Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Ձյունանուշը

Երբ Լիլիթը մտավ խոհանոց, տատիկը զարմացավ.

- Ինչո՞ւ ես այդքան շուտ արթնացել, Լիլիթ ջան, գնա, գնա մի քիչ էլ քնիր:

- Չեմ ուզում, տատի,- ուրախ ասաց Լիլիթը:- Նայիր լուսամուտին ու տես, ախր ձյուն է եկել, ձյո՜ւն…

-Հա, գիտեմ, գիշերը ձյուն է եկել, բալիկ ջան: Ես էլ եմ ուրախացել:

Լիլիթը մոտեցավ պատուհանին եւ հպվեց ապակուն:

- Դու գիտե՞ս, տատի, թե որտեղ է ապրում Ձմեռ պապին:

- Անտառում, իր թոռնիկի՝ փոքրիկ Ձյունանուշիկի հետ:

- Գեղեցիկ է, չէ՞, Ձյունանուշիկը:

- Շատ:

- Իսկ դու տեսե՞լ ես նրան, տատ:

- Տեսել եմ: Քեզ նման գեղեցիկ է, միայն քո մազերը սեւ են, իսկ նրանը՝ ոսկեգույն եւ երկար, նրա շորերը ոսկեթել են:

- Ով է գնել նրա ոսկեթել շորերը:

- Ձմեռ պապն է նվիրել նրան:

Լիլիթը մատը դրեց շուրթերին, մտածեց-մտածեց ու ասաց.

- Տատի ջան, Ձմեռ պապին, թող ինձ էլ այդպիսի շորեր ուղարկի: Չէ՞ որ ես էլ եմ նրա թոռնիկը:

- Լավ, - համաձայնեց տատը, - ես նրան կխնդրեմ, բայց դու գնա, գնա քնիր;

Քնեց ու, ահա, ինչ երազ տեսավ: Զարդարված տոնածառ, կողքին կանգնած է գորշ գայլը նապաստակի հետ: Ահա եւ Ձմեռ պապիկը, որ ուրախ իրեն է նայում: Հետո Ձմեռ պապիկը Լիլիթին կանչեց իր մոտ: Լիլիթը մոտեցավ նրան, բռնեց նրա ձեռքը…Ահա ինքը Ձմեռ պապիկի հետ սահնակ նստած՝ սլանում են ճանապարհով: Ահա նրանք անտառի մեջ են…Մի քիչ էլ գնացին ու մտան ձյունե մի պալատ: Սրահի մեջտեղը դրված է մի ուրիշ մեծ տոնածառ՝ զարդարված բազմաթիվ խաղալիքներով: Տոնածառի գագաթին կարմիր աստղս է փայլում: Լիլիթը հիացմունքից թռվռաց ու սկսեց երգել.

Տոնածառ ջա՛ն, տոնածա՜ռ.

Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ պայծառ…

Նրան մոտեցավ կապույտ աչքերով մի աղջիկ.

- Ես գիտեմ դու Լիլիթն ես, արի միասին խաղանք:

Նրանք խաղացին երկար: Աղջիկը դուրս եկավ սրահից ու քիչ հետո վերադարձավ Ձմեռ պապիկի հետ, ձեռքին մի մեծ փաթեթ:

Ձմեռ պապին ասաց.

- Այս փաթեթը ես եւ իմ թոռնիկ Ձյունանուշիկը քեզ ենք նվիրում, Լիլիթ ջան, վերցրու:

Լիլիթը բացեց փաթեթը: Իսկ փոքրիկ փաթեթի մեջ ոսկեթել զգեստներ էին եւ փայլուն կոշիկներ: Աղջիկը հրճվանքից համբուրեց Ձյունանուշիկին ու հագավ դրանք: Հետո ինքն ու Ձյունանուշը պարեցին: Հանկարծ Լիլիթը սայթաքեց ու վայր ընկավ…

Լիլիթն արթնացավ, նայեց չորս կողմն ու …ոչ Ձմեռ պապիկը կար, ոչ էլ Ձյունանուշիկը…Լիլիթն ուզեց տզզալ, բայց ներս մտավ տատը՝ ձեռքին մի մեծ , շատ մեծ փաթեթ: Դրա մեջ ոսկեթել զգեստներ կային Լիլիթի համար, փայլուն կոշիկներ ու շատ-շատ խաղալիքներ:

Սա արդեն երազ չէր…

Ալինա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am