Այսպէս է ասում Տէրը. «Ով կռիւ է փնտրում բարեկամի դէմ, նա թակարդ է լարում իր ոտքերի համար» (Առակներ 29:5)

Սանահինի վանք

Սանահին վանական համալիրը գտնվում է Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում, նախկին համանուն գյուղում` Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա:

Կառուցվել է X դարի 2-րդ կեսին, եղել է Հայաստանի կարևոր հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը:

Համալիրը բաղկացած է X-XII դարերում վերակառուցված պաշտամունքային և քաղաքացիական շինություններից՝ երեք եկեղեցիներից, գրատուն-մատենադարանից, գավթից, նախագավթից, զանգակատնից, դամբարաններից, հոգևոր դպրոցի և գրատան սրահներից:

1999 թ-ին.համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Վանական համալիրի առաջին՝ Ս. Աստվածածին եկեղեցին, ենթադրաբար, կառուցվել է X դ. 30–40-ական թթ` Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք: 966-ին Աշոտ Գ Ողորմած թագավորն ու Խոսրովանույշ թագուհին կառուցել են Ս. Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար, հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց, հրավիրել եկեղեցականներ, գիտնական վարդապետներ, գրիչներ:

Հիմնադիր վանահայրն էր Պոլիկարպոսը, որին հաջորդել է վարդապետ-գիտնական Հովհաննեսը: 979-ին Սմբատ Բ թագավորի հրովարտակով Սանահինի վանքը դարձել է նորակազմ Կյուրիկյան թագավորության եպիսկոպոսական աթոռանիստը (մինչև XI դ. կեսը): Մինչև XII դ. կեսը այստեղ էր նաև Կյուրիկյան տոհմական դամբարանը:

XII դ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։

1105 թ. -ին Սանահինը կողոպտում է Ղզիլ ամիրան, իսկ 1111-13 թթ. անկում է ապրում տեղական թագավորությունը: Շուտով սելջուկներից համալրի տարածքը մաքրում է վրաց թագավոր Դավիթ Շինարարը և միացնում Վրաստանին: XII դ. 2-րդ կեսից XIV դ. Սանահին գյուղը շրջակայքով ու վանքով դարձել է Զաքարյանների շառավիղների՝ Արղության - Երկայնաբազուկների սեփականությունը (մինչև XX դ. սկիզբը): Վանքն անկում ապրեց Լենկթեմուրի արշավանքների (XIV դ.), ապա Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև ընթացող տնական պատերազմների շրջանում (XV-XVII դդ.)։

XVII դ.ից՝ հաստատված խաղաղության պայմաններում վանքը վերականգնվեց և կրկին ստանձնեց կարևոր հոգևոր և ձեռագրության կենտրոնի իր դերը։

1778թ. Սանահինը տուժեց լեզգիների հարձակումներից, 1795-ին այն ասպատակել է Աղա Մահմեդ խանը։ 1801 թ-ին Արևելյան Վրաստանի թագավորության կազմում միացավ Ռուսաստանի կայսրությանը: 1800 թ. Պավել Առաջին կայսեր հրամանով Արղության-Երկայնաբազուկների տոհմն ընդունվել է ռուսական ազնվականության շարքը և ստացել իշխանական տիտղոս։

Խորհրդային իշխանության տարիներին Սանահինի վանքը եղել է պետական պահպանության ներքո. կատարվել են ամրակայման և վերականգնման աշխատանքներ։ 1998 թ-ին ՀՀ Կառավարության որոշմամբ այն հանձնվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը։ 1999 թ-ին Սանահինի համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»։

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Սանահինի վանական համալիրը բաղկացած է հինգ եկեղեցիներից, երկու գավիթներից, ակադեմիայից, գրատնից, զանգակատնից, տոհմական դամբարան-ներից և երբեմնի ամուր պարսպապատով շրջափակված այլ շինություններից։ Հիմնական կառույցները խմբավորված են գլխավոր եկեղեցու շուրջը` կազմելով մեկ միասնական ամբողջություն։ Հորինվածքային տարբեր լուծումներ ունեն Սանահինի վանքի գավիթները։ Հուշարձանախմբից դուրս գտնվում են վանքի աղբյուրը, մատուռներ, խաչքարեր և գեղաքանդակ խաչքարերով մի շարք փոքր եկեղեցիներ, որոնք սփռված են թաղամասի տարածքում ու նրանից դուրս, ինչպես նաև` Սանահինի հանրահայտ կամուրջը:

Սբ.Աստվածածին եկեղեցի: Համալիրի հնագույն եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է 928-944 թթ.-ին։ Գմբեթավոր դահլիճ տիպի վաղագույն օրինակներից է։ Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։

Թմբուկն ու գմբեթը վերակառուցվել են հավանաբար 1652 թ. վերանորոգման ժամանակ` Սարգիս Ուստայի և նրա աշակերտների կողմից, որի մասին է վկայում պահպանված շինարարական արձանագրությունը։ Ներքին պատերը զարդարված են եղել որմնանկարներով, որոնց մեծ մասը չի պահպանվել։

Հայկական գավիթների եզակի օրինակ է Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթը (Մեծ գավիթ, Դրսի գավիթ), որը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1211 թ.-ին։ Այն ունի ունի երկթեք տանիքով ավարտվող թաղածածկ եռանավ դահլիճի հորինվածք։

Գավթի հատակագիծը հյուսիսից հարավ ուղղությամբ մի փոքր ձգված ուղղանկյուն է, որը լայնական ուղղությամբ տարված երկու կամարակապ սյունաշարով բաժանվում է երեք հավասար նավերի:

Դրանցից յուրաքանչյուրը ծածկված է գլանաձև թաղով և երկթեք տանիքով, որոնք արմ. ճակատի վրա կազմում են սուր գագաթներով բարձր ճակտոնների շարք: 

Գավթի այդ միակ ամբողջությամբ երևացող ճակատը ձևավորված է երեք զույգ լայն և կամարակապ բացվածքներով, որոնք ծառայել են ներքին տարածքի լուսավորության և ելումուտի համար:

Գավիթն ունեցել է նաև միջանցիկ դեր՝ եկեղեցիներ, մյուս գավիթ և ճեմարան անցնելու համար:

Ճարտարապետական ներքին հարդարանքը պարզ է և զուսպ. ցածրադիր և զանգվածեղ սյուները և որմնասյուները, լինելով միատիպ, տարբեր են խարիսխների, ֆուստերի (սյան բուն) և խոյակների զարդաքանդակների մշակմամբ: Մինչդեռ դահլիճի եզրային հատվածներն առնված են սալածածկ առաստաղների տակ։

Սբ. Ամենափրկիչ եկեղեցի: Սուրբ Աստվածածին եկեղեցուց հարավ Ամենափրկիչ եկեղեցին է` վանքի գլխավոր տաճարը, որը 957-966 թթ.-ին կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը՝ Խոսրովանույշը։

Տաճարն ունի գմբեթավոր խաչաձև հորինվածք և իր դիրքով իշխում է համալիրի մյուս կառույցներին։ Ներքին պատերը զարդարված են եղել որմնանկարներով, որոնց մեծ մասը չի պահպանվել։

Հայ միջնադարյան քանդակագործության արժեքավոր օրինակ է հանդիսանում արևելյան ճակտոնապատի վերին մասի կտիտորական կոմպոզիցիան, ուր դեմառդեմ կանգնած Գուրգեն (Կյուրիկե) և նրա եղբայր՝ Անիի Սմբատ Տիեզերական թագավորները պահում են տաճարի մանրակերտը։

Ամենափրկիչ եկեղեցու գավիթը (ներքին գավիթ) կառուցվել է 1181 թ.- ին (ճարտարապետ Ժամհայր)։ Այն չորս կենտրոնական, սյուներով գավիթների տիպի առավել վաղ օրինակներից է։

Գավիթը քառակուսի հատակագծով կենտրոնակազմ և քառասյուն ընդարձակ դահլիճ է՝ կառուցված եկեղեցու արմ. պատին կից, նույն առանցքով և լայնությամբ: Արտաքին դուռը տեղադրված է հս. պատի կենտրոնում:

Գավթի հաստահեղույս սյուները կամարներով կապվում են միմյանց և համապատասխան հանդիպակաց պատերի փնջաձև որմնասյուների հետ՝ ներքին տարածքը բաժանելով կենտրոնական մեծ և եզրային ութ փոքր քառակուսի հատվածների:

Կենտրոնական քառակուսին պսակում է երդիկավոր ցածր գմբեթը, անկյունայիններն ունեն հարթ առաստաղ, իսկ առանցքային միջին հատվածները ծածկված են գլանաձև թաղերով: Գավթի ծածկի ճարտարապետական ձևերը հիշեցնում են հայկական ժողովրդական բնակարանների` գլխատների տիպը։

Տարածական բարդ և պլաստիկ կառուցվածքային հորինվածքին յուրահատուկ գեղարվեստական արտահայտչականություն են հաղորդում սյունախարիսխների և խոյակների հյուսածո զարդամոտիվները և կենդանիների գլուխների խորհրդանշանային քանդակները: Որմնակամարներից մեկի վրա փորագրված արձանագրությունը հիշատակում է ճարտարապետի անունը՝ Ժամհայր:

Ս. Աստվածածին և Ս. Ամենափրկիչ եկեղեցիները դեռևս X դ. 80-ական թթ. ունեցել են ընդհանուր գավիթ, ինչի մասին հիշատակվում է Կյուրիկե Ա թագավորի՝ Սանահինի «Քոթուկում» մեջբերված հրովարտակում, որով նա երկու շքեղ ջահ է նվիրել վանքին:

Այդ կառույցը քանդվել է հավանաբար 1181-ի լայնածավալ շինարարական աշխատանքների ժամանակ՝ Ս. Ամենափրկիչ եկեղեցու նոր գավիթը կառուցելիս:

Մագիստրոսի ճեմարան: «Մագիստրոսի ակադեմիան» կամ Ճեմարանը կազմում է Սբ Աստվածածին եկեղեցու գավթի շարունակությունը: Այն X դարի վերջին և XI դարի սկզբին բնորոշ քաղաքացիական ճարտարապետության օրինակ է:

Ճեմարանը ներկայացնում է ուղանկյուն երկարավուն սրահ, որտեղ երկայնական պատերին հպված կամարներով ձևավորված որմնախորշերը հավանաբար ծառայել են իբրև նստատեղեր։

Ճեմարանում առավելապես դասավանդում էին հումանիտար գիտություններ, սակայն, ինչպես և Հաղպատում, այստեղ էլ գրվում էին քննախոսություններ, ուսուցանում էին փիլիսոփայություն և գեղագրություն, մանրանկարչություն։

Ակադեմիայի ուսուցիչներից հատկապես հռչակված էր X դարի հայ նշանավոր գիտնական, փիլիսոփա և մանկավարժ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին (990-1059 թթ. ), որի անունով էլ դպրոցն անվանվել «Մագիստրոսի ճեմարան»։

Գրատուն: Գրատունը (կոչվել է նաև նշխարատուն) շենքերի խմբի հյուսիս - արևելյան անկյունում է։ Կառուցվել է 1063 թ.-ին՝ Դավիթ Անհողինի դուստր Հրանուշ թագուհու միջոցներով։

Այն քառակուսի հատակագծով սրահ է, որի չորս պատերի կենտրոններում մեկական տեղադրված որմնասյուները միմյանց հետ կապվում են հատակագծում պատերի նկատմամբ 45օ-ով շեղված կամարներով:

Դրանցով կազմվում է սրահի եզրագծին ներգծված մի նոր՝ առավել փոքր քառակուսի, որի վրա առագաստների միջոցով հենվում է հիմքում՝ շրջանաձև, իսկ վերևում՝ ութանիստ, երդիկավոր գմբեթը: Սրահի անկյունային հատվածները ծածկված են մի դեպքում տրոմպով, մյուս դեպքում՝ հատվող կիսագլան թաղերով: Ցածրադիր և զանգվածային որմնասյուներն ունեն հարուստ և միմյանցից տարբեր զարդաքանդակային մշակում: Պատերի հարթությունը ջլատված է կիսաշրջան կամ սլաքաձև կամարներով պսակվող խոր որմնախորշերով, որոնք եղել են պահոցներ գրքերի և նշխարների համար: Որմնասյուներից բարձրացող անկյունագծային կամարների վրա հանգչում է ութանիստ, ցածրադիր թմբուկով վեղարը։

Սբ. Գրիգոր եկեղեցի: Գրատան հարավ-արևելյան անկյունին կից է Սուրբ Գրիգոր եկեղեցին (X դ. վերջ)։

Այն եռաստիճան գետնախարսխի վրա բարձրացող փոքրաչափ գմբեթավոր շինություն է` արտաքուստ բոլորաձև, ներքուստ` չորս խորաններով։

Արտաքին տեսքին զգալի շարժում են հաղորդում իրար հաջորդող որմնակամարները, խորշերը և նրբին պսակներով եզերված նեղ ու ձգված լուսամուտները։ Քանդակազարդ է նաև միակ արևմտյան մուտքի ճակատակալ քարը։

Մատուռը վերակառուցվել է 1061 թ., ներկա գմբեթը կառուցվել է ավելի ուշ` հավանաբար 1652 թ. վերանորոգման ժամանակ։

Զանգակատուն: Մեծ գավթի հյուսիսային պատին կից է Սանահինի վանքի զանգակատունը, որը համարվում է Հայաստանի նմանատիպ կառույցների հնագույն օրինակներից:

Կառուցվել է 1211-1235 թթ. -ին։ Այն քառակուսի հատակագծով եռահարկ կառույց է, որ պսակվում է վեց սյուների վրա հենված զանգաշտարակով: Առաջին հարկը պարզ թաղակապ սրահ է՝ հյուսիսային կողմից առանձին մուտքով: Արևմտյան ճակատին ասիմետրիկ տեղադրված շքամուտքը քարե աստիճաններով տանում է երկրորդ և երրորդ հարկերը: Երկրորդ հարկն են կազմում միմյանց կից երեք փոքր ավանդատները, որոնցից մեկի մուտքի ճակատին պահպանվել է շինարարության անթվակիր արձանագրություն, ըստ որի՝ զանգակատունը կառուցել է Աբասի որդի Վագը: Երրորդ հարկն ամբողջական մի սրահ է՝ ծածկված չորս զույգ որմնասյուների վրա հենված փոխհատվող կամարների կոնստրուկցիայով՝ իր վրա կրելով զանգաշտարակը:

Արևմտյան ճակատի առանցքով, տրամատված լայն շրջանակի մեջ ագուցված է կարմիր գրանիտե քանդակազարդ մեծ խաչ, ճակատների դեկորատիվ հարդարանքի մյուս տարրերը՝ շքամուտքի և պատուհանների քանդակազարդ շրջանակները, ներդիր խաչքարերը տեղադրված են ասիմետրիկ, ազատ, բայց խիստ հավասարակշիռ հորինվածքով:

Տոհմական դամբարաններ: Սբ Աստվածածին եկեղեցուն կից գտնվել է Կյուրիկե և Դավիթ Կյուրիկյանների դամբարանը. երկու առանձին թաղածածկ խցերից մեկը կառուցվել է X դ. վերջին, իսկ մյուսը` XI դ. կեսերին։ Կողքը գտնվում է Արղության-Երկայնաբազուկների դամբարանը (XIXդ.):Հուշարձանախմբի հարավարևելյան կողմում գտնվող Զաքարյանների դամբարանը կառուցվել է X-XII դդ: Արևելյան սրահը կիսագետնափոր թաղածածկ դահլիճ է` վրան մասամբ պահպանված մատուռներ։

Կողային մատուռները ոճային առումով մոտ են Գրիգորի մատուռին։ 1189-ին կառուցված արևմտյան մասը ավելի պարզ է և աչքի է ընկնում ճոխ, մեծ շքամուտքով։

Վանքի պարսպից դուրս գտնվող հուշարձաններ: Սբ Հակոբ եկեղեցին խաչաթև, գմբեթավոր դահլիճ տիպի կառույց է` արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով: Դահլիճի անկյուններում չորս ավանդատներով (կիսավեր)։ Այն Սանահինի հուշարձանախմբի ամենահին շինություններից է` կառուցված Xդ. 2-րդ կեսին։ 1753-ին ավերվել է, քարերի մի մասը 1815-ին օգտագործվել Ս. Ամենափրկիչ եկեղեցու նորոգման համար:

Եկեղեցուց մոտ 20 մ դեպի արևելք գտնվում է XIII-րդ դ. կառուցված Սբ Հարություն եկեղեցին, որն առանձնանում է արևելյան կողմի երկու հավասարաչափ խորաններ ունեցող թաղածածկ դահլիճով։

Սանահինի արևելյան կողմում կանգուն են Սուրբ Կարապետ եկեղեցին (X դ. վերջ - XI դ. սկիզբ), արևմուտքում՝ բարձրադիր տեղում՝ Սարգսի մատուռը (XII դ. վերջ - XIII դ. սկիզբ)։

Սանահինում պահպանվել են երկու աղբյուր, մեկը՝ նախկին գյուղամիջում (XII դ. վերջ - XIII դ. սկիզբ, երկկամար բացվածքով՝ թաղածածկ սրահ է), մյուսը՝ վանքի հյուսիսային պարսպապատին կից (1831 թ.) միակամար բացվածքով։

Միջնադարյան հայկական ճարտարապետության ինժեներական լավագույն կառույցներից է Սանահինի կամուրջը։ XII դ. վերջին կառուցել է տվել Վանենի թագուհին։ Կամրջով է անցնում Սանահինի վանքը տանող ճանապարհը։Միաթռիչք (թռիչքի երկարությունը 18,6 մ), կամարակապ կամրջի աջակողմյան խելը բարձրադիր ժայռի վրա է, իսկ ձախակողմյանը՝ գետի ցածրադիր ափին, որի հետևանքով կամրջի այս կեսը զգալի վերելք ունի դեպի կենտրոն, իսկ մյուս կեսը հարթ է։

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

X-XI դդ. Սանահինի վանքը եղել է Հյուսիս-Արևելյան Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան։

Սանահինի համալսարանը (Սանահինի դպրոց), միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնադաստիարակչական և գրչության կենտրոն էր։ Հիմնադրվել է 966 թ.-ին՝ Աշոտ Գ Ողորմածի կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու պատվերով։ «Մեծ հռետոր» հռչակված վանահայր Դիոսկորոս Սանահնեցու (1039-1063թթ.) օրոք դպրոցը դարձել է ուսումնական մեծ օջախ, հարստացել է գրադարանը, գրվել, ծաղկվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: Նրան աշակերտել, դպրոցում դասավանդել ու ստեղծագործել են գիտնական վանականներ Անանիա Սանահնեցին և Հակոբոս Քարափնեցին: Աստվածաբանությունից բացի դպրոցում դասավանդվել են փիլիսոփայություն, հռետորական արվեստ, երաժշտություն, բժշկություն, տոմարագիտություն և այլ գիտություններ: Ըստ ավանդության՝ դպրոցում դասավանդել է նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունին (990-1059 թթ. ), նրա անունով էլ Ս. Աստվածածին և Ս. Ամենափրկիչ եկեղեցիների միջև կառուցված սրահը կոչվել է «Մագիստրոսի ճեմարան»:

XII-XIII դդ. Սանահինի վանքում հայտնի էին վանահայրեր Գրիգոր Տուտեորդին, Հովհաննես Խաչենցին (Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների ուսուցիչը), Վարդանը: Մեծ համբավ է ունեցել վանահայր Գրիգոր րաբունապետը (տես Գրիգոր Որդի Աբասա), որի «Պատճառ լայն և նուրբ գրեանց, առեալ ի հարցն սրբոց և ի վարդապետաց» գիրքը ծառայել է նաև որպես ուսումնական ձեռնարկ: Գրիգոր րաբունապետը վանքին նվիրել է 13 ձեռագիր, գրել այլ աշխատություններ:

XIV-XV դդ. Սանահինի վանքում նոր վերելք է ապրել գրչության արվեստը: Առավել հիշարժան է Սանահինի «Քոթուկը», որը բովանդակում է վանքի ժամանակագրությունը, արժեքավոր տեղեկություններ միաբանության պատմության վերաբերյալ:

Սանահինի համալսարանին կից ստեղծվել է նաև մատենադարան։ Այն ունեցել է հատուկ շենք, սակայն ապահովության համար ձեռագրերի մի մասը պահվել է անմատչելի քարայրներում։ ճեմարանի, իսկ այնուհետև դպրոցի ուսուցիչները (Գրիգոր Մագիստրոս, Գրիգոր Արասաորդի և ուրիշներ) դասավանդման նպատակով ձեռագրեր են հորինել, որոնք պահվել են այստեղ։ Ինչպես հայկական բոլոր մատենադարանները, այնպես էլ Սանահինի մատենադարանը կողոպտվել է։ 1904-ին Սանահինի վանահայր Գարեգին Սաթունյանը բոլոր ձեռագրերը նվիրել է էջմիածնի մատենադարանին: Նրանցից 35-ը այժմ պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:

Սանահինի վանքի հետ է կապվում միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր աշուղներից մեկի` Սայաթ-Նովայի անունը, ով փոքր հասակում ուսում է ստացել այստեղ(1712-1719 թթ.):

Սանահինում պահպանվել են ավելի քան 50 խաչքար: Հատկապես արժեքավոր են Գրիգոր Տուտեորդու (Սուրբ Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ, 1184 թ., գործ՝ Մխիթար Կազմիչի) և Սարգսի (Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթի արևմտյան պատի տակ, 1215 թ.): Սանահինի նշանավոր խաչքարերից է հիմնական հուշարձանախմբից դեպի արևմուտք գտնվող խաչքարը` կերտված 1205-1222 թթ. քարգործ Դավթի կողմից։ Ժողովուրդն այս կոթողին «Ծիրանավոր» անունն է տվել։

Արղության - Երկայնաբազուկների տոհմից են սերվել հայ - ռուսական հարաբերությունների և հայ ազատագրական շարժման շատ նշանավոր գործիչներ (Հովսեփ կաթողիկոս Արղության, Մովսես Արղության Երկայնաբազուկ և այլք)։

Սանահինի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ։ Ըստ ավանդության` վանքը հիմնադրվել է IV դարում, երբ կանգնեցվել է Սբ Նշանը` խաչը։ «Սանահին» անվանումը բացատրվում է «սա նրանից հին է» արտահայտությամբ. ըստ ավանդության` Սանահին է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը։

Ըստ մի ավանդսզրույցի տարբերակով՝ վարպետը, տեսնելով, որ դիմացի հեռավոր լեռան վրա պատ է բարձրանում, գալիս է և իմանում, որ իր աշակերտն է կառուցում: Հարցնում է. «Ի՞նչ ես անում»: Աշակերտը պատասխանում է. «Հախի՝ հաղթականկի պատն եմ կառուցում»: Վարպետն արձագանքում է. «Չմոռանաս, որ սա նրանից հին՝ Սանահինն է»:

Վանքի կառուցողները հայր ու որդի են եղել։ Հայրը պատերն է շարել, իսկ որդին՝ քար կտրել ու տաշել։ Վանքը չավարտած՝ որդին մեռնում է։ Առանց սկալաները քանդելու հայրը թողնում, հեռանում է։ Ժամանակ անց նա օտարության մեջ հանդիպում է մի շնողեցու և հայտնում վանքի սկալաները քանդելու գաղտնիքը։ Շնողեցին գալիս է Սանահին, վարպետի ասած ձևով քանդում վանքի սկալաները և մեծ փող ստանում դրա համար:

ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ

1. Սբ Աստվածածին եկեղեցի
2. Սբ Ամենափրկիչ եկեղեցի
3. Գրիգորի մատուռ
4. Ճեմարան
5. Գրատուն
6. Սրահ
7. Գավիթ (Սբ Ամենափրկիչ
եկեղեցու)
8. Գավիթ (Սբ Աստվածածին
եկեղեցու)
9. Զանգակատուն
10. Կյուրիկյանների դամբարան
11. Զաքարյանների դամբարան
12. Արղության - Երկայնաբազուկների դամբարան
13. Սբ Հակոբ եկեղեցի
14. Սբ Հարություն մատուռ
15. Աղբյուր
16. Սեղանատուն

Աղբյուր՝ Ostarmenia.com