Այսպէս է ասում Տէրը. «Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի» (Առակներ 11:8)

Ովքե՞ր են սրբերը և ինչպե՞ս են արժանացել սրբության

Ոմանց համար սրբերը երկնքի հետ կապ ունեցող արտասովոր, գերբնական էակներ են լուսապսակներով: Ոմանց համար պատմության հետաքրքիր էջեր, երբեմն նաև անհավանական թվացող: Ոմանց համար սրբերը եկեղեցում փակցված սրբանկարներից այն կողմ ոչ մի նշանակություն չունեն, իսկ ոմանց համար էլ կենդանի հավատքի լավագույն օրինակներն են:

Սրբության գաղափարը մեծ տեղ է գրավում քրիստոնեության մեջ և այդ գաղափարին դեռևս հանդիպում ենք Հին Ուխտում: Թերթելով Հին Կտակարանը՝ հանդիպում ենք սրբությամբ ապրող բազմաթիվ կերպարների, ովքեր աստվածային ներշնչմամբ ուղղորդում էին մարդկանց դեպի սրբության ուղի:

«Սուրբ, սրբություն և սրբել» բառերը ավելի քան 1200 անգամ է գործածված Աստվածաշնչում: Հին Կտակարանի Ղևտական գրքում բազմիցս ենք հանդիպում աստվածային այս պատգամին. «Սուրբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը սուրբ եմ» (Ղևտական 11:44; 19:2; 20:7; 21:8):

Սուրբ նշանակում է մաքուր:

«Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17): Սրբերը Քրիստոսի հետ միացած նոր կյանք ունեցան: Նրանք, ապրելով այս աշխարհում և մարդկանց մեջ, այս աշխարհից չէին, ինչպես Քրիստոս (Հովհաննես 17:14):

Սրբերին սկսել են հիշատակել

Ե՞րբ և ի՞նչ պայմաններում են մարդիկ սկսել հիշատակել սրբերի տոնակատարությունը:

Սրբերից շատերը նահատակվել են, նրանք ոչ միայն խոսքով, կյանքով, այլ նաև իրենց մահով էին քարոզում Քրիստոսին: Նրանք մեծ ուրախությամբ էին գնում չարչարանքի և նահատակության՝ իրենց համարելով Քրիստոսի չարչարանքների և նաև Նրա փառքի մասնակիցը: Չարչարանքներն ու մահը նրանք ընդունում էին՝ որպես հաղթանակ ընդդեմ մահվան և նրա դեմ վախի:

Քրիստոնեական եկեղեցին շատ բնականորեն է սկսել հարգել և հիշել նրանց: Սրբերի հիշատակությունն սկսվել է նրանց մարտիրոսական մահվան տարեդարձային հիշատակությամբ: Եկեղեցին գրի էր առնում մարտիրոսների չարչարանքները և շրջաբերական նամակների ձևով ուղարկում էր շրջակա եկեղեցիները՝ ընդարձակելով նրանց հարգանքի շրջանակը՝ որպես օրինակ և քաջալերություն շատերի: Ժամանակի ընթացքում մարտիրոսներին միացան «խոստովանողները», այսինքն՝ այն քաջարի քրիստոնյաները, որ հանուն Քրիստոսի չարչարվելով՝ ողջ են մնացել: Եկեղեցին նրանց վկայարանների կամ գերեզմանների վրա տարեկան հոգևոր հանդիսությամբ հարգում է նրանց հետմահու հիշատակությունը:

«Խոստովանողներ»-ին միացան կույսերը, ճգնավորները: Կույսերը՝ այր և կին, կամավորապես հրաժարվում էին ամուսնական, աշխարհիկ կյանքից և կուսակրոնի կյանքով ապրում էին սրբությամբ: Նրանց ժուժկալությունն եկեղեցին հավասար է նկատել մարտիրոսությանը: Իսկ ճգնավորները, թողնելով աշխարհի բոլոր ապականությունները, ցանկություններն ու խաբկանքները, ապրում էին ամայի վայրերում Աստծո ներկայության և շնորհների մեջ: Արդարև, բոլոր նրանք, որ հերոսական առաքինությամբ և բացառիկ նվիրումով ծառայեցին եկեղեցուն, արժանացան բացառիկ հիշատակության թե՛ հասարակ ժողովրդի փափագով, թե՛ եկեղեցական իշխանության հավանությամբ և հաստատումով: Դարերի ընթացքում եկեղեցին, ժողովրդի կամ տեղական հոգևոր իշխանության խնդրանքը քննության ենթարկելով, մարտիրոսի կամ որևէ առաքինի անձի սուրբ է հռչակել՝ տարեկան տոնախմբության արժանացնելով: Մեր տոնացույցի վերջին բարեկարգիչը Սիմեոն կաթողիկոսն (1780 թ.) է եղել, ում նախաձեռնությամբ տոնացույցում ավելացել են վերջին սրբերը՝ մեծ վարդապետները՝ Սբ. Հովհաննես Որոտնեցին (1315-1386 թթ.) և Սբ. Մովսես Տաթևացին (1578-1632 թթ.): Դարերի դադարից հետո, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին 2015թ-ի ապրիլի 23-ին հատուկ արարողակարգով սրբերի շարքին դասեց «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակության պսակն ընդունածներին՝ Եղեռնի զոհերին, ապրիլի 24-ը հռչակելով որպես Ցեղասպանության նահատակ սրբերի հիշատակի օր:

Սրբերը մաս են կազմում

Ըստ եկեղեցու վարդապետության՝ սրբերը մաս են կազմում երկնքի Անդրանկաց ժողովի (եկեղեցու), ուր դարձյալ աղոթում են մարդկանց համար, որպեսզի նրանք էլ, մեղքի և չարի դեմ հաղթանակ տանելով, արժանանան Երկնքի Արքայությանը:

Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, նրա գլուխը Քրիստոսն է, իսկ մարմնի անդամները հավատացյալներն են (Ա Կորնթացիներ 12:27-28, Եփեսացիներ 1:22; 5:29-30): Եկեղեցին երկու մասի է բաժանվում՝ Զինվորյալ և Հաղթական: Զինվորյալ եկեղեցի կազմում են աշխարհի վրա ապրող քրիստոնյաները, ովքեր շարունակ պատերազմի մեջ են չարի և մեղքի դեմ (Եփեսացիներ 6:10-20): Զինվորյալ եկեղեցին կոչվում է նաև Մարտնչող եկեղեցի: Իսկ աշխարհից մեկնած սրբերը հանդերձյալ կյանքում կազմում են Հաղթական եկեղեցին, որ կոչվում է նաև Անդրանկաց ժողով (Եբրայեցիներ 12:22-24): Եկեղեցին ոչ միայն երկրի վրա ապրող քրիստոնյաների միասնությունն է, այլ նաև ամբողջությունը նրանց, որ չարի դեմ հաղթանակելով՝ արդարացած հոգով կազմել են Հաղթական եկեղեցին:

Սրբերը բարեխոսում են

Սրբերը ոչ միայն կենդանի և գործող հավատքի օրինակներ են, այլ Աստծո մոտ մեզ համար բարեխոսներ են: Իսկ սրբերի բարեխոսություն խնդրել չի նշանակում աղոթել նրանց: Մենք խնդրում ենք, որ նրանք մեզ համար բարեխոսական աղոթք ուղղեն առ Աստված և օգնեն մեզ: Օրինակ, եթե մենք դիմում ենք Աստվածամորը, որպեսզի նա բարեխոսի Քրիստոսի մոտ մեզ համար, չի նշանակում, որ աղոթում ենք նրան:

Աստվածաշնչից այս օրինակները վկայում են սրբերի բարեխոսության մասին. Աստված պահանջեց, որ Հոբի ընկերները խնդրեն Հոբին իրենց համար աղոթել, որպեսզի Նա չվարվի նրանց հետ` ըստ իրենց հիմարության (Հոբ 42:8), կամ՝ Աստված թույլ տվեց, որ Աբրահամը միջնորդի Սոդոմի համար (Ծննդոց 18):

Բողոքականները կտրականապես մերժում են ցանկացած բարեխոսություն, լինի դա Սուրբ Կույսի, թե հրեշտակների կամ սրբի բարեխոսություն: Իրենց տեսակետը հիմնավորում են Սուրբ Հովհաննես առաքյալի խոսքերով. «…բարեխոս (միջնորդ) ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոս Արդարին» (Ա Հովհաննես 2:1): Ինչպես նաև Սուրբ Պողոս առաքյալի խոսքերով. «Որովհետև մեկ Աստված կա և մեկ Միջնորդ՝ Աստծո և մարդկանց միջև. Հիսուս Քրիստոս Մարդը» (Ա Տիմոթեոս 2:5): Իրականում սկզբունքային մեծ տարբերություն կա Քրիստոսի միջնորդության և սրբերի բարեխոսության միջև. Քրիստոսի Միջնորդությունը քավչարար է: Տեր Հիսուս Քրիստոսը բարեխոսում է մեր մեղքերի թողության համար. Նա՝ Անձամբ, լինելով Քավությունը, մեր փոխարեն վճարեց մեղքի վարձքը: Իսկ սրբերի բարեխոսությունը ոչ մի ընդհանուր բան չունի Փրկագնման, ինչպես նաև Քավության հետ: Սրբերի բարեխոսությունը աղոթք է մեզ համար:

Սրբերի հանդեպ հարգանքը

«Հարգել սրբին նշանակում է նմանվել նրան»,- ասել է Սբ. Հովհան Ոսկեբերանը:

Սրբերի աշխարհը դա այն մարդկանց աշխարհն է, ովքեր ողջ սրտով, մտքով և հոգով սիրել են Աստծուն և իրենց նմանին՝ ջանալով անաղարտ պահել Աստծո պատկերը, որով և ստեղծվել են:

Սրբերի հանդեպ հարգանքն արտահայտվել է նրանով, որ նրանց անունով բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել և կառուցվում են: Առաջին դարերում եկեղեցիներ կառուցելիս նրանց նահատակության վայրերում և եկեղեցու հիմքում դնում էին սրբերի մասունքներից, ինչով և պայմանավորվեց հետագայում մասունքների բաժանումը: Սրբերի հիշատակությունը նշվում է Սուրբ Պատարագով, ուխտագնացություններով՝ հոգևոր ուրախություն պատճառելով մասնակիցներին: Սրբի անունը կրող եկեղեցու համար սրբի տոնն անվանակոչության օր է կամ՝ այդ եկեղեցու տոն: Այդ օրը անվանակոչության օր է համարվում նաև տվյալ սրբի անունը կրող մարդկանց համար:

Ամեն օր կամ պարբերաբար սրբերի վարքի ընթերցումով քրիստոնյան ավելի է ամրացնում իր կապը փրկության ուղեցույցի՝ Աստվածաշնչի հետ, որտեղից և ծանոթանում է առաջին և մեծագույն սրբերին, ապա՝ համայն քրիստոնեության հետ, որի անբաժան մասն է եկեղեցին: Սրբերը կյանքի բոլոր ասպարեզներից են եղել՝ կաթողիկոսներ, թագավորներ, պետական պաշտոնավորներ: Նրանց մեջ կային թե՛ տղամարդիկ և կանայք, թե՛ մանուկ, երիտասարդ և ծեր, թե՛ աղքատ և հարուստ, թե՛ մտավորականներ և գեղջուկ մարդիկ: Հետևաբար նրանց կյանքը օրինակելի է բոլորի համար անխտիր:

Սբ. Հովհան Ոսկեբերանը սրբերի հիշատակության հետ կապված ասել է. «Մարտիրոսների հիշատակությունը տոն է և հոգևոր ուրախություն: Նրանք չարչարվել են, իսկ մենք բերկրում ենք, նրանք հերոսություն են գործել, մենք ուրախանում ենք, նրանց պսակը փառքն է բոլորի, ավելի շուտ փառքը ողջ եկեղեցու»: Ապա սուրբը մարտիրոսական քաջագործությունը համեմատել է Օլիմպիական խաղերի հաղթանակի հետ. «Հաղթում է մեկը, ուրախանում են բոլորը: Սրբերը եկեղեցու գանձերն են լի թանկարժեք մարգարիտներով: Նյութական հարստությունն անցնում է, հագուստը մաշվում է, տները քանդվում են, իսկ հոգևոր հարստությունն այլ է, սրբերը մշտապես փայլում են իրենց լույսի փառքով»:

Բոլոր տոնելի սրբերի հիշատակության օրերն իմանում ենք «Տոնացույց»-ից, բայց այստեղ էլ շատ սրբերի անուններ դուրս են մնացել և նրանց անունները հայտնի են միայն Աստծուն: Հայ եկեղեցին տարվա մեջ մեկ օր նշում է հին և նոր, հայտնի և անհայտ սրբերի հիշատակությունը: Տոնացույցում 130 օրեր նվիրված են 415 անուն սրբերի և սրբերի խմբերի հիշատակություններին:

Այսպիսով, քրիստոնյայի համար սրբերն ոչ միայն իրենց և Աստծո միջև միջնորդներն են, այլ իրական քրիստոնեության կենդանի կրողները, որոնց կյանքն առ այսօր բարոյականության մեծագույն օրինակ է հանդիսանում:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am