Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Սուրբ Հռիփսիմյանց պատմությունն` ըստ Մովսես Խորենացու

«Եվ այն փայտեղեն պատկերը, որ դրված է եղել իմ վերափոխման օրը, ա՛յն փնտրեք՝ ձեր կյանքի ուղին ավարտելով արյամբ։

Սուրբ Հռիփսիմյանների կյանքի, վարքի և զանազան վայրերի մասին, որ գրված չեն բազմաքանակ ճոխաբան պատմությունների մեջ, քննության առնելով բազում հույն մատենագիրների և ըմբռնելով ճառերի միտքը, որոնք կեղծիքից հեռու էին և ճշմարտությամբ լի, կարգեցի քեզ համար այս գրվածքի մեջ […]

[…] ես, լինելով մահկանացու, ծեր և հիվանդոտ, հրեշտակ կամ Բարձրյալի որդի չլինելու պատճառով երկնչելով, ինչպես որ ասում է աստվածային խոսքը, փոքր-ինչ երկրորդեցի նույն այն գիրքը, որ թողել է հմուտ քարտուղար Ագաթանգեղոսը […]

Եվ արդ, նույն այդ գրքում պատմվում է, որ սուրբը նույն թագավորական տոհմից էր, ինչ Օգոստոս կայսրը՝ թագավորների ցեղապետը: Գայանեն նույնպես նույն ցեղից էր՝ առաքինի և զարմանալի հոր և մոր դուստր: Առաքելական դասերին նախանձախնդիր լինելով, […], նրանք իրենց իմացությամբ շատ մոտ էին նրանց, որոնց հին համբավ ունեցող գործերը մոռացության չէին մատնել՝ ընտելանալով կամ ծուլանալով, ինչպես որ մեր ժամանակներում է, երբ աստվածապաշտությունը նվաղել է, սրբությունը՝ լռել, իսկ մեղքը՝ գլուխ բարձրացրել: Այլ տղամարդիկ առաքյալների նման լավ գործերին էին նախանձախնդիր, իսկ կանայք զգաստանում էին՝ նախանձելով Աստվածածնին, Քրիստոսի մայրեր լինելով […]: Այսպիսին էին նաև սուրբ Հռիփսիմեի ծնողները, որն Ավազանից ի վեր սանն էր սուրբ Գայանեի, որը վանական կույսերի մայրն էր Հռոմում գտնվող սուրբ Պողոս առաքյալի վանքում, որը երանելին իրեն տեղ ընտրեց՝ առաքյալից հրաման ստանալով՝ պարտ և պատշաճ կերպով աղոթելու. և նրանից հետո ուրիշներն էլ աշակերտեցին՝ երեք հարյուր հոգի՝ պահելով առաքյալի այս հրամանը: Եվ լինելով այս վայրի տեսուչը՝ Գայանեն Հռիփսիմեին դաստիարակեց իր մոտ՝ զգաստացած կույսերի մեջ, և երբ նրա աղոթքի պտուղն արբունքի հասավ, տեսնելով նրա հոգու մեծանձնությունը, սուրբ Աստվածածնի աղախինը լինելու պատվին նրան կարգեց և տվեց՝ ուխտերով և աղոթքներով ծառայելու Աստվածածնին: Նրա պարանոցն է գցում նաև սուրբ Հակոբ [Տյառնեղբոր] խաչը՝ տերունական արյամբ ներկված, որը հատվել էր Կենաց Փայտից Պատրոնիկե տիկնոջ խնդրանքով, որը և ինքն էր պահպանել նույն Տյառնեղբոր միջոցով, և մեծ փափագով ու երկյուղածությամբ առավ և գցեց մեծ սուրբ Հռիփսիմեի պարանոցը, ինչպես որ մի ժամանակ Ռեբեկայի ականջներին գինդերը [գցեցին]՝ հարսնանալու հավատքի հայր Աբրահամին. թեպետ և [դրանք իրար] նման չեն, բայց երկուսն էլ Եկեղեցու խորհրդի համար եղավ […]:

Եվ երբ հուզումնալից ժամանակը հասավ, ազնվական ծագման և սքանչելատեսիլ գեղեցկության համար նրան, ով աշխարհում նույնպես փայլում էր հոգով, որոշեցին տիեզերապետության թագուհին դարձնել՝ ի պատիվ հռոմեացիների տան: Եվ Գայանեն, հոգու աչքով [այդ մասին] իմանալով, առնում է նրան, փախչում Եգիպտոս՝ Աղեքսանդրիա [քաղաքը]. այնտեղից էլ գնում է Երուսաղեմ՝ երկրպագելու տեղի սուրբ վայրերը: Եվ, մտնելով քարայրը, Սրբուհու առաջ աղոթքներ և պաղատանքներ էին մատուցում, որ օգնի վտանգված և փախցված կույսին, որը նրա աղախինն էր եղել մանկությունից: Այնտեղից գնացին Գեթսեման՝ Աստվածածնի գերեզմանը. և [Գայանեն],

այնտեղ աղոթելով, ասում էր. «Մայր Լուսո, Կո՛ւյս անարատ, որ կուսության վերակացու ես և սրբության օգնական, ընդունի՛ր աղերսական աղոթքներն անարժան աղախնուցս. և իմ հոգեորդուն, որ սնեցի՝ քեզ աղախին տալով, զգաստացնելով արդարացրո՛ւ արժանավորապես և մի՛ թող, որ օտարը փորձության ենթարկի նրան, և մի՛ թող, որ աղտեղանա պիղծ թագավորների ձեռքով, որպեսզի մեր՝ քեզ հետ կապած ուխտը չխափանվի: Այլ հիշի՛ր իմ պանդխտությունը և մեր կյանքի ալեկոծումները, որոնք քեզ համար են, հիշի՛ր և քո Որդու և մեր Աստուծո չարչարանքները և ողորմի՛ր մեզ, որի համար օրհնում ենք քեզ»: Եվ, Աստվածածնին երկրպագելով և շատ արտասուք հեղելով, մեկ ամիս մնացին այնտեղ: Ապա [Աստվածածինը] տեսիլքով երևաց սուրբերին, և հրաման ստացան գնալ Հայք՝ Արարատյան երկիրը, Թադեոս առաքյալի վիճակը: «Եվ այն փայտեղեն պատկերը, որ դրված է եղել իմ վերափոխման օրը, ա՛յն փնտրեք՝ ձեր կյանքի ուղին ավարտելով արյամբ»:

Եվ, այնտեղից խնդությամբ դառնալով, եկան Եդեսիա քաղաքը և, երկրպագելով փրկչական պատկերին, ուրախությամբ լցվեցին, և թվաց նրանց, թե մարմնացած Բանն են տեսնում: Դարձյալ սքանչելի տեսիլքը տեսնելով՝ հորդորվում էին ճգնությունների: Եվ կանանց մի մասը, նրանցից բաժանվելով, մնաց նույն քաղաքում, Աբգարի մեծ եկեղեցում՝ կրոնավորելով սուրբ Թադեոսի [դրած] հիմքի վրա: Նույնպես էլ մնացին այնտեղ՝ Դարանաղյաց գավառում, Սեպուհ կոչվող լեռան խորշում, որ անվանվեց Մանյա այրք:

Սուրբերից ավելի քան յոթանասուն հոգի, […], ելնելով նրանց հետ հռոմեացիների քաղաքից, բնակություն հաստատեց զանազան վայրերում: Իսկ տեղում մնացած քույրերը և Գայանեի Եվզոյի անունով քույրը, քույրերի հետ միաբանված, բարի վկայությամբ նահատակվեցին ամբարիշտ Դիոկղետիանոսի կողմից, որն իր չարության թույնը նրանց վրա թափեց, ովքեր Քրիստոսի վկաներ դարձան՝ մեծ առաքելուհուն մահվան վճռով չբռնելու պատճառով: Եվ բազում տառապանքներով եկան, հասան Բզնունյաց գավառ, Խլաթ քաղաք՝ երեկոյան այնտեղ օթևանելով: Եվ այնտեղից տեղափոխվեցին և գնացին Մոկաց գավառը՝ Սուրբ Խաչ կոչվող վայրը, որտեղ Աստված մեծ սքանչելիքներ կատարեց նրանց միջոցով՝ Եսայու և Դանիելի պատվական սուրբ Խաչով […]: Երբ առաքելանման քահանաներն ու սուրբ կույսերը հասան Կճավ կոչվող վայրը, որ դևերի պաշտամունքով էր լցված, ընդդիմամարտելով արգելեցին ձիերի մեջ, որ դևերը, զայրացած հարձակվելով, խեղում, այլանդակում, պնչատում էին իրենց պաշտոնյաներին: Այնտեղ առաքելանշան քահանաները, հալածելով նրանց և քանդելով նրանց պաշտամունքային շինությունները, բժշկում էին խեղյալներին, որի համար էլ տեղը Կճավ կոչվեց: Սուրբ Գայանեն այնտեղ թողեց իր խաչը որպես դևերի ախոյան, ինչպես ավազակի համար, որտեղ և հետո վանք հաստատեց սուրբ Գրիգորը:

Եվ իրենց հայտնի դարձած անվան պատճառով նրանք գաղտնի գնացին Կորդվաց [գավառի] միջով դեպի Սողոփ լեռը՝ Բերկրացվոց գավառում, որտեղ աչացավության ախտով վարակվեցին և երբ աղոթեցին, երկու աղբյուր բխեց, որոնց ջուրը ժանգ ուներ՝ կարմիր էր և սպիտակ. և մինչև այսօր սրբուհիների անունով օգնում է աչքի ցավ ունեցողներին: […]

[…] Եվ այնտեղից գնացին և օթևանեցին գետի վտակների կամրջի մոտ՝ Տմորյաց կողմում, ծառավետ ընկուզուտ վայրերում: Եվ, այնտեղից տեղափոխվելով, մտնում են Հայաստան գավառը, Մշկունյաց լեռան խորին խորշի մեջ: […] այնտեղ մշկապորտ այծյամներ կան, ուր և, բազում հալածական բորոտներ գտնելով, ընտրյալ քահանաները նրանց բժշկում են սուրբ խաչով, ուր և Տիրոջից աղբյուր շնորհվեց նրանց. և այստեղ ծեր կանայք մնում էին մինչև իրենց մահվան օրը: Եվ, այնտեղից չվելով և կանգ առնելով Բժունյաց սահմանին, մնացին այնտեղ բազում օրեր: Եվ, այնտեղից տեղափոխվելով, բնակվեցին գետի մյուս ափի հորդաբուխ աղբյուրի մոտ՝ քաջալերվելով Սուրբ Հոգու շնորհներով. շատ օրեր անցկացրին՝ զվարճանալով տեղանքի բարեհամբավությամբ: Այնուհետև նրանց մի մասն այստեղ մնաց՝ այն վայրում, որի անունը Սուրբ Տիկին է:

Եվ այնտեղից առաջ անցան […] և հասան մի վայր և [այնտեղ] գտան սակավաթիվ քրիստոնյաների, որոնք նշանակերտած պահում էին Տիրամոր պատկերը, որին ուրախացած երկրպագեցին և Սրբուհուն գոհություն էին հայտնում: Եվ սակավ օրեր մնացին [այնտեղ], քանզի հավատացյալները չկամեցան՝ կասկածանքներից երկվության մեջ լինելով, և նրանք գնացին դեպի Պաղատ լեռան գլուխը, որտեղ, ասում էին, մեծ քանակությամբ դևեր կան, որ մեծարում են Արամազդի և Աստղիկի տունը: Եվ հաճախ պաշտամունքով տոն են անում, որը Պաղատն է: […] և քարեր էին հոսում հորդաբուխ աղբյուրի ակունքից, որ բխում է լեռան ստորոտում՝ բարձր ապառաժի առաջ, այն տեղում, որը կոչվում է Բութ: Քանզի քույրը կրակն էր վառում, իսկ եղբայրը՝ աղբյուրը [բխեցնում]:

Եվ քարայրում որջացած ապրում էին երկու վիշապ՝ դիվացած և սևացած, որոնց կույս աղջիկներ և անմեղ պատանիներ էին զոհաբերում: […] Եվ խոր ձորերի մեջ լցված էին մահաբեր թույներով լի օձեր և կարիճներ: Սուրբ կանայք այնտեղ են հասնում և, աղոթքներով ու արտասուքներով երկինք հայելով, առնում են սուրբ նշանը և պահում աղբյուրի վրա, և դևերը փախչում, մտնում են բագինը՝ վա՜յ-վա՜յ աղաղակելով: Եվ լեռներով մեկ ուրիշ ձայն չէր լսվում, բացի [նրանց] վայումի ճիչերից: Եվ նրանք անցնում են այն ձորի միջով, որտեղ մինչև այսօր քարացած մարմնով օձերը մնում են: Եվ բագիններից փախած դևերն ընկնում են Մարաց երկիրը: Եվ պատկերը փշրեցին սուրբ խաչի զորությամբ, որը գյուղի բնակիչները տեսնելով՝ սուրբ երանելիների միջոցով հավատացին Քրիստոսին:

Եվ, այնտեղից դուրս գալով և հյուսիսի կողմով իջնելով, եկան Կորիթ կոչվող գյուղը: Կուռքերին փշրեցին, թունավոր օձերին սպանեցին սուրբ խաչի նշանով և դևերի աղբյուրը ցամաքեցրին, որտեղ և հետո սուրբ Գրիգորը երկու եկեղեցի շինեց և Կորիթում փայտեղեն սեղան պատրաստեց և իր գոտին ու գավազանը որպես նշան թողեց այնտեղ: Իսկ սուրբերը, Տոսբ գավառ հասնելով, սուրբ նշանը թողնում են լեռան հարավային կողմից՝ Վանի դիմաց՝ վանքի շատ փոքր խուցեր շինելով. այնտեղ մնացին՝ սպառնացող հալածանքների կասկածի պատճառով: Եվ այնտեղ Վարագ լեռան վրա ամրացան, որովհետև լսեցին, թե որոնում են իրենց, ցանուցիր բնակվեցին լեռան խորշում՝ իրենց համար գետնափոր բնակարաններ շինելով: Այսպես սուրբ քահանաներից երկու հոգի ապրեցին նույն տեղում մինչև առ Քրիստոս իրենց կոչման և վախճանի օրը: Եվ նրանց [բնակության] տեղերը կոչվեցին Ուրբաթայրեր, քանզի ուրբաթից ուրբաթ սուրբ պատարագ էին մատուցում և արժանավորապես բաշխում Տիրոջ Մարմինը և Արյունը սուրբ կանանց:

Արդ, ո՞վ կարող է պատմել Տիրոջ զորությունների մասին՝ լսելի դարձնելու համար Նրա սքանչելիքները, Ով Իր ողորմությամբ գերազանց լույս ծագեցրեց մեզ համար արևմուտքից մինչև Հայաստան երկրի արևելքը, մանավանդ՝ կանանց միջոցով:

[…] բարձունքներից անստվեր Արեգակը ծագեց մեզ համար՝ լուսավորելով մեզ աստվածագիտության լույսով, պայծառացնելով տոնասեր և աստվածասեր հավատացյալ ժողովուրդների սրտերը. որի համար էլ Քրիստոսին վայել է փառք և զորություն և իշխանություն հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուրը՝ Armenianchurchco.com