Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Քահանայի աղօթք

Սրտից բխած մի աղոթք, որ տասնհինգամյա քահանայագործության մի գեղեցիկ պտուղ է։

- Տէր իմ Յիսուս Քրիստոս ահա կանգնած քո սուրբ սեղանի առջեւ:

- Ես, որպես այլ ոմն Քրիստոս, պատրաստ եմ մասնակցել քո զոհաբերութեանը:

- Ես որ ուզում եմ նմանուել քեզ, խորհում եմ արդեօ՞ք արժանի եմ լինել քեզ նման:

Ստացայ շնորհը հետեւելու քեզ, բայց կեանքի առօրեայ մտահոգութիւններն ու տենչանքները խանգարում են նմանուելու Քեզ, դու, որ ուրացար անձդ, պիտի կարողանա՞մ յաղթահարել աշխարհի փորձութիւնները:

Ինքս ինձ հարց եմ տալիս թէ միացա՞ծ եմ քեզ հետ, թէ աշխարհն աւելի կարեւոր եմ գերադասում քան Քեզ:

Օգնի՛ր տէր իմ, հասկանալու եւ ըմբռնելու քո խօսքերը որ ասում են. «Արդ, գնացէ՛ք տուէք կայսրինը` կայսեր, իսկ Աստծունը` Աստծուն» (Մատթ. 22, 21): Խնդրում եմ, հեռո՛ւ վանիր այն ամէնից, որն անարժան է դարձնում ինձ մերձենալու քո կենդանի Մարմնին եւ Արեանը:

Քո օրինակով սովորեցրիր մեզ չփափագել գրաւել առաջին աթոռները` յուշելով, որ առաջինները լինելու են վերջինը, իսկ վերջինները առաջին:

Ունենալու, տիրելու, արժեւորուելու մարմաջը կլանել է ինձ: Ցոյց տուր ճշմարիտ ուղին որպէսզի հեռու մնամ այս փորձութիւններից:

- Տէր իմ Յիսուս Քրիստոս, աւելացրու շնորհը որ տուեցիր ինձ որպէսզի աներկիւղ եւ մաքուր սրտով ու հոգով ասեմ․

- Առէ՛ք կերէ՛ք այս է իմ մարմինը եւ արիւնը, որը տրւում է ձեր մեղքերի թողութեան համար:

- Ուժ տուր հասկանալու, արժեւորելու այն շնորհը, որ ստացայ իմ ձեռնադրութեան պահին:

- Տէր իմ Յիսուս Քրիստոս, ես մէկն եմ քո աշակերտներից, որոնք չհասկանալով հանդերձ քո աստուածային ուսուցումները, հաւատարմօրէն հետեւեցին քեզ: Ամրապնդիր իմ մէջ քեզ նմանուելու ցանկութիւնը: Տո՛ւր ինձ ուժ, համբերութիւն եւ յարատեւութիւն, հեռո՛ւ վանիր նախանձը, ատելութիւնը, բարկութիւնը, թշնամանքը, նենգութիւնը, բանսարկութիւնը, փառասիրութիւնը, որկրամոլութիւնը, հպարտութիւնը, դրամասիրութիւնը, դատարկաբանութիւնը, չարախօսութիւնը, առաջինը լինելու ցանկութիւնը:

Սերմանի՛ր բարի սերմեր իմ սրտում, որպէսզի դիմացինին մէջ տեսնեմ քո հարազատ պատկերը: Տո՛ւր որ արժանի լինեմ ծառայել քեզ խոնարհութեամբ, սիրով, աներկիւղ, որպէսզի երբ իմ ձեռքերի մէջ առնեմ քո անարատ մարմինն ու արիւնը, մասնակից դառնամ քո փրկչագործութեան խորհրդին.

ամէն։

Հեղինակ` Տ. Գրիգոր ավ. քհնյ. Մկրտչեան
Աղբյուրը՝ Armenianchurchco.com