Այսպէս է ասում Տէրը. «...քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ, ով քայլում է խաւարի մէջ, չի իմանում, թէ ուր է գնում: Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք» (Հովհաննեսի 12:35-36)

Լուսինն ու աստղերը

Վաղուց, շատ վաղուց աստղիկները լույս չեն ունեցել, ինչպես հիմա: Պատկերացնո՞ւմ եք, ի՜նչ մռայլ է եղել այն ժամանակ երկինքը: Իսկ թե ինչպես է առաջացել նրանց լույսը, ես հիմա կպատմեմ այդ պատմությունը… Մի ժամանակ աստղերը լույս չունեին: Նրանք գորշ-գորշ էին ու բոլորովին չէին երևում: Գիշերները, երբ Արևը գնում էր քնելու, խեղճ աստղերն այնպես էին մրսում, այնպես էին մրսում: Մի շատ ցուրտ գիշեր աստղերը այնքան սառեցին, որ սկսեցին դողացնել: Իսկ երկնքում դողացնել, նշանակում է այնպիսի աղմուկ առաջացնել, որ արթնանա ամբողջ աշխարհը: Լուսինը, որ նույնպես ապրում էր երկնքում և իր սառը լույսով լուսավորում էր աշխարհը, այդ դողոցի ձայնը լսելով՝ շատ զարմացավ, չորս կողմը նայեց ու զգալով, որ աղմուկը գալիս է աստղերից, հարցրեց.

- Ձեզ ի՞նչ է պատահել:

Բայց աստղերը ոչինչ չկարողացան պատասխանել: Նրանք այնպես էին դողացնում, որ խոսել չէին կարողանում: Այդ աղմուկի վրա Արևն էլ արթնացավ:

- Այս ինչ աղմուկ է, մարդիկ քնած են, երեխաները լսել են իրենց իրիկնային հեքիաթը և քնած են մուշ-մուշ, չի կարելի խանգարել նրանց:

Լուսինը դիմեց Արևին.

- Տեսնում ես, խեղճ աստղերը ինչպես են մրսում:

- Մրսո՞ւմ են, - զարմացավ Արևը,- այս շոգի՞ն:

- Դա քեզ համար է շոգ, - տխուր ասաց Լուսինը, - Իմ լույսը սառն է, ես չեմ կարող տաքացնել նրանց:

Ա՜խ, որքան բարի է մեր կլորիկ, կարմրիկ Արևը: Ուրեմն նա չէր կարող չօգնել աստղիկներին, բայց ինչպե՞ս նա պիտի դա աներ: Արևը մտածեց, մտածեց, ապա ճառագայթներից մի քանիսը պոկեց ու շպրտեց դեպի աստղերը: Ճառագայթները դիպան Լուսնին, փշրվեցին ու ցրվեցին աստղերի միջև: Ա՜յ թե ուրախացան աստղերը: Արևի տաք շողերը ջերմացրին սառած աստղիկներին: Իսկ ամենակարևորը, աստղիկները՝ կարծես թե նոր հագուստ հագան, ոչ սովորական, այլ փայլփլուն, արծաթագույն: Նրանք լուսավորվեցին, դարձան պայծառ-պայծառ: Լուսինն էլ շատ ուրախացավ: Աստղիկները և Լուսինը Արևին հայտնեցին իրենց շնորհակալությունը: Այդ ժամանակվանից ի վեր, աստղիկները հեռվից հեռու աչքով են անում Լուսնին և ուրախ ժպտում գիշերային անցորդներին:

Աղբյուր՝ heqiat.am