Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Կոմիտասի նամակը Սիրանոիյշին

1909, 1 փետրվարի, Սուրբ Էջմիածին

[…]
Ինչպէս արտայայտեմ սրտիս անզուսպ խնդակցութիւնը Ձեզ, որ արիաբար անցաք հայ բեմի խաւարչտին ասպարիզով եւ 35 երկար ու ձիգ տարի շիտակ ճանապարհ հորդեցիք: Դուք 35 տարի անդադար գեղարուեստի մուրճը ձեռին, անվեհեր կռեցիք, կոփեցիք, ամեն խոչ եւ խոթ ոչնչացրիք, Ձեր տոկուն կամքի թափով արծուի պէս սլացաք հասարակութեան հորիզոնից վեր, շատ վեր, թագաւորեցիք սրտերի եւ մտքերի վերայ. ապա հզօրեղապէս ձգեցիք, տարաք եւ Ձեզ հետ, բարձր, հանեցիք դէպի ազնիւ գեղարուեստի կանաչազգեստ ու կենսունակ բլուրն ի վեր հասարակութեանն էլ: Այնտեղ ցոյց տուիք նորան Ձեր ստեղծած հրաշալիքները՝ կեանքի մի շարք, պայծառ ու խաւար, ազնիւ ու կոպիտ… կենդանի տիպեր, արձանագրեցիք նորա սրտի ու հոգու խորունկ աշխարհներում. պատկերներ ու նկարներ արձանացուցիք, որոնք չեն թոշնում բնութեան ո՜չ մի արհաւիրքից, որոնք շեշտակի թափանցում են մէկ սրտից միւսն օղակելով, մէկ հոգուց միւսը շղթայելով:
Ի՛նչ աւելի դժուար բան կայ, քան սրտեր ու հոգիներ տաշելը եւ այն այնպիսի միջնավայրում, ու գեղարուեստը դեռ հաւասար է ժամանցի: Բայց Դուք ժրաջան մեղուի պէս 35 տարի շարունակ թռաք մէկ բեմից միւսը եւ գեղարուեստի մարգերից, բազմապիսի ծաղիկներից հաւաքեցիք առատ հիւթ, որպէսզի հայ բեմի փեթակը լցնելու օժանդակէք:
[…]

Աղբյուր՝ Komitasmuseum.am