մեր պարտականությունները կատարում ենք Աստծո և մտերիմների հանդեպ: «Մեծագույն սերն այն սերն է, որով մարդ ինքն իրեն զոհում է իր բարեկամների համար» (Հովհաննես 15.13): Իսկ մեր և մերձավորի հանդեպ սերը պետք է զոհաբերենք Աստծո սիրո համար: Հիսուս Քրիստոս այս մասին ասել է. «Ով իր հորն ու մորն ինձնից ավելի է սիրում, արժանի չէ ինձ: Ով որ իր տղային կամ աղջկան ինձնից ավելի է սիրում, արժանի չէ ինձ» (Մատթեոս 10.37-38): Եթե մարդ առաջին հերթին սիրում է Աստծուն, ապա չի կարող չսիրել իր ծնողներին, երեխաներին և իր հարազատներին: Իսկ եթե սիրում է որևէ մեկին և Աստծո հանդեպ սեր չունի, ապա այդպիսի սերը չի կարող լիարժեք լինել, որովհետև մեկի օգուտի համար կարող է մյուսին զրկել`դառնալով անարդար:

Այսպիսով տասնաբանյան երկու սիրո պատվիրանների խտացումն է, բայց որպեսզի մենք ավելի պարզ պատկերացնենք մեր պարտականությունները Աստծո և մերձավորի հանդեպ, դրանք տասն են: Աստծո հանդեպ մեր պարտականությունները առաջին չորս պատվիրաններում է ամփոփված, իսկ պարտականությունները ընկերոջ հանդեպ` մյուս վեց պատվիրաններում: Յուրաքանչյուր տախտակի վրա այնքան պատվիրաններ կան, որքան մատներ ունենք ամեն մի ձեռքի վրա: Բոլոր պատվիրաններում Աստծո սուրբ կամքը կարճ և համառոտ կերպով առանց «եթե»-ի և «բայց»-ի հաղորդվում է մեզ (Սահակ քհն. Սահակեանց, «Ուսուցումն քրիստոնեական կրոնի», 1898թ.):
Հին կտակարանյան ժամանակներում եղել է սովորություն. պատվիրանները ասեղնագործել են թաշկինակի վրա և կապել գլխին ի նշան նրա, որ դրանք մարդկանց հիշողության մեջ միշտ պահպանվեն և լուսավորեն նրանց միտքը:

Գրվել են նաև մագաղաթների, հագուստի լայն թևքերի վրա, որպեսզի միշտ նրանց աչքի առջև լինեն և առաջնորդվեն այդ պատվիրաններով: Իսկ արդեն Նոր կտակարանյան ժամանակներում քրիստոնյաների համար պատվիրանները գրվում էին ոչ թե հագուստի, թղթի կամ մագաղաթի վրա, այլ` սրտի հիշողության մեջ (Архимандрит Рафаил (Карелин), Умение умирать или искусство жить):

Դարեր են անցել, բայց տասը պատվիրանների նշանակությունը երբեք չի նվազել: Պատվիրանները Հին և Նոր կտակարանների հավիտենական կյանքի աղբյուր են, դրանք անփոփոխ կերպով միավորում են մարդուն Աստծո հետ: «Քանզի այս է Աստծո հանդեպ մեր սերը, որ պահենք Նրա պատվիրանները. և Նրա պատվիրանները ծանր չեն» (Ա Հովհաննես 5.3-4):

Կազմեց Կարինե Սուգիկյանը
Աղբյուր՝ Holytrinity.am