Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Մարգարիտ Բաբայան. Տպավորություններ Կոմիտասի անձին ու գործին շուրջ

Կոմիտասի արձանը Պոլսի Հայոց պատրիարքարանի բակում, քանդակագործ` Էրոլ Սարաֆյան

(հատված)

1905 թվին, Փարիզ, նոյեմբեր ամսին էր, Կոմիտասի հետ տենդավառ պատրաստվում էինք հայկական մեծ նվագահանդեսին: Ծրագրի մասին վիճելով, աշխատելով, վազվզելով, Կոմիտաս մեկ ինձ էր սովորեցնում նոր եղանակներ, մեկ հանգուցյալ աշակերտիս՝ Մուղունյանին էր խրատում, հետո սովորեցնում Շահմուրադյանին, մեկ խմբի եղանակներն էր գրում և L’amoureux-ի («Սիրահարի») շատ անվանի խումբը փորձում և հետները չարչարվում հայերեն արտասանելու և զգացնելու համար, մեկ էլ քրոջս դաշնամուրին համար Մշո պարերն էր հարմարեցնում...
Վերջապես հասավ դեկտ. 1-ի իրիկունը: Salle des agriculteurs-ի մեծ սրահը ծայրից ծայր լիքն էր, Կոմիտասը միայն ջղերի ուժով ոտքի վրա էր՝ այնքան հոգնած էր նախընթաց աշխատություններից ու փորձերից: Նրա ձայնը այնպես կտրված էր, որ մոտիկ բարեկամներս և ես դողում էինք, թե ինչպես պիտի հաղթե այդ սոսկալի ֆիզիկական հոգնածությունը:
Ահա հասնում է այդ րոպեն. վարդապետը խիստ և վսեմ հագուստով մոտենում է փոքրիկ երգեհոնին և ինքն իրեն դաշնակցելով սկսում մեղմամեղմ (pianissimo) «Տիրամայր» խաչի երգը: Ամբողջ հասարակությունը կարծես պապանձվել էր, մարդիկ կարծես իրանց շունչը պահել էին, որ ավելի ևս կարողանան ըմբռնել այդ անասելի ցավին հետ մեր ազգին դարավոր աղերսանքին վսեմ եղանակը: Տպավորությունը անպատմելի էր:
Շատ անվանի Փարիզի երաժիշտներ ու երգիչներ պատմում էին ինձ, ավելի ուշ, իրենց տպավորությունը, թե երբեք իրանց կյանքին մեջ այդպիսի խոր երաժշտական հուզմունք չէին ստացել:

Աղբյուր՝ Komitas Museum-Institute ֆեյսբուկյան էջ