Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու կառույցը

Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոս է։ Եկեղեցու գերագույն հոգեւոր եւ վարչական առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, ով հանդիսանում է Հայաստանում եւ Հայաստանից դուրս գտնվող աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգեւոր առաջնորդը։ Ամենայն Հայոց կաթողիկոսը 9 մլն. հայ հավատացյալների հայրապետն ու գլխավոր հոգեւոր հովիվն է։ Հայ եկեղեցու հոգեւոր եւ վարչական կառույցները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ գտնվում է Վաղարշապատ քաղաքում, հիմնադրվել է 301 թ-ին եւ 17 դար անց եւս շարունակում է առաջնորդել մեր նվիրյալ ազգին եւ մարդկանց լուսաշող արահետներով, որով իրականցվում է մեր Եկեղեցու հիմնական առաքելությունը, որն է` առաջնորդել մարդկանց դեպի Աստված։

Հայ Առաքելական Եկեղեցին իր հավատացյալների հոգեւոր պահանջները բավարարելու համար ավելի քան 1700 տարվա իր պատմության ընթացքում փոփոխվել եւ զարգացել է։ Եկեղեցու վարչական կառուցվածքում այսօր ընդգրկված են ե’ւ եկեղեցականներ, ե’ւ աշխարհականներ։ Հայ Եկեղեցու հոգեւոր եւ վարչական աշխատանքները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, իրականցվում են կրոնական, եկեղեցականների պատրաստման, քրիստոնեական դաստիարակության, նոր եկեղեցիների կառուցման, հասարակական ծառայությունների եւ էկումենիկ գործունեությունների բնագավառում։

Հայաստանյայց Եկեղեցու Կաթողիկոսներ

Կաթողիկոս բառը ծագել է հունարեն Katholikos բառից, որը նշանակում է ընդհանրական, համընդհանուր։ Հայ Եկեղեցու նվիրապետական կարգի ստեղծումից հետո այսպես էին անվանում եպիսկոպոսապետին։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը' առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, դեռեւս ենթակա էր Կեսարիայի Աթոռին, որը գտնվում էր Կապադովկիայում։ Աղվանքի ու Վրաստանի եպիսկոպոսապետերը նույնպես կրում էին այդ տիտղոսը, չնայած որ կախում ունեին հայոց Կաթողիկոսից։ Պապ թագավորի եւ Հուսիկ Ա Կաթողիկոսի օրոք Հայաստանն ի հոգեւորս անկախացավ Կեսարիայից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վաղարշապատ քաղաքում' Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Կաթողիկոսական պաշտոնական տիտղոսն է Ծայրագույն Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց։

Ծայրագույն Պատրիարքի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը խորհրդանշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։ Այն միշտ պահվել է կաթողիկոսական նստավայրում եւ ամեն անգամ, երբ Հայրապետական Աթոռը տեղափոխվել է, նույն վայրն է բերվել նաեւ Ս. Լուսավորչի Աջը։ Այն անբաժան է Մայր Աթոռից։

Այս կառույցի ներքո են Նվիրապետական Աթոռները.

Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, որի իրավասության ներքո ներկայումս Լիբանանի, Կիպրոսի եւ Սիրիայի թեմերն են, որոնք 1929թ. ժամանակավոր նրան են հանձնվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կողմից։ Ն.Ս.Օ. Տ. Տ. Արամ Ա-ն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն է։

Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, որի իրավասության ներքո են բոլոր սրբավայրերը եւ Հորդանանի Թեմը. առաջնորդն է Գերաշնորհ Տ. Թորգոմ Մանուկյանը։

Կոստանդնուպոլսի եւ Թուրքիո Հայոց Պատրիարքություն, որի իրավասության ներքո են ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքի բոլոր հայկական եկեղեցիները. առաջնորդն է Գերաշնորհ Տ. Մեսրոպ Մուտաֆյանը։

Վերոհիշյալ երեք պատմական նվիրապետական Աթոռները ազատ են ղեկավարել իրենց իրավասության ներքո գտնվող թեմերը, այնուամենայնիվ` Ամենայն Հայոց Կաթողիկոսության գերագահությունը բոլոր հոգեւոր հարցերում մնում է առաջնային։

Իրենց համապատասխան թեմի վերահսկությությունից, յուրաքանչյուր Նվիրապետական Աթոռ, այդ թվում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ունի իր վանական միաբանությունը։

Տարածքային առումով, հայկական եկեղեցի եւ հայ հավատացյալների համայնք ունեցող աշխարհի յուրաքանչյուր վայր ունի նաեւ թեմեր, որոնք ղեկավարվում են առաջնորդի կողմից։ Յուրաքանչյուր թեմ բաղկացած է ծուխերից եւ համայնքներից։ Հայ եկեղեցու հոգեւոր եւ վարչական իշխանության մարմիններն են.

Ազգային-եկեղեցական ժողով, որը Գերագույն կանոնադիր մարմինն է` Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ։ Նրա անդամներն ընտրվում են թեմական պատգամավորական ժողովի կողմից։ Ազգային եկեղեցական ժողովն ընտրում է Ամենայն Հայոց կաթողիկոսին։

Եպիսկոպոսաց ժողովը վարչախորհրդակցական մարմին է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ։ Այն առաջարկներ է պատրաստում եկեղեցու ներսում դավանական, եկեղեցական, ծիսական եւ կանոնական հարցերի շուրջ` Ազգային-եկեղեցական ժողովում քննարկելու համար։

Գերագույն Հոգեւոր Խորհուրդ, բարձրագույն գործադիր իշխանությունն է` Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ։ Անդամները կարող են ընտրվել Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, կամ էլ նշանակվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։ Գերագույն Հոգեւոր Խորհուրդը ստեղծել է Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը 1924 թ. հունվարի մեկին, նախկին Սինոդի փոխարեն։

Թեմական պատգամավորական ժողով, թեմի բարձրագույն կանոնադիր մարմինն է` Թեմակալ Առաջնորդի նախագահությամբ։ Թեմական պատգամավորական ժողովն ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովի պատվիրակներին, որոշ թեմերում` Թեմի Առաջնորդին, ինչպես նաեւ թեմական խորհրդի անդամներին։ Բացի այդ, քննարկում եւ որոշումներ են կայացնում Թեմից ներս առկա վարչական հարցերի շուրջ, ինչպիսիք են` համայնքները, բյուջեն, շինությունները եւ այլն։

Թեմական խորհուրդ, թեմի բարձրագույն գործադիր իշխանությունն է` Թեմակալ Առաջնորդի նախագահությամբ։ Առաջնորդի գլխավորությամբ այն կարգավորում է թեմի ներքին վարչական գործունեությունը։ Թեմական խորհրդի անդամներն ընտրվում են Թեմական պատգամավորական ժողովի կողմից։

Վանական միաբանությունը կազմում են վանքի կուսակրոն հոգեւորականները` վանահոր գլխավորությամբ։ Ներկայումս Հայ Եկեղեցին ունի երեք` Էջմիածնի, Երուսաղեմի Սրբոց Հակովբյանց ու Կոստանդնուպոլսի միաբանությունները։ Յուրաքանչյուր հայ կուսակրոն հոգեւորական, անդամագրվում է այն միաբանությանը, որտեղ ուսանել է եւ ձեռնադրվել, կամ որ միաբանության իրավասության ներքո նա բերում է իր ծառայությունը։ Միաբանությունը որոշում է վանքի ներքին հարցերը։ Յուրաքանչյուր միաբանություն ընտրում է երկու պատգամավոր` մասնակցելու Ազգային-եկեղեցական ժողովին։

Ծխական ժողով, համայնքի ընդհանուր ժողովն է` հոգեւոր հովվի նախագահությամբ։ Ծխական ժողովն ընտրում կամ նշանակում է ծխական խորհրդի անդամներին եւ Թեմական պատգամավորական ժողովի ներկայացուցիչներին։

Ծխական խորհուրդ, համայնքի գործադիր վարչական մարմինն է` հոգեւոր հովվի նախագահությամբ, որն զբաղվում է ծուխի ներքին գործունեությամբ` իրականացնելու վարչական եւ տնտեսա-ֆինանսական գործունեություն։ Ծխական խորհրդի անդամները ընտրվում կամ նշանակվում են Ծխական ժողովի ժամանակ։