Այսպէս է ասում Տէրը. «Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։ Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը» (Առակներ 11:2-3)

«Սևանը Հայաստանի աչքն է». Ավետիք Իսահակյան

Հայտնի է, որ շատ ազգեր ունեն բնության տարրերի պաշտամունք, այդ թվում` ջրի: Մենք` հայերս, աստվածացրել ենք ջուրը Աստղիկ աստվածուհու պաշտամունքով և Վարդավառի ծեսով: «Սասնա Ծռեր» էպոսի հիմքում ջրի արարչական զորությունն է, որից սերում են Սասնա հսկաները: Ջրի կենսական ուժն ու մոգական բնույթը դրսևորվում են էպոսի հենց առաջին ճյուղում՝ ոչ միայն ծնունդ տալով առաջին ճյուղի հերոսներին` Սանասարին ու Բաղդասարին, այլև զենքն ու զրահը`Թուր Կեծակին, հրեղեն ձին` Քուռկիկ Ջալալին: Սասնա տան մյուս հսկաները նույնպես ժառանգում են ոչ միայն զենքն ու զրահը, Քուռկիկ Ջալալին, այլև կենարար ջրի` Կաթնաղբյուրի հրաշք ակունքից գերմարդկային ուժ ստանալու ունակությունը: Ժողովուրդը ստեղծել է ջրի հետ կապված ասացվածքներ, թևավոր խոսքեր, իմաստուն մտքեր: Ջրի ուժը, հզորությունը, հրաշագործությունը, կենարարությունը նկատի ունենալով՝ ասում ենք` «Ջուրն իր ճամփան կգտնի», կամ թե մեկին մաղթում ենք. «Ջրի նման երկար կյանք ունենաս»: Ավետիք Իսահակյանն էլ, ինչպես ամեն մի հայրենասեր մարդ և մտավորական, խորապես գիտակցել և արժևորել է մեր փոքրիկ լեռնային երկրի և մարդկության ամենաթանկ գանձը`քաղցրահամ ջուրը և Հայաստանում այդ գանձի միակ «կղզու»`Սևանա լճի նշանակությունն իր ժողովրդի կյանքում: Այդ պատճառով էլ Սևանի հետ կապված ամեն մի անխոհեմ որոշում և նախաձեռնություն մեծ ցավ և անհանգստություն է պատճառել հայրենասեր բանաստեղծին: Կյանքի վերջին տարիներին, չնայած պատկառելի տարիքին ու զբաղվածությանը, բանաստեղծը շարունակում էր ազգանվեր գործունեությունը:

1943 թվականին, երբ բացվում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, որի առաջին իսկական անդամներից էր նաև Ավ. Իսահակյանը, նա առաջինն էր, որ ահազանգում է Սևանին սպառնացող վտանգի մասին` նամակներ գրելով «Պրավդա» թերթին: Ստորագրել էին նաև Մ. Սարյանը, Դ. Դեմիրճյանը, Վ. Համբարձումյանը և այլք: Վարպետը մշտապես հետևում և իր ուշադրության կենտրոնում էր պահում Սևանի հետ կապված ամեն մի ծրագիր, մասնավորապես ոռոգման նպատակով Սևանից ջուր վերցնելու խնդիրը: Այս ամենի մասին հետաքրքիր և արժեքավոր հուշեր է գրի առել Վարպետի հարսը` Իզաբելա Իսահակյանը, որոնք շատ լավ են բնութագրում մեծ գրողի և հայրենասերի քաղաքացիական դիրքորոշումը: «Սևանի կործանման աշխատանքները սկսվել էին,- գրում է Իզաբելա Իսահակյանը,- Վարպետը ոչ մի կերպ չէր հաշտվում այդ գաղափարի հետ և ընդդիմանում էր պետական գործիչներին, «հանցագործ» ծրագրի հեղինակներ ակադեմիկոս Եղիազարովին, «վայ» շինարար Սուքիաս Մանասերյանին և ուրիշներին, նրանց անվանում «Սևանը հոշոտող դահիճներ»: Վերջիններս այդ գիտեին և ամեն կերպ ուզում էին համոզել Իսահակյանին, որ դա անհրաժեշտություն է, որ իրենք իրավացի են. «Վարպե՛տ, հողը ոռոգելու համար ջուր է հարկավոր, մանավանդ Արարատյան դաշտավայրին, իսկ զարգացող քաղաքներին էլ՝ էլեկտրաէներգիա»: Սակայն Վարպետը անկոտրում էր և և միշտ արժանի ջախջախիչ հակահարված էր տալիս Սևանի ջրերն առևանգողներին: «Հասկացե՛ք, մեր չոր Հայաստանի գոյատևման համար Սևանա լճի ջրային պաշարները կյանքի աղբյուր են ոչ միայն ներկայի, այլև ապագայի համար: Սևանը Հայաստանի աչքն է: Նա ուշիուշով նայում է, հսկում ու որտեղ չորություն է, խոնավության կարիք կա, շտապ մի կտոր ամպ է ուղարկում»: Այնուհետև շարունակելով վերլուծել, վեր հանել ծրագրի վնասակարությունը՝ ասում է. «Որքան գիտեմ, ջրի մի չնչին տոկոսն է միայն հասնում Արարատյան դաշտավայրին… Մնացած մասը անիմաստ, անտեղի գնում, լցվում է Արաքս գետը: Մեր աչքի առաջ դարավոր լիճը դատարկվում է, ու դարավոր կղզին վերածվում է թերակղզու: Այնպես որ, ես` Ավետիք Իսահակյանս, և Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ ենք անում ձեզ` փակեք Սևանն արյունաքամ անող դարպասները»: Իսկ այն արդարացմանը, թե անհրաժեշտության դեպքում Սևանը կհամալրեն կողմնակի գետերի ջրերով, Իսահակյանի պատասխանն առավել քան խոսուն է. «Սևանը զգայուն է, թափանցիկ, բյուրեղյա, նա չի համակերպվի ոչ մի կողմնակի ջրի հետ: Սևանը հայ ժողովրդի դարավոր արցունքներից գոյացած սուրբ լիճ է»:

Այո՛, ժամանակը ցույց տվեց մեծ գրողի մտավախության և տագնապի իրավացիությունը, քանի որ, իրոք, ծրագրի իրականացումից տարիներ հետո Սևանը կանգնած էր ցամաքելու վտանգի առաջ, և այն փրկելու համար մեծ ծախսեր և ջանքեր ներդրվեցին: Կառուցվեց 49 կմ երկարությամբ «Արփա-Սևան» թունելը:

Հատկապես հուզիչ և ուշագրավ են Վարպետի հետևյալ խոսքերը. «Արհավիրքներից կործանված, ջախջախված հայրենիքը կարելի է վերակենդանացնել, կյանքի կոչել ավերված, քանդված բերդերն ու տաճարները, այրված, ոչնչացված հոգևոր մշակույթը վերածնել, նոր շունչ ու ոգի տալ նրան: Նույնիսկ Զվարթնոցը և Գառնիի տաճարը կարելի է վերականգնել, իհարկե, մեծ դժվարություններով և մեծ ծախսերով, բայց կարելի է: Մինչդեռ բաներ կան, որ ոչ մի գնով, ոչ մի ջանքով, նույնիսկ կյանքի գնով չի վերականգնվի, չի շտկվի: Աստված հայերիս նկատմամբ առհասարակ ժլատ է եղել և այս դեպքում մեր մայր հողին պարգևել է մի հրաշք, երկնքից պոկել է մի մարգարիտ և տեղադրել Գեղամա լեռներում 2000 մետր բարձրության վրա: Հազարամյակներ է ապրել Սևանն իր հրաշք իշխանով, իր հեքիաթային կղզիով, իր հին աստվածներով և հին վանքերով: Այդ հրաշքները հարատևել են մինչև մեր օրերը, և դուք ուզում եք այս հավերժությունը մի քանի տասնյակ տարիների ընթացքում ոչնչացնել, օձերի և կարիճների բնի վերածել. դա հրեշավոր անմտություն է, սրբապղծություն, կա՛նգ առեք… Սևանը Հայաստանի աչքն է »:

1954 թվականի ամռանը Վարպետն իր ընտանիքով որոշում է կրկին հանգստանալ Սևանա կղզում: «Երբ տեղ հասանք,- գրում է Իզաբելա Իսահակյանը,- անսովոր ցավալի տեսարան էր`կղզին դարձել էր թերակղզի: Մեքենան լճի նախկին հատակով կարող էր գնալ-հասնել գրողների հանգստյան տուն: Հետո Հայրիկը մոտեցավ ափին, անհուն դառնությամբ և կսկիծով սկսեց նայել իր ոտքերի տակ ծփացող և կարծես իրենից օգնություն հայցող ջրերին: Հայրիկն այնքան վշտացած էր, որ չուզեց մնալ Սևանում, և մենք վերադարձանք: Սա Վարպետի վերջին այցն էր Սևանին»:

Տարիներ առաջ, երբ մեր ընտանիքը հանգստանում էր Սևանի թերակղզում գտնվող Գրողների հանգստյան տանը, այստեղ հաճախ էին հիշում Վարպետին և պատմում էին, որ Իսահակյանը սիրում էր հանգստանալ այստեղ (այն ժամանակ դեռ կղզի էր¤, ցույց էին տալիս ժայռանման մի մեծ քար, որի վրա նստում էր Վարպետը և ոտքերը կախում ջրի մեջ:

Բանաստեղծը Սևանի ճակատագրի հանդեպ իր խոր ապրումներն ու վիշտը արտահայտել է նաև ստեղծագործություններում և ասույթներում: Ահա դրանցից մի քանիսը.

Սևանը լիալուսնի ժամանակ ուղղակի հրաշք է, կախարդանք, հեքիաթ.-հարբում է մարդ նայելով:
- Սևանը այնքան գեղեցիկ է, որ մարդ ուղում է խեղդվել մեջը:

Սևանը` եերկնքից ընկած մի կտոր:

Սևանա լճի կապույտ ջրերը, մրմնջուն ալիքները, երփներանգ թռչունները, ափերի ջրածեծ ժայռերը… Մի՞թե պիտի այս շքեղ բանաստեղծությունը վերանա…

Ցավոք, այսօր էլ Սևանի խնդիր կա, և ընդհանրապես, բնության հետ աններդաշնակ ապրելու պատճառով շատ պրոբլեմներ են առաջացել: Վերջին տարիներին էլ հաճախ է խոսվում Սևանից ջուր բաց թողնելու և դրա իրականացման վնասակարության մասին: Եվ ստացվում է, որ պատմությունը կրկնվում է, իսկ մենք, ցավոք, դասեր չենք առնում մեր սխալներից:

Միտքս ուզում եմ ավարտել մեծ գրողի` հայրենասիրության դաս հանդիսացող հետևյալ խոսքերով. «Իմ բաղձանքն է. Չմեռնեի՝ Անին տեսնեի, մեռնեի` Սևանը չորացած չտեսնեի»: Իսակապես, Իսահակյանի բաղձանքն իր հայրենիքը հզոր, միասնական, ծաղկուն ու բարեկարգ տեսնելն էր, քանի որ Անին կորսված հայրենիքն է խորհրդանշում, իսկ Սևանը` ներկա Հայաստանը, նրա այսօրն ու բաղձալի ապագան:

Ռուզաննա Մեսրոպյան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի

ցուցադրությունների կազմակերպման

և հանրահռչակման բաժնի վարիչ

Աղբյուր՝ Magaghat.am