Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Գիշերվա մեջ առկայծող կրակը

Միքայել Նալբանդյան

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։

Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։

Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։

«Ազատությո՞ւն, - ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից. -
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։

- Ազատությո՜ւն, - գոչեցի, -
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։

ԳԻՇԵՐՎԱ ՄԵՋ ԱՌԿԱՅԾՈՂ ԿՐԱԿԸ

(Միքայել Նալբանդյան)

XIX դարի բանաստեղծ Միքայել Նալբանդյանի հեղափոխական գործունեության և ողբերգական ճակատագրի մասին:
1983թ., Հայֆիլմ, 78 րոպե (2160 մ), գունավոր, պրեմիերան` 17.02.1984թ., ց.ա. 06.03.1984թ.:

Սց. հեղ. Ա. Գրիգորյան, բեմ. ռեժ. Ռ. Գևորգյանց, Գ. Կևորկով, բեմ. օպեր. Ռ. Վաթինյան, բեմ. նկ. Ռ. Պ. Բաբայան, երգերի հեղ. եւ կատարող` Ա. Մեսչյան, հնչ. օպեր. Կ. Կուրդիյան, ռեժ. Ռ. Մկրտչյան, օպեր. Հ. Հովհաննիսյան, զգ. նկ. Ն. Կորոտկիխ, նկ. դեկ. Գ. Բաբայան, նկ. դիմ. Ա. Պուշկինա, ռեժ. աս. Ն. Հայկազյան, Հ. Մնացականյան, օպեր. աս. Գ. Խոշաբաև (Խաչատրյան), մոնտ. Ս. Վաթինյան, խմբ. Դ. Մուրադյան, վարչ. խումբ` Գ. Նահապետյան, Գ. Գաբրիելյան, Շ. Միրզախանյան, տն. Գ. Վարդանյան:

Դերերում. Միքայել Նալբանդյան -- Ա. Մեսչյան, Նազարյանց -- Գ. Թոնունց, Ասյա -- Ա. Բելյակ, Լանսկոյ -- Ս. Կորենև, Մանուչարով -- Վ. Քոչարյան, Գերցեն -- Լ. Կուլագին, Ֆեդորովսկի -- Ն. Պոպկով, Անդրեաս -- Մ. Դովլաթյան, Օգարյով -- Յու. Բոգդանով, քննիչ -- Վ. Միխայլով:

Դրվագներում. Յու. Ավշարով, Ա. Պապյան, Ա. Դոմարև, Ա. Վիգդորով, Ա. Բուրմիստրով: