Այսպէս է ասում Տէրը. «Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։ Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը» (Առակներ 11:2-3)

Առաջին լուսավորիչներ՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներ

Համաձայն Հայ եկեղեցու սրբազան ավանդության՝ Հայոց հողի վրա քրիստոնեության սերմերը սերմանվել են դեռևս առաքելական շրջանում: Հայաստանում քրիստոնեությունը առաջինը քարոզել և տարածել են Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, որոնք, Հայոց Սանատրուկ թագավորի հրամանով նահատակվելով, դարձել են Հայաստանի եկեղեցու հիմնադիրները: Ուստի Հայ եկեղեցին հնուց ի վեր կոչվում է Առաքելական և անվանվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի:

Հին Ուխտի շրջանում Իսրայել ազգի համար Աստծո խոսքի պատգամախոսները եղան մարգարեները: Իսկ Նոր Ուխտի քարոզիչներն ու ավետարանիչները եղան առաքյալները, որոնք Հիսուս Քրիստոսի կողմից ուղարկվեցին աշխարհի բոլոր ազգերին լուսավորելու և կենդանի խոսքը քարոզելու:

Հիսուսի առաքյալները խոնարհ, իրենց առօրյա ապրուստը ճակատի քրտինքով վաստակող մարդիկ էին, առանց հռչակի, դիրքի, գիտության: Գտնվածը, ստացվածը, յուրացվածը ուրիշի հետ բաժանելու, շրջապատի մեջ տարածելու ձգտումն ու ջանքը ունեին առաքյալները: Նախանձախնդիր էին իրենց կրոնական և ազգային օրենքներին: Ուր կա սեր, հավատք, կամք, նվիրում, նպատակ՝ այնտեղ է կյանքը, այնտեղ է հաղթանակի գաղտնիքը:

Հիսուս Քրիստոս Իր տասներկու աշակերտներին աշխարհի ամեն կողմերը ուղարկելուց առաջ նրանց իշխանություն տվեց քարոզելու, հիվանդներին օծելու և բժշկելու, այսահարներից չար ոգիները հանելու և խոստովանող մեղավորներին իրենց մեղքերից արձակելու: Առաքյալները հավատարմորեն կատարեցին այն, ինչ Տերն ասաց և տերը դարձան իրենց կոչումի:

Հայ եկեղեցին տարին երկու անգամ է հիշատակում Սբ. Թադեոս առաքյալին. մեկը Սբ. Սանդուխտ կույսի հետ, մյուսը՝ Սբ. Բարդուղիմեոս առաքյալի: Առաջին լուսավորիչներն հիշատակվում են նաև տասներկու առաքյալների հետ:

Սուրբ Թադեոս. Ճշմարտության ճանապարհի քարոզիչը

Սբ. Թադեոսը Հայոց առաջին լուսավորիչն է ու ամենաշատ անուններ ունեցող առաքյալը: Հերոնիմոսը նրան կոչում է Թադեոս Եռանվանի, այսինքն՝ երեք անուններ ունեցող մարդ: Ղուկասի Ավետարանում (6.16) և Գործք Առաքելոցում (1.13) նա ներկայացվում է որպես Հուդա Հակոբեան, Հովհաննեսի ավետարանում նույնպես՝ «Հուդան, ոչ Իսկարիովտացին» (14.22): Իսկ Մատթեոս ավետարանիչը նրան կոչում է «Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց» (Մատթեոս 10.3): Մարկոսն է, որ պարզապես կոչում է նրան Թադեոս (Մարկոս 3.18):

Սբ. Թադեոսը քրիստոնեությունը քարոզելու նպատակով նախ գնաց Եդեսիա քաղաք, ուր իշխում էր Աբգար թագավորը: Վերջինս հիվանդ էր և լսել էր, թե Պաղեստինում Հիսուսը հրաշալի բժշկություններ է կատարում: Աբգարը, չկարողանալով անձամբ Երուսաղեմ գնալ, նամակով և պատվիրակությամբ Հիսուսին Եդեսիա հրավիրեց, որպեսզի գա և իրեն բժշկի: Այդ ժամանակ Հիսուս քարոզում էր Հրեաստանում: Ուստի խոստացավ Եդեսիա ուղարկել Իր առաքյալներից, որպեսզի բժշկեն նրան: Եվ իրոք, Հիսուսի համբարձումից հետո այդ խոստումը կատարվեց. Սբ. Թադեոսը գալով Եդեսիա, բժշկեց և մկրտեց թագավորին ու նախարարներին և բազմաթիվ այլ մարդկանց, քահանաներ ու պաշտոնյաներ կարգեց և քաղաքի համար եպիսկոպոս ձեռնադրեց Ագգային:

Սբ. Թադեոսը Եդեսիայում քարոզեց Հիսուսի կյանքը, գործերն ու պատվիրանները: Աբգար թագավորը հավատաց Տիրոջն ու հրաշքով բժշկվեց Նրա առաքյալի կողմից:

Քարոզչությունն ավարտելով՝ առաքյալը անցավ Հայաստան: Հայաստանում ամենուր տիրում էր կռապաշտությունը: Սբ. Թադեոսը, շրջելով զանազան քաղաքներում, քարոզեց քրիստոնեությունը, շատերը հավատացին Հիսուսին և մկրտվեցին:

Թադեոսը ամեն տեղ աներկյուղ քարոզում էր Ավետարանի ճշմարտությունը: Նա նույնիսկ մտավ իշխանական տնից ներս: Իր խոսքը շատ ազդու էր, քանի որ հավատքով ու համոզված էր

խոսում: Քարոզելու նպատակով գնաց Շավարշավան, ուր գտնվում էր Սանատրուկ թագավորի պալատը: Սուրբ Թադեոս առաքյալն այնտեղ շատ բժշկություններ կատարեց: Նրա քարոզության շնորհիվ շատերը հավատացին Հիսուսին ու ընդունեցին քրիստոնեական կրոնը: Նրանց թվում էր նաև Սանատրուկի դուստրը՝ Սանդուխտ կույսը:

Թագավորը, սակայն, մերժեց քրիստոնեությունը: Նա ամեն միջոց գործադրեց իր աղջկան «դարձի բերելու»: Անօգուտ: Բոլոր հորդորներն ու ձեռնարկումները ապարդյուն անցան: Սանդուխտի հավատքը ապառաժի վրա էր հիմնված: Նա սիրում էր իր հորը, բայց ավելի շատ սիրում էր ճշմարտությունը: Այդ ժամանակ թագավորը, բարկանալով և մոռանալով իր հայրական գութը, հրամայեց սպանել թե՛ իր աղջկան և թե՛ Թադեոս առաքյալին: Սուրբ Թադեոսը նահատակվեց Արտազ գավառի Շավարշավան գյուղաքաղաքում: Նրա նահատակության օրն իսկ քրիստոնյա դարձան 3500 հայեր:

Սուրբ Բարդուղիմեոս. Նախադավան առաքյալը

Սուրբ Թադեոս առաքյալի քարոզչության ժամանակ Հայաստան եկավ Հիսուսի տասներկու առաքյալներից մեկը ևս՝ Սուրբ Բարդուղիմեոսը: Բարդուղիմեոս նշանակում է Թոլոմեի որդի, իր հայրանունն է, նրա բուն անունն է Նաթանայել (հայերենով՝ Աստվածատուր): Ծնվել է Գալիլեայի Կանա քաղաքում: Երբ Հիսուս տեսավ Նաթանայելին, որ Իր մոտ էր գալիս, ասաց. «Ահա ճշմարիտ մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»: Հիսուս նրա մեջ տեսավ վստահելի նկարագիր ունեցող, բարոյական բարձր արժանիքի տեր մի մարդու, որ պատրաստ էր գաղափարական կյանքով ապրելու և լծվելու ազնիվ գործի: Բարդուղիմեոսն է անդրանիկ առաքյալը, որ աշակերտակիցներից առաջ խոստովանեց Քրիստոսի Աստվածությունը՝ ասելով. «Դու ես Աստծո Որդին» (Հովհաննես 1.47-50): Եվ այս դավանանքի վրա էր, որ պիտի հիմնվեր քրիստոնեական եկեղեցին: Այդ պատճառով նա ստացավ Նախադավան առաքյալի փառավոր կոչումը:

Սուրբ Բարդուղիմեոսը, ըստ ավանդության, իր քարոզչությունը սկսեց Պարսկաստանի կողմերից և հասավ մինչև Հնդկաստանի սահմանները: Ասորիներին քարոզելուց հետո նա եկավ Հայաստան՝ Սյունյաց աշխարհ, անցավ Գողթն գավառը: 13-րդ դարի հայ պատմիչներից Ստեփանոս Օրբելյանը գրում է, թե առաքյալը Գողթնում Տեառնընդառաջ անունով եկեղեցի կառուցեց, որից հետո տեղափոխվեց Արտաշատ քաղաքը: Ամեն տեղ նա անվախ ու եռանդով քարոզում էր Ավետարանը: Ինչպես պատմում է ավանդությունը, հայոց երկու լուսավորիչները Արտաշատի բլրի վրա հանդիպեցին իրար: Իրարից բաժանվելով՝ Սբ. Թադեոսը գնաց Արտազ, իսկ Սբ. Բարդուղիմեոսը՝ Աղբակ: Վերջինիս հաջողվեց քրիստոնեությունը քարոզել Սանատրուկ թագավորի արքունիքում: Թագավորի ազգականներից և իշխանուհիներից ոմանք դարձի եկան, որոնց թվում և արքայաքույրը՝ Ոգուհի իշխանուհին: Նոր կրոնը նրա սիրտն էլ էր «գողացել»: Հիսուսի լույսը նրա մտքի մեջ սկսել էր ճառագայթել: Սբ. Բարդուղիմեոսի գալուստը նրա համար օրհնություն եղավ: Ոգուհին վարանելու պատճառ չուներ, ուստի հայտնապես խոստովանեց իր քրիստոնյա դառնալը: Նախընտրեց պալատի ապականություններից դուրս մաքուր, պարզ կյանքը՝ անմիտ հաճույքները փոխարինելով հոգևոր բարձրագույն վայելքների հետ:

Սանատրուկը, այդ արյունարբու և անզիջող մարդը, նոր անակնկալի եկավ: Լսելով իր քրոջ հանդգնությունը՝ Տերենտիոս հազարապետին ուղարկեց Ոգուհու մոտ, որպեսզի նորադարձներին պարտադրի կռապաշտության վերադառնալ: Տերը բացեց նրա միտքը՝ անսալու Իր խոսքերին: Տերենտիոսը ևս ընդունեց քրիստոնեությունը և մկրտվեց:

Այս լուրը հասավ թագավորին, որն առավել զայրացավ և աններում բարկությամբ հրամայեց նրանց ատյան բերել: Երկար ու խիստ հարցուփորձերը, բռնի միջոցները անզոր եղան նրանց իրենց հավատքից հեռացնելու: Թագավորը բանտարկեց առաքյալին և հրամայեց բազում չարչարանքների ենթարկել: Սբ. Բարդուղիմեոսը ձեռքերը վեր բարձրացրեց դեպի երկինք և ասաց. «Տե՛ր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, օգնիր հոգ տանեմ այս երկրի համար, որ ոտնահար չլինի թշնամուց: Սրանց տուր ողորմության շնորհ, որպեսզի դառնան սնոտի կուռքերի երկրպագությունից, որ զուր և անտեղի մոլորվել են անհավատության տգիտությունից: Սրանց տուր հովիվ և առաջնորդ, որ քեզ ճանաչեն միակ ճշմարիտ Աստված և՝ որ առաքեցիր Հիսուս Քրիստոսին: Ինձ ևս ընդունիր, Տեր իմ, և Քեզ հավատացողներիս պահիր»:

Երբ սա ասաց՝ հողը շարժվեց, և ահա լուսեղեն կամարը եկավ կանգնեց սրբի վրա: Եվ նա նայեց վերև՝ երկինք, ավանդեց հոգին և անուշության հոտ բուրեց: Այդ օրը երկու հազար հոգի հավատացին Աստծուն և փառավորում էին կատարվածի համար: Իսկ երբ որոտումն եղավ՝ խուլերը լսեցին և բուժվեցին, կույրերը տեսան և լուսավորվեցին, համրերը խոսեցին և բոլորը ամեն ախտից բուժվեցին, որոնք հավատացին մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ Սբ. Բարդուղիմեոսի միջոցով: Եվ հավատացյալները միաբան ձեռքերը վեր բարձրացրին, միաբերան փառավորում էին մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Նահատակվեցին նաև երանելի Ոգուհին և հազարապետը:

Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների գերեզմանների վրա հետագայում կառուցվել են եկեղեցիներ. Սբ. Թադեոսինը՝ Արտազում, իսկ Սբ. Բարդուղիմեոսինը՝ Աղբակում:

Երկու լուսավորիչներն էլ իրենց քարոզչության ընթացքում Հայաստան բերեցին մի շարք նվիրական սրբություններ: Սբ. Թադեոսը բերել է Սուրբ Գեղարդը, որով զինվորը խաչի վրա խոցեց Հիսուսի կողը (Հովհաննես 19.34), ինչպես նաև մի բաժին այն յուղից, որ Հիսուս փոխանցել էր առաքյալներին: Իսկ Սբ. Բարդուղիմեոսը իր հետ Հայաստան է բերել Աստվածամոր պատկերը:

Այսպիսով, մյուս առաքյալների նման, իրենք էլ՝ իբրև ժիր մշակներ, կատարեցին իրենց կոչման պարտականությունը, իրենց արյունը թափելով Ավետարանի ճշմարտության վկայության համար, և սփռեցին աշխարհի Լոյսն ի Հայս:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am