Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զօրութիւնը փորձելու համար Աստուած յանդիմանում է անզգամներին»(Իմաստ. Սողոմոնի 1:3)

Հենրիկ Իգիթյան. Կենսագրություն

Հենրիկ Սուրենի Իգիթյան (մարտի 5, 1932, Թիֆլիս, ԽՍՀՄ - մայիսի 11, 2009, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980 թ.)։

Կենսագրություն

Ծնվել է 1932 թվականի մարտի 5-ին, Թբիլիսիում, Վրացական ԽՍՀ։ Հետագայում Իգիթյանների ընտանիքը բնակություն է հաստատում Երևանում, որտեղ էլ Հենրիկը ստանում է միջնակարգ կրթություն՝ Կիրովի անվան դպրոցում: Գեղարվեստի հետ բարեկամությունը մանկությունից էր, սակայն դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ, որն և ավարտում է 1956 թվականին:

1954-1961 թվականներին աշխատել է Երևանի Չայկովսկու անվան տասնամյա երաժշտական դպրոցում, սկզբում որպես ավագ պիոներջոկատավար, ապա՝ ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ: 1960 թվականին աշխատանքի է անցնում Հայաստանի ազգային պատկերասրահի հայ արվեստի բաժնում: Այնուհետև ընդունվում է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական ֆակուլտետը: Հայաստանի ազգային պատկերասրահն օգնեց նրան խորանալու դասական և ժամանակակից կերպարվեստի մեջ, խորապես հետազոտել հատկապես Հովնաթանյանների արվեստը, որը նրան շատ հոգեհարազատ էր:

1963 թվականին ավարտում է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան՝ շարունակելով աշխատել պատկերասրահում մինչև 1971 թվականը: 1968 թվականի նոյեմբերից աշխատել է նոր հիմնված Երևանի Դպրոցականների գեղարվեստական դաստիարակման քաղաքային Տանը, որպես կերպարվեստի սեկտորի վարիչ: Այս տարիներին նա գրեց ու տպագրեց ժամանակակից նկարիչներին ու քանդակագործներին նվիրված բազմաթիվ հոդվածներ` դրանցում արդեն նախանշելով այն ուղիները, որոնցով պիտի ընթանար քսաներորդ դարի երկրորդ կեսի ազգային կերպարվեստը:

Հենրիկ Իգիթյանի շնորհիվ հայտնի են դարձել մի շարք երիտասարդ նկարիչների անուններ, ովքեր հետագայում ձևավորեցին ազգային գեղարվեստի նոր միտումները` սկզբնավորելով մի նոր դպրոցի ծնունդ: 1960-ական թվականները նշանավորվեցին որպես ազգային մշակույթի և արվեստի վերազարթոնքի տարիներ: Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Արա Սարգսյանի, Մհեր Աբեղյանի, Էդուարդ Իսաբեկյանի հզոր ներկայությամբ ձևավորվում էր մի նոր սերունդ, որն իր առաջնորդի և տեսաբանի կարիքն ուներ: Հենրիկ Իգիթյանը դարձավ այդ սերնդի տեսաբանն ու առաջնորդը, նա կերպարվեստագիտության մեջ գոյություն ունեցող մի շարք կարծրատիպեր կոտրեց, պատկերացումներ ձևավորեց արդի նկարչության մասին` պաշտպանելով ամեն մի փորձարարություն և նորարարություն:

Երջանիկ է ոչ թե նա, ով զբոսնում է հարթ և տրորված ճանապարհով, այլ նա, ով երբեմն նույնիսկ սայթաքելով ընկնում է ու ջարդվածքներ ստանում, ամրանալով նյութի դժվարության, իր առջև դրած խնդիրների դժվարության դեմ մղած պայքարում, արվեստի նոր, անսպառ շերտերի յուրացման, ծանրամիտների քարացածության դեմ մղված պայքարում և պայքարում, որը տարվում է վերջնական համարվող տեսակետի դեմ։ - Հենրիկ Իգիթյան

Ժամանակի ավագ սերնդի արվեստագետներն ընդդիմանում էին Իգիթյանի առաջադրած նորույթներին, քննադատում էին նրան, սակայն Հենրիկ Իգիթյանը երբեք չհեռացավ իր որդեգրած չափանիշներից և ընկալումներից` շարունակելով ջատագովել ազգային կերպարվեստում հայտնվող ամեն մի նոր ու ինքնատիպ երևույթ:

Գեղագիտության ազգային կենտրոնի ստեղծում

1970 թվականին իր կնոջ՝ Ժաննա Աղամիրյանի հետ Հենրիկ Իգիթյանը Երևանում հիմնադրեց նախադեպը չունեցող մանկական պատկերասրահը` այստեղ հավաքելով և ներկայացնելով տաղանդավոր երեխաների ստեղծագործությունները: Այս պատկերասրահը շուտով հայտնի եղավ ողջ աշխարհում. Հենրիկ Իգիթյանը և Ժաննա Աղամիրյանը հայ մանուկների արևոտ ու պայծառ զգացողություններով ստեղծված աշխատանքները ցուցադրեցին աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև Երևան բերեցին տարբեր երկրներում ապրող երեխաների ստեղծագործություններ` ձևավորելով քաղաքակրթությունների փոխանակում: Հենրիկ Իգիթյանը համոզված էր, որ ամեն մի երեխայի մեջ նստած է տաղանդավոր անհատը, աշխարհը յուրովի տեսնող նկարիչը: Ուստի նա հենց մանկան աչքերով պատկերվող ինքնամաքրման տանող աշխարհն էր ցուցադրում ամենուր:

1978 թվականին այս պատկերասրահը դարձնելով առանցք` Հենրիկ Իգիթյանը հիմնադրեց Գեղագիտական դաստիարակության կենտրոն, որն այժմ կոչվում է Գեղագիտության ազգային կենտրոն գեղարվեստական բազմազան արվեստանոցներով: Հանրապետությունում հիմնվեցին Կենտրոնի մասնաճյուղեր․ Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, Գորիսում, Մեղրիում, Իջևանում և Գառնիում։ Հիմք ընդունելով Հենրիկ Իգիթյանի ներդրումը Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադրման և զարգացման գործում, ինչպես նաև գեղարվեստական կրթության ասպարեզում ունեցած նրա մեծ ավանդն ու վաստակը 2016 թվականի փետրվարին կենտրոնը անվանակոչվել է Հենրիկ Իգիթյանի անունով:

1986 թվականին Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, ճարտարապետ Հրաչ Պողոսյանի կողմից նախագծվեց Գեղագիտության ազգային կենտրոնի նոր համալիրը[6]: Ընդլայնելով և զարգացնելով կենտրոնը Իգիթյանը ցանկանում էր հավաքել արվեստի բոլոր ճյուղերը մեկ հարկի տակ: Կառուցվելու էին թատերական դահլիճ, համերգասրահ, բազմաթիվ արվեստանոցներ, ցուցասրահներ, բացօթյա տարածքներ նկարիչների համար: Նախատեսվում էր նաև, որ այստեղ նույնպես սովորելու են մարզերից ժամանած երեխաները: Սակայն նախագիծը այդպես էլ մնաց թղթի վրա՝ 1980-ական թվականների վերջերին սկսված ճգնաժամի և ԽՍՀՄ փլուզման հետևանքով:

Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրում

1972 թվականի հունիսին Հայաստանի Խորհրդային Հանրապետության մայրաքաղաք Երևանում բացվեց Ժամանակակից արվեստի թանգարանը: Այդ թանգարանի հիմանդրման թույլտվությունը ստանալու համար Իգիթյանը շատ մեծ ջանք էր թափել՝ փորձելով հաղթահարել խորհրդային ռեժիմի, ինչպես նաև արվեստում արմատացած անհաղթահարելի պատնեշները: Թանգարանի ստեղծման գործում հսկայական աջակցություն և ըմբռնում ցուցաբերեց 1970-ական թվականների քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը՝ մեծ հայրենասեր, տաղանդավոր ղեկավար, ով քաղաքապետի պաշտոնին ազնվություն հաղորդեց: Նա գործով ցույց տվեց, որ ինքնամոռաց աշխատանքով Երևանի քաղաքապետ լինելը և՛ մեծ պարգև է, և՛ շատ մեծ պատասխանատվություն, որտեղ քո գործունեության պատճառներն ու հետևանքներն օրգանապես փոխկապակցված են, որտեղ ամեն օր դու կարող ես փոխել ամենատարբեր մարդկանց կյանքը:

Հայաստանում 1960-ական թվականներին հզոր շարժում էր ձևավորվել, որի նահապետը Երվանդ Քոչարն էր` տարածական նկարչության հիմնադիրներից մեկը: Ժամանակակից արվեստի թանգարանի առաջին հեղինակների շարքում փայլատակեցին երեք տաղանդավոր նկարիչների անուններ՝ Ռոբերտ Էլիբեկյան, Արա Շիրազ, Էդվարդ Խարազյան: Հետագայում իրար հետևից հայտնվեցին նկարչական նորարարությամբ տարբերվող մի շարք արվեստագետներ՝ Մինաս, Վրույր, Հակոբ Հակոբյան, Մարտին Պետրոսյան, Աշոտ Հովհաննիսյան, Հարություն Կալենց, Հենրիկ Սիրավյան, Ռաֆայել Աթոյան, Ռուդոլֆ Խաչատրյան: Ավելի վաղ հայ մեծ նակրիչներ Մարտիրոս Սարյանն ու Երվանդ Քոչարը սիրով նվիրեցին իրենց ազատաոճ, ժամանակի շունչն ու ռիթմը կրող ստեղծագործությունները, որպեսզի կայանա իրենց վաղեմի երազանքը, այն է՝ ունենալ արդի արվեստի թանգարան: Այդ բաղձալի երազանքը իր սրտին հոգեհարազատ նկարիչների հետ միասին իրականացրեց Հենրիկ Իգիթյանը:

Թանգարանի բացման օրը, այն ժամանակվա մշակույթի նախարար Ռուբեն Պարսամյանը կենտկոմից հրաման էր ստացել չթույլատրել թանգարանի բացումը, քանի որ նմանատիպ հաստատություններ չկային ո՛չ Մոսկվայում և Լենինգրադում, ո՛չ էլ նույնիսկ սոցիալիստական բլոկում: Իսկ թանգարանի բացման ժամին ամբողջ տարածքի էլեկտրականությունը անջատեցին: Նկարիչները գնեցին հարյուրավոր մոմեր, և թանգարանը բացվեց վառվող մոմերի լույսի ներքո, ավելի խորհրդավորություն տալով այդ երևույթին: Ստեղծելով թանգարանը Իգիթյանը հնարավորություն տվեց շատերին ներկայանալու և ցուցադրելու իրենց ստեղծագործությունները:

1980-ական թվականներին թանգարանի հավաքածուն հարստացավ ավելի երիտասարդ արվեստագետների՝ Սարգիս Համալբաշյանի, Արթուր Սարգսյանի և Արարատ Սարգսյանի, Մարինե Դիլանյանի, Ալբերտ Հակոբյանի, Սամվել Բաղդասարյանի, Արեվիկ Արեվշատյանի, Ռուբեն Գրիգորյանի, Կամո Նիգարյանի, Արմեն Գևորգյանի, Սոնա Բանոյանի, Տիգրան Մատուլյանի, Թենի Վարդանյանի, Գաբրիել Մանուկյանի, Նինա Խեմչյանի և այլոց ստեղծագործություններով:

Հենրիկ Իգիթյանը քառասունվեցամյա արվեստի հայ քննադատ է, ով ինքն իրեն բնութագրում է որպես «բռնակալ»: Այն, ինչ նա արել էր իր իշխանությամբ՝ ողջ Խորհրդային Միությունում միակ ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրելն էր, որն իրենից ներկայացնում է տեղացի և արտերկրի հայ արվեստագետների առաջնակարգ աբստրակտ և էքսպրեսիոնիստական նկարների հավաքածու: - Նյու Յորք Թայմսի լրագրող Քրեյգ Ռ. Ուիթնի

Ըստ նույն Ուիթնիի՝ "եռանդուն, մորուքավոր տնօրենը" սովորաբար ասում էր. «Ես բռնակալ եմ, հակառակ դեպքում հնարավոր չէր լինի թանգարան ստեղծել, դա կլիներ շուկա, եթե չասենք՝ հասարակաց տուն»: Երևանում Ժամանակակից արվեստի թանգարանի բացումն Ազգային Մոդեռնիզմի ծաղկման պահն էր, և Ուիթնիի հարցին, թե «Ինչու՞ է Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանը երկրում միակը», Իգիթյանը, ըստ վկայության, վճռորոշ պատասխանել է. «Գուցե այն պատճառով, որ սա Հայաստանն է»:

Ժամանակակից արվեստի թանգարանը բացվեց Սարյանի մահից անմիջապես հետո՝ վերջինիս հեղինակավոր կերպարը և գործնական օգնությունը մեջքի ետևում ունենալով: Ավելին, Սարյանի ստեղծագործությունը թանգարանի էսթետիկական հիմնակմախքն էր, իսկ Մինասը՝ թանգարանի «ստեղծագործական սիրտը»: Այսպիսով, ըստ Կամենսկու, թանգարանը տրամադրում էր հայ ազգային ոճի էվոլյուցիան իր արդիական վերամարմանավորումներում: Իր հոդվածներից մեկում Մինաս Ավետիսյանի արվեստը քննարկելիս, Իգիթյանը գրում է.

«Խոսելով մեր բնության մասին, շատ հաճախ օգտագործում են «շոգ», «տոթ», «արևային» էպիտետները: Դա անկասկած ճիշտ է, սակայն ինչպե՞ս այդ զգայությունը արտահայտել գեղանկարչության մեջ, ինչպե՞ս ստեղծել արեւշատ երկրի կերպարը: Արվեստագետը ոչ թե պետք է բնությունը պատճենահանի, այլ կարողանա արտահայտել այն տրամադրությունը, որով տոգորում է իրեն բնությունը»:

Թանգարանը դարձավ մայրաքաղաք Երևանի խոշորագույն մշակութային կենտրոններից մեկը, ուր ցուցադրություններից բացի կազմակերպվում էին նաև բանավեճեր, քննարկումներ:

Քաղաքական գործունեություն

1989-1991 թվականներին Հենրիկ Իգիթյանը՝ լինելով ԽՍՀՄ ԳԽ ժողովրդական պատգամավոր, դարձավ արդեն փլուզված երկրում ժողովրդավարություն հաստատողներից մեկը: Ազգային արդար պահանջը ներկայացնելու համար Գերագույն խորհրդի պատգամավորը հացադուլ հայտարարեց և համարձակվեց ԽՍՀՄ խորհրդարանի ամբիոնից ճշմարտությունը նետել իշխող չինովնիկների դեմքին:

Այլ գործունեություն

1994 թվականին հիմնադրել է «Նոյյան տապան» հայ արդի նկարիչների ընկերակցությունը: Եղել է Երևանի պատվավոր քաղաքացի (2004)։ Նրա ամենաբնորոշ հատկանիշներից մեկն այն էր, որ մտածում էր երիտասարդի նման։ Միշտ հայացքը դեպի նորն էր, դեպի ապագան, դեպի արտասովորը:

Հենրիկը ականավոր անհատականություն էր, Աստված տա՝ մենք կարողանանք արվեստում ստեղծել Իգիթյանի ստեղծածի կեսը: - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյան

Տեսանյութը՝ «Արվեստակիրներ» հաղորդաշարի