Այսպէս է ասում Տէրը. «Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէք: Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներին եւ հեշտ է գտնւում փնտրողներից» (Իմաստ. Սողոմոնի 6:12-13)

Թե ինչպես մուկը մի անգամ պատժեց կատվին

Փոքրիկ մկնիկն ապրում էր իր մայրիկի ու հայրիկի հետ: Ամեն օր մայրը նրա համար ալյուրից կարկանդակներ էր պատրաստում: Մի առավոտ, մկնիկն արթնանում է քնից, և ի զարմանս նրա, չի առնում մայրիկի պատրաստած կարկանդակի անուշ բույրը: Մկնիկը դեռ փոքրիկ էր ու չգիտեր, որ իրենց բնի մոտ ապրում էր մի մեծ կատու: Այդ էր պատճառը, որ հայր մուկը չէր կարողացել մտնել խոհանոց ու կարկանդակի համար ալյուր բերել: Ահա թե ինչ, ահա թե ով է փչացրել մկնիկի նախաճաշը:

- Հայրիկ և մայրիկ, ես սա այսպես չեմ թողնի: Ես գնում եմ կատվի դեմ կռվի:

- Մեր փոքրիկ ձագուկ, դու չգիտես, թե ինչ չարն է այդ կատուն, դու չես պրծնի նրա ձեռքից,-հորդորում են նրա ծնողները:

Սակայն մուկը իր խոսքի տերն էր: Նա բարկացած դուրս է գալիս իր բնից ու գնում է դեպի կատվի տունը: Իսկ ճանապարհին հանդիպում է ճնճղուկին: Այդ պահին ճնճղուկը կերակրում էր իր ձագուկներին և նրանց զգուշացնում.

- Իմ բալիկներ, զգույշ եղեք, կատվին տեսնելուց շուտ տուն մտեք:

- Ճնճղուկ, կատուն ձե՞զ էլ է խանգարում,- ասում է մկնիկը,-ես գնում եմ նրա դեմ կռվի:

- Երևում է համարձակ ես: Բայց կատուն քեզպեսներից չի վախենում: Եվ հետո, մենակ ինչպես կարող ես կռվել այդ գազանի հետ: Ահա, վերցրու իմ երկու փետուրը: Կապիր թևերիդ, հենց կատուն հարձակվի վրադ, փետուրներս քեզ օդ կհանեն:

Մուկը վերցնում է ճնճղուկի փետուրները ու գնում է առաջ: Ճանապարհին հանդիպում է ոզնուն:

- Այդ ո՞ւր,- հարցնում է ոզնին:

- Գնում եմ կատվի դեմ կռվի: Ճնճղուկը ինձ իր փետուրները նվիրեց:

- Ես էլ քեզ իմ փշերից կտամ: Կռվի ժամանակ այն քեզ պետք կգա:
Մուկը վերցնում է փշերը ու շնորհակալություն հայտնելով գնում է դեպի կատվի տունը: Բայց մինչ կատվին կհասներ, նա հանդիպում է մեղվին: Մեղուն անմիջապես նկատում է, որ մուկը բարկացած է ու զինված, նա հետաքրքրված հարցնում է.

- Մկնիկ, ո՞վ է քեզ այդպես բարկացրել:

- Էլ ով, անգութ կատուն: Նա փակել է խոհանոցի դուռը, այդ պատճառով էլ մայրս այսօր կարկանդակ չի պատրաստել: Գնամ մի լավ դնգստեմ:

- Ախր այդպես մեն-մենակ ինչպե՞ս կկռվես նրա դեմ,- վախեցած հարցնում է մեղուն:

- Ոչինչ, ես զինված եմ: Ահա, ճնճղուկը իր փետուրներից է տվել, ոզնին՝ իր փշերից,- հպարտորեն պատասխանում է մուկը:

- Ես էլ իմ խայթը կտամ քեզ: Այդ կատուն ինձ էլ է շատ վնաս տվել,- ասում է մեղուն:
Հիմա մուկը զինված էր, այն էլ ինչպիսի~ զենքերով: Շուտով մուկը հասնում է կատվին:

Կատուն մի կողքի վրա ընկած քնած էր: Մեկ էլ լսում է մկան ճսճստոցը: Դե գիտեք էլի, կատուն մուկ շատ է սիրում, բացում է աչքերը ու զարմացած իր քթի տակ տեսնում է մկնիկին:

- Սա հո երազ չէ, չե՞ս վախենում ինձնից,- զարմացած հարցնում է կատուն:

- Ես եկել եմ իմ հոր ու իմ պապերի ոխը քեզնից հանեմ: Դու կոտորել ես մեր ամբողջ ցեղը ու վնասում ես նաև ճնճղուկներին, ոզնիներին ու մեղուներին: Ես իմ ընկերների անունից քեզ մենամարտի եմ հրավիրում,- ծվծվալով ասում է մուկը:

- Վա՜յ վախեցա, վա՜յ հիմա վախից ուշքս կգնա,- բարձր հռհռում է կատուն:

Սակայն մկնիկը մարտական էր տրամադրված: Մինչ նա ծիծաղից թավալ էր գալիս գետնին, մուկը հանում է մեղվի խայթը ու ծակում կատվի քիթը:

- Ա՜ռ քեզ, սա մեղուների գերդաստանի կողմից:
Հանում է ոզնու փշերը ու ծակծկելով կատվի թաթերն ու մեջքն, ասում.

- Ա ՜ռ քեզ, սա էլ ոզնիների կողմից, որ մյուս անգամ գնդակ չդարձնես փոքրիկ ոզնիներին:

Կատուն ցավից մլավելով ու վնգստալով հարձակվում է մկնիկի վրա, բայց մուկը բարձրացնում է թևերը ու ճնճղուկի նվիրած փետուրները նրան օդ են հանում և փրկում բարկացած կատվից: Մկնիկը հաջողությամբ ազատվում է կատվի ձեռքից ու հասնում է իր ընկերներին ու ծնողներին:

Աղբյուր՝ heqiat.am։