Այսպէս է ասում Տէրը. «Իմաստութեա՛մբ վարուեցէք դրսինների հետ՝ գնահատելով ժամանակը: Եւ ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին» (Կողոսացիներ 4:5)

«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի»

«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի» (Հովհաննես 7:37):

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Մեր Տեր Հիսուս Քրիստոս կյանք է և կյանքի աղբյուր, ինչպես ասում է սաղմոսերգուն. «Տե՛ր, քեզնից է կյանքի աղբյուրը, և երեսիդ լույսով ենք լույսը տեսնում» (Սաղմոս 35:10): Եսայու մարգարեության մեջ ասվում է. «Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան ու կլինեն ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի» (Եսայի 58:11):

Այսօրվա ավետարանական ընթերցվածքում կարդում ենք. «Ով Ինձ հավատում է, ինչպես Գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին Իրեն հավատացողները» (Հովհաննես 7:38, 39): Քրիստոսի ժամանակ մարդիկ անվերջ զբաղված էին՝ քննելով Հիսուսի անձը: Մի մասն ասում էր. «Գալիլիայից մարգարե դուրս չի գալիս», կամ՝ «Նրա մեջ պիղծ դև կա», մյուսները՝ որ՝ «Սա է Քրիստոսը», կամ թե՝ «Երբ Քրիստոսը գա, մի՞թե ավելի նշաններ պիտի անի, քան սա է անում»: Այսօր էլ մարդկանց մեջ նույն պառակտումը կա: Քրիստոս կատարյալ կյանքի մասին խոսեց ու խոստացավ, մինչդեռ Նրա Ավետարանը շարունակում է կասկածի տակ առնվել՝ շատ շատերի կողմից մնալով անտեսված ու չընթերցված: Մարդիկ զանազան բաների, աշխարհային երևույթների համար ժամանակ ու միջոցներ են հատկացնում, մինչդեռ Աստվածաշնչի ընթերցման համար ժամանակ չի մնում, որի պատճառն այն է, որ մարդկանց համար առաջնահերթություն չեն ներկայացնում և կարևորություն չեն ստանում Աստծո հետ իրենց հարաբերությունը, խղճի քննությունը, հոգևոր փնտրտուքները, ապաշխարությունն ու մեղքերի խոստովանությունը, Երկնային Արքայությանն արժանանալու համար ջանադրությունը: Յուրաքանչյուր ոք այսօր էլ իր պատճառաբանությունն է բերում Աստծուն չհավատալու համար: Մեկը երկնքից նշաններ է ուզում, մեկն իր հավատի կիսաճանապարհին մոմ է վառում և բավարարություն ստանում առ Աստված ունեցած իր հավատով, երրորդն իրեն աթեիստ է հռչակում, մյուսն իրեն համարում է աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրի ժառանգորդը և հպարտանում դրանով, մեկ ուրիշը, մոռանալով Աստծո խոստացած Երկնային Արքայության մասին, ցանկանում է առանց փորձությունների դրախտային կյանք ապրել երկրի վրա, մյուսը, չտեսնելով Աստծո պարգևած բարիքները, անվերջ բողոքում և դժգոհում է իր կյանքից, ուրիշը միայն աշխատանքի ու ընտանիքի մասին է մտածում՝ ապրելով առանց Երկնային Տիրոջն ապավինելու: Կամ էլ մարդկանց մի մասն էլ Աստծո անունով գուշակություններ է անում կամ տուրք տալիս տարբեր հմայություննների, սնահավատական միջոցների, միայն թե իրենց կյանքի ձախորդություններին ու փորձություններին բացատրություն և լուծում գտնեն՝ չցանկանալով խոստովանել, որ դրանով դավաճանում են Սուրբ Երրորդությանը և ապավինում դիվային զորություններին: Այս իրավիճակները կարելի է անվերջ թվարկել: Բոլոր ժամանակներին էլ դրանք բնորոշ են եղել: Մարդիկ միշտ պատճառներ են գտնում իրենց Արարչին մերժելու, ուրանալու, չերկրպագելու, հավատ չընծայելու համար: Մինչդեռ մեր Տերը հավատարիմ է և երբեք հուսախաբ չի անում Իրեն հավատացողներին: Նա մշտապես մեր առջևում է և ասում է մեզ. «Եկե՛ք ինձ մոտ բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթեոս 11:28), «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6), «Ես իսկ եմ հարություն և կյանք: Ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհաննես 11:25), «Ես եմ աշխարհի լույսը, ով Իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհաննես 8:12), «Ես եմ կենաց հացը, ով դեպի Ինձ գա, քաղց չի զգա, և ով Ինձ հավատա, երբեք չի ծարավի» (Հովհաննես 6:35): Քրիստոս՝ մեր Տերը, ինչպես անսասան աղբյուրառատ ժայռ, կանգնած է՝ իբրև աներեր հող՝ մեզ կանգուն պահելու համար, իբրև աներկբա խոստում՝ մեզ հավիտենական կյանք պարգևելու համար, կանգնած է իբրև հավերժական փարոս մեր ճանապարհները լուսավորելու և հավիտենական նավահանգիստը անվրդով հասցնելու համար: Նա եկավ, քանի որ չէր ցանկանում մեղավորի մահը, այլ փրկությունը, հետևաբար՝ մենք, Նրանից բացի, այս աշխարհում այլ նեցուկ ու հենարան, այլ սատարիչ և օգնական ունենալ չենք կարող, Նրա բուժիչ և մեղսաքավիչ ձեռքերից բացի, այլ պատսպարան չենք կարող գտնել: Քրիստոս սամարացի կնոջն ասաց. «Ով որ այս ջրից խմի, նորից կծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որ Ես եմ տալու նրան, հավիտյան չպիտի ծարավի: Իսկ այն ջուրը, որ Ես նրան տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար» (Հովհաննես 4:13,14): Ինչպես համոզվում ենք, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս խոսում է Սուրբ Հոգու մասին, որ տալու էր Իրեն հավատացողներին: Նա Պարգևիչ է և կենդանության Շնորհաբաշխող: Դա էլ հասկացնում է սամարացի կնոջը: Այն ջուրը, որ կարող է մեզ պարգևել Հիսուս Քրիստոս՝ Աստծո Որդին, չի կարող մեռնել մարդու մեջ, այլ շարունակաբար ավելանալով պիտի հոսի դեպի հավիտենական կյանք: Եսայու մարգարեության մեջ Հակոբի սերնդին ուղղված Աստծո օրհնությունը հետևյալ կերպ է արտահայտվում. «Ես ջուր պիտի տամ ծարավածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով, իմ հոգին պիտի դնեմ քո զավակի վրա և իմ օրհնանքները՝ քո որդիների վրա» (Եսայի 44:3): Աստված այս օրհնությանը արժանացնելու է բոլոր հավատացյալներին: Դա տեսնում ենք նաև Հայտնության գրքում, որտեղ նույնպես կենդանի ջրի մասին է խոսվում:

«Ես Ալֆան և Օմեգան եմ, Սկիզբը և Վախճանը, Ես ծարավածներին ձրի պիտի տամ կյանքի ջրի աղբյուրից» (Հայտնություն 21:6): Կամ՝ «Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև սառնորակ կենդանի ջրի մաքուր մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից» (Հայտնություն 22:1): Սիրելինե՛ր, Ինքը Տերն է պատվիրում մեզ այն կենդանարար ջուրը խնդրել Իրենից. «Եթե դու գիտենայիր Աստծու պարգևները, և թե ով է, որ քեզ ասում է «Ինձ խմելու ջուր տուր», գուցե ինքդ արդարև Նրանից կուզեիր, և Նա քեզ կենդանի ջուր կտար» (Հովհաննես 4:10): Ուրեմն՝ եկեք մենք էլ սամարացի անգետ կնոջ նման Տիրոջից խնդրենք պարգևել մեզ այն ջուրը, որ կհագեցնի մեր ծարավը. «Տե՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որպեսզի չծարավեմ» (Հովհաննես 4:15): Երանի թե բոլորս կարողանայինք մեր երկրային կյանքի ընթացքում ճանաչել այդ ջուրը Պարգևողին, որը մեզ նաև կառաջնորդի դեպի Հավիտենական Կյանք:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

Տեր Վահան քհն. Առաքելյան

Աղբյուր՝ Surbzoravor.am