Այսպէս է ասում Տէրը. «Իմաստութեա՛մբ վարուեցէք դրսինների հետ՝ գնահատելով ժամանակը: Եւ ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին» (Կողոսացիներ 4:5)

Երանի՜ հոգով աղքատներին

Մատթեոս 5:3

Մատթեոսի Ավետարանի միջոցով մեզ հասած Քրիստոսի «Լեռան քարոզ»-ի «Երանիներ»-ի շարքի այս խոսքերը ներկայացնում են աստվածաստեղծ մարդու գոյությունը, վիճակը, վախճանն ու նպատակը: Սուրբ Գրքի մեկնաբանները դարերով ջանացել են մեկնել այս քարոզը, որովհետև այն հանդիսանում է Քրիստոսի վարդապետության հիմքը: Հիսուս «Լեռան քարոզ»-ով Իր անմիջական հետևորդների համար մեկնում էր աստվածահաճո կյանք ապրելու պայմանները: Հոգևոր ներքին առաքինություններով օծուն կյանքի հեռանկարը պարզող «Լեռան քարոզ»-ն ավելի է շեշտում ավետարանական կյանքի գերազանցությունը:

Կյանք` լի երանությամբ, ամբողջական երջանկությամբ: Քրիստոսի հետևորդները գալիս էին անուս խավարից և պետք ունեին քաջալերանքի, երջանիկ և խոստումնալից ապագայի ու կյանքի: Դա նրանց անհրաժեշտ էր` առավելագույնս եռանդով ու նվիրումով գործելու համար: Քրիստոս զգում և ապրում էր նրանց վիճակը, դրա համար երանի էր տալիս նրանց, ովքեր այդ կյանքը պիտի կարողանային ապրել քաջությամբ:

Երանական կյանքի հիմունքները մեղքերի թողությանն արժանանալն է, Աստծուն պատկանելը, արդարասիրությունը, աստվածավախությունը, անշեղ ընթացքը… Ի՞նչ է նշանակում` «երանի»: «Երանությունը բոլոր բարիքների լիությունն է, ինչպես թշվառությունը` բոլոր չարիքների»,- ասում է սուրբ Ներսես Շնորհալին: Մայրենի լեզվում այն գործածվում է հոգեկան երջանիկ վիճակում գտնվելու իմաստով, իսկ աստվածաշնչյան մեկնությամբ նշանակում է բաղձալի, երջանկաբեր կյանք:

Վերջին ապրված կյանքը հաճելի է Աստծուն, քանզի. «Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և չարագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին» (Սաղմոս Ա 1-2, տե՛ս նաև` Բ 13): Երանելի են նրանք, ովքեր իրենց հույսը դնում են Աստծո վրա և հնազանդվում են Նրա կամքին: Երանելի են նրանք, որոնց կյանքի նպատակն աստվածահաճո կյանքով ապրելն է: Հիշենք, որ այս երանությանն արժանանալու հեռանկարով ապրել և գործել են Հայ եկեղեցին և մեր եկեղեցու սուրբ հայրերը:

«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը». սա առաջին երանին է, որ բխում էր Տիրոջ մտքից ու հոգուց: Այն մարդու` մինչ այդ աղքատության մասին ունեցած գաղափարը կերպարանափոխում է բարձրագույն, գեղեցիկ ու ցանկալի վիճակի: Չէ՞ որ շատերի համար աղքատությունն արհամարհելի վիճակ է, իսկ աղքատը` լքված ու անտեսված մեկը:

«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»: «Հոգով աղքատ» բառակապակցությունը պետք չէ բառացի հասկանալ: Աղքատը ոչ միայն նյութի, ինչքի կարիք ունեցողն է, այլ նաև նա, ով զգում է, որ Աստծո կարիքն ունի և կարոտում է Նրան: Հոգով աղքատ է այն մարդը, ով կարիքն ունի Աստծո սիրո և ողորմածության, Նրա ներկայության բացակայությունն ու պակասն զգում է ամեն ժամ ու վայրկյան: Ում հոգին տենչում է Երկնավորին ու երկնայինին…

Այսօր մեզ անհրաժեշտ է, որպեսզի ինքներս հետամուտ լինենք այդ երանական կյանքին, որ մեր գալիք օրերը լինեն հույսով լցված և պայծառացած Թաբոր լեռան պայծառությամբ: Մենք` քրիստոնյաներս, գիտակցելով Աստծո անսահման մեծությունն ու ողորմածությունը, հարատևորեն պիտի ապրենք խոնարհ և աղքատացյալ մի կյանք` ի խնդիր աստվածային շնորհների լեցունության և հոգու հարստության: Թող Տերն արժանացնի, նորոգի ու առաջնորդի մեզ այն երջանիկ կյանքին, որով պիտի արժանանանք երանության և լինենք Աստծո կամքը կատարողները: Ամեն:

Պատրաստեց` Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Աղբուր՝ Qahana.am