Այսպէս է ասում Տէրը. «Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։ Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը» (Առակներ 11:2-3)

Հայկական կերպարվեստը նոր ժամանակներում (XIXդ - XX դ. սկիզբ)

Արևելյան Հայաստանի XIX դ. սկզբինմիացումը Ռուսաստանին արգասավոր պայմաններ է ստեղծել ազգային նոր կերպարվեստի ծավալման ու զարգացման համար։ Առանձնապես մեծ է եղել Պետերբուրգի ու Մոսկվայի դերը ձեռնհաս կադրեր պատրաստելու գործում։ Դարասկզբին հայ արվեստի զարգացման կենտրոններից է դարձել Թիֆլիսը, ապա` Արևելյան Հայաստանի և Անդրկովկասի այլ հայաշատ քաղաքները: Հայկական արվեստը` ռուսական մշակույթի շնորհիվ փոխառեց իր մեջ եվրոպականի լավագույն ավանդույթները:

Դիմապատկերի ժանրը, որպես ուրույն բնագավառ նկատելիորեն ամբողջականացել է Մկրտում Հովնաթանյանի (1779-1845) արվեստում։ Նրա որդին՝ Հակոբ Հովնաթանյանը (1806-81), արդեն բացառապես դիմանկարիչ էր և այդ ժանրը հայկական գեղանկարչության մեջ ակնառու մակարդակի հասցնողը։ Մինչև 1830-ական թթ. նրա արվեստում դեռևս նկատվում են մի կողմից՝ հայկական ու իրանական ուշ միջնադարյան ավանդույթներին հարող գծեր (որոշ սխեմատիզմ, հարթայնություն, ոճավորում), մյուս կողմից՝ բնական աճի հետ միասին՝ արդվածքի նոր միջոցների տիրապետելու ձգտում։

Ավանդույթայինի և նորի փայլուն զուգորդումն է Նատալյա Թեումյանի դիմապատկերը, որտեղ առկա են թույրային անբասիր հարաբերություններ, ուրվագծի նուրբ արտիստականություն և, որ գլխավորն է, գեղարվեստական մտածողության ու կերպարային մարմնավորման ազգային անվրեպ բնորոշում։ Նկարչի հետագա տարիների ստեղծագործությունները ինչպես ծավալային արդվածքներով, այնպես էլ կերպարային շեշտված բնութագրումներով գտնվում են եվրոպական պրոֆեսիոնալիզմի մակարդակի վրա և ստեղծագործական անուղղակի աղերս ունեն նույն ժամանակաշրջանի ռուսական ռոմանտիկական դիմապատկերի հետ։ Հայ նոր գեղանկարչության մյուս առաջնեկը Ատեփանոս Ներսիսյանն էր (1815- 1884), ակադեմիական կրթություն ստացած նկարիչ, որի ստեղծագործություններում դիմապատկերների կողքին հրապարակ է եկել հայ կերպարվեստի կենցաղային ժանրի անդրանիկ նմուշը՝ «Խնջույք Քուռ գետի ափին» կտավը։

Ներսիսյանի ստեղծագործություններով որոշակիորեն հայկական կերպարվեստ է ներմուծվել ռոմանտիզմը՝ ինչպես կոլորիտի կազմակերպման սկզբունքներով, այնպես էլ կերպարային մեկնաբանություններով։ Սակայն ռոմանտիզմի ամենակարկառուն ներկայացուցիչը հայ կերպարվեստում Հովհաննես Այվազովսկին էր (1817-1900), որն իր հաստատուն տեղն է գրավել թե՝ ռուս, թե՝ հայ արվեստներում, վերջինում լինելով ոչ միայն ծովանկարչության,այլև ընդհանրապես բնանկարի ժանրի հիմնադիր։ Նրա արվեստում հայկական թեմաները դրսևորվել են դիմապատկերներում, հայաստանյան բնանկարներում, հայկական սյուժեներով հորինվածքներում,անուղղակիորեն՝ հույների ազատագրական պայքարին նվիրված կտավներում։

Այվազովսկու ազդեցությունը հատկապես նշանակալից և տևական է հայ արվեստում, ուր նա առ այսօր ունի բազմաթիվ հետևորդներ՝ հետևապես և ազգային շարունակվող ավանդույթ։ Առաջին հայ նկարիչը, որ բնականից է պատկերել հայաստանյան տեսարաններ, և որի ստեղծագործությամբ հայկական գեղանկարչության մեջ իր ավարտուն կազմավորումն է գտել ռեալիստ բնանկարի ժանրը, Գևորգ Բաշինջաղյանն էր (1857-1925)։ Մերթ քնարական, մերթ էպիքական մեկնաբանումով, մեծ վարպետությամբ ու հայրենասիրական տոգորումով նա պատկերել է հայրենի բնության տեսարաններ, պատմական հուշարձաններ։ Նկարչի արվեստում նշանակալի տեղ են գրավել Վրաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի տեսարանները։ Բաշինջաղյանը հայտնի է նաև որպես արվեստի դասական ժառանգությունը պաշտպանող տեսաբան։ Համեմատաբար ուշ է ասպարեզ եկել և նախահեղափոխական կերպարվեստում դեռևս լայն տարածում չի ունեցել թեմատիկ պատկերը։ Ստ. Ներսիսյանից հետո Հարություն Շամշինյանն է (1856-1914) դիմել թեմատիկ ստեղծագործությանը (մանրագիր կենցաղային պատկերներ, որոնք ավելի շուտ Թիֆլիսի արհեստավորական միջավայրից քաղած կենդանի դիտումներ են, քան բառի ակադեմիական առումով կոմպոզիցիոն հորինվածքներ)։ Հեղինակն ունի նաև անմիջականությամբ շնչող ռեալիստական բնապատկերներ ու դիմապատկերներ։ Հայկական կերպարվեստում թեմատիկ պատկերի կուլտուրան միջազգային մակարդակի է բարձրացրել Վարդգես Սուրենյանցը (1860-1921)։ Նա ստեղծել է հայ ժողովրդի պատմությանը, XIX դ․ վերջի, XX դ․ սկզբի հայկական կոտորածները պատկերող թեմատիկ կոմպոզիցիաների բարձրարվեստ շարք։ Նրա արվեստում հարազատորեն մարմնավորվել է նաև հայ գեղջուկը՝ հայ ժողովրդական հեքիաթների նորամտորեն ստեղծված նկարազարդումներում, ինչպես նաև 1915-ի օրհասից փրկվածների պատկերաշարում։ Լինելով Պերեդվիժնիկների ընկերության անդամ ու համոզված գաղափարակից, նա առաջնորդվել է դեմոկրատ, արվեստի սկզբունքներով, որոնք իրենց ուժը պահպանել են նաև 1900-ական թթ․, երբ Սուրենյանցի արվեստում սկսել են տեղ գտնել մոդեռնի ոճական որոշ հնարներ։ Նա նաև փայլուն դիմանկարիչ ու բնանկարիչ է, արևելահայ կերպարվեստի խոշորագույն գրաֆիկն ու առաջին թատերանկարիչը։

Սուրենյանցի կողքին Ռուսաստանում ստեղծագործական ասպարեզ են մտել մի շարք հայ նկարիչներ, որոնք, սակայն, չունեին անմիջական ու լայն կապեր հայ իրականության հետ։ Դրա հետևանքով նրանց արվեստում հազվադեպ է դրսևորվում հայկական թեմատիկան, իսկ երբեմն բոլորովին բացակայում։ Նրանք էին՝ Այվազովսկու աշակերտ ծովանկարիչ Մանուկ Մահտեսյանը (1857-1908), Խաչատուր Տեր-Մինասյանը (1870-1906), որի «Նախիր»-ը ռեալիստ, արվեստի բարձրարժեք նմուշ է և արժանացել է Ի․ Ե․ Ռեպինի դրվատանքին, ռուս, բնության երգիչ Մանուկ Ալաջալովը (1862-1934), նկարիչ և մշակութային գործիչ Դավիթ Օքրոյանցը (1874-1943), Կարապետ Չիրախյանը (1873-1913)։ Այս շարքում բացառություն է Գրիգոր Գաբրիելյանը (1862-98), որի մեզ հայտնի սակավաթիվ ստեղծագործություններում որոշիչը հայ գեղջկական թեմաներն են։ XIX դ․ արևմտահայության մշակութային գլխավոր կենտրոնը Կ․ Պոլիսն էր։ Սակայն, եթե Թիֆլիսում ազգային զարթոնքի պայմանները համեմատաբար բարեպատեհ էին, և տարբեր վայրերից այստեղ էին հաստատվում մասնագիտական կրթություն ստացած հայ նկարիչները, ապա թուրք բռնապետության խավարամտության, ազգային խտրականության պայմաններում Կ․ Պոլիսը վանում էր նկարիչներին, ինչը առանձնապես մեծ չափեր է ընդունել XIX դ․ վերջերից։

XIX դ․ արևմտահայ կերպարվեստը դեռևս հարկ եղած չափով չի ուսումնասիրված, այդ շրջանի գործերից ՀՍՍՀ պատկերասրահներում գրեթե ոչինչ չկա։ Հայտնի է, որ XIX դ․ Կ․ Պոլսում ստեղծագործել է Մանաս նկարչատոհմը, որի ներկայացուցիչները հիմնականում մանրանկարիչներ էին (նաև մանրանկարային դիմապատկերողներ)։ Գեղարվեստական արժեք է ներկայացնում Ումեդ (Հովհաննես) Պեյզատի (1809-1874) ստեղծագործությունը, որը վրձնել է դիմապատկերներ ու բնապատկերներ, կրոն, ու պատմական թեմաներով կոմպոզիցիաներ։ Դիմանկարչական ու կրոնական թեմաներով պատկերներ վկայված են նաև Աբրահամ Սաքայանից (1821-1876) և Պետրոս Սրապյանից (1833-1898)։ Նրանց հաջորդող սերնդի ստեղծագործությունն արդեն աշխարհիկ է։

Մկրտիչ Ճիվանյանը (1848-1906) Այվազովսկու ավանդույթին հարող համբավավոր ծովանկարիչ էր, Շվեյցարիա տեղափոխված Ժորժ (Հակոբ) Տամադյանը (1839-1920)՝ բնանկարիչ։ Լայն ընդգրկում ուներ Սիմոն Հակոբյանի (1857-1921) արվեստը․ դիմապատկերների կողքին ակնհայտ քանակ են կազմում աշխատանքային ու մարտանկարչական սյուժեները։ Դասական բնանկարի վարպետ էր Ասլան դ’Աբրոն (Աբրոյան, 1848-1928)՝ Իտալիայում։ Այս ու հաջորդ սերնդի նկարիչների մի հոծ խմբի գործունեություն գերազանցորեն բաժին է ընկնում XX դ․։

1920-ից հետո նրանց մի մասը դառնում է Խորհրդային հայկական կերպարվեստի սկզբնավորողներից, մյուս մասը՝ կազմում սփյուռքահայ կերպարվեստի կորիզը։ 1916-ին Թիֆլիսում ստեղծվել է Հայ արվեստագետների միություն, որի ցուցահանդեսներում ներկայացվել են Ռուսաստանում ստեղծագործող գրեթե բոլոր հայ նկարիչները և արտասահմանյան հայ նկարիչներից մի քանիսը։ Լինելով ինտերնացիոնալ դիրքորոշման միություն, իր կազմում ու ցուցահանդեսներում ընդգրկել է նաև ռուս և վրաց նկարիչներ։ Այս սերունդը հարուստ է անհատականություններով, ունի ընդհանուր առմամբ գեղարվեստական ու բովանդակային ավելի լայն ընդգրկում։ Ռեալիստական գեղանկարչության մեծ վարպետ է Ստեփան Աղաջանյանը (1863-1940), որի ստեղծագործությամբ հայկական կերպարվեստը հարստացել է հոգեբանական խոր բնութագրումներով օժտված դիմապատկերներով։ Որպես նկարիչ Կ․ Պոլսում է ձևավորվել, կյանքի երկրորդ կեսին Թիֆլիսում և Ալեքսանդրապոլում ստեղծագործել Ենոք Նազարյանը (1868-1928), որի կավճաներկ դիմանկարներն անթերի պրոֆեսիոնալիզմի հետ, որոշ դեպքերում նկատելիորեն նատուրալիստական են, կերպարային լուծումների ոչ մեծ խորությամբ։

Դիմանկարչական ժանրի վարպետ էր Ռոստովում սպիտակգվարդիականների կողմից սպանված Հմայակ Արծաթպանյանը (1876-1919), որի արվեստում գնահատելի են նաև հայ կյանքից քաղված անմիջական ու անպաճույճ կենցաղային պատկերներ։ Դիմապատկերներ է վրձնել Փանոս Թերլեմեզյանը (1865-1941), որի ստեղծագործական ուժը առանձնա պես դրսևորվել է կենցաղային («Բանվորուհին ջրհորի մոտ», «Սանահինի վանքի գավիթը») և բնանկարի («Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց») ժանրերում։ Թիֆլիսի հայ և վրաց արհեստավորական շրջանների հմուտ կենցաղագիր է Հմայակ Հակոբյանը (1871 -1939), որի ոչ միայն դիմապատկերներն ու կենցաղային տեսարանները, այլև բնապատկերներն ու նատյուրմորտներն աչքի են ընկնում թեմատիկ միասնականությամբ ու ռեալիստական արտահայտչամիջոցների հետևողական կիրառումով։ Նկարչի հետաքրքրություններում զգալի տեղ ունեն նաև գյուղն ու գեղջուկը։

Իր ստեղծագործական կյանքի մի մասը Պետերբուրգում ու Անդրկովկասում է անցկացրել, այնուհետև ԱՄՆ տեղափոխվել նկարիչ ու արվեստի պատմաբան Արշակ Ֆեթվաճյանը (1866-1947), որի ստեղծագործություններում շահավետորեն առանձնանում են հայաստանյան բնապատկերներն ու Անիի հուշարձանների ջրաներկային շարքը։

XX դ․ սկզբից արտասահմանյան հայ արվեստի գլխավոր կենտրոնը դառնում է Ֆրանսիան, որտեղ հաստատվել և ստեղծագործել է մի ստվար շարք տաղանդավոր հայ արվեստագետներ, որոնցից շատերը մասնագիտական կրթություն են ստացել Փարիզի ժյուլիան ակադեմիայում, ընդսմին, ոմանք այստեղ են եկել Վենետիկի մխիթարյանների Մուրատ-Ռաֆաելյան վարժարանում նկարչական տարրական կրթություն ստանալուց հետո։ Ֆրանսահայ նկարիչներից առանձնապես նշելի տեղ են զբաղեցնում շարդենյան տիպի նատյուրմորտների ինքնուս վարպետ Զաքար Զաքարյանը (1849- 1923), որը նմանահանությունների օգնությամբ հասել է կատարելության, ծովանկարիչ և կենցաղանկարիչ Արսեն Շապանյանը (1864-1949), որի գործերում պատկերված մարդիկ ու բնությունը հաճախ տեղադրված են ակտիվ լուսա-օդային (բայց ոչ իմպրեսիոնիստական) միջավայրի մեջ։ Դարասկզբի խոշորագույն ծովանկարիչներից է Վարդան Մախոխյանը (1869-1937), որի ստեղծագործական վաղ փուլն անցել է Գերմանիայում, ապա՝ Ֆրանսիայում և Միջերկրականի ափին։ Նրա ռեալիստական ծովապատկերները տրամադրության առումով ունեն ռոմանտիկական երանգավորում, իսկ որոշ դեպքերում էլ՝ հարևանցի աղերս սիմվոլիզմի հետ։ Ինչպես Շապանյանը, այնպես էլ Մախոխյանը շփվել են Հ․ Այվազովսկու հետ և նրա արվեստից քաղել ներշնչանք ու ստեղծագործական ձևեր։ Հիմնականում բնանկարչությամբ են զբաղվել նաև Հրանդ Ալյանաքը (1880-1938) և Հերան Շապանը (Շապանյան, 1888-1939)։ Ֆրանսահայ կերպարվեստում ուրույն աեղ է զբաղեցնում կենցաղանկարիչ Լեոն Քյուրքճյանը (1872-1924), որի արվեստում ճշմարտացի արտացոլում են գտել հասարակ մարդկանց կյանքն ու կերպարները։

Լեհահայ դիմանկարիչ և կոմպոզիցիոնիստ Թեոդոր Աքսենտովիչի (1859- 1938) գեղարվեստական գործունեությունը սկսվել է Փարիզում, շարունակվել Կրակովում, ուր նա, սերտորեն կապված հայ համայնքին, վրձնել է հայկական թեմաներով կտավներ։ 1910-15-ի արտասահմանյան հայ արվեստի կենտրոններից է դարձել նաև Եգիպտոսը, որտեղ ազգային գեղանկարչության առաջնեկներն էին կենցաղանկարիչ Երվանդ Դեմիրճյանը (1870-1938) և նրա աշակերտ, կերպարվեստի գրեթե բոլոր ժանրերում իր ձիրքը դրսևորած Տիրան Կարապետյանը (1882-1963)։ Վերոհիշյալ նկարիչներն իրենց ստեղծագործություններում առաջնորդվել են գեղանկարչության դասական, մանավանդ XIX դ․ ռեալիզմի սկզբունքներով։ Միաժամանակ, բազմաթիվ նկարիչների ստեղծագործություններում դրսևորվել են իմպրեսիոնիզմի և հաջորդող ուղղությունների գեղարվեստական մտածողությունն ու արտահայտչամիջոցները։ Այդպիսին է հայկական գեղանկարչության խոշորագույն դեմքերից մեկը՝ Եղիշե Թադևոսյանը (1870-1936)։ Նրա ստեղծագործության մեջ ազգային թեմատիկայի մարմնավորումը սկզբնական շրջանում զգալիորեն կրել է Վ․ Սուրենյանցի ազդեցությունը։ 1900-ական թթ․ նրա արվեստում տեղի է ունեցել ակնհայտ շրջադարձ, մի շարք գործեր հակված են դեկորատիվության, կատարված իմպրեսիոնիստական, պուանտիլիստական արտահայտչամիջոցներով, իրական սյուժեների, բնանկարների, դիմապատկերների հետ պատկերվել են սիմվոլիստական տեսիլներ։ Այդուհանդերձ Թադևոսյանի ստեղծագործությունը միշտ մնում է ռեալիստական։

Իմպրեսիոնիզմին մոտ էին կանգնած Փարիզի գեղարվեստական շրջանակներում լայն ճանաչում վայելող բնանկարիչ և դիմանկարիչ Կարապետ (Շարլ) Ադամյանը (1872-1947) և Վրաստանում ստեղծագործող Վահրամ Գայֆեճյանը (1879- 1960), որի մանրադիր ու հաճախ էտյուդային բնապատկերներում, նատյուրմորտներում ու կենցաղային դրվագներում շեշտակիորեն ակտիվացված է օդային միջավայրը։ Բնանկարի վարպետ Հովհաննես Ալխազյանի (1881 -1958) լուսեղ բնապատկերները հակված են որոշ դեկորատիվության։ Դեկորատիվության հակումներն առավել ակնհայտ են Սարգիս Խաչատուրյանի (1886-1947) գունեղ կտավներում, որոնցում դիմապատկերի ու բնապատկերի կողքին գեղարվեստական ու փաստական լուրջ արժեք են ներկայացնում ժողովրդական կյանքի, Մեծ եղեռնի ու գաղթի տեսարանները։

Նախահեղափոխական ժամանակաշրջանի հայ արվեստում նկատելի տարածում է գտել սիմվոլիզմը, որի ամենահետևողական կրողը դիմապատկերի ու նատյուրմորտի ակնառու վարպետ Հովսեփ Փուշմանն էր (1877-1966)։ 1910-ական թթ․ իր հաստոցային կտավներում, գրքի գրաֆիկայում ու թատերանկարչական ձևավորումներում սիմվոլիզմին զգալի տուրք է տվել նաև Գեորգի Յակուլովը( 1884-1928)։ Սիմվոլիստական փուլից սկսեց դրսևորվել Մարտիրոս Սարյանի (1880-1972) հզոր արվեստը, որի վաղ փուլի հեքիաթներ ու երազներ պատկերող ստեղծագործությունները հանգրվանել են ռուս սիմվոլիստների «Գոլուբայա ռոզա» և «Զոլոտոյե ռունո» ցուցահանդեսներում։ Այնուհետև, մի կողմից Մերձավոր Արևելք ու Հայաստան կատարած ուղևորություններից քաղած ճշմարտացի պատկերացումները, մյուս կողմից՝ ֆրանսիական նորագույն գեղանկարչությունը (հատկապես Գոգենի և Մատիսի) հանդիսացան այն հողը, որի վրա Սարյանը ձևավորեց իր 1910-ական թթ․ և 1920 թ․ սկգբների սեփական և միանգամայն ինքնատիպ ոճը՝ հենված մաքուր ու լոկալ թույրերի հնչեղ հակադրությունների, առարկայական ձևերի ու մակերեսների լայն ընդհանրացումների, ինչպես նաև դեկորատիվ արտահայտչականության վրա։

1846-ին Կ․ Պոլսում ստեղծված Արամյան կրկես–թատրոնում գործել են աչքի ընկնող բեմանկարիչներ (Հ․ Պաղտատլյան, Հ․ Հեքիմյան)․ թատրոնն ուներ ժամանակի պահանջներին համապատասխան դեկորացիոն արվեստ։ ժամանակակիցները բարձր են գնահատել արևմտահայ թատրոնի նկարիչ Ս․ Շիշեճյանին, ինչպես և Թիֆլիսում ստեղծագործող արևելահայ թատրոնի նկարիչ Ս․ Աբամելիքյանին։ Հ․ Այվազովսկին Թեոդոսիայում իր արվեստանոցին կից մշտական դեկորներով մասնավոր թատրոն է պահել, ուր առիթ է ունեցել հանդես գալու նաև Պ․ Ադամյանը։ Հայ բեմանկարչության առաջին հանրահայտ վարպետը Վ․ Սուրենյանցն է, որը ստեղծել է մի շարք ներկայացումների ձևավորումներ, հիմնականում Մոսկվայի և Պետերբուրգի թատրոններում։

Հայ բեմանկարչության մեջ փորձեր են կատարել նաև Գ․ Բաշինջաղյանը, Ե․ Թադևոսյանը, Հ․ Շամշինյանը։ Առաջին ուշագրավ աշխատանքները երևան են եկել 1910-ական թթ․, հայ թատրոնի պրոֆեսիոնալ ռեժիսուրայի հաստատման շրջանում։ Լ․ Շանթի «Հին աստվածներ» պիեսի (1913, Թիֆլիս, ռեժ․ Ա․ Արմենյան) բեմադրության համար նկարիչ Գ․ Շարբաբչյանը ստեղծել է դրամատուրգիայի ոգուն համապատասխան դեկորներ և զգեստներ։ 1916-ին Օ․ Սևումյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում բեմադրված Լ․ Շանթի «Կայսր» և Դ․ Դեմիրճյանի «Դատաստան» պիեսների դեկորները պատրաստվել են Ա․ Ֆեթվաճյանի էսքիզներով։ Հայ նոր քանդակագործությունը հանդես է եկել մեծ հապաղումով և առանց որևէ ավանդույթային կապի Հայաստանի հին և միջնադարյան քանդակագործության հետ։ Ի թիվս այլ պատճառների, վերջինս բացատրվում է նաև նրանով, որ միջնադարյան հայ արվեստում, ընդհուպ XVIII դ․, ճարտարապետությունից անկախ ինքնուրույն բոլորաքանդակ գրեթե չի ստեղծվել, իսկ բարձրաքանդակը, համադրված ճարտարապետությանը, կրել է բացառապես դեկորատիվ բնույթ։

Նոր ժամանակների առաջին հայ քանդակագործը Երվանդ Ոսկանն էր (1855- 1914), որը եղել է Կ․ Պոլսի Գեղարվեստից վարժարանի հիմնադիրներից և թուրք քանդակագործների առաջին սերնդի ուսուցիչը։ Նրա քչաքանակ պահպանված գործերը (գտնվում են Թուրքիայի հավաքածուներում) մարմնավորում են դիցաբանական կամ կենցաղային կերպարներ, որոնցում դրսևորվում է հեղինակի՝ Իտալիայում ուսման տարիներին յուրացրած ակադեմիզմը։ Ազգային թեմատիկային դիմող առաջին քանդակագործը Անդրեաս Տեր-Մարուքյանն էր (1871 -1919), որի դեմոկրատական արվեստը կերպավորել է հայ գյուղացուն, մտավորականության ներկայացուցիչներին (Մ․ Նալբանդյանի, Ռ․ Պատկանյանի, Ղ․ Ալիշանի, Պ․ Ադամյանի կիսանդրիները)։ Խաչատուր Աբովյանի արձանը իր ժամանակի հայ իրականության հասարակական նշանակալից երևույթներից էր։

Թեմատիկ առումով, ինչպես դիմաքանդակի, այնպես էլ կենցաղային ժանրերում Ա․ Տեր-Մարուքյանին մոտ է Միքայել Միքայելյանը (1879-1943), որին բնորոշ է սուր դիտողականությունը։ 1910-ական թթ․ ստեղծագործական ձևավորման փուլ են ապրել ապագա ականավոր քանդակագործներ Մորիս Սարկիսովը (Սարգի, 1882-1947)՝ Շվեյցարիայում, Հայկ Բատիկյանը (1876-1950), Հակոբ Փափազյանը (1878-1957), Նշան Թուրը (1888- 1967)՝ ԱՄՆ-ում, Սերգեյ Մերկուրովը (1881 - 1952), Հակոբ Գյուրջյանը (1881 - 1948), Գրիգոր Քեպինյանը (Կեպինով, 1886-1966)՝ Ռուսաստանում։

XIX դ. հայկական գրաֆիկան դրսևորվել է գրեթե բացառապես գրքերի ձևավորումներում, տառագրություններում, նաև նկարազարդումներում, մեծ մասամբ եղել է եվրոպական գրավյուրների կրկնություն։ Հաստոցային գրաֆիկան սկզբնավորվել է XIX դ. 1-ին կեսին, Աղաթոն Հովնաթանյանի (1816-93) և Հովհաննես Քաթանյանի (1824-94) գրավյուրներով։ Հարություն Շամշինյանի ստեղծագործության մեջ նկատելի քանակ են կազմել օֆորտը, մատիտանկարն ու գրչանկարը (1904-ին ռուսերեն հրատարակել է գծագրության և հեռանկարի՝ Անդրկովկասում առաջին դասագիրքը)։ Գրաֆիկայի խոշորագույն վարպետ էր Վ. Սուրենյանցը, որը ստեղծել է հաստոցային կոմպոզիցիաներ, հրատարակչական ձևավորումներ, գրքի նկարազարդումներ, մատենանիշեր ևն։ Հարուստ է նկարչի ոճական ընդգրկումը, ռեալիստական նկար («Բախչիսարայի շատրվանը», հայկական ժող. հեքիաթների նկարազարդումներ), մոդեռն (Օ. Ուայլդի, Մ. Մետեռլինկի գործերի ձևավորումներն ու նկարազարդումները) զարդանախշային ոճավորումներ ևն։ Փարիզում ստեղծագործել են XX դ. օֆորտի խոշոր վարպետներ Էդգար Շահինը (1874-1947) և Տիգրան Պոլատը (1874-1950)։

Առաջինի արվեստում նախամեծար տեղ ունեն դիմանկարն ու փարիզյան բնանկարը, աշխատանքային ու կենցաղային տեսարանները, երկրորդի արվեստում՝ գեղարվեստական գրականության նկարազարդումները։ Նույն սերնդին պատկանող արևմտահայ նկարիչներից են ջրաներկի նուրբ վարպետ Տիգրան Եսայանը (1874-1921), պատմական հուշարձաններից բազմաթիվ ջրաներկ գործեր ու մատիտանկարներ կատարած, ինչպես նաև թղթադրամների էսքիզների հեղինակ Արշակ Ֆեթվաճյանը, մանրանկարչական ոճավորումների ու գրքի ձևավորման բնագավառներում ստեղծագործող Մելքոն Քեպապճյանը (1880-1949)։ Մեծատաղանդ ինքնուս նկարիչ Վանո Խոջաբեկյանի (1875-1922)՝ Թիֆլիսի կյանքն ու կենցաղը վերարտադրող մատիտանկարները աչքի են ընկնում սուր դիտողականությամբ, նուրբ հումորով, գրոտեսկային գծի արտահայտչականությամբ։ Վ. Սուրենյանցի հետ ու նրանից հետո, մոդեռնի գիծը անհատական դրսևորումներով շարունակել են Միքայել Խունունցը (1883-1931), Գիգո Շարբաբչյանը (1884-1942), Լևոն Հազարապետյանը (1881 -1946), Վահրամ Գայֆեճյանը , Գեորգի Յակուլովը, արվեստաբան Գարեգին Լևոնյանը, որը 1907-ին Թիֆլիսում ստեղծել է գեղարվեստի ստուդիա և այնտեղ դասավանդել գրաֆիկական փորագրություն։ Հայկական միջնադարյան մանրանկարներից բխող ոճավորումներ է կատարել Գևորգ Մինասյանը (1881 -1959)։ Ավանդական ռեալիստական ձևերն իրենց կիրառումն են գտել Վրթանես Ախիկյանի (1873-1936) ձևավորումներում ու նկարազարդումներում, Վասիլի Փիրադովի (1865-1918) դիմանկարներում, Ս. Խաչատուրյանի՝ ռազմի ու գաղթի տեսարաններ ու տիպեր պատկերող նկարներում, Հայաստանում ցինկոգրաֆիայի առաջին կիրառող Սողոմոն Սողոմոնյանի նկարազարդումներում ու ինքնուրույն կոմպոզիցիաներում։ Փարիզում բազմաթիվ գրքեր է նկարազարդել Կարապետ Ադամյանը։

Հայկական երգիծանկարչության սկզբնավորումը և առաջին հաջողությունները կապված են Կ․ Պոլսի XIX դ․ հայկական մամուլի, հատկապես Հ․ Սվաճյանի և Հ․Պարոնյանի հրատարակած պարբերականների հետ։ Արևելահայ երգիծանկարչական վաղ նմուշները հրապարակ են եկել 1880-ական թթ, և այստեղ էլ առաջինը Վ․ Սուրենյանցն էր, որն իր երգիծանկարները տպագրել է Մյունխենի «Fliegende Blatter» («Թռչող թերթիկներ») պարբերականում։ Արլ․ Հայաստանում այս ժանրի բուռն զարգացումն ընթացել է XX դ․ 1-ին տասնամյակում և կապված է ռուսական առաջին հեղափոխության ժամանակաշրջանում տեղի ունեցած դեմոկրատական զարթոնքի հետ։ 1906-ին Թիֆլիսում լույս տեսնող հայկական յոթ պատկերազարդ երգիծահանդեսներից առանձնապես մեծ քաղաքական ու հայրենասիրական գործ է կատարել առաջադիմական կողմնորոշում ունեցող «Խաթաբալան», որին երգիծանկարներով աշխատակցել են Գարեգին Երիցյանը (1879-1966), Ալեքսանդր Միրզոյանը (1868-1928), Գարեգին Լեոնյանը։ Առաջին ծաղրանկարիչներից էր Դավիթ Օքրոյանցը (Խրյուսսի), որը սկզբում աշխատակցել է հայկական և վրացական մամուլին, իսկ 1906-07-ին Պետերբուրգում նկարազարդել և հրատարակել «Սափրիչ» երգիծական հանդեսը (նաև ստեղծել է ածխանկար ու ջրաներկ հաստոցային գործեր)։

Աղբյուր՝ Ostarmenia.com