Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Հաղպատի վանք

Հաղպատի վանական համալիրը գտնվում է համանուն գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում` սարահարթի վրա:

Կառուցվել է X դարի 2-րդ կեսին, իսկ X-XIII դարերում Հայաստանի կարևոր հոգևոր և մշակութային կենտրոններից է եղել։

Համալիրի կազմում են Ս. Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատուն, գրատուն, զանգակատուն, մի քանի մատուռ - դամբարաններ և խաչքարեր, բաղնիք: Համալիրի շենքերի մեծ մասը կառուցված է կապտավուն, սրբատաշ բազալտից: Վանքը շրջապատված է աշտարակավոր պարսպով: Տարածքից դուրս են գտնվում աղբյուր-հուշարձանը և մի քանի փոքր եկեղեցիներ:

1996 թ. համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Հաղպատ գյուղը հնում կոչվել է Սրբլիս (Սուրբ Լույս), քանի որ, ըստ ավանդության՝ արևը բարձրանում էր հարևան սարի հետևից և լույս էր սփռում հարևան գյուղերի վրա: Հաղպատի վանքի կառուցումից հետո գյուղը վերանվանվեց, իսկ Սրբլիս անունը անցավ հարևան սարին:

Հաղպատի վանքի հիմնադրումը կապում են Աբաս Բագրատունու (929-953 թթ.) թագավորության տարիների հետ, թեև վանքի ամենահին կառույցի` Սբ. Նշան եկեղեցու շինարարությունը սկսվել է 976 թ. (ավարտվել է 991 թ.) Աշոտ Գ (Ողորմած) Բագրատունի թագավորի (953-977 թթ.) օրոք, Խոսրովանույշ թագուհու հանձնարարությամբ` իր որդիներ Սմբատի և Գուրգենի (Կյուրիկե) արևշատության համար։ Անիում Բագրատունիների թագավորության անկումից հետո, 1064 թ-ին, վանքը քայքայման է գնում, ապա կրկին վերածնվում և շենանում է Բագրատունյաց Կյուրիկյան թագավորների հովանու ներքո: Վերջիններս Սանահինից այստեղ են տեղափոխում իրենց տոհմական գերեզմանատունը։

XI դ. կեսից Հաղպատը Լոռու հոգևոր թեմի աթոռանիստն էր: Նվիրատվությունների շնորհիվ ունեցել է սեփական արոտավայրեր, այգիներ, գյուղեր ևն:

1105 թ. -ին Հաղպատն ու Սանահինը կողոպտում է Ղզիլ ամիրան, իսկ 1111-13 թթ. անկում է ապրում տեղական թագավորությունը: Շուտով սելջուկներից համալրի տարածքը մաքրում է վրաց թագավոր Դավիթ Շինարարը և միացնում Վրաստանին: XII դ. 2-րդ կեսից XIV դ. Հաղպատը պատկանում է Մահկանաբերդի Արծրունիներին, ապա՝ Զաքարյաններին: Իվան Զաքարյանի հրամանով 1223 թ. -ին վանքի միաբանության պաշտպանության համար կառուցվում է Հաղպատի ամրոցը: Հաղպատը դառնում է Հայաստանի խոշորագույն հոգևոր և կրթական կենտրոններից մեկը։

Վանքն անկում ապրեց նաև Լենկթեմուրի արշավանքների (XIV դ.) և ապա Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև ընթացող տնական պատերազմների շրջանում (XV-XVII դդ.)։ 1639 թ. դաշնագրով Արևելյան Հայաստանը մնաց Իրանին։ Հաստատված խաղաղությունը նպաստավոր եղավ նաև վանքի համար։ Վանքը վերականգնվեց և կրկին ստանձնեց կարևոր հոգևոր և ձեռագրության կենտրոնի իր դերը։

 

XVII - XIX դ. Հաղպատը և նրա շրջակայքը պատկանել է Բարաթյանների (Բարաթովների) ընտանիքին: Միաժամանակ Վրաստանի, Իմերեթի, Աբխազիայի հայկական եկեղեցական վիճակները, Բորչալուի և Ղազախի վիճակները (բացառությամբ՝ Աանահինի վիճակի) ենթարկվում էին Հաղպատի արքեպիսկոպոսին:

1778թ. Հաղպատը տուժեց լեզգիների հարձակումներից, 1795-ին այն ասպատակել է Աղա Մահմեդ խանը։ 1801 թ-ին Արևելյան Վրաստանի թագավորության կազմում միացավ Ռուսաստանի կայսրությանը:

XIX դ. սկզբին վանքին էին պատկանում Շնող, Ջոջկան, Ախթալա, Որնակ և այլ գյուղեր, Մատան կոչված պղնձահանքը, վանքապատկան գյուղացիներ, այգիներ, արոտավայրեր, բայց XX դ. սկզբին վանքը ուներ ընդամենը փոքր հողատարածք, երկու այգի և մեկ վարդապետ:

Խորհրդային տարիներին եղել է զուտ պատմա-մշակութային հուշարձան: 1989 թ-ին Հայաստանի կառավարության որոշմամբ հանձնվել է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տնօրինությանը:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Հաղպատի վանական համալիրը պատկանում է Զաքարյանների ժամանակաշրջանի ճարտարապետությանը:

Եկեղեցիների մեծ մասը խաչագմբեթային են: Գավիթները՝ իրենց խոշոր ծավալներով, համարվում են տվյալ ճարտարապետական ձևի ամենաակնառու կառույցներից: Սբ. Նշանի և «Համազասպի ժամատան» սյուները բնորոշ չեն հայկական ճարտարապետությանը, ըստ որի յուրաքանչյուր խոյակի ձևն ու նախշազարդը մտադրաբար փոփոխված է։

Սբ. Նշան եկեղեցի: Համալիրի կենտրոնական մասում է գտնվում վանքի ամենահին և գլխավոր կառույցը՝ Սբ. Նշան եկեղեցին: Ըստ ավանդության՝ այն կառուցել է ճարտարապետ Տրդատը 976-991 թթ.-ին: Եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի խաչագմբեթ ենթատիպին, որ գերիշխում է լայնանիստ գմբեթը: Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հորինվածքով է, երկայնական պատերին հպված հզոր որմնամույթերին են հանգում գմբեթակիր կամարները: Դուռն արևմտյան կողմից է` քանդակազարդ շրջանակով: Մուտքը գավթից է։

Տաճարի ճարտարապետական ձևերը զուսպ են. ճակատների հիմնական շեշտված ծավալային տարրերը «հայկական խորշերն» են: Կառույցը հասել առանց էական վերափոխումների: Վերանորոգվել է միայն գմբեթը (վերանորոգվել է 1113թ.):

Սուրբ Նշանը որմնանկարներ ունեղող եզակի եկեղեցիներից է: Ավագ խորանն ու պատերի առանձին հատվածներ եղել են որմնանկարազարդ, որոնցից պահպանվել է միայն մի մասը:

Խորանի ապսիդը երկու անգամ որմնանկարազարդվել է, վերջին անգամ XIII դարի երկրորդ կեսում:

Պահպանվել է միայն առաջին շերտը, ուր Դեիսուս կոմպոզիցիայում պատկերված է գահին նստած Քրիստոսը։ Ավելի ցած եղել են «Ավետման», «Ծննդոցի», «Մկրտության» տեսարաններ։ Հարավային պատին պահպանվել է աթաբեկ Սադունի որդու` Խութլու Բուղայի (վանքի հովանավորներից մեկի) ամբողջ հասակով պատկերը։

Արտաքին՝ զանգագատանը նայող արևելյան ճակտոնապատին պահպանվել է Սանահինի բարձրաքանդակի նմանակը` դեմ առ դեմ կանգնած Սմբատ Բ Բագրատունին և Լոռիում Կյուրիկյանների արքայական տոհմի հիմնադիր Գուրգենը պահում են եկեղեցու մանրակերտը։

Ս. Նշան եկեղեցուն արևմտյան կողմից կից է Մեծ գավիթը, որը կառուցվել է XIII դ. 10-ական թթ.` 1185-ին իշխանուհի Մարիամի հիմնարկած տապանատան տեղում: Նախկին շինությունից հյուսիսային և հարավային կողմերում պահպանվել են առանձին կամարակապ մասեր:

Ժամանակի գավիթների հետ համեմատած (գյուղական «հազարաշեն» տան սկզբունքով), Սբ. Նշանի գավիթը սովորականից մեծ է (21մ x 18մ): Ծածկը կատարված է փոխհատվող կամարների կառուցվածքային սկզբունքով: Երկու զույգ լայնաթռիչք կամարները, փոխհատվելով մեծ բարձրության վրա՝ կազմում են քառակուսի հիմնատակ, որին հանգում են վերին շարքի ավելի փոքր թռիչք ունեցող երկու զույգ կամարները: Վերջիններս՝ իրենց հերթին փոխ հատվելով՝ կազմում են քառակուսի երդիկ՝ պսակված սլացիկ ռոտոնդայով: Արևելակողմի անկյուններում պատարագի համար նախատեսված երկու կրկնահարկ ավանդատներ կան` կիսաշրջանաձև խորաններով։ Հատակն ամբողջությամբ ծածկված է իշխանավոր մարդկանց տապանաքարերով։

Ս. Գրիգոր եկեղեցի: Սբ. Նշանի գավիթի հարավային կողմում է գտնվում Սբ. Գրիգոր եկեղեցին (1023-1025թթ.)։ Այն ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն կառույց է, չորս անկյուններում` ավանդատներ։ Մուտքի կողքերում գտնվող ավանդատները եռահարկ են, ինչը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին։ Պատերը ժամանակին զարդարված էին որմնանկարներով և այցելուների շռայլ նվիրատվություներով։

Սբ. Գրիգոր եկեղեցին վերանորոգվել է 1211 թ., որի ընթացքում վնասված գմբեթի փոխարեն կառուցվել է թաղակապ ծածկը` պարզ տանիքով։ Արտաքին պատերը հարդարված են սյուներով և սրածայր կամարներով։

Ս. Աստվածածին եկեղեցի: Սուրբ Նշանի գավթից հյուսիս է գտնվում Ս. Աստվածածին եկեղեցին (1208-1220 թթ.): Կառուցվել է Դեսումյանց Հասան իշխանի դուստր Խաթունի հովանավորությամբ և հայտնի է նաև Խաթունաշեն անունով։ Տաճարը կենտրոնական գմբեթակիր սիստեմի կառուցվածք է՝ արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով և ուղղանկյուն խաչաթևերով: Գլանաձև թմբուկը ծածկված է եռանկյունաձև տանիքով։ Մուտքն արևմտյան կողմից է՝ քանդակազարդ շրջանակով: ճակտոնապատին պատկերված է հավերժության խորհրդանիշը, կողքերից` Կենաց ծառով փոքր խաչքարեր։

«Համազասպի ժամատուն» գավիթ: Վանքի գլխավոր եկեղեցուց հյուսիս վանահայր Համազասպը 1257 թ. կառուցել է «Համազասպի շենք» կամ «Համազասպի ժամատուն» հոյակերտ գավիթը, որն համարվում է Հայաստանում ամենամեծը (մոտ 330 քռ.մ): Այն պատկանում է չորս սյուներով, երդիկավոր, կամարակազմ ծածկով գավիթների տիպին, ունի ութանիստ բաց գմբեթ։ Ցածր շինություն է` տանիքի արևելյան կողմը թաղված է հողի մեջ։ Ծածկը բաժանված է ինը հատվածի, որոնցից կենտրոնականը պսակված է երդիկավոր վրանաձև ութանիստ գմբեթով։ Կամարաշարերն ընդարձակ տարածությունը բաժանում են 9 մասի։ Արտաքին ճակատները զուսպ են:

Արևելքից գավիթը հաղորդակից է անհամեմատ փոքր միանավ թաղածածկ եկեղեցուն (20 քառ. մ)։ Վերջինիս և գավթի անհամաչափ համադրության պատճառով հաճախ անտեսվել է եկեղեցու դերը, և գավիթը համարվել է ինքնուրույն շինություն` ժողովարան։

Գրատուն-մատենադարան: Կառույցը գտնվում է Համազասպի ժամատան հարավային կողմում: XI դ. այստեղ եղել է գրատան հին շենքը, որը XIII դ. արմատապես վերակառուցվել է: Քառակուսի հատակագծով մի շինություն է, որի որմնասյուներից ձգվող կամարները խաչաձևերով կրում են ծածկը, կենտրոնում առաջացնելով գմբեթային մասը՝ փոքրիկ-կլոր երդիկով: Փայտաշեն կլոր ծածկը դարձել է փոխհատվող կամարների վրա նստած քարաշեն ծածկ 1258-1262 թթ.-ին, վերակառուցվել 1273 թ։ Արտաքուստ վրանաձև է և հիմնականում կրկնում է գավիթի կառուցման ոճը: Ձեռագիր մատյաններն ու եկեղեցական սպասքը պահվել են գրատան որմնապատերի հատուկ խորշերում: Գրապահոցի հատակի մեջ տեղադրված կիսաթաղ կժերի մեջ ժամանակին գինի և կաթնամթերք էին պահում՝ ձեռագրերի պահպանության նպատակով խոնավություն ապահովելու համար։

Տապանատներ և մատուռ: «Համազասպի շենքի» և գրատան միջև ընկած տարածքը ծածկվել է թաղով և վերածվել տապանատան, որը հայտնի է որպես «Փրկչի միջանցք»: Ժամանակին այստեղ է գտնվել վանքի դպրանոցը։

Այստեղ, այլ խաչքարների հետ վեր է խոյանում «Ամենափրկիչը» ( 1273 թ.)։ Խաչքարի hեղինակն է Վահրամ քանդակագործը։ Խաչված Քրիստոսի, 12 առաքյալների, 2 Մարիամների և հրեշտակների պատկերներով խաչքարը քանդակվել է ի պատիվ ամիրսպասալար Աթաբեկ Սադունու: Այն պատված է որդան կարմիր ներկով:

«Ամենափրկիչ» խաչքարի թւկունքում է գտնվում փոքր մատուռը, որի կառուցման ժամանակն ու կառուցողը հայտնի չեն: Այն ունի ուղղանկյուն հատակագիծ և թաղակապ ծածկ:

«Փրկչի միջանցքի» անմիջական շարունակությունն է տաճարի արևելյան երկայնքով ձգվող թաղածածկ միջանցքանման երկրորդ տապանատունը, որտեղ սալահատակի ձևով տեղադրված են տապանաքարեր:

Զանգակատուն: Հուշարձնախմբի արևելյան մասում, բոլորովին առանձին գտնվում է Հաղպատի վանքի ամենանշանավոր կոթողը՝ աշտարականման, բացառիկ ինքնատիպ, եռահարկ զանգակատունը (1245 թ.)

Զանգակատան կառուցումը վերագրվում է Համազասպ և Հովհաննես եպիսկոպոս եղբայրներին։ Հատակագիծն ունի քառանկյան ձև, եռահարկ է, երկրորդ և երրորդ հարկերը բարձրանում են պատերին կցված քարե սանդուղքներով: Արտաքուստ առաջին հարկի խաչաձև հորինվածքը 2-րդ հարկում ստանում է 8-անիստ եզրաձև: Առաջին 2 հարկերում տեղավորված են աղոթքի 7 խորաններ, որոնցից 3-ը գտնվում են երկրորդ հարկում, իսկ երրորդ հարկի 4 խորանների պատերը կամարաձև միանալով, իրենց վրա են կրում 6 սյունանի գմբեթ-ռոտոնդան: Կառույցն աչքի է ընկնում իր ներդաշնակ համաչափություններով ու սլացիկ կառուցվածքով: Զանգակատան որմնաշարը միջնամասում ամրանում է երկրաշարժակայուն գոտիով:

Սեղանատուն: Համալիրի հյուսիսային մասում է գտնվում սեղանատունը: Երկարավուն դահլիճն ընդլայնական առանցքով տեղադրված երկու սյուների միջոցով բաժանված է 2 միանման, երդիկավոր մասերի՝ յուրաքանչյուրը ծածկված փոխհատվող կամարների համակարգով: Կառուցման ժամանակը հայտնի չէ:

Բաղնիք. Հաղպատի վանքը բացառիկ հուշարձաններից է, որտեղ պահպանվել է նաև միջնադարյան բաղնիքը: Այն գտնվում է սեղանատնից հյուսիս: Տանիքը հազարաշեն ոճի հորինվածքով է:

Կենտրոնական գմբեթը նստած է չորս փայտաշեն սյուների վրա՝ տանիքի մեջտեղում կլոր բացվածքով։

Դամբարաններ - «Համազասպի գավթից» դեպի հյուսիս-արևմուտք, պարսպի մոտ, տեղադրված են Ուքանանց տոհմի 3 դամբարանները։ Դրանք փոքր չափերի խորանարդաձև մատուռներ են` պսակված գեղաքանդակ խաչքարերով։ Ստորին կառույցը թվագրվում է VIII դարի սկզբով: Մատուռների երկու խաչքարերը քանդակվել են 1211թ. և 1220 թ և լավագույն օրինակներից են համարվում։ Հեղինակն է քանդակագործ Վահրամը։

Վանքի պարսպից դուրս գտնվող հուշարձաններ. Արևելյան պարսպի մոտ 75 մ հեռավորության վրա է գտնվում Աղբյուրի տունը (Աղբյուր-հուշարձանը) (1258 թ.)։ Եռակամար շենք է` կենտրոնական կամարն ավելի լայնաթռիչք, քան մյուսները։ Հետին պատի մոտ կան քարե 6 տաշտեր` գյուղի անասուններին ջուր տալու, այտեղ կա նաև ստորգետնյա ջրամբար, որը գյուղացիներն օգտագործում են ոռոգման նպատակով։

Կուսանաց անապատի (Սբ. Տիրամայր) XIII դ. եկեղեցին (15) գտնվում է վանքից 500 մ. դեպի արևելք, բլրի վրա։ Եկեղեցու շուրջ միաբանների գերեզմաններն են։ Կառույցը գմբեթակիր խաչաթև է, ութանկյուն թմբուկը զարդարված է երեքնուկաձև փոքր կամարներով։ Եկեղեցու հարավում գտնվող խաչքարերը թվագրվում են ուշ միջնադարով։

Հաղպատ գյուղի տարածքում պահպանվել են IV դարի եկեղեցու ավերակները։ Այն համարվում է Հաղպատի առաջին քրիստոնեական կառույցը։

Վանքի մուտքի մոտ՝ դարպասի կողքին գետնանցում է եղել, որով մարդիկ դուրս են եկել գետեզերք:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

XI-XIII դդ. հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը: Գրչության կենտրոնը հիմնել է վանքի առաջին վանահայր և հիմնադիր նշանավոր գրիչ Սիմեոն վարդապետը՝ վանքի կառուցումից անմիջապես հետո: Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ: Հաղպատում խմբագրվում են նաև աղավաղված ձեռագրերը, համեմատվում են թարգմանչագիր օրինակների հետ: Գրատան գրիչները ոչ միայն պահպանել ու նորոգել են մագաղաթյա ձեռագրերը, այլև գրչագրել և գրի են առել ձեռագրերի մաշված ու անընթեռնելի հատվածները:

Նշանավոր ուսուցիչներից էին տոմարագետ փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը (XI դ. վերջ -XII դ. սկիզբ), նրա աշակերտներ՝ ժամանակագիրներ Սամուել Անեցին, Երեմիա Անձրևիկը ևն: XII դ. կրոնամշակութային գործիչներից էին իրավագետ Դավիթ Ալավկա որդին, Դավիթ Քոբայրեցին, Վարդանը, Իգնատիոսը:

Հաղպատի գրադարանը միջնադարյան հայ ձեռագրերի գանձարաններից ամենահարուստն էր: Այն հիմնադրվել է XI դ. Հաղպատի վանքի Ս. Նշան եկեղեցու մոտ: Այնտեղ պահվում էին գրչագիր և երկաթագիր հնագույն արժեքավոր մատյաններ: Հարստացել է նվիրատվությունների և տեղում կատարված ընդօրինակումների շնորհիվ: Հետագայում, ապահովության համար, ձեռագրերը տեղափոխվել են վանքի մոտակա քարայրերը, որոնք և գրապահոցի, և ընթերցարանի դեր են կատարել: Երկար տարիներ Հաղպատի վանքում է պահվել Մուղնու նշանավոր ավետարանը, որը հետո տեղափոխվել է Թիֆլիսի Մուղնու Սբ. Գևորգ վանք, այնտեղից էլ՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան:

Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով: Վանքում որոշ ժամանակ գործել է բանաստեղծ, քերական Հովհաննես Երզնկացին:

Հաղպատի վանքի հետ է կապվում միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր աշուղներից մեկի` Սայաթ-Նովայի անունը, ով 1768 թ.-ից ապրել է Հաղպատում` որպես վանական և ապա լուսարար (1778-1795 թթ.)։

1830-31-ին Հաղպատում աքսորական էր Հարություն Ալամդարյանը:

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի` վանք կարուցելու համար: Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ: Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև: Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը: Այսպես` կռվելով հոր հետ որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում: Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց` իր վանքը կառուցելու պատվերով: Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին: Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն: Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին: Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և բարիշեցին: Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը:

Ավանդսզրույցի այլ տարբերակով՝ վարպետը, տեսնելով, որ դիմացի հեռավոր լեռան վրա պատ է բարձրանում, գալիս է և իմանում, որ իր աշակերտն է կառուցում: Հարցնում է. «Ի՞նչ ես անում»: Աշակերտը պատասխանում է. «Հախի՝ հաղթականկի պատն եմ կառուցում»: Վարպետն արձագանքում է. «Չմոռանաս, որ սա նրանից հին՝ Սանահինն է»:

Մեկ այլ ավանդազրույցի համաձայն, եկեղեցին հեռվից տեսնելով, վարպետը բացականչել է՝ ախ պատ, որտեղից էլ գալիս է Հաղպատ անվանումը: Վանքի անվան հետ կաված ևս մեկ ավանդազրույց կա, ըստ որի վանքը կոչվել է Հաղպադ, որ նշանակում է չարն ատող. եթե եկեղեցի է կառուցվում, այնտեղ չարը տեղ չունի:

Սուրբ Նշան եկեղեցին ստացել է իր անվանումը Քրիստոսի խաչափայտի նշանի հայտնության պատվին: Հալածվող Հռիփսիմյան կույսերից Հռիփսիմեն Վարագա լեռան ծերպերից մեկի մեջ պահում է Քրիստոսի խաչափայտից մասունքը, որը հետագայում փնտրում էին: Ճգնավորները գիշեր-ցերեկ աղոթում էին, որ Աստված իրենց մի նշան տա այդ մասունքը գտնելու համար:

Մի օր ծնկած ճգնավորների աչքերին ճառագայթ է իջնում վերից, տեսնում են, որ սրբված խաչի կերպարն է՝ շատ հեռուներից եկող: Ճգնավորները սկսում են հետևել լույսին ու Վարագա լեռնա մեջ գտնում լույսի աղբյուրն ու մասունքը: Այստեղ էլ կառուցում են Վարագա Խաչ վանքը:

Եվս մեկ ավանդազրույց գալիս է մոնղոլների ժամանակաշրջանից: Ըստ ավանդության, մոնղոլները խոշտանգում էին վանականներին, որպեսզի վերջիններս մատնեին պահոցի տեղը, և այդ ժամանակ, ասում են, 3 ավագ և 12 կրտսեր քահանաներ փորձում էին ցավին դիմակայելու ուժ գտնել Ավետարանի հետևյալ խոսքերի մեջ. «Ինչ-որ սուրբ է, շներին չտաս, ոչ էլ մարգարիտներ շաղ տուր խոզերի առաջ»։

Ասում են, թե Սուրբ Գրիգոր եկեղեցու պատի երկարությամբ մեկ ոտնաթաթի տեղ կա, իսկ պատին անցքեր: Ավանդության համաձայն, ովքեր անցքերից բռնվելով կկարողանան անցնել նեղ պատի վրայով, նրանց երազանքը կկատարվի: Բազմաթիվ այցելուներ, վանք գալով, փորձում են հաղթահարել նեղ պատը՝ հավատալով իրենց երազանքի կատարմանը:

ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ

1. Ջգրաշենը
2. Սբ. Գրիգոր եկեղեցի
3. Սբ. Նշան եկեղեցի
4. Մեծ գավիթ (Սբ. Նշան)
5. Սբ. Աստվածածին եկեղեցին
6. «Համազասպի գավիթ»
7. Ուքանանց տոհմի դամբարաններ
8. Միջանցք-տապանատուն և Դպրոց
9. Գրատուն (գրադարան)
10. Զանգակատուն
11. Մատուռ - եկեղեցի
12. Պարսպապատեր
13. Սեղանատուն, տնտեսական շինություններ
14. Աղբյուր-հուշարձան
15. Կուսանաց անապատ (Սբ. Տիրամայր)
16. IV դարի եկեղեցու ավերակներ

Աղբյուր՝ Ostarmenia.com