Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Մարդիկ կորցրել են համբերությունը

- Հա՛յր, ինչո՞ւ այսօր համբերություն չունենք:

- Այն, ինչ այսօր է տեղի ունենում՝ մարդկանց օգուտ չի բերում: Նախկինում և՛ կյանքն էր խաղաղ, և՛ մարդիկ էին խաղաղ, շատ տոկուն էին ու համբերատար: Այսօր աշխարհ մտած այդ շտապողականությունը մարդկանց անհամբեր է դարձրել: Նախկինում մարդը գիտեր, որ հունիսի վերջից է սկսելու ուտել լոլիկ: Նրա մտքով էլ չէր անցնում ժամանակից շուտ լոլիկ ուտել: Մարդիկ մինչև օգոստոս սպասում էին, որպեսզի ձմերուկ ուտեն, գիտեին երբ է սեխի ժամանակը, իսկ երբ՝ թզինը: Իսկ հիմա ի՞նչ է կատարվում: Առևտրականները ժամանակից շուտ Եգիպտոսից լոլիկ են բերում, չնայած մինչև լոլիկի հասունանալը Հունաստանում նարինջ կա, որ նույն վիտամիններն ունի: Բայց չէ՜, նրանք նարինջ չեն ուզում: Ախր մի քիչ համբերիր, եղբա՛յր, ու փոխարենը մի ուրիշ բան կեր: Բայց ոչ, ինչ ուզում է լինի, պիտի գնան Եգիպտոս ու լոլիկ բերեն: Կրետեում նայեցին-նայեցին այդ ամենին ու սկսեցին ջերմոցներ կառուցել, որպեսզի իրենց մոտ էլ լոլիկները շուտ հասունանան: Եվ արդյունքում ողջ Հունաստանում ջերմոցներ կառուցեցին, որպեսզի ձմռանն էլ լոլիկ ուտեն: «Սպանվելով» ջերմոցներ են կառուցում բանջարեղենի համար, որպեսզի տարվա ցանկացած եղանակի, առանց սահմանված ժամանակին սպասելու, սրտի ուզածը սեղանին լինի:

Դա դեռ ոչինչ, կարելի է դիմանալ, բայց ախր ավելի են առաջ գնում: Երեկոյան լոլիկները դեռևս կանաչ էին, իսկ առավոտյան արդեն կարմրած ու «մսալի» պտուղներ են խանութներ տանում: Այդ կապակցությամբ նույնիսկ մի քանի «քաղցր խոսք» ասացի մի նախարարի: «Ջերմոցներին դեռ կարելի է դիմանալ,- ասացի,- բայց մրգերը, լոլիկներն ու մյուս պտուղներն ախր հորմոններով են աճեցնում: Մի գիշերվա ընթացքում պտուղները հասունանում են, բայց փաստորեն թքա՞ծ այն խեղճ մարդկանց վրա, ովքեր գերզգայուն են հորմոնալ միջոցների նկատմամբ: Որքան ուզում են, թող հիվանդանա՞ն»… Կենդանիներին էլ են աղտոտել՝ հավ լինի, թե՝ հորթուկ: Քառասուն օրեկան ճուտիկներին այնքան հորմոն են ներարկում, մինչև վեցամսականների քաշին հասնեն: Մարդն ի՞նչ օգուտ ստանա այդպիսի միս ուտելուց: Կովերին էլ են հորմոններ տալիս, որպեսզի ավելի շատ կաթ ստանան: Կովերը շատ կաթ են տալիս, բայց արտադրողները չեն կարողանում այդ կաթը վաճառել: Գործադուլներ են սկսվում, կաթի գինն իջնում է, այն փողոցներն են լցնում: Իսկ եթե ամեն ինչ ըստ Աստծո սահմանածի թողնեին, ապա ամեն ինչ իր հունով կընթանար ու մարդիկ մաքուր կաթ կխմեին: Եվ բացի այդ, այդ ներարկումներից ամեն ինչ անհամ է դառնում: Անհամ մթերքներ, անհամ մարդիկ, ամեն ինչն է անհամ: Նույնիսկ կյանքն է իր համը կորցրել մարդկանց համար: Պատանիներին հարցնում ես. «Ի՞նչ ես սիրում»: «Ոչինչ»,- պատասխանում են: Առողջ ու երիտասարդ մարդիկ: «Գոնե ասա քեզ ինչ է դուր գալիս»: «Ոչինչ»: Ահա, թե ուր է մարդը հասել: Իր ձեռքի գործով փորձում է Աստծո «սխալներնն ուղղել»: Գիշերը ցերեկվա են փոխում, որպեսզի հավերը ածեն: Իսկ դու այդպիսի հավերի ձվերը տեսե՞լ ես: Չէ՞ որ եթե Աստված լուսինը արևի պես փայլուն դարձներ, ապա մարդիկ կխելագարվեին: Աստված գիշերը ստեղծեց, որպեսզի մարդիկ հանգստանան, բայց տե՛ս, թե նրանք ինչեր են այժմ անում:

Մարդիկ կորցրել են հոգու խաղաղությունը: Այդ բոլոր ջերմոցները, սրսկումներն ու նման բաները մարդկանց անհամբեր են դարձրել: Նախկինում մարդիկ գիտեին, որ ոտքով մի տեղից մյուսը մի քանի ժամում կհասնեն: Եթե ինչ-որ մեկն ամուր ոտքեր ուներ, ապա մի փոքր ավելի արագ էր հասնում: Հետո սայլերը հորինեցին, հետո ավտոմեքենաները, հետո ինքնաթիռները և այլն: Փորձում են ավելի նոր ու ավելի արագ փոխադրամիջոցներ գտնել: Այնպիսի ինքնաթիռներ են ստեղծել, որ Ֆրանսիայից Ամերիկա երեք ժամում են հասնում*: Բայց եթե մարդ այդպիսի արագությամբ մի կլիմայական գոտուց մյուսն է թռչում, ապա ուղղակի կլիմայական այդ կտրուկ փոփոխությունն էլ նրան կվնասի: Շտապողականություն, շտապողականություն… Մի օր էլ մարդը կմտնի թռչող արկի մեջ, հետո՝ կրակ, թիչք, հարված, ճեղքվածք ու հանրության առջև կհայտնվի ապշահար ճանապարհորդը: Իսկ ի՞նչ էիք կարծում: Մի օր հերթը դրան էլ կհասնի: Իսկական գժանոց:

* Ծերը նկատի ունի հեռավոր թռիչքներ իրականացնող գերձայնային ուղևորափոխադրող ինքնաթիռները:

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am