Այսպէս է ասում Տէրը. «Քանզի ով որ մի բան սերմանում է խնայելով, խնայողութեամբ էլ կհնձի. եւ ով առատաձեռնօրէն է սերմանում, առատութեամբ էլ կհնձի»(Կորնթացիներ 9:6)

Սուրբ Սուքիասյաններ. խաղաղ կյանքի արժանավորները

Տասնութ կամ տասնինը հոգի ալան ազնվականներ էին, թագավորական տոհմից երևելի մարդիկ: Ալանների թագավորական պալատում մեծ հարգանք էին վայելում: Ազգական էին ալանների թագավորի դուստր Սաթենիկի, ով հայոց Արտաշես թագավորի կինն էր: Ըստ ավանդության, նրանք Սուքիասի գլխավորությամբ, Արտաշես թագավորի հարսանիքի առթիվ, Հայաստան էին եկել: Արքունիքում հանդիպում են Ոսկյանց քահանաներին, որոնք Ավետարանն էին քարոզում: Թեև թագավորն ու թագուհին անտարբեր գտնվեցին, բայց նրանց խոսքերը պարարտ հող գտան ալան պալատականների մոտ: Մեծ հետաքրքրությամբ լսելով Սուրբ Ոսկյանց՝ սիրով ու սրտով հավատացին Ավետարանին ու մկրտվելով վերջիններիս կողմից ՝ դարձան քրիստոնյա: Նրանց գլխավորը՝ Բահադրասը կամ Բարաքադան, մկրտությունից հետո կոչվեց Սուքիաս՝ այսինքն՝ խաղաղ կյանքի արժանացած (հունարեն Հյուսիքոս անվան տարբեր հնչելաձևն է), իսկ ընկերները նրա անունով՝ Սուքիասյաններ: Ոսկյանների նահատակությունից և նրանց մարմինները պատվով թաղելուց հետո, հեռացան արքունիքից, առանձնացան և ապրեցին Սբ. Ոսկյանց վարքով, Հայաստանի Բագրևանդի լեռներից մեկի՝ Ջրաբաշխի վրա, որը հետագայում Սուքիասի անունով կոչվեց Սուկավետ: Ապրում էին ճգնավորի կյանքով, իրենց մարմինները վայրի քոշերի (արու այծ) կամ մամռոտ քարերի էր նմանվել: Եվ նույնիսկ խոտն իրենց մարմինների համար համարեցին ավելորդ փափկություն:

Եվ այսպես 44 տարի ապրեցին լեռներում, զերծ հիվանդություններից և այլ պատահարներից, խոտակերությամբ, Աստծո նախախնամությամբ, անմարմինների նման կյանք վարելով, հարատև աղոթքներով և հոգևոր ճգնություններով:

Քառասունչորս տարի հետո ալանների Գինգիանոս թագավորը Բառլահա իշխանի միջոցով սկսեց որոնել նրանց:

Իշխանը գտավ սրբերին և ջանաց կռապաշտության վերադարձնել.

- Ո՞վ եք դուք և ի՞նչ եք անում այստեղ: Թեև մարդու նման եք, բայց ոչխարների պես խոտաճարակ կարծես լինեք:

Սուքիասը պատասխանեց.

- Բնությամբ մարդ ենք, ազգով՝ Ալանների արքունի պալատից: Փախչելով աշխարհի ամբարշտությունից և անաստվածությունից՝ այս լեռների վրա առանձին և խաղաղ ապրում ենք Աստծո զորությամբ:

-Այստեղ ամայի և ձյունապատ է, ինչպե՞ս եք ապրում:

Պատասխանեց Սուքիասը.

- Լսի՛ր, որդի, ով որ հավատում է երկնքի և երկրի Արարիչ Աստծուն՝ ամեն բան Նրա համաձայն փոփոխության է ենթարկվում: Մենք Աստծո ողորմությունն ենք գտել, և մեր ամբողջ սրտով մեր հույսը Աստծո վրա ենք դրել:

Զորավարը, առանց որևէ բան հասկանալու, ասաց.

- Եկեք թողեք ձեր այդ խենթությունը, վերադարձեք հայրենիք ձեր նախկին պատվո դիրքին, փառքով և հանգստությամբ անցկացրեք ձեր ծերության օրերը:

- Մենք Տիրոջ մշակներն ենք. մեր ժամանակն է վարձք ստանալու. ինչպե՞ս կարող ենք վերջին պահին հրաժարվել մեր վարձքից և մեր Աստծուց:

Զորավարը նախատեց ճգնավորին.

- Այդ ձեր Աստվածը մեր լսած Խաչյալը չէ՞…իսկ դուք, պալատական ազնվականներդ, ձեր ազատությունը թողած մշակներ եք դարձել:

Երանելի Սուքիասը առարկեց.

- Այո, մեր Տերը և Աստվածը Քրիստոս է: Եթե ճանաչեիք մեր Տիրոջը, դուք էլ կլինեիք մեզ պես, որպեսզի տիրանայիք հավիտենական անմահ կյանքին, որն իբրև վարձք պիտի տա Նա իր բոլոր հավատարիմ հպատակներին:

Ի վերջո՝ ի զուր անցան Ալան զորավարի համոզիչ կարծած խոսքերը և խոստումները, որոնց բոլորովին դեմ էին երանելի Սուքիասյանները:

Իսկ երբ տեսավ, որ իր ջանքերն ապարդյուն են, նախ չարչարեց, դարձի բերելու հույսով, բայց, տեսնելով նրանց համբերությունը և անդրդվելիությունը, հրամայեց սպանել նրանց:

Սուքիասյանները, տեսնելով, որ մոտենում է մահվան պահը, սկսեցին աղոթել Աստծուն: Զորավարը ձանձրացավ նրանց անդադար աղոթքից և հրամայեց լռել, սակայն Սուքիասյանները խնդրեցին թույլ տալ երկրորդ անգամ աղոթել և հետո իրագործել վճիռը: Նրանք շարունակեցին աղոթել.

- Տեր Աստված զորության, որ արժանացրեցիր մեր կյանքն ապրելու անարատությամբ, ի փառս Ամենասուրբ Երրորդությանդ, լսի՛ր Տեր մեր աղոթքները և զորացրու մեզ Սուրբ Հոգուդ զորությամբ մեր մահվան ժամին: Գթա՛ Հայոց աշխարհին: Լսի՛ր, Տեր, Քեզ հուսացողների աղոթքը, որպեսզի որտեղ որ թափվեն վկաներիս արյունը, թող այդ երկրի հողը բժշկություն պարգևի հիվանդությամբ տառապողներին, և թող աղբյուր բխի այդ հողից և բուժի բոլոր ցավերը: Ու եթե մեկը մեր անունով գա և հավատքով բարեխոսություն խնդրի, Դու լսես և ողորմես նրանց, փրկես ամեն նեղությունից և բժշկես հոգու և մարմնի բոլոր վտանգներից, որովհետև Դու ամեն բան կարող ես և Քեզ վայել է փառք հավիտյանս հավիտենից, ամեն:

Այդ ժամանակ երկնքից ձայն լսվեց, որ ասում էր.

- Ինչ որ խնդրեցիք պիտի տրվի ձեզ, իսկ ձեր վկայության վայրում էլ կբխի բժշկության աղբյուր, որ կփարատի բազմաթիվ ցավեր:

Վերջում երանելիները, դիմելով բռնավոր զորավարին, ասացին. «Այժմ կատարիր քո թագավորի հրամանը» և մարտիրոսությամբ կնքեցին իրենց կյանքը:

Ազատվեցին միայն երկուսը, որ շարունակեցին քրիստոնեություն քարոզել:

Տարիներ անց հայոց Վաղարշ Ա թագավորը նույն տեղում կառուցեց մեծ ավան և իր անունով կոչեց Վաղարշակերտ (ռամկորեն՝ Ալաշկերտ):

Ավելի քան 150 տարի հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը վկայարան կառուցեց նրանց նահատակության վայրում և առաջին վանաերեց կարգեց իր աշակերտ Աբասին: Ավանդությունն ասում է, որ այդտեղ հետագայում «մի հրաշագործ աղբյուր բխեց, որ բուժում էր ամեն տեսակ հիվանդություն, մանավանդ բորոտություն»:

Սուրբ Սուքիասյանները հիշատակվում են Առաջավորաց պահքին հաջորդող երեքշաբթի օրը:

Սկզբնաղբյուրներ՝
1. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստեան, «Հայազգի սուրբեր», Երևան, 1997թ.
2. Տ. Թորգոմ պատրիարք, «Սուրբք և տօնք Հայաստանեայց եկեղեցւոյ», 1981թ.
3. «Վարք սրբոց», Պէյրութ, 1975թ.
4. «Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք», Սբ. Էջմիածին, 1999թ.
5. Մաղաքիա արք. Օրմանյան, «Ազգապատում», հատոր Ա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2001թ.:

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Holytrinity.am