Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Աստվածամուխ Սուրբ Գեղարդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է պահվում համաքրիստոնեական սրբություններից մեկը՝ Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որով նաև օրհնվում է Հայոց Եկեղեցու Սրբալույս Մյուռոնը:

Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ խաչի վրա: Ս. Ավետարանը վկայում է. «Երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, և իսկույն արյուն և ջուր ելավ» (Հռոմ. 19:33-34):

Հայոց Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն, Տերունի այս սրբությունն Ա դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս առաքյալը: Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ ԺԳ դարից՝ Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Ս. Գեղարդի կոչվել է Գեղարդավանք: ԺԸ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է հանուր հայության հոգևոր կենտրոնում:

Համաձայն պատմական տեղեկությունների, Աստվածամուխ Ս. Գեղարդն իր հրաշագործ զորությամբ փարատել է հոգեկան ու մարմնական հիվանդություններ: Եվ այդ նպատակով՝ ԺԸ-ԺԹ դդ. ընթացքում Ս. Գեղարդը մի քանի անգամ տարվել է Հայաստանի որոշ գավառներ, նաև՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:

Աղբյուր՝ Armchurch.info