Այսպէս է ասում Տէրը. «Իմաստութեա՛մբ վարուեցէք դրսինների հետ՝ գնահատելով ժամանակը: Եւ ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին» (Կողոսացիներ 4:5)

Սնափառությունը պայքարում է ցնորական բաների համար, իսկ խոնարհությունը տանում է իրականության թագավորություն

Իվան ԻԼՅԻՆ

Երբեմն կասկածում ենք` մի՞թե իսկապես կարելի է խոնարհություն պահանջել յուրաքանչյուրից։ Որտեղի՞ց վերցնի այն սովորական մի մարդ, որը գոյության համար պայքարի մեջ է խրված իր հոգսերով, վախերով ու ինտրիգներով։ Մի՞թե խոնարհությունն ընտրյալների առաքինությունը չէ, ովքեր անցել են կրոնական մաքրման ուղին։ Գուցե և։ Սակայն հենց այդ պատճառով ուրախանում ենք, երբ որևէ մեկի մեջ նկատում ենք ոչ շինծու խոնարհության կայծ, ու մեր ներսում ճառագում է այն միտքը, թե ճակատագիրը մեզ անսպասելի հանդիպում պարգևեց մի հրաշալի մարդու հետ։
Խոնարհությունն ինքնատիպ հատկություն ունի` բարձրացնել մարդու հոգևոր արժեքը։ Եթե տեսնում ենք որևէ հռչակավոր գործչի ու նրա պահելաձևում նկատում ենք մեծամտություն, սնափառություն կամ հպարտություն, անտարբեր ենք դառնում նրա նկատմամբ, անհետանում է մեր համակրանքը, և նրա արժեքը նսեմանում է մեր աչքում։ Այդ ամենը կատարվում է ոչ միայն այն պատճառով, որ նրա ինքնամեծարումն ասես նվաստացնում է հենց մեզ, այլև, ինչը շատ ավելի կարևոր է, նրա գոռոզությունը նվազեցնում է նրա իսկ ոգին և իջեցնում նրա արժեքը։
Իսկական վեհությանը վայել են պարզությունը, բարությունը, մեղմությունը և համեստությունը։

Նա, ով իրեն համարում է «արարածների մարգարիտը», ով երևակայում է, թե իրականացրել է «բարձրագույնը», և իր ստեղծագործությունը «կատարյալ է», նա ի հայտ է բերում սեփական կարճատեսությունը և սահմանափակությունը։ Իսկական համեստությունն ասես հոգևոր բուրմունք է արձակում. նրա մեջ հմայիչ և սրտառուչ ինչ-որ բան կա։ Գուցե և համեստ մարդն այնպես արագ չի հասնում «գնահատության» ու «փառքի», ինչպես ինքնավստահը, որը վերամբարձ ոճով ներկայացնում է ինքն իրեն, կամ պնդերես պարծենկոտը, ում վրա մարդիկ ծիծաղում են, սակայն աստիճանաբար նրան սկսում են համարել «երևելի» անձնավորություն։ Սակայն հրավառությունը շատ արագ էլ ավարտվում է, ու նրանից հետո մնում են միայն մուրն ու մոխիրը։ Իսկ համեստ մարդու շողերն իրենց մեղմ, սակայն անկեղծ լույսով գրավում են բոլորի ուշադրությունը։

Կարելի է ասել` նշանավոր, բայց մեծամիտ մարդը երևան է հանում սեփական սահմաններն ու նվազեցնում է սեփական զարգացումը. ոչ մեծ մի մարդ իսկական համեստությամբ հաղորդակից է դառնում հոգևոր վեհությանը։

Մեծամտությունը հիասթափեցնում և արժեզրկում է։ Խոնարհությունը սեր է արթնացնում, բարձրացնում է մարդու արժեքը և նրան հոգեպես վեր է հանում։ Եղիր քչով բավարարվող ու համբերատար, ուրիշներին հնարավորություն տուր փայլելու և աչքի ընկնելու։ Քո ժամանակը կգա այն պահին, երբ կսկսվի իսկականը, ոչ անձնականը, այլ առարկայականը։ Գուցե դա լինի քո երկրային մահվանից հետո, այն պահին, երբ «հունձքի» ժամը կհնչի, երբ յուրաքանչյուր հատիկը խնամքով կհավաքվի, և քո հատիկը սիրով կընդունվի։ Գուցե... ՈՒ դրա հետ հարկավոր է հաշտվել։ Սեփական հոգում պետք է կրել լինելու, այլ ոչ թե երևալու պահանջն ու կամքը, նաև վստահություն, որ «գոյության հատիկն» ավելի մեծ է, քան խաբուսիկ վեհությունը, և պետք է հոգ տանել, որ իսկապես մտնես ճշմարիտ գոյության ոլորտը, իրական գոյություն ունեցող Աստծո առաջ։ Իսկ մնացածը էական չէ...

Սնափառությունը միշտ չարաշահում է մարդկային շփման տարածությունը, որպեսզի հասնի «հաջողության», «ազդեցության» ու «փառքի», և չի մտածում, որ «հաջողությունը» գրեթե միշտ պայմանավորված է ամբոխի քմահաճույքով, մինչդեռ ամբոխի մեջ շատ քիչ է ոգին, առավել ևս` ճաշակը։ Իսկ «ազդեցությո՞ւնը»... Որքան հաճախ է «ազդեցիկ մարդը» շողոքորթում ամբոխին, վիզը ծռում ամեն կողմ, այնքան արագ է վերջացնում նրանով, որ հենց ինքն է դառնում ուրիշների շահերի անդեմ գործիք։

«Փառքը» հրապուրում է միայն նրանց, ովքեր երբեք չեն նայել նրա կուլիսների հետևը ու դեռ չեն ընկալել, որ այն հաճախ պրոֆեսիոնալ «փառք շինողների» մենաշնորհն է։ Ահա թե ինչու իսկական խոնարհությանը հաղորդակցված մարդը սեփական յուրաքանչյուր հաջողություն ընդունում է նույն հարցադրմամբ` արդյոք չի՞ կեղծել` սիրաշահելով ամբոխին։ «Փառքը» նման անձը դիմավորում է տագնապով, քանզի չվաստակած փառքը սուտ է, իսկ վաստակածը դեռ պետք է ստուգվի փառավորվածի մահով։ Որովհետև մարդկային դատավճիռը ունայն է, իսկ Աստծո վճիռը տրվում է միայն մահից հետո։

Այսպիսով, սնափառությունը պայքարում է ցնորական բաների համար, իսկ խոնարհությունը տանում է իրականության թագավորություն։

Սնափառ մարդը կատարում է երեք սխալ.

ա) նա իրեն համարում է անչափ «կարևոր» բան կյանքում,

բ) նրան թվում է, թե ինքը չափազանց «մեծ» ձեռքբերումներ ունի և շատ բան է արել,

գ) ցանկանում է, որ այդ մեծ «նվաճումներն» ամենուր ընդունվեն և մեծարվեն։

Սնափառության հաղթահարումը պետք է սկսվի երրորդ սխալի ընկալումից։

Հարկավոր է հաշվի առնել, որ դատողության շնորհը և բանիմացությունը, որոնք անհրաժեշտ են իսկական «գնահատման» համար, շատ քչերին են ներհատուկ, որ աշխարհում գոյություն ունեն կույր և անմիտ ճանաչում, թեթևամիտ և անպատասխանատու գովաբանում, կեղծ և շահախնդիր զմայլում, կաշառվող քննադատություն և վճարված հաջողություն։ Հարկավոր է ըմբռնել, որ ժամանակակից հասարակությունում կան բազմաթիվ գաղտնի դաշինքներ` կրոնական և ազգային, քաղաքական կուսակցություններ, կիսաքաղաքական ակումբներ և նույնիսկ էրոտիկ միություններ, որոնց անդամները զանազան պայմաններում նեցուկ են լինում միմյանց, փառաբանում և առաջ են քաշում «յուրայիններին» և լռության մատնում կամ անարգում «օտարներին»։ Հարկավոր է հաշիվ տալ իրեն, որ ամբոխը հետևում է մոդային և գովազդին, կուսակցական թելադրանքներին ու շատ հաճախ հավատում է վարձկան ծափահարողներին, որոնց Իտալիայում կոչում են «սրիկաներ դեղին ձեռնոցներով» («ladri in guanti gialli»)։

Ինչքա՜ն շատ են մարդիկ, որոնք փառաբանում են մոդայիկը` շահադիտությամբ, հասարակական կարծիքից վախենալով կամ էլ սնափառությունից ու պճնամոլությունից ելնելով։ ՈՒ ինչքան է խռովվում հոգիդ, երբ գովաբանություն ես լսում անճաշակ գռեհիկից, ժխտարարից (նիհիլիստ) կամ ակնհայտ ստախոսից ու չարագործից. և՛ ամոթ է, և՛ տխուր։

Միայն նա, ով կըմբռնի այս ամենը, կհասկանա, որ միայն հասուն դատավորի, իմաստուն հայեցողի և անկեղծ քննադատի գնահատությունը կարող է լինել ցանկալի և ուրախացնող։ Իսկ նման մարդիկ ինձ կգովեն միայն այն ժամանակ, երբ ինքս զգամ, որ ինձ արդարացնում է սեփական խիղճս, ու ինձ զորացնում է Աստծո լույսը։ Ահա թե ինչու իրավացի էր Պուշկինը, երբ խորհուրդ էր տալիս պոետին մեծ նշանակություն չտալ ամբոխի գովաբանությանը և դատել ինքն իրեն ամենաբարձր և խստագույն դատաստանով։

Հարկավոր է զննել «մարդկային փառքը», հասկանալ նրա երերուն ու կեղծ բնությունն ու էլ երբեք չսիրել։ Իսկ դա նշանակում է հաղթահարել արտաքին «համբավի» սնափառությունը։ Իսկ դրա համար հարկավոր է հաստատել ինքն իր մեջ խղճի բարձրագույն ու խիստ չափանիշը և պատասխանատվության կրոնական զգացումը, որպեսզի հետագայում կարողանաս ասել ինքդ քեզ. «Ի՞նչ են մարդկային գովեստը և մարդկանց անարգանքը, երբ ինձ լույս է շնորհում Ինքը` Աստված»։

Այդ ժամանակ կարելի է դիմել սնափառության երկրորդ սխալի հաղթահարմանը։ Այսինքն, մարդը պետք է սովորի ոչ բարձր գնահատել սեփական նվաճումները։ Եթե ուժեղ է, ապա թող չհամարի ինքն իրեն ամենաուժեղը, եթե խելացի է, ապա չպետք է համարի իրեն «ամենախելոքը», եթե կարգին մարդ է, ապա թող չգերագնահատի սեփական առաքինությունը, եթե շնորհալի է, ապա թող ըմբռնի սեփական տաղանդի չափը և չկարծի, թե իբր «մեծ է» ու «հանճարեղ»։ Ինչո՞ւ և ինչի՞ համար։

Ով «հասել է» և «հանդարտվել», խաղաղվում է, ընկղմվում ինքնագոհության հորձանուտը և դադարեցնում որոնումներն ու պայքարը։ Ով «բավականաչափ» գիտե, նա դադարեցնում է ուսումնասիրությունն ու հետազոտությունը, չի խորացնում սեփական ոգին, կանգ է առնում իր զարգացման մեջ կորցնում է սեփական հարստությունները։ Ամենագետ «գիտունը» հենց որ հասնում է սեփական սահմանին, սկսում է հետ ընկնել։ Նա մոռանում է գլխավորը` Աստծո Առարկան անսահման է բոլոր տեսանկյուններից և իմաստներից, և մարդն ընդամենը համեստ աշակերտն է այդ Առարկայի։ Ով հասել է «կատարելության», նրա համար արդեն չեն կարող լինել ո՛չ կանոններ, ո՛չ արգելքներ, և վաղը նա թույլ կտա իրեն ամեն ինչ։ «Անսխալը» չի տեսնի ո՛չ սեփական թուլությունները, ո՛չ սեփական սխալները։ Չափից դուրս խելոքը չի էլ ենթադրում, որ վաղը կհայտնվի ամենախելացին, որն իրեն հիմար վիճակում կդնի և շփոթության մեջ կգցի։ Իսկ տաղանդավոր նկարիչը, որ իրեն հանճարեղ վարպետ կերևակայի, արագ կդադարեցնի իր ներքին աշխատանքը, կնվազեցնի սեփական պահանջկոտությունը, կկորցնի թանկագին և դաստիարակող ինքնադժգոհությունը և ինքն էլ չի նկատի, ինչպես վաղը կարարի չնչին մի կտավ, որի վրա բոլորը ծածուկ կծիծաղեն։

Ահա թե ինչու մեզնից յուրաքանչյուրը, ով կստեղծի ինչ-որ բան, պետք է երկար չտրվի նվաճման ուրախություններին, այլ ավելի շատ պիտի կենտրոնանա սեփական ստեղծագործության թերությունների վրա. նա պիտի բարձրացնի իր պահանջները, փնտրի սեփական վրիպումները, անկարողությունները և անկատարելությունները, դատի սեփական ստեղծագործությունն ամբողջական ու մեծագույն չափով և ծրագրի ստեղծել շատ ավելի լավը։ Հարկավոր է վարժվել այն` «ոգով աղքատությանը», որի մասին ասված է Ավետարանում, և գտնել իր մեջ աղքատի արիությունը, հարցնողի համեստությունը և աշակերտի կայտառությունը։ Այդ ժամանակ մնում է երկրորդ քայլը` տեղափոխել ծանրության կենտրոնը սեփական կյանքում այն կետի վրա, ինչը կարելի կլիներ որակել «Աստծո հյուսվածքն աշխարհում» բառերով։ Քանի դեռ մարդը չունի կյանքի նպատակ և քանի դեռ ծառայում է միայն ինքն իրեն և սեփական կյանքի «հաջողությանը», համեստությունը նրան կթվա ինչ-որ սարսափելի ու անպետք մի բան, նույնիսկ վնասակար։ Մինչև խոնարհություն նա չի հասնի երբեք, ցանկանալով աչքի ընկնել, նա կսկսի տրվել պարծենկոտությանը, մեծամտությանը և սնափառությանը։ Կմտածի, թե համեստությունը սազական է աղքատներին, իսկ խոնարհությունը` կեղծավորներին։ Այնինչ համեստությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդն իր վերևում զգում է Բարձրագույն մի բան, իսկ խոնարհությունն առաջանում է այն պահին, երբ մարդը երկրպագում է այդ Բարձրագույնի առաջ։ Մարդուն անհրաժեշտ է կյանքում ունենալ մի բան, ինչը նա գնահատում ու սիրում է, ինչին ծառայում է որպես սեփական գլխավոր նպատակի` նրան պետք է նվիրված լինի իր աշխատանքը, հանուն նրան է կենտրոնացնում սեփական ուժերը, նրա համար է պայքարում, նրան է զոհաբերում ինքն իրեն և ամբողջ մնացածը։ Եվ նա, ում տրված է ծառայելու և այրվելու այդ երջանկությունը, շուտով սկսում է նկատել` ինչքան քիչ է մտածում իր մասին և որքան ամբողջական է տրվում սեփական ծառայության առարկայական տարերքին, իրեն այնքան հեշտ է հաջողվում ամեն ինչ։

Խղճուկ և հեղձուցիչ է այն մարդու կյանքը, ով ոչինչ չգիտի Աստծո ստեղծած աշխարհի հարստությունների մասին։ ՈՒ միայն նա, ով կճանաչի առարկայական կյանքի երջանկությունը և կներխուժի աշխարհի` Աստծո հյուսվածքի մեջ, միայն նա իր մեջ կզգա Իլյա Մուրոմեցի ուժը, որը շնորհված էր նրան հզոր եկվորների կողմից։ Եվ Աստծո գործունեությունը կդառնա իր անձնական գործը, անհնարինն իր համար կդառնա հնարավոր, իսկ նրա ուսերին կաճեն իսկական ոգևորության թևերը։

Աստծո գործին ծառայելը մեզնից պահանջում է նվիրվածություն և տոկունություն։ Մարդու սերն ու կամքը իրենց բովանդակությունը և նպատակը պետք է ստանան մարդկային պատմության այդ մեծագույն «լեռնաշղթայից» ու այդպիսով առարկայորեն նորոգվեն։ Գուցե և թվա, թե այդ անձնուրաց ծառայության մեջ մարդն իսկապես հրաժարվում է իրենից ու կորցնում ինքն իրեն, սակայն իրականում նա առաջին անգամ գտնում է ինքն իրեն Աստծո մեծագույն և սրբազան հյուսվածքի մեջ։ Նա կորցնում է սեփական մարդկային, «չափազանց մարդկային», մեղավոր-կրքոտ բնությունը, սակայն գտնում ինքն իրեն` հոգևոր-իսկական, «առարկայորեն-լցված», խոնարհ և արժանի ծառային, ով երկրի վրա մասնակցում է Աստծո գործի իրականացմանը։

Հենց այդ խոնարհության մեջ է նա առաջին անգամ գտնում և հաստատում սեփական, իսկական հոգևոր արժանապատվությունը, ոչ թե ուրիշ մարդկանց հարգանքը, ոչ թե «մեծարանք» կամ «փառք», ոչ թե ինքնագոհություն, այլ գլխավոր և հիմնական, մարդկային-հոգևոր արժանապատվությունը, որը տրվում է նրան, ով հաստատվում ու արմատավորվում է աստվածայինում։ Որտեղ բնակվում է այդ արժանապատվությունը, այնտեղ չկա հպարտություն։ Քանզի հպարտությունն Աստծուց չէ, իսկ արժանապատվությունն Աստծուց է և տանում է առ Աստված։ Հպարտությունը խոնարհություն չի ճանաչում, հենց այդ պատճառով էլ նրան սպասում են բազում և դաժան նվաստացումներ։ Իսկ իսկական արժանապատվությունը ծնվում է խոնարհությունից և չի կարող նվաստացվել, ու եթե որևէ մեկը փորձում է ստորացնել նրան, ապա դրանով միայն մեծարում է նրան։ Խոնարհությունը տանում է առ Աստված։ Արժանապատվությունը բնակվում է Աստծո մեջ։ Այդ պատճառով Մարկոս Ճգնավորը ճիշտ էր, երբ խորհուրդ էր տալիս` «Երբեք ինքն իրեն չհամարել մեծ մի բան», այլ փայփայել սեփական «ոգու աղքատությունը»։ Եփրեմ Ասորին իմաստուն էր, ասելով. «Մեծարումը կուրացնում է խելոքների աչքերը, իսկ խոնարհությունը պայծառացնում է նրանց սիրով...»։ Այսպիսով, խոնարհությունն անհրաժեշտ է մեզնից յուրաքանչյուրին` և՛ քաղաքացուն, և՛ գիտնականին, և՛ նկարչին, և՛ զինվորին, և՛ քահանային։ Ամեն մեկը կարող է և պիտի հաղորդակցվի նրա հետ` գտնի սեփական հոգևոր արժանապատվությունը, տրվի Աստծո գործի ծառայությանը, սիրի մեծագույնը և ցանկանա անանցը։ ՈՒ եթե որևէ մեկը հարցնի, թե ինչպես ամենից հեշտ և արագ վառի իր մեջ խոնարհության զգացումը, պատասխանը կլինի այսպիսին` չհամեմատել սեփական «գերազանցությունը» ուրիշ մարդկանց «չնչինության» հետ, հաճախ, հնարավորինս հաճախ գիտակցել սեփական «փոքրությունը» Աստծո վեհության դիմաց, կարծես հանում կատարելով Նրա կատարելությունից և զննելով հայտնված «տարբերությունը»։

Դրանից սրտի մեջ ասես ինքն իրեն առաջանում է կատարյալ խոնարհություն` և պարզվում է` իմ «պարտքերն» այնքան մեծ են, որ ես չեմ հասցնում հաշվել ուրիշների «պարտքերը», և սկսվում են առատ «ներումը» ուրիշներին և խստագույն բռնագանձումը հենց ինքն իրենից։ Այդ ժամանակ փառասիրությունը կշվարի և կլռի, ու մարդը կհասկանա, որ կարևորը ոչ թե այն է, թե ինչ «պաշտոն» է գրավում նա կյանքում, այլ այն, թե ինչ և ինչպես է գործում այդ «պաշտոնում»։ Քանզի կյանքում և աշխարհում հարկավոր է ոչ թե անվանվել և մեծարվել, այլ պետք է աշխատել Աստծո Արքայության հավերժ հյուսվածքի ստեղծման վրա, իսկ այդ ծառայության մեջ լինում են լուռ և աննկատ գործեր, սակայն չեն լինում «չնչին» կատարումներ ու «ստորացնող» առաջադրանքներ։ Եթե միայն մարդիկ հասկանային դա ու ցանկանային գնալ հենց այդ ճանապարհով...


Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ