Այսպէս է ասում Տէրը. «Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի» (Առակներ 11:8)

Ալեքսանդրիայի հայրապետ սուրբ Պետրոսի վկայաբանությունը

Դիոկղետիանոս կայսեր գահակալության ժամանակ, նրա իշխանության [ամբողջ տարածքում] մեծ հալածանքներ էին: Եվ այն ժամանակ կայսեր զորականները բռնեցին երանելի եպիսկոպոս Պետրոսին, բանտ նետեցին և ծանուցեցին կայսերը, որ նա բռնված է և պահվում է բանտում: Եվ նա հրամայեց անմիջապես սպանել երանելիին: Եվ [կայսերական] գրության գալուն պես` սպասավորներն շտապում էին կատարել հրամանը: Եվ իմանալով` ժողովուրդը խմբվել էր բանտի դարպասների առջև ու պաշտպանում էր իր հովվին և ասում. «Նախ մեզ սպանեցե՛ք և նոր միայն մեր հոգիների առաջնորդ վերատեսուչին»: Եվ զորականների համար մեծ հոգս եղավ, թե ինչպես սպանեն եպիսկոպոսին, որ ժողովրդին անվնաս պահեն, որովհետև շատերը` տղամարդիկ և կանայք, ծերեր և մանուկներ, երիտասարդներ և աղջիկներ, վանական և մենակյաց եղբայրներ, միակամություն էին ցուցաբերում: Եվ գլխավոր [զորականները] տեղի տվեցին, երկյուղելով, որ հանկարծ ամբոխը խռովություն չբարձրացնի, մտածում էին գաղտնի կործանել երանելիին: Եվ Արիոսը, որ հեռացվել էր Պետրոս սուրբ հայրապետի կողմից, [մտածեց], թե միգուցե եպիսկոպոսը [որոշումը] փոխի, և ինքը չհեռանա: Եվ [Արիոսը] հավաքեց երեցներին և սարկավագներին և նենգությամբ աղաչեց նրանց, որ խնդրեն հայրապետին չեղյալ հանել որոշումը: Եվ նրանք այդ բարեպաշտություն համարելով` գնացին բանտ` Արիոսի համար եպիսկոպոսապետին աղաչելու: Եվ ընկնելով Պետրոս հայրապետի առաջ` ասացին նրան. «Աղաչում ենք Ձերդ սրբությանը, որին մեզ` հավատացյալներիս համար Աստված ընտրեց վերակացության և Իր անունը փառավորելու համար, խոստովանությամբ հաղորդակից լինելու Քրիստոսի չարչարանքներին և նահատակվելու հանուն ճշմարտության, որովհետև արժանի ես վկա լինելու և պսակի: Եվ հիմա, [եկել է ժամանակը], որ Աստծու կամքով փոխադրվես Նրա մոտ, որին փափագում ես: Աղաչում ենք Արիոսի համար. լուծարի՛ր նրան [վերաբերող] որոշումը»: Իսկ սուրբ եպիսկոպոսը կարկառեց ձեռքերն ու բարձրաձայն ասաց. «Արիոսի՞ համար եք աղաչում. թո՛ղ Արիոսը զրկված լինի Աստծու Որդու ներկայիս, ինչպես և գալիք փառքերից»: Եվ երբ Պետրոս հայրապետն ասաց այս, ոչ ոք չկարողացավ որևէ բան ասել, որովհետև ահով էին բռնվել, կարծես ինչ-որ հրաշքով էին ստացել պատասխանն այս: Եվ երանելին տեսավ իր մոտ եկած հոգևորականների տխուր և տրտում լինելն ու առանձնացավ Աքեղաս և Ալեքսանդրոս երեցների հետ և ասաց նրանց. «Քանի որ Աստված ինձ այսքան զորացրել է, հարկ է վկայությամբ և արյամբ մահ ընդունել, որովհետև Աստված ինձ հայտնեց, որ ինձանից հետո հայրապետական աթոռին նստելու ես դու, Աքեղա՛ս, իսկ քեզնից հետո, երբ փոխադրվես, քո եղբայր Ալեքսանդրոսն է ժառանգելու: Եվ որպեսզի ինձ անգութ և անկարեկից չհամարեք, որովհետև մեղավոր մարդ եմ, [կասեմ հետևյալը]. ո՛չ թե ինձնից նզովեցի Արիոսին, այլ Աստծուց, որ ինձ ցույց տվեց Արիոսին: Այս գիշեր անում էի իմ սովորական աղոթքը և դեռ աղաչում և բարերար Աստծուց ողորմություն էի խնդրում, [երբ] տեսա պայծառ և շքեղ, փառավոր տեսքով մոտ տասներկու տարեկան մի մանկան, որի դեմքը լույս էր ճառագում, և խուցը լույսով լցվեց: [Նա] կտավի պատմուճան էր հագել, որ առջևի կողմից` պարանոցից և լանջերից մինչև ներքև պատռված էր երկու կեսի: Եվ նա ցույց տվեց և նայեց ինձ, և զարհուրելով` ես բերանս բացեցի և հարցրեցի. «Տե՛ր, ո՞վ պատռեց պատմուճանդ»: Պատասխանեց և ասաց. «Արիոսը պատռեց պատմուճանն իմ: Եվ տե՛ս, նրան եկեղեցու հենարան չհամարես: Նրա համար վաղը քեզ աղաչելու են. տե՛ս, չհամաձայնես քանդել նրա կապանքները: Եվ որովհետև դու վկայելով ավարտելու ես քո ընթացքը և որպես մարմնիդ հաղթանակ ընդունելու ես անթառամ պսակը, պատվիրի՛ր Աքեղասին և Ալեքսանդրոսին, որ քեզնից հետո գլխավորելու են Իմ եկեղեցին, որ նրան չընդունեն»: Եվ այս ասելով` մեծ տեսիլն անհետացավ: Ահա ասացի և հրամայվածը փոխանցեցի ձեզ: Եղբայրնե՛ր, դուք գիտեք, թե կյանքիս ամբողջ ընթացքում ինչպես եմ ճշմարիտ ուղղափառ հավատով ծառայել կենդանի Աստծուն` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Ասորիների Միջագետքում, Փյունիկիայում, Պաղեստինում և հեռավոր կղզիներում, դրժող հերձվածողներից և մոլորյալ կռապաշտներից եկող փորձությունների դեմ` չէի դադարում գրով և բանավոր զգոնության խրատ տալ Աստծու ժողովրդին, որին փրկեց Իր սուրբ արյամբ: Եվ ընդունելով աթոռը, որ փոխանցել են սուրբ Մարկոս ավետարանիչը և նրանք, որ իրենից հետո էին, և նույնպես հալածվեցին արդարության և Քրիստոսի հավատքի համար, ես նախկին ձևով շարունակեցի ճանապարհս դեպի ճշմարտությունը, որովհետև բոլորը, որ կամենում են աստվածպաշտության մեջ մնալ, հալածանքների միջով են անցնում: Քիչ չհոգացի նաև Փյուղ, Սյուք, Մաքսիմ և Թեոդոր երանելի եպիսկոպոսների և այլ հոգևորականների, նաև վեց հարյուր վաթսուն մարդկանց մասին, որ հավատացել էին Քրիստոսին, և որոնք բոլորն էլ բանտարկված էին և ճշմարիտ խոստովանությամբ վկայեցին, որ և գրվեց: Եվ երբ լսեցի նրանց վկայելու մասին, օրհնեցի Աստծուն և գոհացա նրանց զորացնող Քրիստոսից: Գիտեք [նաև], թե որքան չարիք գործեց իմ հանդեպ Մելիտոս Լիբեացին, պառակտելով Աստծու եկեղեցին, որ Իր արյամբ փրկել էր մեր Աստված Քրիստոսը: [Մելիտոսն այդ] բաժանում էր ուղղահավատներին և նեղում ու ճնշում էր կապանքների մեջ գտնվող վկաներին և եպիսկոպոսներին` մարտնչելով ճշմարտության դեմ: Զգուշացե՛ք նրանից և նրա աղանդից և մնացե՛ք ուղիղ հավատքի մեջ, որովհետև ինչպես Տերն այժմ ցույց տվեց` ահա սիրով բոցավառված գնում եմ Նրա մոտ, որին փութացել եմ: Եվ երկրի վրա ոչ մի այլ ցանկություն չունեմ, բացի նրանից, որ վկայությամբ ավարտեմ ընթացքս, որպեսզի Տեր Հիսուս Քրիստոսից` մեր հույսից ընդունած սպասավորությունը կատարեմ: Եվ այժմ ասում եմ ձեզ` սրանից հետո ինձ այլևս մարմնով չեք տեսնի, որովհետև սուրբ եմ բոլորի առջև, ում քարոզեցի կյանքի խոսքը, ինձ հավատացած ողջ ժողովրդի առջև, որովհետև չծուլացա և անհոգ չեղա և [կատարեցի] ինչ որ մարդկանց փրկության և ճշմարիտ կտակի համար մատնանշել էր սուրբ առաքյալների փրկական Ավետարանը: Այժմ նայեցե՛ք և տեսե՛ք` ինչ արժան է. մի՛ բավարարվեք եղածներով, ուշադի՛ր եղեք Քրիստոսի հոտին, որի եպիսկոպոսությանը Սուրբ Հոգու կողմից կոչվեցիք, որպեսզի սրբությամբ և արդարությամբ հովվեք Նրա ժողովրդին, որին փրկեց Իր արյամբ և մարդասիրությամբ:

Գիտեմ. մահվանիցս հետո կհայտնվեն Մելիտոսի պես մարդիկ, որ թյուր բաներ կխոսեն, որպեսզի պառակտեն սուրբ եկեղեցին: Արիոսը բաժանում և պառակտում է ժողովրդին: Եվ զգույշ եղեք, որովհետև նորից եք նեղության և փորձության մատնվելու, որպեսզի ձեր միջի ընտիրները երևան (Ա. Կորնթ. ԺԱ. 19): Գիտեք, թե կռապաշտների հարուցած որքան վտանգների դիմակայեց ինձ սնող հայր Թեովնասը, որից ընդունեցի աթոռը: Նաև մեծ Դիոնեսիոսը հալածվեց Քրիստոսի և ճշմարիտ հավատքի համար: Ի թիվս այլոց նաև Սաբելն էր վտանգում նրանց իր չարախորհուրդ ամբարշտությամբ: Ի՜նչ ասեմ Հերակլ և Դեմետրիոս երանելի եպիսկոպոսների մասին. կռամոլությամբ գազազածների ի՜նչ փորձությունների դիմացան: Նաև Որոգինեսը հերձված գցեց եկեղեցում: Դրանցից առաջ ևս` սուրբ հայրապետներն ու հայրերը ճշմարտության համար ո՜րքան մարտնչեցին և ո՜րքան նեղություն կրեցին նեղության վրա: Բայց ամենակալ Աստծու շնորհները, որոնցով զորացրեց և մարտում հաղթանակ շնորհեց նրանց, ովքեր Քրիստոսի համար պատերազմեցին և վերցրեցին պսակը, Սուրբ Հոգու այդ նույն շնորհները թո՛ղ զորացնեն ձեզ և անբիծ և անարատ պահեն, և թո՛ղ խափանեն եկեղեցու դեմ հարուցված պատերազմն ու անխռով և խաղաղությամբ պահեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի մոտ: Իսկ այժմ ձեզ թողնում եմ բոլորի Տիրոջն ու Նրա ողորմությանը»:

Եվ այս ասելով` նրանց հետ մեկտեղ ծնկի իջավ, աղոթք վերառաքեց Տիրոջը, օրհնեց Աքեղասին և Ալեքսանդրոսին և ասաց. «Աստծու ողորմության խաղաղությունն ու շնորհները թո՛ղ լինեն ձեզ հետ»: Եվ Աքեղասն և Ալեքսանդրոսը լաց եղան ու արտասվեցին նրա ասածներից, հատկապես, որ ասել էր, թե` «Այլևս ինձ չեք տեսնի»: Եղբայրները համբուրեցին [սրբի] աջն ու մեծ տրտմությամբ բաժանվեցին: Եվ սուրբը դարձավ ներկաների կողմը, մխիթարության խոսքեր ասաց, որ ամուր մնան ուղիղ հավատքի, հույսի ու սիրո մեջ և հնազանդ լինեն Քրիստոսի ամենահեշտ լծին:

Եվ նրանք եկան, գաղտնաբար պատմեցին եկեղեցու հավատացյալներին սուրբ հայրապետ Պետրոսի ասածները. և՛ Արիոսի մասին, և՛ երանելիի մարտիրոսական վախճանի, և իր աթոռին Աքեղասի, իսկ հետո Ալեքսանդրոսի փոխանորդելու մասին, որ Տերն էր ցույց տվել: Եվ այս լսելով` սքանչացան: Նաև Արիոսն իմացավ, սակայն խորշելով ծածկում էր իր նենգությունը, վստահություն ներշնչելով Աքեղասին, Ալեքսանդրոսին և մյուսներին: Իսկ երանելին, իմանալով թագավորի հրամանը և զորագլուխների խորհածը, թե ինչպես գաղտնաբար սպանեն իրեն, և հատկապես Աստծու կամքը, որ իրեն ցույց էր տվել վախճանի ժամանակը, կամեցավ, որ ինքն անձամբ մահվան մատնի իրեն և անվնաս պահի ժողովրդին: [Եվ] մի ծեր մարդու, որ իր հետ նեղություններ էր կրում, ուղարկեց զորագլուխներին ասելու, որ գիշերով գան, բանտի ետևի կողմից ելք բացեն և [իրեն] վերցնելով` տանեն, ուր կամենում են, և մահվան վճիռն ի կատար ածեն: Եվ նրանք, ծերունուց լսելով այս, արեցին որպես ասված էր. գիշերով ծածուկ եկան և բացեցին բանտի [պատը]: [Եվ երբ քանդում էին], ասես Աստծուց սաստիկ հողմ եկավ, որպեսզի ոչ ոք չլսի բանտի քանդվելու աղմուկը: Եվ սուրբը ելավ նրանց մոտ` ասելով. «Անձս մահվան եմ տալիս և անվնաս պահում ժողովրդին, որ կամենում է մեռնել ինձ համար»: Եվ նմանվեց իր Տիրոջն ու Հովվին, որ Իր անձը տվեց գառների համար. բռնողների ձեռքը տալով Իրեն` ասաց. «Ես եմ, որին փնտրում եք» (Գործք Ժ. 21):

Եվ նրանք սրբին գիշերով տարան Մարկոս ավետարանչի նահատակության վայրը: Եվ մարդիկ, որ տանում էին նրան, սքանչանում էին սրբի համարձակությամբ, որ հոժարակամ մահվան էր գնում: Եվ երանելին ասաց. «Ինձ մի պահ սպասեցե՛ք»: Եվ նրանք պատկառանքով ասացին. «Թո՛ղ լինի` ինչպես կամենում ես»: Եվ [սուրբը], իջնելով Մարկոս ավետարանչի գերեզմանի մոտ, գրկեց գերեզմանը, և խոսում էր ավետարանչի հետ` ասես կենդանի [մարդու]: Եվ սկսեց ասել. «Ո՜վ պատվական հայր և Աստծու Միածին Որդու ավետարանիչ և Նրա չարչարանքների վկա. քեզ այս աթոռի հիմք, առաջնորդ և առաջին եպիսկոպոս ընտրեց մեր Փրկիչ Քրիստոսը: Դու հնչեցրիր Ավետարանի քարոզությունը Եգիպտոսում, այս քաղաքում, սրա սահմանների շուրջն ու բոլոր կողմերում: Կյանքի խոսքով լուսավորեցիր աստվածությանը հավատացողներին, որոնցից բազում վկաներ իրենց արյամբ Քրիստոսին ընծայվեցին և ընդունեցին մարտի հաղթության պսակը: Քո քարոզությամբ շատերը ծածուկ հաճոյացան Աստծուն. տղամարդիկ և կանայք, որ բազում ճգնությունների համբերեցին Քրիստոսի սիրո համար: Եվ դու դրեցիր Քրիստոսի այս եկեղեցու հիմքերը, իսկ քեզնից հետո աթոռն ընդունեց երանելի Անանիան, նրանից հետո` Մելիտոսը` արժանավոր կոչմամբ, իսկ նրանից հետո` Աստծու արժանավոր Դեմետրոսը: Հայրապետության աթոռին փոխանորդելը հասավ և ինձ, որ հետինն էի բոլորից, որ արժանի չէի եպիսկոպոս կոչվելու, բայց իմ Աստծու և փրկչի շնորհով և քո բարեխոսությամբ արժանացա, Մարկո՛ս, մեր հայր և Քրիստոսի ավետարանիչ և Նրա վկա: Եվ այժմ իրականանում է իմ սպասավորությունը և պետք է հեղեմ արյունն իմ Քրիստոսի անվան համար: Եվ անձն իմ հոժարությամբ եմ մահվան տալիս, որպեսզի ճշմարտության վկա դառնամ: Եվ այժմ իմ անձի համար բարեխոս եղի՛ր Տիրոջ մոտ, որ ինձ ընդունի դասն իմ հայրերի, որ քեզնից հետո ժառանգել էին աթոռը, և իմ Աստված Քրիստոսի վկան դառնամ, որ ընդունեմ հաղթության պսակը: Եվ արդ, որովհետև ժամանակը նեղում է, օգնական եղի՛ր իմ մարտիրոսությանը, որ աներկբա հավատով զորանամ տկարությունից: Ահա այս կամեցա ասել, հա՛յր և հայրապետ և Քրիստոսի ավետարանիչ ու Նրա վկա, որ առաջնորդն ես այս աթոռի, որ վերակացուն ես այս հոտի և հովիվների. Աստծու հզոր ձեռքով ամրացրո՛ւ նրանց և հեռո՛ւ պահիր Քրիստոսի եկեղեցու` որսացող թշնամիներից, որպեսզի քո [գրառած] Ավետարանով լուսավորված, այժմ և հանապազ բոլորը փառավորեն ամենասուրբ Երրորդությունը` ճշմարիտ խոստովանությամբ, երկրպագությամբ և օրհնությամբ, նաև անարատ վարքով և դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոս ուղղագնաց ընթացքով»:

Եվ բարձրանալով Մարկոսի գերեզմանից` ձեռքերը երկինք կարկառեց և ասաց. «Աստծու Որդի և երկնավոր ու ամենակալ Հոր Բան, լսի՛ր Քո ծառայի աղաչանքները և երկնքից` Քո սրբությունից, նայի՛ր Քո ժողովրդին, որին փրկեցիր Քո պատվական արյամբ: Դադարեցրո՛ւ Քո սուրբ եկեղեցու դեմ հարուցված հալածանքները և այրի՛ր պատերազմի ելածներին: Սուրբ ավետարանչի և նրա քարոզության հետևորդ Քո ժողովրդին ուղիղ հավատով պահած աթոռակալների բարեխոսությամբ` այս հալածանքների ավարտի կնիք դարձրո՛ւ իմ արյան հեղումը, որպեսզի դադարի մրրիկը, որ նեղություններով և վտանգներով ալեկոծում է Քո եկեղեցին»:

Նույն պահին ձայն լսվեց երկնքից, որ ասում էր. «Պետրոսը գլխավորն էր առաքյալների, Պետրոս եպիսկոպոսն ավարտն է հալածանքների»: Եվ այդ ժամանակ Մարկոս ավետարանչի գերեզմանի մոտակայքում իր մշտական աղոթքն էր անում մի կույս, որ լսեց երկնքից հնչած ձայնն ու [Պետրոսի] աղոթքը և հետո պատմեց բոլորին: Իսկ երանելին, ավարտելով աղոթքը, համբուրեց սուրբ ավետարանչի հանգստարանը, ինչպես և մյուս հայրապետներինը, և դուրս եկավ նրանց մոտից: Եվ նայողները նրա երեսի փոխարեն հրեշտակի դեմք տեսան, և զարհուրելով` սքանչացան: Եվ ակնածելով` նրան տարան հարավային կողմը` Մարկոս ավետարանչի վկայարանի մոտ, այն հովիտը, ուր սրբերի հանգստարաններն էին: [Եվ այնտեղ երկու] երանելիների հանդիպեցին` մի սուրբ կույսի, որ վանական կանանց ավագն էր, և մի ծերունու. Աստծու հաջողությամբ նրանք կտավ էին բերել: Եվ սուրբ Պետրոս հայրապետն ասաց. «Ամեն ինչ կատարյալ է»: [Ապա] դիմեց ծերունուն և կույսին. «Փռեցե՛ք կտավը»: Եվ վրան բարձրանալով` տարածեց ձեռքերն ու Աստծուն աղոթելով ասաց. «Գոհանում եմ Քեզնից, իմ Տեր Աստված, որ արժանի արեցիր կատարելու իմ սպասավորությունն ու վերակացությունը Քո ժողովրդի, որ ինձ ավանդվեց Քո բարերարությունից: [Գոհանում եմ] նաև, որ ինձ պաշտպանեցիր անիրավ որսացողներից և ճշմարտության հակառակորդներից, կռապաշտներից և հերձվածողներից, որոնցից յուրաքանչյուրը մոլեգնաբար հալածում էր Քո սուրբ եկեղեցին: Եվ այժմ Քո կարողությամբ զորացրո՛ւ ինձ այս նահատակության մեջ, որին հասել եմ` մեռնելու Քո մեծ և ահազդու անվան համար: [Արժանացրո՛ւ], որ արյունն իմ հեղվի հանուն Քո սիրու, Տե՛ր, որ եկար և մեռար մեզ համար և հեղեցիր արյունդ Քո արարածների փրկության համար: Տե՛ր, անուշ բույրի մեջ ընդունիր իմ անձի կամավոր պատարագը, որ ընծայում եմ Քեզ հոժարակամ սրտով, և իմ ընթացքը դեպի Հայրը, Որդին և Սուրբ Հոգին բարի խոստովանությամբ ավարտի՛ր: Արժանի՛ դարձրու ինձ լինել սուրբ հայրերի մոտ, որ արժանավայել ուղիղ հավատով, սրբությամբ, արդարությամբ և անարատ վարքով պաշտեցին Քեզ, ճշմարի՛տ Աստված: [Արժանի՛ արա], որ նրանց հետ լինեմ հավիտենական կյանքում, և անճառելի օրհնություն և փառաբանություն մատուցենք ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և հավիտյանս»:

Եվ պարանոցը խոնարհելով` երեք անգամ խաչակնքեց և ասաց զինվորներին. «Այժմ կատարե՛ք ձեզ հրամայվածը»: Եվ նրանք, զարհուրելով սրբի համարձակությունից և խոսքերից, երկյուղում էին կատարել թագավորի հրամանը: Եվ խորհրդակցեցին իրար հետ. ո՞վ փող կվերցնի և ի կատար կածի Աստծու ծառային մահապատժելու թագավորի հրամանը: Եվ զինվորներից մեկը քսանհինգ դահեկան ուզեց` նմանվելով Հուդային և նրա պատուհասը ժառանգելով: Եվ վերցնելով թուրը` հատեց սուրբ հայրապետի պարանոցն ու հեռացրեց նրա սուրբ գլուխը:

Եվ զինվորները, տագնապելով հավատացյալ ժողովրդից, անմիջապես հեռացան այնտեղից: Իսկ կույսն ու ծերունին գլուխը դրեցին դիակի հետ: [Բոթն] անմիջապես հասավ հավատացյալ ժողովրդին, և բոլորն այնտեղ էին դիմում: Եվ մեծ ողբ եղավ հեռացած հայրապետի համար, և ամեն ոք կամենում էր տեսնել և մոտենալ սուրբ վկային: Եվ նրան ամփոփեցին մաքուր կտավով և խնկով և նստեցրին հայրապետական գահին ու տարան հանգստարանը, որի տեղն ինքն էր ցույց տվել: Եվ մեծ պատվով դրեցին այնտեղ, որովհետև Աստված փառավորում է Իրեն փառավորողներին:

Այսպես վկայեց Պետրոս սուրբ հայրապետը` ի փառս ամենասուրբ Երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուր՝ Surbzoravor.am