Այսպէս է ասում Տէրը. «Հայրե՛ր, մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով» (Եփեսացիներ 6:4)

Արսեն Գրիգորյան. «Երգում եմ՝ ինչպես ապրում եմ»

Արսեն Գրիգորյանը ծնվել է 1968թ. Սիրիայի Ղամիշլի քաղաքում՝ 1915 թ. Հայոց ցեղասպանությունից և հայրենազրկումից հետո այստեղ հաստատված սասունցու ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո Սիրիայի Ջեզիրեի շրջանի հայ կաթողիկե առաջնորդ Անդրանիկ Այվազյանի միջամտությամբ իրագործել է Հայաստան վերադառնալու երազանքը: 1987 թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` աշակերտելով մեծանուն երգիչ Հովհաննես Բադալյանին: 2004թ. նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն և անձնագիր: Նույն թվականին Արսեն Գրիգորյանը հիմնել է «Հայ երգասաններ» մեներգիչներից կազմված խումբն ու Հովհաննես Բադալյանի անվան դպրոցը՝ իր սաների հետ իրականացնելով բազմաթիվ երաժշտական նախագծեր և մենահամերգներ: Բազմաթիվ համերգներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում: Նրա մասնակցությամբ են եղել ազգային, ավանդական և ժողովրդական երգարվեստի հանրահռչակմանն ուղղված հեռուստանախագծերը, որոնցից են Ազգային հեռուստաալիքի (այժմ՝ Հ1) եթերում՝ «Կիրակի» երաժշտական հաղորդման ժամանակ իր հեղինակային «Մրրո» նախագիծը: 2004 թ. Արսեն Գրիգորյանը հիմնել է «Մրրո» Հայ ազգային արվեստի կենտրոնը», որն այս տարիներին իրականացրել է բազմաթիվ մշակութային միջոցառումներ, համերգներ:

Արժանացել է բազմաթիվ մրցանակների, «Տարվա լավագույն ժողովրդական երգչի» կոչմանը, «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմին» և այլ պարգևների: Արժանացել է նաև մի շարք մեդալների` «Գարեգին Նժդեհ», «Զորավար Անդրանիկ», «Վարդան Մամիկոնյան»: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Ուղիղ 33 տարի առաջ հայրենադարձած երգիչը կյանքի յուրահատուկ ուղի է անցել ու անցնում… Հայրենիք, հայրենասիրություն, ընտանիք հասկացությունները նրա համար բացարձակ ու անվերապահ արժեքներ են:

Արսեն Գրիգորյանին հանդիպեցի տարեմուտի տոներից առաջ՝ զինկոմիսարիատում: Կնոջ՝ Սոնայի և դուստրերի՝ Նանենի և Անիի հետ ճանապարհում էին իրենց զինվորին՝ Գրիգորին: Նորակոչիկը հրաժարվել էր երաժշտական վաշտից. որոշել էր ծառայել ընդհանուր հիմունքներով: Այժմ հայկական բանակի հակաօդային պաշտպանության զորքերի ուսումնական զորամասերից մեկում է: Օրերս կայացավ նրա երդման հանդիսավոր արարողությունը: Ուսումնառությունն ավարտելուց հետո, որպես սերժանտ, Գրիգորը կմեկնի Արցախ՝ հիմնական ծառայավայր:

- Պարո՛ն Գրիգորյան, Դուք առանձնահատուկ ջերմությամբ ու հպարտությամբ եք խոսում Գրիգորի զինվորանալու մասին: Ի՞նչ է սա Ձեզ համար:

- Կտխրեինք, եթե հենց Արցախը չլիներ նրա ծառայելու վայրը: Փոքրուց դեռ միշտ պնդում էր՝ «Եղնիկներում» եմ ուզում ծառայել»: 7-8 տարեկանից զորամասերում իմ համերգներին ուղեկցել է ինձ: Զինվորները նրան ցույց էին տալիս զինատեսակները, սովորեցնում էին՝ ինչը ինչի համար է, տանկ էին նստեցնում, ոգևորվո՜ւմ էր: Երբեմն ասում են՝ «Մենք երազում ենք, որ այլևս ժամկետային զինծառայող չլինի մեր բանակում»: Լիովին սխալ է այս մոտեցումը: Մեր ազգի կարևոր հատկանիշներից մեկը արարելու ձգտումն ու կարողությունն է: Եվ հայերիս գենետիկ կոդն է՝ մեր իսկ ուժերով պաշտպանել այն, ինչն արարում ենք: Այսօր ինձ համար մեծ հպարտություն է, որ իմ որդին Հայոց բանակի համազգեստն է կրում: Մեր ընտանիքից էլ պետք է զենք վերցնող լիներ, փա՜ռք Աստծո. սա մեր հպարտությունն է: Երբ որդիդ հայոց բանակի համազգեստ է հագել ու երդվում է, որ պաշտպանելու է իր պետությունը, մեր ինքնությունը, մեր ֆիզիկական և բարոյական գոյությունը, դրանից ավելի մեծ երջանկություն չի կարող լինել:

- Ձեր արմատները Սասունից և Մարաշից են: Ցեղասպանության ժամանակ երկու կողմից էլ կորուստներ եք ունեցել…

- Հայրիկիս կողմից մի հոգի է ողջ մնացել՝ իմ սասունցի պապ Գրիգորը: Նա ծպտված մինչև 1920 թիվը Տիգրանակերտում է ապրել: Հույս է ունեցել, որ արդարությունը կվերականգնվի: Երբ հասկացել է, որ սին են հույսերը, տեղափոխվել է Ղամիշլի: Մայրական Արսեն պապս կյանքի վերջում, երբ հիվանդ էր, ու գիտակցությունը տեղը չէր, մղձավանջների մեջ անվերջ գոռում էր՝ «Եկա՜ն, եկա՜ն, մորթում են»: Մարդու աչքի առջև գառ են մորթում, ազդվում է, իսկ նրա աչքի առաջ ընտանիքի անդամներին էին գազանաբար սպանել: Մեր ընտանիքը նահատակվեց, որ մենք հայ մնանք: Կարող էին դավանափոխ լինել ու կապրեին: Ուստի՝ շատ բնական ու ճիշտ էր, որ մեր նահատակները սրբադասվեցին. նրանք զոհվեցին, որ մենք մեր հավատը, մեր տեսակը չկորցնենք:

- Ի՞նչ կարևոր ուղեցույց եք ստացել Ձեր մեծերից, ի՞նչ պատգամ են փոխանցել Ձեզ:

- Երկու պապերիցս էլ իմ լսած ամենակարևոր պատգամը սա է եղել՝ «Հա՛յ մնացեք», և «Հայ ես, ուրեմն, պետք է բարձր լինես, հայ ես՝ պետք է լավագույնը լինես, ամենալավը սովորես, ամենալավ արհեստավորը լինես…»:

Դեռ վեց տարեկան էի, երբ ընտանիքս Ղամիշլիից տեղափոխվեց Հասակե: Հայրս մեքենայի շարժիչներ էր վերանորոգում: Դրսի հետ մեր հարաբերությունները սահմանափակված էին հայկական միջավայրով: Երեխաներին չէր թույլատրվում փողոցում խաղալ, քանի որ չձուլվելու գերխնդիրն էր դրված հայ համայնքի առջև: Մեծանում էինք տան, եկեղեցու կամ ակումբի շրջանակներում: Դրանով համայնքը հայեցի էր պահվում: Եթե բացառիկ դեպքերում որևէ մեկը օտարի հետ էր ամուսնանում կամ, առավել ևս, եթե կրոնափոխ էր լինում, պետք է ընդմիշտ կրեր դավաճանի խարանը: Դպրոցում սովորելու հետ 12 տարեկանում ընդգրկվեցի Հասակեի կաթոլիկ համայնքին կից երաժշտախումբ, որտեղ տարիքով ամենափոքրն էի և միակ հայը: Մեկ տարի անց դարձա խմբի ղեկավար, բայց գիտակցում էի երաժշտական կրթություն ստանալու կարևորությունը, նաև երազում էի Հայաստան գալու մասին…

- Եվ եկաք…

- Ու առաջին իսկ օրը ուզեցի տեսնել Մասիսը՝ մոտիկից: Գնացի Խոր վիրապի մոտակայքում ապրող ընկերոջս տուն: Եղանակը մառախլապատ էր. իրիկնանում էր, իսկ Մասիսը անգամ չէր նշմարվում: Ասացին՝ «Ննջասենյակի պատուհաններից մեկը հենց Մասիսին է նայում»: Աթոռը դրեցի և ամբողջ գիշեր պատուհանից դուրս էի նայում՝ մինչև լուսաբաց: Ու ահա լուսադեմին այդ հսկան հայտնվեց ճիշտ դիմացս: Տե՜ր Աստված: Մինչև այժմ էլ ամեն անգամ, երբ հայացքս հանդիպում է Մասիսին, ապշում եմ այդ վեհությունից: Մեր պահապանն է Արարատը:

- Ձեր Հայաստան վերադարձն ու ուսանողական տարիները ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում ու կոնսերվատորիայում համընկան Արցախյան շարժման հետ: Անմիջապես հայտնվեցիք այդ հորձանուտում:

- Բայց դա հորձանուտ չէր ինձ համար: Իմ կյանքի ամենաթանկ տարիներն էին: Ես հիմա հպարտությամբ եմ հիշում, որ մենք՝ ուսանողներով, ասֆալտին էինք պառկում՝ խոչընդոտելով ռուսական տանկերի տեղաշարժը: Օր ու գիշեր նստում էինք կոնսերվատորիայի աստիճաններին և հայրենասիրական երգեր էինք երգում: «Նպատակիս հասնիմ միայն», «Գինի լից», «Ձայն տուր, ո՜վ ֆեդա» և շատ ու շատ այլ երգեր հենց այդ ժամանակ մարդկանց սրտերին հասան: Սրանք վաղեմության ժամկետ չունեն: Այդ տարիներին մեր ստեղծած խումբը հետագայում երգչախումբ դարձավ: Անտեսելով Երևանից դուրս գալու արտասահմանցիներին պարտադրվող արգելքը՝ սահմանամերձ գոտիներ, նաև Արցախ էինք մեկնում: Մի անգամ Մարտակերտում հենց սկսեցի ֆիդայական երգեր երգել, դահլիճի առաջին երկու շարքերը դատարկվեցին. կուսակցական ղեկավարներ էին: Հիշում եմ, թե ինչպես էինք մաքրում ազատագրված Խնածախ և Խնապատ գյուղերի եկեղեցիները, որոնք պահեստի էին վերածվել: Զբաղվում էինք Սումգայիթից փախստականների տեղավորման հարցերով, համերգներ տալիս նրանց համար: Ես այս ամենով էի ապրում այդ տարիներին: Ժողովրդի հետ էինք՝ «Պե՞տք է ելնենք փողոց փակենք, ելնե՛նք: Պե՞տք է մեռնել՝ մեռնե՛նք միասին, ապրելո՞ւ ենք, ապրե՛նք միասին»:

- Սակայն այդ ամենով հանդերձ՝ գերազանցությամբ ավարտեցիք կոնսերվատորիան՝ ստանալով «Արվեստի վարպետ» որակավորումը: Այնուհետև ընդունվեցիք և ավարտեցիք կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Ձեր առաջին ուսուցիչը կոնսերվատորիայում եղել է մեծանուն երգիչ Հովհաննես Բադալյանը: Սովորելուն զուգահեռ՝ երգում էիք նաև «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթում՝ աշակերտելով Հայրիկ Մուրադյանին: Ձեր ապրած կյանքը ցույց է տալիս, որ շատ առումներով այս մարդիկ ուղենիշ են եղել Ձեզ համար:

- Այո՛, հատկապես Հովհաննես Բադալյանը շատ կարևոր հանգրվան է եղել ինձ համար: Իր կերպարը, իր ապրած կյանքը ինձ օրինակ է եղել: Նա Իրանից էր եկել հայրենիք, ինձ պես հայրենադարձ էր: Այդքան երկրներով էր շրջել, այդքան ճանաչված ու սիրված էր, բայց երբեք չեմ լսել, որ, հնարավոր է՝ երբևէ հեռանա Հայաստանից: Մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա նաև Հայրիկ Մուրադյանը: Չարենցի խոսքերով՝ «երկրից աճող» նրա զուլալ ձայնը ինձ շատ հոգեհարազատ էր:

…Չեմ ընդունում, երբ երգիչները փորձում են ամեն ոճի մեջ մտնել: Ի՞նչ արժեք կունենա այն երգի կատարումը, որն ինձ հետ որևէ կապ չունի: Երաժշտությունը, ասելիքը, խոսքը մարդկանց հասցնելու միջոց է: Ինձ համար ամենակարևորը երգի դաստիարակչական ներուժը իրականացնելն է: Ես ամեն ինչ չեմ երգում: Երգում եմ մաքուր ժողովրդական երգեր, այնպիսիք, որ գեղջուկն է ստեղծել աշխատելիս՝ արտահայտելով հայի ինքնությունն արտացոլող իր զգացողությունները: Բոլոր իմ երգերը աշխարհագրություն և պատմություն են պարունակում՝ Կիլիկյան Հայաստանից մինչև Արցախ, Սյունիքից մինչև Ջավախք: Սրանցով կարելի է ապացուցել, թե որքան մեծ է եղել մեր պատմական հայրենիքը: Իսկ մեր ժողովրդական երգի ու պարի ասելիքը պարզ է՝ հաղորդակցություն, միասնական աղոթք: Մեր պարը հիմնականում ուղղահայաց շարժումներից է բաղկացած: Եվ սա խորհրդանշում է հայի ձգտումը երկրից դեպի երկինք:

- Այսօր ի՞նչ կարևոր ծրագրեր է իրականացնում Ձեր հիմնած «Մրրո» Հայ ազգային արվեստի կենտրոնը:

- Արդեն յոթ տարի է՝ անցկացնում ենք «Գութան» ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, որ նպատակ ունի պահպանելու և տարածելու հայկական ավանդական երգն ու պարը: «Գութանը» մրցութային փառատոն չէ, գաղափարական է, ազգային: Երգերը ներկայացվում են իրենց նախնական տեսքով՝ առանց որևէ ժամանակակից մշակման: Օգտագործում ենք բացառապես ազգային նվագարաններ` դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, դհոլ: Այսպիսով ուզում ենք մեր ներդրումն ունենալ ազգային հնչերանգի ու ձայներանգի պահպանման գործում: Ավանդաբար փառատոնն անցկացվում է Երևանում և Ստեփանակերտում: Այս տարի մտադիր ենք անցկացնել նաև Ջավախքում: Մյուս կարևոր ծրագիրը, որ արդեն երեք տարի իրականացնում ենք, «ԱՐԱՐ»՝ հայ արվեստի պահպանման և հանրահռչակման ծրագիրն է, որ մեր սահմանապահ և սահմանամերձ գյուղերում, բնակավայրերում մեր ազգային մշակույթը, իր բոլոր դրսևորումներով (գորգարվեստ, փայտարվեստ, խաչքարագործություն, ազգային երգ, պար, ասեղնագործություն և այլն) պահպանելու և տարածելու խնդիր ունի: Ծրագրում ներգրավված են 600 երեխա՝ 28 համայնքներից: Ուսուցանող լավագույն մասնագետները տեղերից են ընտրվում և վճարվում են: «ԱՐԱՐ»-ը մեկնարկել է Բերդավանից՝ հյուսիսային սահմանագոտու այս գյուղից, ինչը խորհրդանշական է: Մի դեպք հիշեցի, որ բնորոշ է «ԱՐԱՐ»-ի ոգուն: Երբ հայտարարվեց ծրագրի մասին, ու մասնագետներ էինք փնտրում, երգի մի լավ մասնագետի մասին իմացանք՝ բերդավանցի Սոնայի: Աշխատանք չուներ, պատրաստվում էր ընտանիքով տեղափոխվել Ռուսաստան: Գտա Սոնային, ասացի, որ ուզում եմ աշխատանք առաջարկել: Հուզված պատասխանեց՝ «Էլ ինչո՞ւ ենք գնում»: Այսպես արտագաղթի մի դեպք կանխվեց…

- Ռաֆայել Պատկանյանի խոսքերով՝ «Երնե՜կ, թե այս Նոր տարին…»: Ի՞նչ եք ցանկանում, որ լինի նոր` 2020 թվականին:

- Երազում եմ ու ցանկացել եմ, որ նոր տարում հայերի մեծ ներգաղթ լինի: Հայտարարենք հայրենադարձության տարի: Երեսուն տարի շարունակ մենք մի շատ կարևոր ռազմավարություն ենք բաց թողել՝ հայրենադարձությունը: Փայլուն օրինակ է Իսրայելը. ունի հայրենադարձության նախարարություն: Նույնը մեզ մոտ պետք է լինի: Ես վստահ եմ, որ մեր պետականությունն ամրացնելու համար մեր գենետիկ շենացնող, արարող ներուժն է պետք: Մեր տեսակը թող այստե՛ղ արարի: Եկեք տո՛ւն, ո՞ւր եք մնացել: Երեսուներեք տարի ես իմ հայրենիքում եմ: Ու, փա՜ռք Աստծո, կարողացել եմ իբրև հայ, իբրև մարդ ու իբրև մասնագետ ինձ դրսևորել: Այսպիսի հնարավորություն ունեն բոլորը: Արի՛ ու գտիր քեզ Հայաստանում: Ես կարողացել եմ, դո՛ւ էլ կարող ես: Եկե՛ք ձեռք ձեռքի տանք, միասին ամրացնենք, շենացնենք մեր սիրասուն Հայաստանը, մեր տունը: Չէ՞ որ մեր պետականության ամրացումից, անվտանգությունից ավելի կարևոր բան չի կարող լինել հայերիս համար: Եվ այս դեպքում արդեն վստահ կարող եմ ասել, որ Հայաստանի թռիչքը կասեցնել չի լինի:

Երբ համերգներով զորամասեր եմ գնում, մեր զինվորներին հորդորում եմ` «Տղե՛րք, իրար արժևորե՛ք, սիրե՛ք, հարգե՛ք: Բանակային ընկերությունը ձեր կյանքի ամենամեծ հարստությունն է, որի մասին տարիներ անց երանությամբ ու սիրով եք հիշելու: Իրար ամուր պահե՛ք»: Մաղթում եմ, որ այս օրերին մեր բոլոր զինվորները, որ երդում են տալիս, հավատարիմ մնան իրենց երդմանը՝ զորեղ լինեն, թև ու թիկունք լինեն միմյանց: Վստա՛հ եմ՝ այդպես էլ կլինի:

ՀՕՊ ուսումնական զորամասում օրերս կայացած երդման արարողությանը երդվեց նաև Արսեն Գրիգորյանի որդին՝ Գրիգոր Գրիգորյանը: Եվ ինչպե՜ս կարող էր Մրրոն բաց թողնել այս հանդիսավոր օրը ռազմահայրենասիրական երգուպարով, սիրված երգիչների ու պարային համույթների մասնակցությամբ է՛լ ավելի բովանդակալից ու տոնական դարձնելու հիանալի առիթը:

Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ իմացա, (իհարկե՝ ոչ Արսեն Գրիգորյանից), որ Ապրիլյան քառօրյային՝ հենց ամսի 2-ի գիշերը, սիրված երգիչը մեկնել էր Արցախ… որդու՝ Գրիգորի հետ: Տղային որոշ ժամանակ անց ետ էին ուղարկել: Իսկ ինքը մնացել էր այնտեղ՝ ամենաթեժ կետերում, դիրքապահ զինվորի կողքին, մինչև ամեն ինչ կհանդարտվեր: Այդ օրերին ինչ կարող էր, արել էր դիրքապահներին օգնելու համար՝ համախմբելով ու ներգրավելով արտերկրի իր ընկերներին: Հետագայում նույնպես ներդրում է ունեցել դիրքերն ամրացնելու գործում: Դեռ շատ բաներ կան, որ մեր զրույցի ժամանակ նա չասաց, ու մենք չենք էլ իմանա. հայի ազնվագույն ու համեստ տեսակը այսպե՛ս է ապրում ու գործում:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ Արշակ Խաչատուրյանի

և Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից

Աղբյուր՝ Hayzinvor.am