Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Եթե խոսքդ լռությունից ավելի ծանրակշիռ է, խոսի՛ր

Այս հրապարակման վերտառության խոսքերը Արիստոտել փիլիսոփայինն են, ով մեզնից առավել է հասկացել խոսքի ու լռության արժեքը։ Հիմա մենք էլ փորձենք այդ անել, քանզի այս խոսքաշատ աշխարհում լռությունը դարձել է գանձի նման մի բան, ինչին մեծ ջանքերով է հնարավոր տիրանալ։
Որպես նախագիտություն իմանանք, որ մոտ 7000 լեզվատեսակ կա աշխարհում, որ առաջացել են Բաբելոնյան աշտարակաշինությունից հետո բաժանված 72 լեզուներից։

ԽՈՍՔԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարդկային խոսքի կարևորությունն այնքան մեծ է, որ Աստված Իր Որդուն` Հիսուս Քրիստոսին որպես Խոսք` Բան ուղարկեց աշխարհ։ Հունարենում հենց այդպես էլ գրվում է` լոգոս, այսինքն` խոսք։ Հիսուսն էլ Իր հերթին ապացուցեց խոսքի զորությունը լոկ մեկ նախադասությամբ` մեռելներից հարություն տալով չորսօրյա դիակին` Ղազարոսին։ Այնպես որ, սիրելի ընթերցող, այն հնչյունները, որոնք մենք խոսք են անվանում, այնքան էլ անարժեք չեն, ինչքան մենք ենք պատկերացնում։ Օրինակ, Հակոբոս առաքյալն իր Ընդհանրական թղթի 3-րդ գլխի 5-12 համարներում լեզվի (իմա` խոսքի) մասին այսպես է արտահայտվում. «Լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում։ Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության: Մեր անդամների մեջ է հաստատված լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և կրակով վառում մեր ամբողջ կյանքը, բորբոքված գեհենի կրակով: Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ կա ծովի մեջ, հնազանդված է ու հնազանդվում է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն` այդ չարը, անզսպելի և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել: Նրանով օրհնում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ: Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ այդպես լինի: Մի՞թե մի աղբյուր նույն ակից քաղցր և դառն ջուր կբխեցնի: Եղբայրնե՛ր իմ, մի՞թե կարելի է, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը` թուզ: Նմանապես, աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ» (Հակ. 3:5-12):

Եթե ուշադիր կարդացիք, ապա համոզվեցիք, որ այն խոսքը, որ մենք անդադար լսում ու ինքներս ենք ստեղծում մեր մտքի կարողությամբ ու լեզվի ճկունությամբ, կարող է նույնիսկ դժոխքի կրակներից էլ բռնկել ու ճարակի նման ոչնչացնել շրջապատի մարդկանց։ Սրանք հենց այնպես հնչած խոսքեր չեն, այլ բազմաթիվ օրինակներով վկայված ճշմարտություններ։ Ինչպես մի խորագետ մարդ ասել է. «Ընտանիքների խաղաղությունը ուղիղ համեմատական է կնոջ լեզվի երկարությանը»։ Իսկ կան մարդիկ, որոնք իրենց սրտի չարությունը սքողելու համար, երբեմն հանաքի ու կատակի անվան տակ են իրենց խոսքի թույնը սրսկում դիմացինի մեջ։ Բայց ինչքան էլ թույնը շոկոլադով պատենք, միևնույն է, այն ի վերջո իր գործը կատարելու է։ ՈՒրեմն, զգուշացեք մարդկանցից, որոնք դիմացինի զգացումներն ու արժանապատվությունը վիրավորելուց հետո ասում են. «Լեզվիս մի՛ նայեք, սիրտս մաքուր է»: Սո՜ւտ է, քանզի ըստ Տիրոջ խոսքի, մարդիկ իրենց սրտի պարունակությունից են խոսում։ Եթե լեզուն իր պատգամը սրտից է ստանում, ապա անհրաժեշտ է, որ սիրտը լցված լինի ազնիվ ու բարի մտածումներով, որպեսզի այն լինի շինող, ոչ թե քանդող ու երբեմն էլ սպանող։ Այո՛, խոսքի զորությունը երբեմն էլ մարդ է սպանում, այն էլ բառիս բուն իմաստով:

Իսկ սուրբ հայրերը մեզ խրատում են, որ մարդը կարող է սպանություն կատարել ոչ միայն գործով, այլև մտքով ու խոսքով: Այդ պատճառով ավելորդ չէ զգուշացնել` «Մի՛ սպանիր» պատվիրանը գործում է նաև բարոյական իմաստով, որովհետև մարդն այնքան քնքուշ և փխրուն էություն է, որ կարող է մահու չափ վիրավորվել նաև… խոսքից: Բայց, ավա՜ղ, շատերը կոպտորեն խախտում են այդ նուրբ ներաշխարհը և մահաբեր ու թունոտ խոսքերով վիրավորում են նույնիսկ իրենց ամենասիրելիներին` լինի ծնող, կին, եղբայր կամ քույր, և ինչքան մոտ է հարազատը, այնքան սուր է խոսքի խոցող զորությունը: Զգույշ լինենք իրար հանդեպ, մանավանդ այս չար ժամանակներում, և սիրով ու համբերությամբ, ներողամտությամբ ու երկայնամտությամբ վարվենք միմյանց հետ և հիշենք Սողոմոն իմաստունի հետևյալ խրատը. «Մարդիկ կան, որ իրենց խոսքով խոցում են թրի պես, բայց իմաստունների լեզուները բուժում են» (Առակներ ԺԲ 18):

Իսկ երբ ատելությունից դրդված մտքումդ դիմացինիդ մահն ու կորուստն ես ցանկանում, դա հավասարազոր է սպանության մեղքին, քանի որ Աստված մեզ պիտի դատի ըստ մեր սրտերի խորհուրդների:

ԵՐԱՆԵԼԻ Է ՆԱ, ՈՎ ԶԵՐԾ Է ՄՆԱՑԵԼ ՉԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ, ՔԱՆԶԻ ՆԱ ԲՆԱԿՎՈՒՄ Է
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՀԵՏ

Մի օր աթենացի իմաստասերներից մեկը մոտենում է Սոկրատ իմաստասերին և սկսում ծանր բառերով զրպարտել իր ընկերներից մեկին: Մեծանուն հույն իմաստասերը, առանց մի րոպե իսկ թողնելու, որ նա իր զրպարտությունների տոպրակը դատարկի, կտրում է նրա խոսքն ու ասում.
- Այդ բոլոր տեղեկությունները, որոնք ինձ ես տալիս, նախապես երեք մաղով անցկացրի՞ր;
- Չգիտեմ, ի՞նչ են մաղերը,- պատասխանում է շփոթված աթենացին:
- Լսի՛ր, առաջինը ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մաղն է: Ստուգեցի՞ր, որ քաղածդ լուրերը ճիշտ են:
- Ո՛չ, լսածս ասացի ձեզ, -պատասխանում է աթենացին:
- Երկրորդ,- բարկացած շարունակում է իմաստասերը,- ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ մաղով անցկացրի՞ր, թե ինչ օգուտ պիտի տան քեզ և վնաս այդ զրպարտությունները:
- Դժբախտաբար չմտածեցի այդ մասին։
- Երրորդ` ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ մաղով անցկացրի՞ր, թե այդ տեղեկությունները կարիք կա՞ր հրապարակելու կամ ոչ:- Պատասխանը դարձյալ լինում է ժխտական:
- Քանի որ այս երեք մաղերը չգործածեցիր, որ ճշտես տարաձայնությունների աղբյուրը, մի բառ իսկ ավելի չեմ ուզում լսել։
Այս օրինակը, կարծում եմ, լավագույն միջոցներից է, որ մենք էլ ակամա չդառնանք տկարարամիտ մարդկանց մեղքի գործակից, քանզի ինչպես մի սուրբ հայր է ասել. «Սատանան բամբասողի բերանում է, լսողի` ականջում»։
Իսկ սուրբ Եփրեմ Խուրի Ասորի հայրը զգուշացնում է. «Երանի՜ և երիցս երանի՜ նրան, ով իր լեզուն չի պղծում ուրիշներին չարախոսելով, ով լեզվով չի ապականում սիրտը, և չի ուրախանում, երբ ուրիշները չարախոսում են, այլ ընդվզում է այդ կրքի դեմ:
Ով իր լեզուն ու ականջները չի թունավորում չարախոսությամբ, նա լեցուն է սիրո բուժիչ զորությամբ: Հիրավի երանելի է նա, ով զերծ է մնացել չարախոսությունից, քանզի նա բնակվում է հրեշտակների հետ»:

«ԲՈՒԺՈՂ ԼԵԶՈՒՆ ԿՅԱՆՔԻ ԾԱՌ Է, ԵՎ ՈՎ ՊԱՀՈՒՄ Է ԱՅՆ` ՆՐԱ ՀՈԳԻՆ ՊԻՏԻ ԼՑՎԻ»

(Առակ. 15:4)
Ըստ այս խրատի, մեր լեզուն նաև բուժիչ բալասան է մարդկանց օգնելու համար, միաժամանակ սեփական հոգու բարության պատճառ։ Իսկ շատերիս սիրելի Մայր Թերեզան, ով իր քնքուշ խոսքերով բազում հիվանդների մխիթարության պատճառ է դարձել, հորդորում է. «Օգտագործեք ձեր լեզուն մարդկանց օրհնություն լինելու համար: Խոսե՛ք այն ժամանակ, երբ ձեր սիրտը սիրով լի է, այլապես լռությունը լավագույն բանն է, որ կարող եք անել»: Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանը, օգտվելով հին իմաստունների դարձվածաբանությունից, գրել է. «Երեք բան չեն վերադառնում. Արձակված նետը, ասված խոսքը, անցած օրը…»:

Ի դեպ, ժամանակակից գիտնականները հայտնաբերել են, որ բարի խոսքն ու լավ երաժշտությունը կարող են նույնիսկ փոխել նյութի մոլեկուլային դասավորությունը։ Օրինակ, երբ մի բաժակ ջրի վրա բարի ու քնքուշ խոսքեր են ասել ու հետո այդ ջուրը սառեցրել, տեսել են, թե ինչ համաչափ ու գեղեցիկ են եղել նրանից առաջացած ութանկյուն փաթիլները։ Իսկ երբ չար ու կոպիտ խոսքեր են ասել մեկ այլ բաժակ ջրի վրա, դրանից առաջացած փաթիլները եղել են տձև ու խեղաթյուրված։ Բայց հարգելիներ, չգիտե՞ք, որ մարդն ինքը բաղկացած է մոտ 70 տոկոս ջրից, իսկ միլիարդավոր բջիջների հիմնանյութը հենց ջրից է կազմված։ Այնպես որ, մեր արտասանած խոսքից է կախված, թե դիմացինի մեջ ինչ դրական կամ բացասական մոլեկուլային փոփոխություններ են կատարվում։ Ասել կուզի, մեր լեզվին տիրություն անենք, որ չվնասենք ու չվնասվենք, քանզի մեր արտասանած խոսքերը նաև մենք ենք լսում, ու մեր բջջային համակարգն է ըստ դրա գործում։

ԼԵԶՎԻՑ ԼԱՎ ՈՒ ԼԵԶՎԻՑ ՎԱՏ Ի՞ՆՉ ԿԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Հին Հունաստանի անվանի իմաստասերներից` Քսանթոսը, մի օր ճաշկերույթի պատրաստություն էր տեսնում. Նա իր ստրուկ Եզովպոսին հանձնարարում է շուկայից բերել աշխարհի ամենալավ բանը, որպեսզի պատվի հյուրերին: Ճաշի ժամանակ յուրաքանչյուրի առջև դրվում է մի աման լեզու: Քսանթոսը զարմացած հարցնում է Եզովպոսին` ա՞յս էր աշխարհի ամենալավ բանը: Ստրուկը պատասխանում է` անշուշտ, դրանից ավելի լավ բան չկա: Դրանից են դուրս գալիս ամեն իմաստություն ու զվարթ երգ: Լեզվով են կառուցվում քաղաքներ, և մարդիկ իրենց միտքն ու զգացմունքները լեզվով են արտահայտում:

Մի ուրիշ անգամ Քսանթոսը Եզովպոսից պահանջում է, որ շուկա գնա և բերի աշխարհի ամենավատ բանը: Ստրուկը դարձյալ լեզու է բերում: Տերը շփոթվում է ու բարկանում նրա վրա, բայց վերջինս հանդարտ բացատրում է. «Մի՛ զայրանար, տեր իմ, լեզվից վատ ի՞նչ կա աշխարհի վրա: Դրանով կործանվում են քաղաքներ, ասվում են ստերն ու հայհոյանքները: Լեզուն աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած թե ինչպիսի բերանում է գտնվում և ով է նրա տերը»:

Այդ պատճառով է Պողոս պատրիարքը զգուշացնում ամենքիս. «Գավազանի հարվածն այնքան չի ցավեցնում մարդուն, որքան լեզվի հարվածը: Թեկուզ լեզուն ոսկոր չունի, բայց ոսկոր է փշրում: Ինչպես կրակը ոչնչացնում է փայտը, այնպես էլ բամբասողի լեզուն՝ անմեղի ոսկորները: Ավելի շատ պետք է զգուշանալ խայթող լեզվից, քան կատաղի շան ժանիքներից»:

Գևորգ Էմինը բանաստեղծական այս երկտողն է մեզ ավանդել. «Խոսքը զենքի պես զգույշ գործածիր, երբ խառն է դարը, Միևնույն արճճից են ձուլում փամփուշտն ու տառը»։

«Չնայած քեզ համար նորություն չէ, բայց նորից կասեմ. «Քանի դեռ խոսքը չես արտասանել թշնամուդ թե ընկերոջդ, դու տերն ես չասված խոսքիդ, իսկ արդեն ասված բառիդ ծառան ես դառնում»։ Սա էլ մեծն Օմար Խայամը դարերի խորքից մեզ խրատեց։ Ինչպես ասել է մեկը. «Խոսել սովորում ենք մի քանի տարում, բայց լռել այդպես էլ չսովորեցինք ինչպես հարկն է»։ Հայտնի ճգնավորներից մեկն իր աշակերտին ասաց մի անգամ. «Հավատա, երեսուն տարի այսպես եմ աղոթում Աստծուն. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, պահպանիր ինձ իմ լեզվից», բայց մինչև այսօր ընկնում եմ լեզվով մեղանչելով»։ Եթե սուրբ հայրերն են այս հարցում գայթում, ապա մենք` աշխարհականներս, ի՞նչ ասենք։

Մեր խոսքն առավել ազդու և գործնական է դառնում, երբ աղոթքի է վերածվում: Չնայած աղոթքը նաև լուռ է լինում, այսինքն` սրտի խոսք առ Աստված, բայց մեծ մասամբ մեր աղոթքները խոսքերից են բաղկացած։ Այդ պատճառով Հիսուսը աղոթողներին զգուշացրեց. «Աղոթք անելիս շատախոս մի եղեք ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի համար լսելի կլինեն: Արդ նրանց չնմանվեք, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտե, թե ինչ է ձեզ պետք, նախքան դուք Նրանից մի բան ուզեք» (Մատթեոս 6.7)։ Իսկ Դավիթ թագավորը, ով բազմաթիվ սաղմոսների հեղինակ է, գրում է. «Եկե՛ք, իմ որդիներ, և լսե՛ք ինձ. ես կսովորեցնեմ ձեզ Տիրոջ երկյուղը»:

ԿԱՐԻՃՆ ՈՒ ԿԻՆԸ

(Մխիթար Գոշի առակներից)

Կարիճն ասաց մի կնոջ.
- Քո լեզուն բազմապատիկ չար է, քան իմ խայթոցը:
Կինն ասում է.
- Այդ ինչպե՞ս:
Պատասխանում է կարիճը.
- Երբ ես եմ խայթում, մարդիկ բազում դեղեր են գտնում դրա դեմ, իսկ երբ դու ես լեզվով չարաչար վիրավորում մարդուն, դրա դեմ բժշկություն չկա, քանզի մարմինը, հոգին ու միտքն ես անողջանալի կերպով խոցում լեզվիդ տակի խոսքի թույնով։
Հետևություն. եթե դատաստանն այսքան անաչառ է լինելու, ապա քանի դեռ մեզ ժամանակ է տրված մեր մարդասեր Արարչից, զղջումով ու խոստովանությամբ մաքրվենք մեր մտքերում չարի սերմանած բոլոր որոմներից, այսինքն՝ ատելությունից, չարությունից, նախանձից, բամբասանքից, վրեժխնդրությունից, նենգությունից, և սրանց նման շատ ու շատ բաներից, որոնց մասին մենք շատ լավ գիտենք:

ԽՈՍՔԻ ՀԱՐՍԻ` ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որ մարդու խոսքը զորություն ունի, արդեն համոզվեցինք, բայց որ լռությունն էլ ոչ պակաս զորություն ունի, դրա մասին քչերս գիտենք: Ինչքան էլ զարմանալի թվա, հաճախ խոսքին համ տվողն ու հավասարակշռողը լռությունն է լինում։ Աստծո սրբերը շատ լավ էին հասկացել շատախոսության մեղքի ապականիչ զորության կործանարար ազդեցությունը և ամեն ջանք գործադրել են առանձնանալու և լռության մեջ խոսելու իրենց Տիրոջ հետ, քանզի համոզվել են, որ Աստված լռության մեջ է խոսում, երբ հանդարտվում են մեր աշխարհասեր կրքերի պղտոր ալիքները, որոնք անդադար փոթորկում են մեր հոգիները, համոզված լինելով, որ լռություն սիրողը գտնվում է Աստծո ու հրեշտակների կողքին: Դրանով ձգտում էին կատարելության, քանզի կարդացել էին Աստծո ծառայի խոսքը, որը գրել էր. «Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է» (Հակոբ Գ. 2): Այդ պատճառով մեր իմաստուն նախնիները, երբ իրենց գերդաստաններում լեզվի շտեմարանի` կանանց խոսքաշատության վրա լռության արգելք են դրել, ստիպելով տարիներ շարունակ չխոսկան հարսի վիճակում մնալ, հենց այնպես չի եղել, քանզի մի քանի ընտանիք միասին են ապրել։ Իսկ դա անհնար կլիներ, եթե կանանց լեզվին զսպաշապիկ չդրվեր։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Եթե մարդը հիշի Սուրբ գրվածքը. «Քո խոսքերով կարդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. ԺԲ, 37), ապա կգերադասի լռել:

Ամեն լեզու պիտի դավանի, թե Հիսուս Քրիստոսը տեր է:

Լռության մեջ քաղեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Irates.am