Այսպէս է ասում Տէրը. «Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէք: Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներին եւ հեշտ է գտնւում փնտրողներից» (Իմաստ. Սողոմոնի 6:12-13)

Ես կրկին առողջ եմ… Ուռաաա՜

Հեքիաթ` քաղցկեղով հիվանդ երեխաների համար

Սարերից այն կողմ, ձորերից այն կողմ, մեծ անտառի հենց մեջտեղում, ծեր կաղնու տակ ապրում էին երկու հսկա գորշ արջերը: Նրանք ունեին երեք ուրախ ու զվարթ գորշ արջուկներ` Պիտտին, Պոնը և Պինան: Արջերը շատ էին սիրում իրենց արջուկներին, ինչին արջուկները պատասխանում էին նույնքան սիրով և ջերմությամբ: Ապրում էին այդպես ուրախ և երջանիկ:

Պիտտին, Պոնը և Պինան հաճախ էին պահմտոցի ու բռնոցի խաղում անտառում, մագլցում ծառերի վրա և լողում գետակում: Նրանց ծիծաղի ձայները լսվում էին անտառի բոլոր ծայրերում: Դա աշխարհի ամենաերջանիկ արջերի ընտանիքն էր: Իհարկե, լինում էին փոքրիկ վեճեր ծնողների և նրանց զվարթ քոթոթների միջև, օրինակ երբ Պոնը երեկոյան չէր ուզում քնել, այլ ուզում էր մի փոքր էլ խաղալ, կամ երբ Պիտտին հրաժարվում էր չափազանց օգտակար բանջարեղենը ուտելուց և քաղցրավենիք էր ուզում, իհարկե, չմտածելով, որ քաղցրավենիքը քնելուց առաջ վնասակար է ատամների համար: Եվ, իհարկե, ինչպես կլիներ առանց իրար հետ վիճելու, ինչը սակայն արջուկները շատ շուտ մոռանում էին և նրանք կրկին ուրախ էին ու երջանիկ:

Մի պայծառ աշնանային օր Պինան և Պոնը որոշեցին մոտակայքում գանձեր որոնել և կանչեցին Պիտտիին:

- Նայիր դրսում ինչ պայծառ արև է, ծիտիկները առավոտից ծլվլում են, իսկ դու ծուլորեն նստել ես մութ որջում: Արի գնանք գանձեր որոնելու:

Բայց Պիտտին իրեն այդքան էլ լավ չէր զգում:

- Ես լավ չեմ զգում, շատ եմ հոգնել և նաև փորս է ցավում: Գնացեք առանց ինձ, ավելի լավ է ես տանը մնամ:
Չնայած տաք եղանակին` Պիտտին ողջ մարմնով դողում էր:

՛՛Այստեղ ինչ-որ բան այնպես չէ՛՛,- մտածեցին երկու արջուկները, չէ որ Պիտտին միշտ այնքան ուրախ է եղել և երբեք բաց չի թողել ոչ մի չարաճճիություն:

- Ուր է մայրիկը, ես մայրիկին եմ ուզում,- շշնջաց Պիտտին:

Արջ-մայրիկը այդ ժամանակ զրուցում էր հարևանուհի արջի հետ, երբ մոտ վազեց վախեցած Պոնը.

- Մայրիկ, մայրիկ, Պիտտին հիվանդացել է, շտապի՛ր:

- Այ, այ, այ,- բացականչեց արջ-մայրիկը` տեսնելով իր ձագուկին անկյունում կուչ եկած դողալիս,- շտապ կանչեք բժիշկ Բուին:

Քիչ անց, օդում թևերը թափահարելով, վայրէջք կատարեց բժիշկ Բուն: Նա դրեց խոշոր ակնոցները և սկսեց զննել Պիտտիին:

- Ես համոզված չեմ, թե ինչ է Պիտտիի մոտ և իմ տարիների փորձն ինձ հուշում է, որ ավելի լավ կլինի դիմեք անտառային փերիին, նա հաստատ ձեզ կօգնի: Հիմա ես անտառային շտապ օգնություն կկանչեմ,- սրբելով ակնոցների ապակիները` լուրջ դեմքի արտահայտությամբ ասաց Բուն, ապա բարձրացավ մի քարի վրա ու բարձր սուլեց:

Նույն իսկ րոպեին հայտնվեցին չորս հյուսիսային սպիտակ բվերը` իրենց կտուցներում պահելով սպիտակ ծածկոցի չորս ծայրերը:

- Նստեք, խնդրեմ,- ասացին նրանք:

Պինան և Պոնը իսկույն ցատկեցին ծածկոցի վրա, որից հետո տեղավորվեց նաև արջ-մայրիկը` Պիտտիին գրկած:

Բոլորը զբաղեցրեցին իրենց տեղերը և ՛՛շտապ օգնությունը՛՛ սլացավ ճերմակ ամպերի միջով:

Շուտով նրանք հասան այն տանը, որտեղ ապրում էր անտառային փերին` Դանան: Դանան գիտեր բոլոր հնարավոր հիվանդությունները և նրանց բուժման դեղերը, որոնք հենց ինքն էլ պատրաստում էր տարբեր բույսերից և արմատներից: Երբ նա տեսավ Պիտտիին այդ վիճակում, իսկույն գլխի ընկավ ինչ պետք է անել: Նա պահարանից հանեց կարմիր հեղուկով թափանցիկ մի սրվակ և տալով հիվանդ արջուկին, ասաց.

- Ամեն օր կընդունես այս հեղուկից մի գդալ: Չնայած այն դառն է, սակայն եթե դու այն շուտ կուլ տաս , ապա դառնությունը նույնիսկ չես զգա: Հնարավոր է այս դեղից հետո մի փոքր սիրտդ խառնի: Իհարկե, դա հաճելի չէ, բայց այդ ամենը կանցնի: Չէ որ դու շատ ուժեղ արջուկ ես, ամենաուժեղ արջուկը, որ ես երբևէ տեսել եմ: Եվ վերջում, մինչ իմ օգնական սպիտակ բվերը քեզ տուն կհասցնեն, ես քեզ մի բան պետք է ասեմ: Հնարավոր է, որ քո մորթու մի մասը թափվի, հանկարծ չտխրես, որովհետև հետո դու կունենաս ավելի խիտ ու փարթամ մորթի: Խոստանում եմ քեզ: Այս դեղը քեզ լիովին կբուժի և դու կրկին առողջ կլինես, իսկ այժմ դու պետք է շատ քնես ու հանգստանաս:

Մինչ արջերի ընտանիքը կուղևորվեր դեպի տուն, Դանան դիմեց Պինային և Պոնին.

- Ուշադիր եղեք ձեր եղբոր հանդեպ և հանկարծ չծիծաղեք, երբ նրա մազերը սկսեն թափվել: Ուրախացրեք նրան և հոգ տարեք, որ նա ինչքան հնարավոր է շուտ ապաքինվի:

- Իհարկե, մենք հենց այդպես էլ կանենք,- հայտարարեց Պիտտին:

- Դա այդպես էլ կլինի, մենք երբեք մտքներովս էլ չէինք անցկացնի ծիծաղել Պիտտիի վրա: Իսկ ինչ եթե մեզ մոտ էլ հանկարծ մորթին սկսվեր թափվել,- ասաց Պոնը:

- Ճիշտ է,- միացավ Պինան,- մենք անպայման լավ կխնամենք Պիտտիին, որ շուտով միասին գնանք գանձեր որոնելու, չէ որ գանձերը մեզ են սպասում:

Եվ այդպես էլ եղավ: Երկու արջուկները օրուգիշեր հոգ էին տանում Պիտտիի մասին, հայթայթում էին բազմապիսի համեղ ուտելիքներ, չէ որ նա շատ թույլ էր և չէր կարող ինքնուրույն հավաքել իր սնունդը: Ընտանիքից ինչ-որ մեկը միշտ մնում էր Պիտտիի մոտ, երբ ընտանիքի մյուս անդամները ձմեռվա պաշար էին հավաքում: Իսկ երեկոները արջ-մայրիկը պատմում էր հետաքրքիր պատմություններ և բոլոր արջուկներն ուշադիր լսում էին նրան:

Եվ ահա եկավ ձմեռը և ձմռան հետ, իրոք, Պիտտիի մորթին թափվեց, սակայն դա ընդհանրապես կարևոր չէր, որովհետև արջերի ամբողջ ընտանիքը փաթաթվում ու գրկում էր խեղճ հիվանդ արջուկին այնպես, որ նա հանկարծ չմրսի և Պիտտիին նույնիսկ ավելի տաք էր, քան իր սեփական մորթու մեջ: Եվ բացի այդ, առանց մորթի նա այնքան անուշ ու փափուկ էր: ՛՛Երբեմն, հիվանդ լինելն այդքան էլ վատ չէ՛՛,- մտածում էր Պիտտին,- ՛՛ բոլորը հոգ են տանում իմ մասին, բերում են ինձ ամենահամեղ ուտելիքները և պատմում ամենահետաքրքիր պատմությունները: Ինչքան հաճելի է երբեք մենակ չլինելը, երբ որջում քնում ես բոլորին փաթաթված ու տաքուկ-տաքուկ պառկած երազում ես՛՛:

Ամբողջ ձմեռը արջերի համերաշխ ընտանիքն անցկացրեց Պիտտիի հետ որջում: Երբեմն անտառային փերի Դանան այցելում էր նրանց, իմանալու թե ինչպես է զգում իրեն Պիտտին: Լինում էին դեպքեր, երբ նա ստիպված էր լինում արթնացնել իր փոքրիկ հիվանդին` կարմիր հեղուկն ընդունելու համար:

- Ֆու՜, ինչ տհաճ դեղ է,- ասում էր քնատ արջուկն ու նեղսրտում, սակայն նա հաստատ համոզված էր, որ անպայման պետք է ընդունել դեղը, որպեսզի շուտ առողջանա:

Պիտտին, ինչպես իսկական տղամարդ, քաջաբար անցնում էր այդ փորձությունն ու խմում կարմիր հեղուկը և որպես պարգև ստանում էր իր սիրած քաղցրավենիքը կամ այլ ինչ որ համեղ ուտելիք: Այդ իսկ պատճառով դեղի տհաճ համը վերանում էր: Երբեմն արջուկն, իրոք, իրեն վատ էր զգում, սիրտը խառնում էր դեղի ընդունումից հետո և նա երկար ժամանակ չէր կարողանում քնել: Այդ ժամանակ արջ-մայրիկը քորում էր նրա ականջի հետևում և նուրբ շոյում նրան այնքան ժամանակ, մինչև նա չէր քնում: Նրանք երազում էին արևի շողերի, երգող ծիտիկների, պայծառ գույների և կանաչ ու հյութեղ տերևների մասին:

Երբ արջերն արթնացան ձմռան քնից, նրանց երազանքներն իրականացան: Գարուն էր եկել և իր հետ բերել տաքուկ արեգակ, ծլվլացող թռչնակներ, գույնզգույն ծաղիկներ և կանաչ տերևներ: Եվ ամենակարևորը` Պիտտին կրկին առողջ էր` նա հաղթեց: Երկար քունն ու Դանայի տված դեղն օգնեցին նրան:

- Ինչ լա՜վ եմ ես,- գոռաց Պիտտին և թռչկոտելով դուրս վազեց մութ որջից,- ես ինձ երբեք այսքան լավ չէի զգացել,- ցնծում էր արջուկը` լողալով արևի շողերում:

Դանան վերջին անգամ զննեց նրան և հաստատեց.

- Ապրե՛ս, դու հիանալի հաղթահարեցիր այս ամենը: Դու լիովին առողջ ես:

Վերջապես Պիտտին կարող էր վազվզել անտառով մեկ, թավալվել բացատներում, խաղալ բազմապիսի խաղեր Պինայի և Պոնի հետ և, իհարկե, գնալ հետաքրքիր արշավների` չէ որ գանձերը դեռ սպասում էին նրանց: Շուտով Պիտտիի մորթին կրկին աճեց` ավելի գեղեցիկ, խիտ և փարթամ: Այժմ նա կարող էր հպարտանալ իր նոր մորթով, որն աչքի էր ընկնում նույնիսկ անտառի ամենահեռավոր ծայրերից: Արջուկը թավալվեց անցյալ տարվանից մնացած տերևների միջով, ապա վեր կացավ, իրեն թափ տվեց և գույնզգույն տերևները ցրվեցին չորս կողմը:

- Հի, հի, հի,- ուրախացավ Պիտտին:

Հիմա նա ամենաերջանիկ արջուկն էր ողջ մեծ անտառում...

Թարգմանվել և խմբագրվել է Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիայի, ԵՊԲՀ Մուրացան Համալսարանական Հիվանդանոցի Քիմիաթերապիայի կլինիկայի և ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի կողմից:

Աղբյուր՝ Cancer.am