Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Ի՞նչ է ճշմարտությունը. սրտի, հոգու և մտքի ճանապարհ

Ի՞նչ է ճշմարտությունը. Ավետարանում այս հարցը Քրիստոսին տալիս է Պիղատոսը: Ի պատասխան Պիղատոսի հարցի՝ Հիսուս լռում է: Բանն այն է, որ Պիղատոսը չէր էլ ակնկալում պատասխան ստանալ, որովհետև ինչպես նա, այնպես էլ մարդկանց մեծամասնությունը՝ չեն ցանկանում ճանաչել ճշմարտությունը, որովհետև մադուն ձեռնտու չէ ճշմարտությունը:

Մարդկանց երկու տեսակ կա. առաջին տեսակը ամեն ինչի մեջ միայն վատն է տեսնում, խոսում է այդ վատից, անվերջ քննադատում է այն: Մարդկանց մյուս տեսակը փորձում է ամեն բանի մեջ լավը տեսնել, բարձրաձայնել այդ լավի մասին: Այս երկրորդ տարբերակն է ճշմարտությունը:

Երբ լավն ու վատը դնում ենք համեմատության մեջ, արդեն իսկ սխալ ենք վարվում: Վատը, ըստ էության, գոյություն ունի այնքանով, որքանով, որ լավն է պակասում: Բարին, լույսը, սերը, ողորմությունը, ներողամտությունն արդեն ճշմարտություններ են, որովհետև մարդկային կյանքը հիմնված է այս արժեքների վրա: Աստված այս արժեքներով առաջնորդվեց՝ մարդուն և աշխարհն արարելիս: Մեղքն արարչության հիմքում չկար: Մեղքը և չարն առաջացան աստվածային շնորհների բացակայության արդյունքում, դրա համար էլ սխալ է լավն ու վատը համեմատության մեջ դնել: Ճշմարիտ է վատը նկատելն ու փորձել այն բարությամբ հաղթահարել: Միայն քննադատությամբ ոչինչ չենք փոխի:

Մարդկության պատմության մեջ շատերն են փնտրել և փնտրում ճշմարտությունը և ամենահայտնի օրինակներից մեկը հենց Պիղատոսինն է: Հատկանշական է այն փաստը, որ Պիղատոսը շատ մոտ էր կանգնած Ճշմարտությանը, բայց նա պատրաստ չէր և չցանկացավ ճանաչել:

Ճշմարտությունը ոչ միյան պետք է տեսնել, այլ նաև՝ հանուն ճշմարտության ընտրություն կատարել: Առաջին հայացքից թվում է, թե առանց ճշմարտության շատ ավելի հեշտ է ապրելը. մարդն ավելորդ հարցեր իրեն չի տալիս, կյանքը չի բարդացնում: Ստացվում է այնպես, որ մարդը դադարում է որոշումներ կայացնելուց և դառնում է թելադրված հանգամանքների գերին: Որպեսզի մարդն ինքը ստեղծագործի, արժեքներ ու սկզբունքներ մշակի, նա պետք է հետևի ճշմարտությանը, իսկ սա, իհարկե, շատ ավելի բարդ ճանապարհ է:

Երբ Քրիստոս ասում էր՝ Ես եմ Ճշմարտությունը, Ճանապարհը, Կյանքը, Նա ոչ թե Իր Անձի հատկանիշներն էր թվարկում, այլ ցույց էր տալիս մարդու անցնելիք ճանապարհը: Սա ճանապարհ է, որ Քրիստոս մեզ առաջարկում է անցնել՝ հետևելով Իր օրինակին:

Աստվածաշնչյան պատվիրաններից մեկն ասում է, որ պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, հոգով և մտքով: Սա նույնպես հստակ ճանապարհ է, որ Աստված ցույց է տալիս մարդուն. սրտի, հոգու և մտքի ճանապարհ:

Սիրտն այն դուռն է, որը պիտի բաց անել աստվածային սիրո և շնորհների առաջ: Քրիստոս ասում է՝ Ես բախում եմ ձեր սրտի դուռը: Հոգին խորն ու անսահման մի տարածություն է, որը պիտի լցվի: Հոգին այն տարածքն է, որը միշտ լցվելու կարիք ունի, և մարդու կյանքի որակը մեծապես կախված է հենց հոգու «պարունակությունից»: Իսկ թե երբ բացել սիրտը և ինչով լցնել հոգին, այս հարցերի պատասխանը օգնում է գտնել միտքը, բանականությունը:

Ի՞նչ է մարդկային կյանքը. մանկությունից մինչև ծերություն ձգվող մի ընթացք, որը գրեթե բոլորի մոտ նույնն է՝ չնչին բացառություններով: Երբ հայացք ենք գցում այս ընթացքին՝ կյանքը շատ անհետաքրքիր մի բան է թվում: Եթե մենք փորձենք այս ամենի մեջ իմաստ գտնել՝ հավանաբար դժվար կլինի, որովհետև մարդկային կյանքի իմաստն այստեղ չէ: Կյանքի իմաստի փնտրտուքն սկսվում է մարդու ազատ ընտրությունից՝ հավա՞տք թե՞ անհավատություն: Հավատացյալ մարդու համար կյանքի իմաստը լրիվ այլ արժեք է, իսկ անհավատ մարդու համար՝ այլ:

Հոգևոր կյանքը երկու դրսևորում ունի՝ արտքին և ներքին: Արտաքին դրսևորումը սովորաբար անհավատի կողմից է քննարկվում և մեկնաբանվում, ներիքն դրսևորումը հավատացյալն է զգում և ընկալում: Արատաքին առումով կրոնն աշխարհայացք է, իսկ ներիքն առումով՝ Աստծո ներկայության հստակ գիտակցություն, երբ կրոնը վերածվում է հավատքի: Կրոն` նշանակում է միավորում: Մեղքը քանդեց մարդու և Աստծո միությունը, իսկ կրոնը կոչված է այդ խախտված միությունը վերականգնելու: Հավատքը ենթադրում է Աստծո նկատմամբ վստահություն, հավատարմություն և առաքինի կենցաղավարություն: Մարդկանց հավատքից կամ անհավատությունից Աստծո էությունը չի փոխվում, պարզապես մարդու կյանքն ու արժեքներն են այլ երանգ ստանում:

Ոչ մի գիտական փաստարկ չի կարող ժխտել այն փաստը, որ մարդկային հոգին դատարկ է և այդ դատարկությունը պետք է լցնել: Հոգևոր պահանջի և բավարարվածության խնդիր ամեն մարդ էլ ունի, և ակնհայտ է այն փաստը, որ բարիք գործելն է մարդուն տալիս լիարժեքորեն բավարարվածության զգացողություն: Մարդու՝ կատարելության ձգտումն է տանում դեպի ճշմարտություն, դեպի Աստված:

Հավատացյալ մարդն իր կյանքի իմաստը տեսնում է բարոյականության, առաքինության և Աստծո ներկայության մեջ: Մենք բոլորս էլ Աստծո մեջ ենք փնտրում ճշմարտությունը:

Քրիստոնեությունը սովորեցնում է, որ ճշմարտությունն Աստված է՝ անհասանելի, բայց ճանաչելի Իր Հայտնությամբ:
Հոգևոր կյանքը կարևոր դեր ունի ճշմարտության բացահայտման գործում: Հոգևոր կյանքի մեջ է մարդը փորձում ճանաչել իրեն և սա էլ դեպի ճշմարտություն տանող մի ճանապարհ է: Թեև ինքնաճանաչողության տարբեր ճանապարհներ կան, բայց քրիստոնեությունն առաջարկում է իրենը. հասկանալ Քրիստոսի ինքնազոհաբերման խորհուրդը, և այդ խորհրդի մեջ բացահայտել սեփական անձի կարևորությունն ու առաքելությունը: Այս ճանապարհին է, որ մերժվում է մեղքն ու կարևորվում աղոթքը:

Տեր Եսայի քհն. Արթենյան

Աղբուր՝ Holytrinity.am