Այսպէս է ասում Տէրը. «Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք։ Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում։ Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը» (Առակներ 11:2-3)

Նարգիզ

Մի շատ գեղեցիկ ծաղիկ կա, նուրբ թերթիկներով: Այդ ծաղկի անունը Նարգիզ է: Իսկ ինչպես է առաջացել այս ծաղիկը: Դա հետաքրքիր հունական լեգենդ է: Հին Հունաստանում Սիրո ու գեղեցկության աստվածուհին Աֆրոդիտեն էր: Նա շատ ընկերուհիներ ուներ:

Նրանցից մեկը Արձագանքն էր՝ անտառային հավերժահարսը: Աֆրոդիտեն ամենից շատ Արձագանք հավերժահասին էր սիրում ու վստահում: Բայց մի օր աստվածուհին իմանում է, որ Արձագանքն ամենուրեք բամբասում է աստվածուհուն, ստախոս և կեղծավոր է համարում: Բարկանում է գեղեցկուհի աստվածուհին և դավաճան ընկերուհուն հեռացնում իր դղյակից: Անիծում է նրան, որ Արձագանքը դառնա խուլ ու համր, ինչպես ձուկը:

- Խնդրում եմ, տիրուհիս, ներիր ինձ,- աղերսում է Արձագանքը:

Աֆրոդիտեն խղճում է իր մտերիմ ընկերուհուն, ասում է.

- Լավ, ես մեղմացնում եմ պատիժդ: Այսուհետև, դու կլսես միայն մարդկանց արտասանած բարձր բառերը: Դու իրավունք կունենաս խոսել միայն այդ ժամանակ, միայն թե չես կարող բառն ամբողջությամբ արտասանել, կարտասանես միայն բառի վերջին վանկը, ոչ ավելին:

Հուսահատված Արձագանքը լքում է Աֆրոդիտեին ու այդ օրվանից հետո բնակվում է անտառներում ու լեռներում: Իհարկե, խոսքը սովորական արձագանքի մասին է, երբ արձագանքվում է միայն մեր արտասանած բառի վերջին վանկը: Եվ այսպես, հավերժահարս Արձագանքը ապրում է մարդկանցից ու աստվածներից հեռու: Բայց մի օր նա պատահմամբ տեսնում է արահետով անցնող մի երիտասարդի, որն անչափ գեղեցիկ էր: Նա գետերի աստծո որդին էր: Գեղեցկատես երիտասարդին Նարգիզ էին անվանում:

Բայց նա մի գաղտնիք ուներ, իսկ ի՞նչ գաղտնիք էր դա: Նարգիզը դեռ մանուկ հասակից գիտեր, որ երկար տարիների կյանք կունենա միայն այն դեպում, եթե երբեք չտեսնի իր դեմքը: Նա գիտեր, որ շատ գեղեցիկ է, բայց երբեք չէր տեսել իր դեմքը: Եվ ահա, նրան տեսնում է հավերժահարս Արձագանքը: Հմայված գեղեցիկ երիտասարդով, Արձագանքը իրեն նետում է նրա գիրկը: Սակայն տղան սառն ու կոպիտ հրում է Արձագանքին ու շարունակում է ճանապարհը: Սիրահարված Արձագանքը վազում է երիտասարդի հետևից: Բայց կարծես Նարգիզը չի նկատում նրան: Մերժված գեղեցիկ երիտասարդի կողմից, Արձագանքը արցունքն աչքերին, անձայն աղերսում է աստվածներին, որպեսզի նրանք պատժեն անսիրտ ու հպարտ Նարգիզին: Աստվածները լսում են նրա աղերսը և խղճում են խուլ ու համր դարձած հավերժահարսին:

- Թող քո կամքը լինի,- երկնքից լսվում է մի ձայն:

Եվ հանկարծ Նարգիզը ուժեղ ծարավ է զգում ու ցանկանում է անպայման ջուր խմել: Այդ ժամանակ նա անցնում էր մի զուլալ աղբյուրի մոտով: Նա կռանում է, որ խմի, սակայն զուլալ ջրի վրա նա առաջին անգամ տեսնում է իր դեմքի արտացոլանքը: Նա քարանում է: Որքա՜ն գեղեցիկ էր ինքը: Նարգիզը չի կարողանում հայացքը կտրել իր արտացոլանքից ու իրենով հմայված՝ նայում է, առանց աչքերը թարթելու: Նարգիզը չի կարողանում ջուր խմել, որովհետև քարանում է, նա սիրահարված նայում է իրեն այնքան ժամանակ, մինչև ծարավից թոշնում ու չորանում է. ինչպես ծաղիկը առանց խոնավության:

Աստվածները այս անգամ էլ խղճում են գեղեցիկ երիտասարդին, ու նրան դարձնում են նուրբ ու հոտավետ մի ծաղիկ՝ բաց դեղին թերթիկներով: Նարգիզ ծաղկի գլուխը մի քիչ թեք է, կախված է ցողունի վրա և կարծես, ցանկանում է ջուր խմել սառը աղբյուրից ու հագեցնել ծարավը: Ինչպես նաև գլուխը թեք նայում է իր արտացոլանքին ու նորից ու նորից հիանում իր գեղեցկությամբ: Նարգիզը գարնանային առաջին ծաղիկներից է, այն, իրոք, շատ գեղեցիկ է ու հոտավետ:

Աղբյուր՝ heqiat.am։