Այսպէս է ասում Տէրը. «Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից։ Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում,ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ» (Առակներ 11:4)

Ռազմիկ Դավոյան․ Ողորմա, Երկինք, Ծիածաններով

Իմ մեջ բույն դրած երեկվա լացին
ես այսօր ծիծաղ պիտի անվանեմ,
որ կյանքս ներեն տերն ու դրացին
եւ իմ երգերի պարզ ակունքներից,
այսինքն թե՝ իմ սրտից ու հոգուց
իրենց չարության նետերը հանեն:

Ողորմա՜, երկի՜նք, ծիածաններով,
այս մժղուկների օրը վատացավ.-
խեղճերը իրենց խեղճ կածաններով
քաշվել են խոնավ խորքերը հողի
եւ կպել են մի
անդարմանելի ու սուր հոդացավ:

Ողորմա՜, երկի՜նք, եւ այս խեղճերի
գլուխը քորիր տաքուկ մատներով,
լսիր ձայները սրանց ճիչերի,
որոնցից պիտի խլանա մի օր
արեւդ ոսկի,
պիտի կուրանա եւ պիտի ուրիշ
ճամփեքով գնա՝ լրիվ հատնելով:

Սրանք մեղկորեն խլրտում են, տե՜ս,
բորբոսապատված խորքերում հողի.-
արեւ ուղարկիր՝ աղաչում են քեզ,
որ արեւերես ելնեն հրճվանքով...
...եւ ոտքն ուղարկիր,
տրորող ոտքը՝
այս մեղկություններն աշխարհ բերողի:

Թող գա՜,
թող մի քիչ տրորի՝ կարգին,
թող մի քիչ սրանց տիղմը տրորի,
եւ հետո ետ տար ճիշտ ժամանակին,
որ մնացորդներն այս անճարության,
պայքար մղելով դիակների դեմ
իրենց պապերի,
առաջ ընթանան՝ ընդդեմ տխրության
եւ հանուն ...«նորի»: