Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Աշխարհիկ ոգին հոգևոր կյանքում

- Հա՛յր, երբեմն ասում եք, որ այսինչը եվրոպական խոշորացույցի միջով է նայում, այլ ոչ թե արևելյան ոգու օգնությամբ: Ի՞նչ եք ցանկանում դրանով ասել:

- Ուզում եմ ասել, որ եվրոպական աչքով է նայում, եվրոպական մտածելակերպով, առանց հավատի, զուտ մարդկային տեսանկյունից:

- Իսկ արևելյան ոգին ի՞նչ է:

- "Во́сток восто́ков и су́щии во́ тьме́ и се́ни!" *

- Այսի՞նքն:

- Ասելով, որ ինչ-որ մեկն ընդունել է արևելյան ոգին և թողել եվրոպականը՝ նկատի ունեմ, որ տրամաբանությունը, ռացիոնալիզմը թողնելով՝ մարդը պարզ և բարեպաշտ է դարձել: Քանի որ պարզությունն ու բարեպաշտությունն են ուղղափառ ոգին, որում Քրիստոս է հանգչում: Այսօր հաճախ հոգևոր մարդկանց մեջ պակասում է պարզությունը՝ այն սրբազան պարզությունը, որը վերականգնում է հոգու ուժերը: Եթե աշխարհիկ ոգուց չհրաժարվես, չսկսես քեզ հասարակ պահել, այսինքն չմտածես, թե ուրիշներն ինչպես կնայեն քեզ կամ ինչ կասեն քո մասին՝ Աստծո և սրբերի հետ հարազատական կապի մեջ չես մտնի: Այդպիսի հարազատության մեջ մտնելու համար պետք է սկսել հոգևոր տարածության մեջ ապրել: Մարդ որքան իրեն հասարակ է պահում, հատկապես վանական համալիրում, այնքան ավելի «հարթ» է դառնում, որովհետև կրքերի ելունդները տաշվում են: Եթե դա այդպես չէ, ապա նա փորձում է առերևույթ իրեն ներկայացնել այնպիսին, ինչպիսին չէ: Այդ պատճառով էլ, հրեշտակներին նմանվելու համար, փորձենք աշխարհիկ դիմակահանդեսի զգեստները դեն նետել մեր վրայից:

Գիտե՞ք, թե աշխարհիկ մարդիկ ինչով են տարբերվում հոգևոր մարդկանցից: Աշխարհիկ մարդիկ հոգ են տանում իրենց բակի մաքրության մասին: Նրանց չի հետաքրքրում, որ իրենց տունը ներսից է աղտոտված: Նրանք մաքրում են բակն ու աղբը ներս տանում: Ասում են. «Մարդիկ բակն են տեսնում, այլ ոչ թե տան ներսը»: Այսինքն, թող ես ներքուստ աղտոտված լինեմ, բայց դրսից՝ ոչ: Նրանք ուզում են, որպեսզի այլոք հիանան իրենցով: Իսկ հոգևոր մարդիկ տան ներսի մաքրության մասին են հոգ տանում: Նրանց չի հուզում, թե մարդիկ ինչ կասեն իրենց մասին, որովհետև Քրիստոս տանն է բնակվում, այսինքն՝ սրտում, այլ ոչ թե բակում:

Սակայն պատահում է նաև, որ հոգևոր մարդիկ էլ են իրենց ցուցադրաբար դրսևորում, աշխարհիկ ձևով, իսկ ավելի որոշակիորեն ասած՝ փարիսեցիների պես: Այդպիսի մարդիկ ոչ թե այն մասին են մտածում, թե ինչպես դրախտ ընկնեն, հայտնվեն Աստծո մոտ, այլ՝ ինչպես անեն, որ այս կյանքում լավը երևան: Նրանք զրկում են իրենց բոլոր հոգևոր ուրախություններից, սակայն կարող էին դրախտային երանությունն արդեն այստեղ զգալ: Եվ այս կերպ նրանք հողեղեն են մնում: Նրանք փորձում են աշխարհիկ սովորություններով հոգևոր կյանք վարել: Սակայն ներքուստ դատարկ են՝ Աստված չկա այնտեղ:

Ցավոք սրտի, աշխարհիկ ոգին նույնիսկ հոգևոր մարդկանց վրա է ուժեղ ազդեցություն թողել: Իսկ եթե հոգևոր մարդիկ են աշխարհիկ կերպով մտածում ու գործում, ապա ի՞նչ է մնում աշխարհիկ մարդկանց անել: Երբ ես որոշ մարդկանց խնդրեցի օգնել պատանի թմրամոլներին, ապա նրանք պատասխանեցին. «Եթե մենք թմրամոլների համար կացրան բացենք, ապա ոչ ոք չի ցանկանա նվիրատվություն անել դրա համար: Այդ պատճառով էլ ավելի լավ է ծերանոց բացել»: Ես չեմ ասում, թե ծերանոցները պետք չեն, իհարկե պետք են, այն էլ ինչպես: Սակայն, եթե մենք այդ նախապայմաններով առաջնորդվենք, ապա մեր բարեգործությունը կտապալվի: Մարդիկ չեն հասկանում, որ աշխարհիկ հաջողակությունը հոգևոր անհաջողություն է:

* "Посети́л ны́ е́сть свы́ше, Спа́с на́ш Восто́к Восто́ков, и су́щии во тьме́ и се́ни обрето́хом и́стину, и́бо от Де́вы роди́лся Госпо́дь". Светилен по 9 песне на Рождество Христово.

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am