Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Երուխան. Քարին նշանը

Շագանակագույն ծաղկենկար կերպասներով պաստառված էր սենյակը, կոկիկ, ու մաքուր. բոլորշի սեղանին վրա կանանչ գորգ մը փռված Էր․ լամպար մը, լուսամփոփով հովանավորված, իր ջինջ պայծառությունը կզեղուր սենյակին ստորին կողմը, վերին անկյունները մեղմ մթության մեջ ձգելով։ Սեղանին մեկ կողմը թիկնաթոռի մը վրա նստած էր քառասուննոց կին մը, գիրուկ, քաղցր դիմագծությամբ, խարտյաշ մազերուն մեջ ցանցառ ճերմակ թելերով, որոնք մասնավոր հրապույր մը կստանային լույսին մեջ, արծաթի պես շոգալով։ Դիմացը նստած էր էրիկ մարդ մը, հազիվ քառասունհինգ տարու, հերաթափ գանկը մարմարի հղկությամբ փայլուն․ հանդարտ դիմագծերը թեթև հեգնություն մը կցուցնեին, առանց վնասելու իր բարի ու կորովի արտահայտությանը։ Սեղանին ծածկոցին վրա գիրք մը բացած՝ շարունակ կթղթատեր, մերթ գորովալիր ակնարկ մը նետելով իր կնոջը վրա։

Հանկարծ սրտնեղության շարժում մը ըրավ, գիրքբ գոցեց և խոնջենքի հառաջ մը արձակելով թիկնաթոռին մեջ ամբողջ մարմնովը բազմեցավ՝ գլուխը հետև նետած։

- Սուրբի՛կ, ա՛լ կօգտե որչափ բանեցար, այդչափ աշխատությունը, մանավանդ գիշեր ատեն, աչքերուդ կվնասե… քիչ մը խոսինք։

Կինը, առանց ձեռագործը ձգելու, վեր առավ գլուխը և իր սև խոշոր աչքերը ամուսնին վրա հառեց զզվանքով։

- Դարձյալ կրնանք խոսակցիլ, - ըսավ, - իմ աշխատությունս արգելք մը չէ, մանավանդ որ Հուսեփիկիս համար է, ժամ առաջ լմննալու է․․․

- Անուշիկ Հուսեփի՛կս, - մրմնջեց ամուսինը և հարեց, - գիտե՞ս, Սրբուհիցա, մեր Հուսեփը տակավին վեց տարու չկա, քովի պզտիկ աղջկան հետ ան ինչ հարգանքներով կվարվի կոր․ կարծես սիրահարություն ընելու միտք ունի․ օ՛հ, հիմիկվան տրղաքները…

- Ասանկ մի ըսեր, սիրելիս, ամեն ատեն աղաք այդ ըզգացումները կունենան, բնութենե, կազմվածքե կախում ունի… մարմինին արագ աճումը և զգացումներուն զարգացումը այդ երեվույթը առաջ կբերեն․ դուն մանկությանդ ի՞նչպես էիր։

- Շիտակը միտքս չէ, - պատասխաներ ամուսինը՝ խորհրդավոր քմծիծաղով մը․ իսկ դուն Հուսեփիկ մը ունեցա՞ր պզտիկությանդ։

Կինը պահ մը ընդհատեց ձեռագործը և անանկ նայվածք մը տվավ ալքերուն, որ հայտնի էր, թե հին, շատ հին հիշատակներ միտքը բերելու ճիգ մը կըներ։

Հետո ըսավ, ալքերը հրճվանքով մը զեղուն․

- Ես ունեցա իմ Հուսեփիկս, երբ ութը տարու էի․ մենե քանի մը տուն վար կնստեին․ ընտանեկան հարաբերություն չունեինք. բայց անոնց փոքրիկ տղան, Օննիկ, տաս-տասարեկու տարեկան չարաճճի մըն էր։ Ամեն իրիկուն, դպրոցեն դարձին, մեր դիմացի փոքր մարգագետնին վրա միատեղ կխաղայինք, քանի մը ուրիշ փոքր տղոց հետ։ Օննիկ մասնավոր համակրանք մը կցուցուներ ինծի․ պաշտպանի հովեր կառներ ու չէր թողուր, որ մյուս տղաքները չարչրկեն զիս․ իր հովանիի տակ առած էր։ Իսկ ես, հակառակ սիրո այդ տաք ցույցերուն, թեև հակում մը կզգայի անոր համար, բայց ինծի նեղություն կպատճառեին իր չարաճճի, սև, պճլտացող աչվըները։ Կուզեի վզին փաթթվիլ և համբուրել․ սակայն երբ քովս մոտենար, խույս կուտայի՝ կարծես ինքզինքս ավելի ըղձալի ընծայելու համար։ Պիտի զարմանաս, որ ութ տարու աղջիկ մը ինչպես կրնար այս նուրբ զգացումները զգալ։ Իրավ, ճշգրիտ գիտակցությամբ չըլլար ատիկա, բայց բնազդը, ինչպես կենդանիներուն, նմանապես դեռ բանականութենե զուրկ փոքր էակներու վրա գրեթե նույն սաստկությամբ կարտահայտվի։ Մեծ հոգ կտանեի պչրանք ցուցնելու Օննիկին՝ անոր զմայլական նայվածքները գրավելու համար․ խոտին վրա իրարու ետևե վազվռտած ատեննիս, երբ թևերը բացած վրաս հասներ, սարսափելի ճիչեր կարձակեի․խեղճ տղան սահմռկած կմնար, չհասկնալով, թե ինչո՛ւ այդքան չկամությամբ կվարվեի իրեն հետ։

Մինչ կխոսեր տիկին Սուրբիկ, ամուսինը խորին ուշադրությամբ մտիկ կըներ, արմուկը թիկնաթոռին հենակին վրա և ծնոտն ալ ափին մեջ։

Հիմակ, կինը կշարունակեր ձեռագործը, քիչ մը ավելի՝ տենդոտ արագությամբ, այս հեռավոր անուշ հիշատակին վերաբերումեն հուզված։

․․․Երբեմն Հուսեփիկիս վրա նայած ատենս միտքս կիյնա խեղճ Օննիկը․ օհ, կարծես ան է․ նույն պճլտացող աչքերը, նույն չարաճճի շարժումները։ Ու հիմակ իրավամբ երեսիս կզարնեմ իմ բռնած ընթացքս, սիրտս կցավի այնքան չարչարելուս հեք Օննիկը։ Շատ անգամ, երբ ձեռքը դրամ անցներ, անմիջապես շաքար կառներ և ինծի կուտար ուտելու․ հաճույքով կդիտեր իմ ուտելս․ ու երբ, ղիս վերջապես շահած ըլլալու հույսով ձեռքը կերկնցներ գլուխս բռնելու՝ «աղվորիկս» ըսելով, ճիչ մը կարձակեի ու կփախչեի․ հայտնի բան էր, որ այդ պզտիկ տղան կտառապեր․ բայց ինքն ալ անշուշտ չէր գիտեր տառապելուն պատճառը․․․

«Իրիկուն մը դարձյալ դպրոցեն արձակվելնես։Հետո, մեր սովորական զբոսավայրը գացի․ ու տեսա, որ միայն Օննիկը հոն էր․ մյուս տղաքները չէին եկած․ ուզեցի ետ դառնալ մինակ ձգելով Օննիկը, բայց անիկա ձեռքը թուղթ մը շաքար՝ քովս եկավ և ինծի տվավ․ ամեն ժամանակե ավելի կվառեին իր աչքերը, զորս ըղձանքով վրաս կհառեր, մինչ ես շաքարները հատիկ-հատիկ բերանս նետելով կուտեի, անզգա այն հաճույքին, զոր իրեն կպատճառեի․ այնչափ զբաղած էի շաքարներովս, որ չկրցա տեսնել, թե չարաճճին քովս մոտեցած Էր կամաց֊կամաց, ետևես հանկարծ պրկում մը զգացի վզիս շուրջը, ու թաց կրակոտ շրթներ այտերուս փական, ու, համբույրներու տարափ մը… Ի՞նչ եղա այն վայրկյանին․ պոռալ ուզեցի, չկրցա, կխեղդվեի․ բազուկներս կշարժեի այդ սոսկալի սեղմումեն ազատելու համար։ Վերջապես ձգեց զիս և սկսավ փախչիլ․ կատաղութենես շարժած՝ քար մը առի գետնեն ու ետևեն վազելով գլխուն նետեցի․ Օննիկ աղեխարշ ճիչ մը արձակեց, երկու ձեռքը գլխուն տարավ, որ սկսած էր արյունիլ․ իսկ ես խույս տվի ու ա՛լ անգամ մըն ալ չգացի հոն։ Քիչ հետո մենք ելանք այն գյուղեն և ուրիշ տեղ գացինք…

«Մինչև հիմակ ականջիս մեջն է հեք Օննիկիս կսկծալի աղաղակը․ արդյոք ո՜րքան անիծեց զիս, և սակայն մանկությանս ամենեն անուշ հիշատակն է աս…»։

Ու տիկին Սուրբիկի թուխ աչքերը ամուսնին դարձած՝ տրտմագին արտահայտությամբ մը, թրջած կոպերով։

Այն ատեն ամուսինը, դեմքը երանազեղ ժպիտով մը զվարթացած, ելավ տեղին, կնոջ մոտեցավ, գլուխը ծռեց անոր առջև ու ծոծրակին մազերը բանալով՝ հարցուց․

- Կճանչնա՞ս սա ճերմակ նշանը։

Ու երբ կինը նայվածքը այդ կետին վրա սևեռած էր անբացատրելի ապշությամբ մը, ամուսինը ավելցուց․

- Նետած քարիդ նշանն է…