Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Քրիստոսի նմանությամբ խաչվածը՝ Սբ. Դավիթ Դվնեցին

Քրիստոսի ու նրա խաչի սերը չես կարող ինձանից հեռացնել ո՛չ հրով, ո՛չ սրով, ո՛չ կյանքով, ո՛չ էլ մահով

Խաչազգեաց նահատակը և քաջահաղթ վկան Քրիստոսի՝ Դավիթ Երանելին, ազգությամբ պարսիկ էր ու արքայական տոհմից: Հայրը մահմեդական էր, իսկ մայրը քրիստոնյա էր, այս պատճառով էլ տեղյակ էր քրիստոնեական վարդապետության սկզբունքներին:

Նա Հայաստան եկավ 665թ., Անաստաս կաթողիկոսի օրոք: Այդ ժամանակ Հայաստանի պատրիկն էր Գրիգոր Մամիկոնյանը, ով նաև Հայոց հրամանատարն էր՝ կարգված ամիրապետի կողմից:

Դավթի առաջին անունը Սուրհան էր: Նա, տեսնելով քրիստոնյաների պարկեշտ վարքը, ցանկանում է քրիստոնյա դառնալ: Դրա համար գալիս է հայոց բարեպաշտ իշխան Գրիգորի մոտ ու հայտնում իր քրիստոնյա դառնալու ցանկությունը:

Իշխանը նրան տանում է Անաստաս կաթողիկոսի մոտ, ուր քրիստոնեական հիմնական գիտելիքները ստանալուց հետո՝ մկրտվում է և ստանում է «Դավիթ» անունը:

Հետո նա ամուսնանում ու բնակվում է Դվին քաղաքում, դրա համար էլ ստանում է «Դվնեցի» անունը: Այնտեղ նա ապրեց առաքինազարդ վարքով, ունեցավ զավակներ ու դուստրեր, նրանց ևս կրթեց քրիստոնեական հավատով: Այսպես նա ապրեց ու դարձավ վաթսուն տարեկան:

Երանելի Սահակ Ձորափորեցի կաթողիկոսի օրոք ամիրապետը Հայաստանի առաջին ոստիկան է կարգում անգութ ու դաժան Աբդլլահին, ով բնակություն հաստատեց Դվին քաղաքում: Նա իր մոտ կանչեց հայոց մեծամեծներին ու նախարարներին՝ նրանց սիրաշահելու ու նախօրոք վախեցնելու համար: Աբդլլահն այնքան խստացրեց հարկահանության պահանջները մինչև որ կողոպտեց բոլորի ունեցվածքն ու եկեղեցու զարդերը: Այսքանով չբավարարվելով՝ նա երանելի Սահակ հայրապետին ու Սմբատ Բյուրատեան սպարապետին շղթայակապ Դամասկոս ուղարկեց:

Այնուհետև նրան լուր տվեցին Դավիթ Դվնեցու մասին, որ նա եկել է Խորասանից, իսկական անունը Սուհրան է, մահմեդականի զավակ է և, որ Դավիթ է կոչվել քրիստոնյա դառնալուց հետո:

Աբդլլահը նրան իր մոտ բերելու հրաման տվեց: Տեսնելով, որ նա հաստատուն է իր քրիստոնեկան հավատի մեջ, իր զինվորներին հրամայեց հարվածել նրա բերանին, եթե համարձակվի Քրիստոս Աստված անունը տալ: Երբ ոստիկանը ձեռքը բարձրացրեց, որ զարկի սրբին բազուկը կծկվեց ու անշարժացավ:

Այս հրաշքից վախեցած՝ ոստիկանը բանտ գցեց նրան: Դավիթը սուրբ հոգով լցված՝ կրում էր այս զրկանքները ու անդադար աղոթում Աստծուն:

Ութ օր հետո նրան բանտից հանեցին ու ամիրան ասաց.

- Մինչև՞ երբ պետք է անմտորեն համառես: Դարձի՛ր հայրենի հավատքիդ, որ ազատվես:

Դավիթն ասաց.

- Համառը դուք եք, որ չեք գալիս Քրիստոսի ճշմարիտ աստվածագիտության ճանապարհով՝ ընդունելով նրա սուրբ հավատքը:

Բռնավորը հրամայեց ցած նետել նրա խաչը, ապա ծառաները ստիպեցին նրան ոտքով կոխել խաչը: Իսկ երանելին գետնից վերցրեց խաչը, համբուրեց ու աչքերի վրա դրեց: Նա ամիրային ասաց.

- Ա՛յ ամենաչար, իմացիր, որ Քրիստոսի ու նրա խաչի սերը չես կարող ինձանից հեռացնել ո՛չ հրով, ո՛չ սրով, ո՛չ կյանքով, ո՛չ էլ մահով:

Ամիրան՝ տեսնելով Դավթի անդրդվելիությունը, հրամայեց, որ նրան գամեն խաչին ըստ իր Տիրոջ օրինակի:

Նա խնդրեց դահիճներին իրեն թույլ տալ աղոթել ու այսպես աղոթեց.

- Տեր Աստված, շնորհակալ եմ Քեզանից, որ ինձ այսպիսի մահվան արժանացրեցիր՝ քո սուրբ անվան համար ու ինձ Քո խաչակիցը արեցիր:

Դահիճները նրան խաչեցին ու խաչը կանգնեցրին դեպի արևմուտք: Այդ ժամանակ մի զարմանալի նշան կատարվեց: Խաչափայտը ինքն իրեն ճախրելով ՝ սրբի երեսը դարձրեց դեպի արևելք:

Դահիճները գեղարդները ձեռքերին ասում էին.

- Շուտ կատարիր ամիրայի հրամանը, որ չմեռնես:

Սակայն սուրբը զվարթ դեմքով աղոթում էր խաչի վրա: Դավթի կինը քաջալերում էր նրան՝ հաստատուն մնալ Քրիստոսի հավատքի մեջ:

Դահիճները գեղարդներով խոցեցին երանելիի սիրտն ու կողերը: Դավիթ ավանդեց իր հոգին ի Քրիստոս 639թ-ին:

Ամիրան բազում աղաչանքներից ու նվերներ ստանալուց հետո միայն թույլ տվեց խաչից վար իջեցնել մարմինը ու թաղել քրիստոնեական օրենքով: Երանելիի մարմինը Դվինի Սբ. Գրիգոր Կաթողիկէ Եկեղեցում պատվեց մաքուր կտավով ու օծվեց անուշահոտ խնկերով, հետո նրա մարմինը դրեցին վկայարանի մեջ: Իր չարչարանքների փայտը խաչի վերածելով դրեցին դամբարանի վրա, իսկ գեղարդը գնեց Մուշեղը, ով դրան խաչի ձև տալով՝ դրեց տապանի վրա՝ ի հիշատակ սուրբ նահատակի՝ Դավիթ Դվնեցու և ի փառս Հիսուս Քրիստոսի սուրբ անվան:

Սուրբ Դավիթ Դվնեցու հիշատակը Հայ Կաթողիկէ Եկեղեցին տոնում է Վարագա Սուրբ Խաչի տոնին հաջորդող երկուշաբթի:

Աղբյուրը՝ Armenianchurchco.com

Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը