Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

«Շիրվանզադեի վրձինը չորացել է, և ասել է արդեն իր խոսքը»

Մի հատված Գարեգին Լևոնյանի «Հուշեր» գրքից, որտեղ նա պատմում է Շրվանզադեի մասին:

Մեծանուն գրողին առաջին անգամ տեսա Ալեքսանդրապոլում 1890 թվականին, երբ դեռ երիտասարդ էր և Թիֆլիսից, «Արձագանք» լրագրի կողմից գնում էր Էջմիածին ինչ-որ հանդեսի ներկա գտնվելու: Նա մի օրով կանգ էր առել մեր քաղաքում, հարմար փոխադրական միջոց գտնելու համար. այն ժամանակ երկաթուղի չկար. ո՛չ Թիֆլիսից Ալեքսանդրապոլ, ո՛չ էլ այդ քաղաքից Երևան:

Աշնանային մի օր էր. մեկ էլ տեսնեմ, աշուղ Ջիվանին (հայրս), շատ հետաքրքրական արտաքինով մի երիտասարդի հետ եկան մեզ մոտ:

- Ծանոթացեք, պարոն Շիրվանզադեն է, Թիֆլիսից է եկել:

Մեր հյուրի սիրուն և համակրելի դեմքը, հարուստ և գանգուր մազերը, գեղեցիկ և մաքուր զգեստն մեզ, գավառացիներիս վրա թողեցին լավ տպավորություն:

Հետևյալ օրը Շիրվանզադեն մեկնում էր Էջմիածին: Ես մեծ դժվարությամբ թույլտվություն ստացա իմ հորից գնալ նրա հետ: Պատանի էի դեռ չէի տեսել Վաղարշապատը: Ֆուրգոններով, վեց-յոթը ճամփորդներ, որոնց հետ և Շիրվանզադեն ու ես Արագածի-Ապարանի, Մուղնու և Աշտարակի վրայով հասանք Էջմիածին:

Շիրվանզադեն ճանապարհին իմ մասին հոգում էր, որ մի տեղը հանգիստ լինի ֆուրգոնի մեջ, որ չմևստեմ: Երբ տեղ հասանք, նա ինձ հանձնեց մեզ հետ եկող ալեքսանդրապոլցիների խնամքին և գնաց իր գործին: Այլևս ես նրան չտեսա. ինչպես հետո իմացա, իր գործը վերջացնելուց հետո, Թիֆլիս էր վերադարձել Դիլիջանի և Աղսթաֆայի վրայով:

Այս առաջին ծանոթությունից հետո Շիրվանզադեի հետ ունեցել եմ ուրիշ շատ հանդիպումներ ...

1911 թվին էր. ամռանը, Թիֆլիսում, չեմ հիշում ինչ տոնակատարության առիթով Վերայի այգիներից մեկում ճոխ բանկետ էր կազմակերպված. Այստեղ էր գրեթե ամբողջ առաջավոր հայ ինտելիգենցիան. ճառեր, երգ ու նվագածություն, կենացներ … Խնջույքը վերջացավ գիշերվա ժամը 1-ին, ով կարողացավ կաեք ճարել' քաղաք վերադարձավ կառքով, ով չէ` խումբ-խումբ եկան ոտքով: Լուսնկա գիշեր էր և ճանապարհը հարթ: Շիրվանզադեն, դերասան Արշակ Հարությունյանը և ես վերադարձանք միասին: Երբ հասանք Գոլովինյան (այժմ Ռուսթավելու) պրոսպեկտը, օպերայի շենքի առաջ, ու ես տուն գնալու համար ընկերներիցս պետք է բաժանվեի` ծռվելու Սապյորնայա փողոցը, Շիրվանզադեն ասաց.

- Գարեգի՛ն, տանդ հարմարություն ունե՞ս այս գիշեր ինձ հյուրընկալելու. դե, մեր տունը շատ հեռու է և մեր բակի դուռն էլ փակում են գիշերը, դժվար է բաց անել տալ:

- Խնդրեմ, համեցեք գնանք:

Մի քանի րոպեից արդեն տանն էինք:

Ես կարգադրեցի, որ իմ պարապմունքի սենյակում մի անկողին պատրաստեն թանկագին հյուրի համար: Առավոտյան տանեցիք սովորականից շուտ են վեր կենում, որ լավ նախաճաշ պատրաստեն, տեսնում են, որ իմ սենյակի դուռը բաց է և այնտեղ ոչ ոք չկա: Զարմացած գալիս են ինձ մոտ և զարթնեցնում:

- Ի՞նչպես թե … - զարմացած հարցնում են ես:

Այդպես էլ չկար. Լույսը հազիվ բացված, նա գնացել էր, թե ինչո՞ւ մեզանից ոչ ոք չկարողացավ հասկանալ:

Հետևյալ օրը Շիրվանզադեին պատահում եմ «Մշակ» խմբագրատանը, նա երեսը շուռ է տալիս, որ չբարևեմ. ապշում եմ զարմանքից;

- Ա՛յ մարդ, ի՞նչ է պատահել, ի՞նչ է իմ հանցանքը, - հարցնում եմ, նրան մոտենալով:

- Քո հանցանքը այն էր, որ դու տպագրել ես մի գիրք, որի հեղինակը բարեհաճել է իմ մասին զրախոսություններ անել:

Ես իսկույն գլխի ընկա, թե ինչո՛ւ է վիրավորվել Շիրվանը և ինչո՛ւ է փախել մեր տնից:

Այն ժամանակ երիտասարդ քննադատ Արսեն Տերտերյանը ինձ ուղարկել էր «Շիրվանզադե - հայ ընտանիքի և ինտելիգենտի վիպասանը» աշխատությունը «Գեղարվեստ» հանդեսում տպագրելու համար: Աշխատության ծավալը մեծ լինելու պատճառով, հեղինակի համաձայնությամբ, որոշել էի լույս ընծայել առանձին գրքով: Շիրվանզադեն ահա այդ գրքի սրբագրական թերթերը իմ սեղանի վրա տեսնելով, կարդացել էր, որ «իր վրձինը չորացել է, և ասել է արդեն իր խոսքը»:

- Ես կապացուցեմ, որ իմ գրիչը չի չորացել և ես դեռ շատ բան ունիմ գրելու, - վրդովված ասաց նա և մենք հաշտվեցինք: