Այսպէս է ասում Տէրը. «Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի» (Տիմոթեոս 2:3-5)

Հովհաննես Գ Օձնեցի

(717-728)

Եղիա Արճիշեցուց հետո կաթողիկոսական աթոռ բարձրացավ սբ Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսը՝ Տաշրաց սեպհականության մեջ մտնող Օձուն նշանավոր գյուղից: Նա իր գործունեությամբ, որով փայլեց թե՛ գրական եւ թե՛ վարչական ասպարեզներում, մեծ հռչակ բերեց Հայոց Եկեղեցուն եւ ստացավ Իմաստասեր մականունը: Իր իսկ խոստովանությամբ՝ աշակերտել է Թեոդորոս Քռթենավոր վարդապետին, եւ պատմիչների խոսքերով, տեղյակ էր «քերթողական շարագծաց, մասանց բանի եւ մասնականաց, վարժից սեռից, տարբերութեանց, հանգամանաց եւ պատահմանց, անջատից եւ անանջատից, եւ կրթական վարժից թէոնականաց» (Հովհ. Դրասխանակերտցի): Ամեն ինչից դատելով՝ նա վարժ էր հունական դպրության մեջ, չնայած այդ մասին ինքը ոչինչ չի հայտնում: Սակայն կրոնական եւ քաղաքական խնդիրներում նա իրեն հեռու էր պահում թե՛ կայսրությունից եւ թե՛ կայսերական եկեղեցուց: Պետք է ենթադրել, որ մինչեւ կաթողիկոս դառնալը ձեռնադրված է եղել եպիսկոպոս՝ պաշտոնավարելով Գուգարքի մի որեւէ գավառում, շատ հնարավոր է՝ հայրենի գավառում:

Ասողիկը սբ Հովհաննես Գ Օձնեցուն ներկայացնում է որպես տեսքով հույժ գեղեցիկ, Կիրակոս Գանձակեցին՝ վայելուչ հասակով, Հովհաննես Դրասխանակերտցին՝ թիկնավետ, գունյան, ավարտահասակ դիտակ ունեցող, որը սիրում էր շքեղ հագնվել, անգամ եկեղեցու քարերը գեղեցիկ զարդերով պճնազգեստել, սակայն կյանքն անցկացնում էր պահքով, աղոթքներով եւ ամենագիշեր տքնությամբ: Հովվապետել է 11 տարի, չնայած մի սկզբնաղբյուր նրան վերագրում է 15 տարվա աթոռակալություն: Հետեւաբար նրա կաթողիկոսությունն ընկնում է 717-728 թթ. միջոցին: Այս շրջանում արաբական խալիֆներ են եղել Օմար Բ-ն (717-720), Եզիդ Բ-ն (720-724) եւ Հիշամը (724-743), իսկ Բյուզանդիայում իշխել է Լեւոն Գ Իսավրացին (717-741): Հայաստանի արաբական մասում Աբդուլ-Ազիզը ոստիկան եղավ 16 տարի (708-724՝ ըստ Մ. Օրմանյանի), որին հաջորդեց Վլիթը կամ Վալիդը, իսկ հայոց պատրիկ դարձավ Վասակի որդի Աշոտ Բագրատունին, որը պաշտոնավարեց 15 տարի:

Օձնեցու գործունեության մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում նրա արաբական խալիֆին կամ ամիրապետին այցելելը, որը տեղի ունեցավ Օմար Բ-ի օրոք, այսինքն՝ 720 թվից առաջ: Այցելության պատճառ դարձավ Արմինիայի ոստիկանի՝ խալիֆի մոտ կաթողիկոսի գեղեցկության եւ փառավորության մասին հիացմունքով արտահայտվելը, որը շարժեց արաբական ամիրապետի հետաքրքրությունն այն աստիճանի, որ վերջինս ցանկացավ նրա հետ անձամբ հանդիպել: Չնայած աղբյուրներում կաթողիկոսին ներկայացնող ոստիկանը համարվում է Վլիթը, այնուամենայնիվ թերեւս ճիշտ է Մ. Օրմանյանը՝ գտնելով, որ այն կարող էր լինել Աբդուլ-Ազիզը՝ Դամասկոս վերադառնալիս: Խալիֆի՝ Օձնեցուն ուղարկված հրավերը Հայաստան բերեց Վլիթը, իսկ մի հատուկ պաշտոնյա էլ ուղարկվել էր՝ նրան Դամասկոս ուղեկցելու համար: Դժվար չէ կռահել, որ Հայոց կաթողիկոսին ուղեկցում էր նաեւ եկեղեցականների եւ իշխանների մի պատկառելի պատվիրակություն:

Դամասկոսում Հայոց կաթողիկոսը ներկայացավ խալիֆին՝ փայլուն եւ պաղպաջուն զգեստներով պճնված, աղեբեկ ծաղկյալ մորուսը ոսկեփունջ կազմած եւ օպնիազից պատրաստված ոսկենկար գավազանով: Խալիֆին հիացրեց կաթողիկոսի գեղեցկությունը, որն արտասովոր էր եւ միշտ էլ ուշադրության արժանի հին ժողովուրդների մոտ: Արարողակարգի պարտադիր ձեւականություններն ավարտելուց հետո խալիֆը նրա համար աթոռ բերել տվեց եւ խոսակցություն բացեց նրա պճնասիրության շուրջ: Խնդիրն այն է, որ Օմար Բ-ն հայտնի է որպես ըստ ամենայնի պարզասեր անձ, արքունական ճոխություն չհանդուրժող, բարեգործ ու բարեսեր, որը կարգադրել էր արգելել իր նախորդների ժամանակներից ծնունդ առած պերճության եւ շքեղության սովորույթները: Խալիֆը, դիմելով Օձնեցուն, ասաց, թե ինքը լսել է, որ քրիստոնյաների մարգարե Հիսուսը եղել է հեզ ու խոնարհ, աղքատությունը սիրող, պարկեշտ եւ ճոխությունից հեռու անձ, որ Նրան հաջորդած քրիստոնյա հին առաջնորդներն էլ մեծությունից ու փարթամությունից առավել սիրել են աղքատությունն ու գծծությունը, ուստի ինչպե՞ս է ստացվել, որ նրանց հետեւորդ Օձնեցին ներկայանում է այդպես շքեղությամբ: Կաթողիկոսն էլ այդ հարցմանը պատասխանեց, որ այդ ամենն իրավ է, սակայն նրանք իրենց իշխանությունը գործադրելու եւ ժողովրդի վրա ազդեցություն ունենալու համար հրաշագործության ուժ ունեին եւ այդ պատճառով էլ արտաքին պերճության կարիք չունեին: Եվ քանի որ ինքն այդ ուժը չունի, նա պարտավոր է ուշադրություն դարձնել արտաքին նշաններին, որոնցով շարժվում է ամբողջ աշխարհը, եւ որոնք օգտագործում է նաեւ ինքը՝ խալիֆը: Շարունակելով իր միտքը զարգացնել՝ Օձնեցին ավելացնում է, որ եթե ժողովուրդը խալիֆին տեսնի քուրձ հագած, ապա ոչ նրան կպատվի եւ ոչ էլ կիմանա նրա ով լինելը: Բացատրելով իր ճոխ եւ պերճ հագնվելու շարժառիթները՝ Հայոց կաթողիկոսն իր անձնական կյանքն իմանալու համար խալիֆին առաջարկում է, որ ներկա եղողները հեռանան, որից հետո, երբ մնացել էին ինքն ու ամիրապետը, Օձնեցին հանում է իր ճոխ զգեստները, եւ ամիրապետը նրանց ներքո տեսնում է այծյա ցփսիներ կամ խոշոր խարազներ: Արաբական խալիֆը զարմանում է՝ այդ ամենը տեսնելով, եւ զմայլվելով նրա առաքինությամբ՝ ավելի մեծ հարգանքով է նրան վերաբերվում եւ արժանացնում է բազմաթիվ պատիվների:

Ի թիվս տրված պարգեւների՝ արաբական խալիֆը հայտարարեց Հայոց կաթողիկոսին, որ նրա ցանկացած խնդրանքը կկատարի: Օձնեցին նրան դիմեց երեք խնդրանքով, այն է, որ դադարեցվեն քրիստոնյաներին բռնի հավատուրացություն ստիպելու փորձերը, որ եկեղեցիները եւ եկեղեցականներն ապահով լինեն, եւ որ քրիստոնյաները, ուր էլ գտնվեն, ազատորեն դավանեն իրենց կրոնը: Շատ լավ ծանոթ լինելով արեւելյան միապետների փոփոխամտությանը՝ կաթողիկոսը խնդրեց այդ ամենը հաստատել հատուկ հրովարտակով՝ խոստանալով իր կողմից, որ հայերը նրան հավատարմորեն կծառայեն: Կիրակոս Գանձակեցու հավաստմամբ՝ խալիֆը կարգադրեց հրովարտակը պատրաստել եւ տեսնելով, որ Հայոց հայրապետն անձնապես ոչինչ չի խնդրում իր համար, հրամայեց նրան յոթ անգամ խիլայել, այսինքն՝ յոթ անգամ մեծարեց գեղեցիկ արքունի հագուստներով, որ Արեւելքում մեծ պատիվ էր համարվում: Բացի այդ, նա Օձնեցուն ոսկե եւ արծաթե գանձեր նվիրեց եւ թիկնապահ գնդով մեծ պատվով ուղարկեց Հայաստան: Ղեւոնդի հավաստմամբ՝ խալիֆը թույլ տվեց բոլոր գերյալներին վերադառնալ իրենց բնակության վայրերը: Անշուշտ, այստեղ խոսքը վերաբերում է Նախճավանի եւ Խրամի եկեղեցիներում հայ նախարարության ողջակիզումից հետո Արաբիա քշված հայ բռնագաղթվածներին: Կարելի է չկասկածել, որ այդ եւս արվեց Օձնեցու միջնորդությամբ:

Հովհաննես Օձնեցու այս ուղեւորությամբ հայ քաղաքական եւ հոգեւոր շրջանները վերջնականապես խզեցին իրենց հարաբերությունները Բյուզանդական կայսրության հետ եւ փորձեցին հարմարվել արաբական տիրապետությանը: Հայաստան ուղարկված զորքերի միջոցով բյուզանդացիները վտարվեցին արաբական մասից, իսկ վերակացուներն ու զինվորները, աճապարանքով թողնելով երկիրը, ստիպված եղան իրենց ունեցվածքի մի մասը թաղել հողում: Կրոնական հարցում Օձնեցին խստորեն հետապնդեց քաղկեդոնականությանը Հայաստանի արաբական մասում, որը բյուզանդացիների քաղաքական հաջողության շրջանում տեղ-տեղ արմատներ էր ձգել անգամ արաբներին ենթակա հայկական երկրամասերում: Հասկանալի է, որ բյուզանդական տիրապետության տակ գտնվող հայկական երկրամասերում հայ հոգեւորականությունն ու բնակչությունը նշանակալից չափով ստիպված էին հետեւել քաղկեդոնականության: Այնպես որ, հազիվ թե կարելի է համաձայնել Մ. Օրմանյանի հետ, թե բյուզանդական Հայաստանի հայությունը նույնպես գտնվել է Հայոց Առաքելական Եկեղեցու, եթե ոչ ենթակայության, ապա ազդեցության ներքո: Այլ հարց է, որ Լեւոն Իսավրացին, լինելով պատկերամարտության ջատագով, քաղկեդոնականության մոլեռանդ պաշտպանությամբ հանդես չէր գալիս:

Այսուհանդերձ հայերի մեծ մասի հակաբյուզնադական դիրքորոշումը խիստ անհանգստացրեց բյուզանդական կայսերը, որը Վասիդ իշխանին հատուկ դեսպանությամբ ուղարկեց Հայաստան, որը նպատակ ուներ պարզելու, թե ինչու է նա այդ չար բանը կատարել՝ ի նկատի ունենալով հայերի մերձեցումը արաբներին: Դեսպանության գործունեության եւ բանակցությունների մասին ոչինչ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ Վասիդ իշխանը ծանր հիվանդացավ, որին բժիշկները ոչնչով չկարողացան օգնել, իսկ երբ Հայոց կաթողիկոսը նրան առժամանակ առողջացրեց, նա ընդունեց Հայ Առաքելական Եկեղեցու դավանանքը եւ հաստատվելով Հոռոմայրում՝ 15 տարի անցկացրեց ճգնավորությամբ՝ որպես Հայոց Եկեղեցու հավատացյալ:

Ղեւոնդի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Օմարը քրիստոնեությունը քննադատող նամակ է ուղարկում բյուզանդական կայսր Լեւոն Իսավրացուն, իսկ վերջինս էլ նրան հերքողական պատասխան է գրում՝ պաշտպանելով քրիստոնեությունը եւ Սուրբ Գիրքը իսլամական վարդապետության հարձակումներից: Դժվար է ասել, թե որքանով էր կապված կայսեր պատասխանի հետ, այնուամենայնիվ խալիֆ Օմար Բ-ն վերջ տվեց քրիստոնյաների նկատմամբ մինչ այդ տեղ գտած բռնություններին: Մյուս կողմից բյուզանդական կայսեր պատկերամարտ ընթացքն ավելի շատ ուղղված էր քաղկեդոնականության դեմ, որի ծեսերի մեջ պատկերապաշտությունը կարեւոր տեղ էր զբաղեցնում, իսկ իսլամում բացարձակապես արգելված էր: Պատկերամարտությունը, որին ծնունդ էր տվել Հերապոլսի եպիսկոպոս Զենոնը, նրա ժամանակներում առանձին տարածում չէր գտել եւ միայն իսավրական ծագում ունեցող Լեւոն կայսն էր վերցրել իր հովանավորության ներքո՝ կարգադրելով ոչնչացնել պատկերները եկեղեցիներում եւ հասարակական վայրերում: Պատկերապաշտության դեմ պայքարն ուժեղացավ կայսեր 724 թվականի հրովարտակի հրապարակումից հետո: Ոչնչացվում էին ոչ միայն սրբապատկերները, այլեւ հալածվում եւ աքսորվում էին սրբապատկերների պաշտպան հոգեւորականները: Պատկերամարտությունը, հասկանալի պատճառներով, հայերի մեջ առանձին ազդեցություն չունեցավ, քանի որ Հայոց Եկեղեցին սրբապատկերների հարցում խիստ զգուշավոր էր, չնայած բացահայտ պատկերամարտ բնույթ չուներ:

Հավանաբար 720 թվին Հովհաննես Օձնեցին, վերադառնալով Դամասկոսից, եկեղեցական ժողով գումարեց Դվնում: Ժողովին մասնակցեցին երեսունից ավելի եպիսկոպոս, Աշոտ պատրիկը եւ նշանավոր նախարարները: Գեղեցիկ ճառով հանդես եկավ կաթողիկոսը՝ անդրադառնալով իր կյանքի սկզբնական շրջանին, կաթողիկոս ձեռնադրվելուն, եկեղեցական բարեկարգություններին, ժամանակի խնդիրներին ու պետքերին: Այս բացման խոսքը, որպիսին չի հանդիպում նախորդ դարերում, վկայում է Հայոց հայրապետի մեծ արժանիքների մասին: Ճառի բովանդակությունը, իրոք, վկայում է կաթողիկոսի իմաստասիրական, աստվածաբանական եւ ծիսական հարցերում կաթողիկոսի ունեցած մեծ հմտությունը՝ ցույց տալով արարողական պաշտամունքի գաղտնի նշանակությունները բացատրելու նրա առանձնահատուկ ունակությունը:

Դվինի ժողովը 32 կանոն ընդունեց, որոնք տեղ են գտել թե՛ «Կանոնագիրք Հայոց»-ում եւ թե՛ ատենաբանության մեջ, որոնք հրատարակված են: Առաջին երկու կանոններն ուղղված էին եկեղեցականների եւ աշխարհականների արբեցության դեմ, որոնք զրկված էին հաղորդությունից, իսկ դրա մեջ համառող եկեղեցականները կարգալույծ էին արվում: Հաջորդ երեք կանոնները վերաբերում էին պսակին: Պսակն արգելվում էր կիրակնամուտին, Զատկի ճրագալույցին եւ Զատկի քառասունքից մինչեւ Հոգեգալուստ: Արգելվում էին նաեւ հարբեցողությունը, զեխությունը, եւ հրամայվում էր պարկեշտությամբ ընդունել պսակի եւ հաղորդության խորհուրդները: Պսակը հետաձգվում էր, եթե քահանան իմանար, որ կանոնական որոշումները չեն հարգված: Պսակին էին վերաբերում նաեւ ԺԵ եւ ԺԶ կանոնները: Զ եւ Է կանոններն անդրադառնում էին Մեծ պահքի եւ կիրակի օրերին, որպեսզի պատարագը չխափանվի, իսկ պահելը կամ լուծումները թողնվում էին յուրաքանչյուրի կամքին: Կանոնների համաձայն՝ մեռոնը պետք է օրհներ հայրապետը, իսկ եպիսկոպոսները՝ միայն Զատկի հինգշաբթի օրը: Քահանաները դրա իրավունքը չունեին: Նրանք կարող էին օրհնել միայն մկրտության ձեթը եւ այն էլ՝ ամեն անգամ զատ-զատ: Պատարագի սեղանը պետք է լիներ քարից եւ անշարժ, եւ ոչ՝ փայտից եւ շարժուն:

Քարից պետք է լինեին նաեւ մկրտության ավազանները: ԺԷ-ԻԴ կանոնները կարգավորում են ժամերգության խնդիրները, ԻԶ եւ Լ կանոնները ցույց էին տալիս Հայտնության ջրօրհնեքի եւ ութօրեքի ավետարանները: Մյուս կանոնները վերաբերում էին փայտե կամ որեւէ այլ նյութից պատրաստված խաչերին, որոնք կարող էին երկրպագվել միայն օրհնվելու եւ օծվելու դեպքում, իսկ օրհնվելու եւ օծվելու դեպքում պետք է պաշտպանվեին ամենայն նախանձախնդրությամբ, արգելում էին հաղորդվել եւ կենակցել ամեն տեսակի հերետիկոսների հետ՝ հատկապես մծղնյացիների եւ պավլիկյանների, որոնք պետք է ենթարկվեին խոշտանգումների եւ ծանր պատուհասների, իսկ համառելու դեպքում՝ արտաքսվեին Եկեղեցուց եւ այլն:

Օձնեցու կարեւոր գործերից եղավ Հայոց Եկեղեցու կանոնական որոշումների հավաքումը մեկ գրքի մեջ, որ հայտնի է «Կանոնագիրք Հայոց» անունով: Այն հնարավորություն էր տալիս հոգեւորականներին դյուրությամբ կողմնորոշվել բազմաբնույթ խնդիրները լուսաբանելու հարցում: Այս աշխատանքը Հայոց կաթողիկոսը կատարեց անձամբ՝ ուղեցույց ունենալով թեոդոսյան եւ հուստինիանոսյան հայտնի ժողովածուները: Ժամանակագրական կարգով «Կանոնագիրք Հայոց»-ն ավելի հին է, քան Իսիդորոս Մերկատորի կազմածը, որն իններորդ դարի գործ է: Օձնեցու կազմած «Կանոնագիրք Հայոց»-ը, անշուշտ, մեզ չի հասել անփոփոխ ձեւով: Ավելի ուշ այն բազմաթիվ հավելումներ է ունեցել, որը միանգամայն տրամաբանական էր եւ բացատրելի: Սակայն նրա մեջ հայտնվել են նաեւ անվավեր հատվածներ, որոնք գրիչների կամայականության արգասիք են: Օձնեցու կազմածն ավարտվում է «Կանոնք Տեառն Յովհաննիսի Իմաստասիրի Հայոց կաթողիկոսի» հատվածով: Ինչ վերաբերում է կառուցվածքին, ապա այն առանձին գրվածքի նյութ է: «Կանոնագիրք Հայոց»-ը բազմաթիվ ձեռագրերի համադրությամբ եւ քննությամբ երկու հատորով հրատարակեց Վազգեն Հակոբյանը (Երեւան, 1964):

Մաղաքիա Օրմանյանն Օձնեցուն է վերագրում նաեւ «Գիրք թղթոց»-ի ստեղծումը, չնայած այդ մասին որոշակի տեղեկություններ չեն պահպանվել: Եվ պետք է խոստովանել, որ հայոց մեծ երախտավորի տեսակետն արժանի է լուրջ վերաբերմունքի, քանի որ այս աշխատանքն իր բնույթով շատ նման է նախորդ ժողովածուին, եւ ամենայն հավանականությամբ՝ դրա ստեղծման գաղափարը կարող էր ծնվել Հովհաննես Գ կաթողիկոսի հզոր ուղեղում: Համենայն դեպս, խոսք անգամ չի կարող լինել Մովսես Ցուրտավացուն «Գիրք թղթոց»-ի հեղինակ հռչակելու մասին, ինչպես կարծում են որոշ ուսումնասիրողներ:
Օձնեցու ծառայությունը մեծ է դավանաբանական եւ բարեկարգական խնդիրների պարզաբանման ասպարեզում: Նա թողել է մի քանի ճառեր, որոնցից երկուսն ուղղված են պավլիկյանության եւ երեւութականության դեմ՝ հերքելով դրանց վարդապետությունները, բացահայտելով մոլորությունները եւ դրանց ծագումնաբանական խնդիրները: Հայոց կաթողիկոսն այդ ճառերում հանդես է բերել Աստվածաշնչի եւ եկեղեցական գրականության մեծ քաջիմացություն, արտաքին կամ հեթանոսական հեղինակների երկասիրությունների լայն իմացություն, սուր եւ ճոխ միտք:

Օձնեցին Հայոց Եկեղեցու ժամերգության կանոնավորողներից ու մեկնիչներից է, որը հետամուտ է եղել ոչ միայն ժամերգության կարգավորության բացահայտմանը, այլեւ ճոխացրել է այն եւ կատարելագործել: Մ. Օրմանյանի կարծիքով՝ բացի մեզ հասած զանազան հատակոտորներից, Հայոց հայրապետը, հարկավ, գրել է ընդարձակ մեկնություն ժամերգության մասին, որը սակայն մեզ չի հասել: Օձնեցին, հավանաբար, գրել է իր կանոններին համապատասխան աղոթքներ եւ հեղինակ է մի շարք ընտիր շարականների:

726 թվին Հովհաննես Օձնեցին գումարեց Մանազկերտի ժողովը, որի նպատակը հայոց եւ ասորվոց միջեւ տեղ գտած ընդհարումներին վերջ տալն էր: Մեջտեղ էր եկել Սեւերոսի եւ Հուլիանոսի տարաձայնության հետեւանքով երկփեղկված ապականության խնդիրը՝ անգամ միաբնակների շրջանում: «Ի հարկէ» կամ «ի կամաց» ապականության տարբերության խնդիրն այնպես աղավաղվեց Սեւերոսի եւ Հուլիանոսի հետեւորդների կողմից, որ սեւերյանները հանգեցին աստվածաչարչարության, իսկ հուլիանյանք՝ երեւութականության, որոնցից առաջինը տարածվել էր ասորիների, եւ երկրորդը՝ հայերի շրջանում: Երկու կողմերի հոգեւոր առաջնորդներն աշխատում էին ուղղափառ վարդապետության սկզբունքները ճշտել, քանի որ երկու ասորի հոգեւոր այրեր՝ Բարշապուհ կամ Բարխադբըշաբբա Նփրկերտցի քահանան եւ Գաբրիել Բեթեգրացի սարկավագը սխալ գրություններով եւ սուտ ամբաստանություններով վիճակն այնպես էին բարդացրել, որ անհրաժեշտ էր կարգավորել երկու Եկեղեցիների միջեւ եղած հարաբերությունները: Ասորվոց Աթանաս Գ Անտիոքացի պատրիարքը եւ Հովհաննես Գ Օձնեցի Հայոց կաթողիկոսը նամակագրություն հաստատեցին, որի արդյունքում էլ ծագեց եկեղեցական ժողով գումարելու խնդիրը: Սկզբում նախատեսվում էր ժողովն անցկացնել Արզոնում կամ Արզնում, սակայն Արմինիայի ոստիկան Վալիդի կամ Վլիթի հարկադրանքով որոշվեց ժողովատեղի դարձնել Ապահունյաց գավառի Մանազկերտ քաղաքը: Ժողովին մասնակցեցին Հայոց կաթողիկոսը՝ 23 եպիսկոպոսներով եւ 8 վարդապետներով, եւ ասորվոց պատրիարքը՝ 6 եպիսկոպոսներով:

Հայկական կողմից մասնակցեցին Հարքի Աղբեոս, Ոստանի Թադեոս, Մամիկոնեից Սահակ, Բասենի Հեսու, Տայոց Սարգիս, Բզնունյաց Թեոդորոս, Արշամունյաց Թեոդորոս, Արշարունյաց Գրիգորիս, Ասպակունյաց Ներշապուհ, Ամատունյաց Հաբել, Ռշտունյաց Դավիթ, Արծրունյաց Հովսեփ, Վանանդի Գրիգոր, Խորխոռունյաց Նարկիսոս, Գողթնի Եսայի, Գնունյաց Հովհաննես, Ռոտակաց Գեորգ, Բագրատունյաց Հովսեփ, Բագրեւանդի Միքայել, Ապահունյաց Երեմիա, Մարդաղքի Սողոմոն եւ Արզնի Գաբրիել եպիսկոպոսները եւ Խոսրովիկ Թարգմանիչ, Դավիթ Սուփրի, Սողոմոն Մաքենոցաց, Ռափայել Վանացերեց, Սիմեոն, Հովհաննես քորեպիսկոպոս, Տարոնի Գրիգոր, Սահակ Մանդակունի վարդապետները: Հիշատակվում է նաեւ Սասնո Սարգիս եպիսկոպոսը: Ասորական Եկեղեցին ներկայացնում էին Եդեսիայի Կոստանդին, Խառանի Շմավոն, Գերմանիկեի Թեոդորոս, Նփրկերտի Աթանաս, Գարայի Սիմոն, Սամոստիո Թեոդորոս եպիսկոպոսները: Նրանց հետ Մանազկերտ էր եկել նաեւ նշանավոր Խայան Տանուկայան, որը պետք է որ աստվածաբան վարդապետ լիներ: Հայոց Եկեղեցու կողմից հմուտ աստվածաբաններ էին Օձնեցին, Խոսրովիկ Թարգմանիչը եւ Գրիգորիս Արշակունին: Եղել են նաեւ նշանավոր քահանաներ ու վանականներ, որոնց անունները պատմությունը չի պահպանել: Նախարարների մասնակցության մասին հիշատակություն չկա:

Մանազկերտի ժողովի գլխավոր նպատակն ապականության ծայրահեղությունների, աստվածաչարչարության ու երեւութականության հերքումն էր եւ ուղիղ դավանության սկզբունքների ճշտումը: Դրանց համեմատ էլ կազմվեցին ժողովի կանոնները: Հավատո դավանություն ներկայացրեցին ասորվոց պատրիարքը եւ Հայոց կաթողիկոսը: Վերջինիս ներկայացրածը նման էր սովորական հանգանակի եւ միայն Քրիստոսի մարդեղության հարցում՝ կրից եւ ապականության կետերը մատուցում էր ընդարձակորեն, եւ վերջում ավելացված էին 10 նզովք, որոնք ընդունվեցին ժողովի կողմից: Ժողովը նզովեց թե՛ հուլիանյաններին եւ թե՛ սեւերյաններին:

Մանազկերտի ժողովի քննարկած կարեւոր խնդիրներից մեկն էլ քաղկեդոնականության հարցն էր: Երկու Եկեղեցիներն էլ հռչակեցին իրենց հակաքաղկեդոնիկ բնույթը եւ հերքեցին քաղկեդոնականությունը: Ժողովում նաեւ խոսվեց Ծննդյան տոնը դեկտեմբերի 25-ի՞ն, թե՞ հունվարի 6-ին կատարելու, սուրբ խորհրդի հացի խմորո՞ւն, թե՞ անխմոր, բաժակի ջրախա՞ռն, թե՞ անապակ լինելու մասին, որոնց խնդրում ասորիները տարբերվում էին հայերից: Սակայն Հայոց Եկեղեցին, ի դեմս Օձնեցու, անխախտ թողեց իր հնավանդ ծեսերը: Այլ խոսքով՝ երկու Եկեղեցիների միջեւ մի շարք հարցերում տարաձայնություններ մնացին: Քննվեցին նաեւ դավանաբանական մի քանի այլ խնդիրներ:

Մանազկերտի ժողովը սբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի, փաստորեն, կարապի երգն էր, որովհետեւ դրանից հետո այլեւս նշանավոր դեպքեր չեն արձանագրված: Կյանքի վերջին շրջանում նա առանձնացավ իր ծննդավայր Օձունում՝ իր համար բնակատեղի ընտրելով մի փոքր հեռու գտնվող Սոթից լեռը, ուր նա մեծ եկեղեցի էր կառուցել: Նա անցավ ճգնավորական կյանքի՝ ընկերակից ունենալով Գեւորգ Սքանչելագործ եւ Մատթեոս Խոտաճարակ վարդապետներին եւ այլ մենակյացների: Նա, ինչպես արդեն նշել ենք, մահացավ 728 թվին՝ մեծ հռչակ բերելով Հայոց Եկեղեցուն: «Յայսմաւուրք»-ը նրա հիշատակը դնում է ապրիլի 17-ին, այլ խոսքով՝ այդ օրը կարող է նրա մահվան օրը լինել: Թաղման տեղը հիշված չէ, սակայն ժողովուրդը նրա գերեզմանը՝ որպես ուխտատեղի, համարում է Արդվի գյուղը՝ Օձունի արեւմտակողմում:

Հովհաննես Գ Օձնեցու օրոք մյուս գերիների հետ Հայաստան վերադարձավ նաեւ Գողթնի Խոսրով իշխանի որդի Վահանը: Վերջինս ընդունել էր իսլամը, եւ Օմար Բ-ն չէր կամենում իր դիվանադպիրին թույլատրել վերադառնալ Հայաստան: Համոզելով, որ գնում է միայն իր հայրենի տիրույթի վիճակը պարզելու, դրան տիրելու եւ գործակալ նշանակելու նպատակով եւ որ դրանից հետո վերադառնալու է՝ Վահանը ստացավ խալիֆի համաձայնությունը: Օմար Բ-ն նրան հատուկ հրովարտակով հանձնեց Գողթնը: Հայաստանում լսելով խալիֆի մահվան մասին՝ նա այլեւս որոշեց չվերադառնալ Արաբիա եւ իսլամը թողնելով՝ վերադարձավ քրիստոնեության: Ամուսնացավ Սյունյաց իշխանադստրերից մեկի հետ, որի անունը հայտնի չէ: Այսպես նա ապրեց խաղաղության մեջ առնվազն մեկ տասնամյակ՝ մինչեւ նահատակվելը:

Աղբյուր՝ Qahana.am