Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ արդարը հազիւ է փրկուելու, ապա ամբարիշտը կամ մեղաւորը էլ ո՞ւր պիտի մնայ:Հետեւաբար նրանք, որ չարչարւում են ըստ Աստծոյ կամքի, բարի գործերով թող իրենց հոգիները յանձնեն հաւատարիմ Ստեղծողին» (Պետրոս 4:18-19)

Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալներ

Պետրոս Առաքյալ

Կասկածից վեր է, որ նա առաքյալների մեջ գլխավորն է, թե՛ խոսքով, թե՛ գործով և թե՛ հեղինակությամբ: Առաքյալներից նրա մասին է, որ ամենաշատ տեղեկություններն ենք ստանում, թե՛ Ավետարաններից և թե՛ մանավանդ Գործք Առաքելոցից, որի առաջին մասի մեջ գլխավոր գործիչն ինքն է:

Իր թլփատության անունը Շմավոն էր, կամ հունարեն տարբերակով՝ Սիմոն, Հովնանի որդին էր: Երբ առաջին անգամ հանդիպեց Հիսուսին, Քրիստոսը անմիջապես նկատեց նրա ով լինելը և թե ինչպիսի մեկն է իր առջև կանգնած և ասաց. «Դու, Սիմոն, Հովնանի որդի, դու պիտի Կեփաս կոչվես», որ թագմանվում է վեմ և սրա հունարեն տարբերակը Պետրոսն է (Հովհ 1:4): Գալիլիայի Բեդսայիդա գյուղից էր, սակայն կարծես թե ամուսնանալուց հետո տեղափոխվել է հարևան Կափառնայում գյուղը, որտեղ Հիսուսը նրա զոքանչին ջերմից բժշկեց: Արհեստով ձկնորս էր: Նոր Կտակարանում բազմաթիվ միջադեպեր կան իր մասին նկարագրված, որոնք նրա հեղհեղուկ, խիզախ վախկոտ, քաջարի, բայց միշտ անկեղծ բարքի նկարագիրն են ի հայտ բերում, սակայն այդ բոլորին չենք կարողանա մեկ առ մեկ անդրադառնալ:

Երբ Հիսուսին առաջին անգամ իր նավակում ընդունեց, Նրա հրամանով ուռկանը կրկին անգամ ծովը նետեց և ուռկանը պատռվելու աստիճան ձկներով լցվեց, Պետրոսը անդրադարձավ Նրա գերբնական զորությանը և անկեղծորեն զգալով նրա նկատմամբ իր անարժանությունն՝ ասաց. «Իմ մոտից հեռացի՛ր, Տեր, ես մի անարժան մարդ եմ»: Հիսուսը նրան սրտապնդելով ասաց. «Մի՛ վախեցիր, սրանից հետո երկնքի արքայության համար մարդկանց որսորդ պիտի լինես»:

Պետրոսի մեծության գագաթը իր ծանոթ դավանությունն է, որ Քրիստոս «Մեսիան է և Աստծո Որդին», որի համար Հիսուս երկրորդ անգամ նրան, իբրև քրիստոնեական եկեղեցու առաջին քար, «վեմ» կոչեց: Ինչը որ հաստատում է Պետրոսի գովեստի համար հորինած շարականը՝ նրան կոչելով. «Եկեղեցու հիմք հանդիսացող սուրբ հավատի գլուխ»: Այլ կերպ ասած եկեղեցու իրական անդամներ պիտի կարողանային լինել միայն Պետրոսի նման Քրիստոսին իբրև Փրկիչ և Աստծո Որդի դավանողները: Սակայն, իր փառքի գագաթնակետին, Պետրոսն արձանագրեց իր անկումներից մեկը: Պետրոսն էլ իր ժամանակակիցների նման գրեթե նույն սխալ ըմբռնումն ուներ Մեսիայի մասին: Վերոհիշյալ դեպքից հետո, երբ Հիսուսը հաստատում է, որ հակառակ իր Մեսիա և Աստծո Որդի լինելուն, պիտի շատ չարչարվի և Իր ազգի մեծամեծների կողմից պիտի սպանվի, Պետրոսը, իր առաջին հաջողությունից քաջալերված, Հիսուսի թևից բռնելով մի կողմ է տանում և Նրան միայն բարիք ցանկացող բարեկամի անկեղծությամբ սկսում տարհամոզել, որ այդպիսի գաղափարներն Իր մտքից հանի: Քրիստոսը շրջվում է Պետրոսի կողմը և նայելով նրա աչքերի մեջ ասում. «Ետև՛ս գնա, սատանա՛, դու գայթակղություն ես ինձ համար. որովհետև քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը» (Մատթ. 16:16-23):

Այն, որ նա արդարև սրտով կապված էր իր Վարդապետի հետ, ի հայտ է գալիս այն պարագային, երբ Հիսուսի աշակերտներից ոմանք «խիստ» և անմարսելի գտնելով Քրիստոսի խոսքերը, հեռացել էին Վարդապետից: Հիսուսը տասներկուսին հարցրեց. «Միթէ դո՞ւք էլ ուզում եք գնալ», Պետրոսը, առաջ ընկնելով, ասաց. «Տե՛ր ո՞ւմ մոտ պիտի գնանք, Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես» (Հովհ. 6:67-69):

Պետրոսն իր կյանքի նվաստագույն օրն ապրեց Քրիստոսի ձերբակալման գիշերը, երբ երեք անգամ ուրացավ նրան: Ապա խորապես զղջաց և դառնորեն լացեց: Հիսուսը ներեց նրան և վերահաստատեց իր առաքելության մեջ: Թերևս ոչ մի բան այդքան չնպաստեց իր մեջ հանձնապաստանության հոռի գիծը խորտակելուն, որքան իր ուրացումը և ներումը: Քարի պես կարծր այս մարդը, այս ելևէջներով և Քրիստոսի շնորհած հարվածների ներքո կոփվեց, որպեսզի դառնա ամենաանձնվեր և գործունյա Առաքյալը;

Հոգեգալուստից անմիջապես հետո նա է, որ հանուն իր ընկերների, բացատրում է այդ հրաշալի երևույթի իմաստը: Տալիս է քրիստոնեական առաջին քարոզը և Քրիստոսի հարության առաջին վկայությունը, այսպիսով շահելով երեք հազար նորադարձների երախայրիքը և եկեղեցին օժտելով ավելի մեծ մարմնով և նոր ծանրակշռությամբ: Հրեաստանում գրեթե ամենուրեք քարոզում է՝ Երուսաղեմի տաճարում և իր ազգի գերագույն ժողովի առջև, մինչև Սամարիա և Յաֆա, պաղեստինյան Կեսարիա և այլուր: Բազում հրաշքներ է գործում, որոնց թվում Սուրբ Հոգու դեմ ստող նորադարձ քրիստոնյա մի ամուլի մահը և մեկ այլ մահացած բարեգործ կնոջը հարություն տալը:

Պետրոսի մեծագույն գործերից մեկը, Աստվածային թելադրանքով և հատուկ տեսիլքով, հակառակ նորակազմ եկեղեցու ջախջախիչ մեծամասնության կարծիքի, որն ամբողջությամբ հրեաներից էր բաղկացած, հեթանոսներին եկեղեցու ծոցի մեջ ընդունելը եղավ: Ի վերջո Հերովդես թագավորի կողմից, որը որոշել էր գլխատել նրան, ձերբակալվեց և բանտարկվեց, բայց Աստվածային միջամտությամբ նույն գիշերն իսկ ազատվեց բանտից: Վերջին անգամ մենք նրան տեսնում ենք Երուսաղեմի առաքելական ժողովում, որից հետո այլևս չի հիշվում Գործք Առաքելոցում:

Պողոս առաքյալի թղթերից մեկում հիշվում է ոմն Պետրոսի մասին, որը գտնվում է Անտիոքում և ի հեճուկս հեթանոսներից դարձի եկածների, հրեամիտ քրիստոնյաների կողմը հակված լինելու համար արժանանում է Պողոսի խիստ հանդիմանությանը: (Գաղ. 2:11-15):

Այն որ Պետրոսը մարտիրոսական մահվամբ պիտի վախճանվեր՝ Քրիստոսի կողմից նախանշված էր (Հովհ 21:18), սակայն Գործք Առաքելոցում իր մահը չի պատմվում: Ավանդությունը ասում է, որ Պետրոսն Անտիոքից Հռոմ է գնացել և այնտեղ գլխիվայր խաչվելով, կնքել է իր մահկանացուն: Իր ավանդական գերեզմանի վրա կառուցվել է աշխարհի մեծագույն եկեղեցին՝ Հռոմի Ս. Պետրոսը:

Պետրոսի անունով Նոր Կտակարանում Փոքր Ասիայի քրիստոնեական համայնքին ուղղված երկու սքանչելի թղթեր ունենք:

Հայ եկեղեցին Պետրոսի հիշատակը տոնում է Պողոս Առաքյալի հետ միասին «Գլխավոր Առաքյալներ» անվամբ, Սուրբ Ծնունդին կանխող ավագ տոներին:

Պողոս Առաքյալ

Վերոհիշյալ առաքյալների թվումով ավարտվում է Հիսուսի կողմից ընտրված «Երկոտասան Առտաքյալեր»-ի ցանկը: Սակայն նրանցից բացի Նոր Կտակարանում հիշատակվում են ևս այլ գործիչներ, որոնց նույնպես տրվում է «առաքյալ» ածականը: Նրանցից մեծագույնը Պողոս առաքյալն է, որը ծանոթ է նաև «Երեքտասաներորդ Առաքյալ» անվամբ: «Առաքյալ» ածականն այնքան հաճախակի է օգտագործվել Պողոսի համար, որ եթե պարզապես «Առաքյալ» բառը հիշատակում ենք առանց որևէ անձ, կամ հատուկ անուն կցելու դրան, այն հասկանում ենք որպես Պողոս առաքյալին արված ակնարկ: Սա հաստատում է, որ Պողոսը մեծագույն Առաքյալ է և բոլոր ժամանակների մեծագույն քրիստոնեական քարոզիչը և գործիչը:

Ծնվել է Հրեաստանից դուրս՝ Կիլիկիայի Տարսոն քաղաքում (Գործք 22:3), Փրկչական թվականի առաջին տարիներին: Իր բարձրագույն կրթությունը ստացել է Տարսոնի հունական համալսարանում, իսկ կրոնական լրացուցիչ դաստիարակությունը՝ Երուսաղեմում և ինչպես ինքն է ասում. «Գամաղիելի մոտ» (Գործք 22:3):

Գամաղիելը Գործք Առաքելոցում հանդես է գալիս որպես մի լուրջ և ազատամիտ ռաբբի, որը, երբ առաքյալները դատվելու համար հրեական Բարձրագույն Ատյանի առջև էին տարվել, իր իրատեսական և ողջամիտ գաղափարներով նրանց ազատ արձակման պատճառ է դառնում (Գործք 5:34-42):

Թեև Պողոսը Հիսուսին տարեկից, կամ նրանից մի քանի տարի փոքր է, սակայն ոչ մի նշում չկա Ավետարաններում, որ նա Հիսուսին Նրա կենդանության օրերին տեսած լինի: Պողոսի հրեական անունը Սավուղ է, հունական տարբերակով Սողոս: Նա իր «Պողոս» հռոմեական անունը ստացավ կիպրոսի հռոմեացի կառավարիչ Սերգիոս-Պողոսին դարձի բերելուց հետո (Գործք 13:7-9):

Պողոսը, ըստ հրեական սովորության, որը ծնողների վրա իրենց զավակներին որևէ օգտակար արհեստ սովորեցնելու պարտականություն էր դնում, վրանագործ էր: Այս արհեստն առաքելական գործունեության ժամանակ իր ապրուստը հոգալու, ուրշների վրա բեռ չլինելու տեսակետից, Առաքյալին շատ օգտակար եղավ: (Գործք 18:3, 20:34, Բ Թեսաղ. 3:8):

Պողոսը իր ժամանակների երեք գլխավոր մշակույթների համադրությունն էր: Ծնունդով և կրոնով հրեա էր, ուսումով և լեզվով՝ հույն, քաղաքացիությամբ՝ հռոմեացի: Այդ ժամանակներում օտարների համար Հռոմի քաղաքացի լինելը մի մեծագույն պատիվ և առանձնաշնորհ էր, այն (Հռոմի քաղաքացիությունը) ամեն մի հպատակ ազգի շնորհված առավելություն չէր, այլ դրան արժանանում էին ի նպաստ Հռոմին որևէ մեծ ծառայություն մատուցելու ժամանակ, կամ դրամով ձեռք բերելու և կամ կայսեր կողմից հատուկ շնորհի դեպքում: Երևում է, որ Պողոսի հայրը, կամ նախնիները Հռոմի քաղաքացի էին և ինքն էլ ծնվել էր որպես քաղաքացի (22:25-28):

Իր այս գրեթե համամարդկային նկարագրով Ս. Պողոսը, արդարացիորեն, քրիստոնեությունը հրեական, հունական և հռոմեական այս երեք շրջաններում հավասարապես ջանասիրաբար քարոզելու համար մի կատարելագույն անձ էր: (Գործք 9:15): Պողոսը իրապես «ընտիր անոթ» էր քրիստոնեությունը հատկապես հեթանոսներին տանելու համար, և այդ իսկ պատճառով նաև կոչվեց «Հեթանոսների Առաքյալ» (Գործք 22:21, 26:3, Բ Տիմ. 1:11):

Նա քրիստոնեության հետ իր առաջին հաղորդակցությունը Երուսաղեմում ունեցավ, երբ առաքելական քարոզչությունն իր ամենաեռուն շրջանին էր հասել. և իբրև այս իրականության արդյունք, ընդդեմ նոր շարժումի ստեղծվել էր ոչ միայն պաշտոնական հակառակություն, այլև ժողովրդական կողմ և դեմ մի հետաքրքրություն: Սողոսը, իբրև «Հայրենական Օրենքի» կորովի պաշտպան, և իբրև փարիսեցի, ժամանակ առ ժամանակ հակառակվողներից ամենա աչքի ընկնողն էր: Ամենայն հավանականությամբ, իր առաջին բախումը և բանավեճը Ստեփանոսի հետ ունեցավ:

Արտասահմանից Երուսաղեմ եկած որոշ հրեաներ, օրինակ՝ «Լիբիայից՝ Կյուրենացիներ, Եգիպտոսից՝ Ալեքսանդրացիներ, և Կիլիկիացիներ ու Փոքր Ասիացիներ սկսեցին վիճել Ստեփանոսի հետ, բայց չէին կարողանում ընդիմանալ այն իմսատությանը և հոգուն, որով նա խոսում էր» (Գործք 6:9-10): Հավանաբար այս Կիլիկիացիների մեջ էր նաև Սողոսը, քանի որ բացահայտ նշվում է, որ «Սողոսը կամակից էր Ստեփանոսի մահվան համար» (Գործ 7:59): Նաև պիտի ունկնդրած լիներ Ստեփանոսի Ազգային Գերագույն Ժողովում ասված երկար և հոյակապ ճառը, որն իր դեմ հակառակության բաժակը լցրեց և իր քարկոծության պատճառը դարձավ:

Ստեփանոսի մահից հետո, Սողոսի գլխավորությամբ, քրիստոնյաների դեմ մի խիստ հալածանք շղթայազերծ եղավ, «Իսկ Սողոսը եկեղեցուն շատ վնաս էր հասցնում. տնից տուն էր մտնում, դուրս էր քաշում (քրիստոնյա) տղամարդկանց և կանանց ու մատնում բանտարկության» (Գործք 8:3): Քրիստոնյաների ձայնը Երուսաղեմում բավականին ճնշելուց հետո, ներկայացավ քահանայապետին և նրանից արտոնության նամակ խնդրեց, որպեսզի արտասահմանում էլ, սկսելով Դամասկոսից, աշխատի կանխել քրիստոնեության ծավալումը: Այդ ճակատագրական ճամփորդության ընթացքում էր, որ Սողոսը Քրիստոսի կողմից տեսիլքով շնորհի հարվածն է ստանում, որը բերում է նրա դարձին և Դամասկոսում մկրտությանը. հավանաբար 36թ.-ին: Դրանից հետո իր կյանքի մնացած տարիները իր հալածած կրոնի տարածման համար ամբողջական նվիրումի մի ընթացք էր:

Երեքից-չորս առաքելական արշավանքներ է կազմակերպում, որոնցից առաջինի ընթացքում, Կիպրոսում, նախ կուրացնելով Եղիմաս մոգին, որը շատերին էր մոլորեցնում, ապա հավատքի բերելով Կիպրոսի հռոմեացի փոխկառավարիչ Սերգիոս-Պողոսին, նա իր առաջին նշանակալից հաջողությունն է ունենում, որից հետո Սողոսը կոչվում է նաև Պողոս: Հավատքի տարածման համար իր ճամփորդությունները հասնում են մինչև Փոքր Ասիայի հարավային և հյուսիսային ընդարձակ նահանգները, մինչև Հունաստանի բոլոր անկյունները: Այս տարածքներում հիմնադրում է բազմաթիվ տեղական եկեղեցիներ:

Քարոզչական երրորդ առաքելությունից հետո, Երուսաղեմ վերադարձին, Տաճարում հակառակորդների ամբոխը շրջապատում է նրան և եթե մոտիկ զորամասից հռոմեացի զինվորները չհասնեին և չփրկեին նրան, քարկոծելով վերջ պիտի տային Պողոսի կյանքին: Ապա տարվեց հռոմեական կառավարիչների կենտրոն հանդիսացող Պաղեստինյան Կեսարի մոտ, որտեղ երկու տարի ապրեց որպես ազատ բանտարկյալ: Հռոմեացի դատավորը պատժելի որևէ հանցանք չգտնելով՝ ցանկանում էր ազատ արձակել նրան, բայց հրեաները պահանջեցին, որ նրան Երուսաղեմ տանեն և այնտեղ կրոնավոր իշխանավորների կողմից դատեն: Սակայն իր գլխի գալիքը իմանալով՝ Պողոսն ասում է. «Կայսրին եմ բողոքում»: Այսպիսով նրան ուղարկեցին Հռոմ՝ այնտեղ դատվելու համար: Գործք Առաքելոցը Պողոսի Հռոմ հասնելու վերջաբանն այսպես է ներկայացնում. «Եվ ամբողջ երկու տարի Պողոսն ապրեց իր ծախսով։ Եվ ընդունում էր բոլոր նրանց, որ գալիս էին իր մոտ։ Քարոզում էր Աստծու արքայությունը եվ ամենայն համարձակութեամբ անարգել ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին» (Գործք 28:30-32):

Սա նշանակում է, որ Պողոսը, որպես ազատ բանտարկյալ, երկու տարի մնաց Հռոմում: Արդյոք դատը կայացավ, թե ոչ, հայտնի չէ: Ավանդությունը պատմում է, որ այս դատի ժամանակ Պողոսին ազատ արձակեցին և նա շարունակեց իր քարոզչությունը ընդհուպ մինչև Իսպանիա և այլ տեղեր, ապա նորից վերադարձավ Հռոմ և 67թ.-ին Ներոնի հալածանքների ժամանակ ձերբակալվեց և սրով նահատակվեց:

Պողոս Առաքյալի անունը և քարոզչությունը անմահացնողները ոչ միայն իր ընդարձակ առաքելական քարոզչությունն էր, այլ նաև առավելաբար իր թղթերն էին, այսինքն տասնչորս նամակները, որոնք իր հիմնած եկեղեցիների և որոշ անձերի էին ուղղված: Այս նամակները, որքանով որ մեծ Առաքյալի ներքին ապրումների ու բնութագրական գծերի հետաքրքիր աղբյուրներ են, նույնքանով էլ քրիստոնեական աստվածաբանության և բարոյական ուսուցումների անսպառ շտեմարաններ են:

Պողոսն ամբողջական նվիրման և անդուլ գործունեության անգերազանցելի մի տիպար է: Իր ամբողջ հնարավորությունները և կարողությունները ի սպաս դրեց Աստծո արքայության քարոզչությանը: Արդարացիորեն և իրավացիորեն եղավ «Ծառա Հիսուս Քրիստոսի», ինչպես որ սիրում էր կոչել ինքն իրեն՝ նամակներում: Հստակորեն ըմբռնելով քրիստոնեության մաքուր և վսեմ ոգին, նրա տիեզերական և հոգևոր բնույթը, և Քրիստոսի բերած փրկության բարիքներն անձամբ և բոլորից ավելի ճաշակած լինելով, այն՝ Քրիստոսի փրկութունը համարեց որպես համամարդկային շնորհի լույս՝ անխտիր բոլորի, հրեայի և հեթանոսի, արուի և էգի, ծառայի և տիրոջ համար, ուստի ձևավորեց այն համոզմունքը, ըստ որի այլևս վերջացել է հրեական ծիսական կրոնի դերը, և դրա տեղը գրավել է Քրիստոսի բերած հոգեղեն կրոնը, որին կարելի է հաղորդակցվել միայն հավատքով: Այս բառը՝ Հավատքը, իր ուսուցման մեջ հիմնական տեղ է գրավում:

Քանի որ պայքարում էր հրեական ծիսամոլության դեմ, բազմիցս ենթարկվել է շարունակական հալածանքների և չարչարանքների, որոնք թվում է իր նամակներում: Շուրջ հինգ տարի բանտարկության մեջ է անցկացրել Երուսաղեմում, Կեսարիայում և Հռոմում, հինգ անգամ գանակոծության է ենթարկվել (յուրաքանչյուր գանակոծությունը բաղկացած էր 39 մտրակումից), երեք անգամ ծեծվել է, մեկ անգամ քարկոծվել և երեք անգամ նավաբեկության է ենթարկվել, շարունակ տաժանակիր և հոգնեցուցիչ ճամփորդության մեջ էր: Եվ Առաքյալն այս չարչարանքների որոշ մասը թվելով՝ եզրակացնում է. «Վշտեր գետերից, վշտեր ավազակներից, վշտեր ցեղակիցներից, վշտեր հեթանոսներից, վշտեր քաղաքներում, վշտեր ամայի վայրերում, վշտեր ծովի վրա, վշտեր սուտ եղբայրներից, հաճախ հոգնատանջ եմ եղել, շատ անգամ անքուն, անոթի, ծարավ և մերկ եմ մնացել: Թողնենք այն նեղությունները, որոնք ամբոխի կողմից եմ կրել, որոնք մշտականապես իմ վրա էին կուտակվում, իմ հիմնած եկեղեցիների համար մշտապես մտահոգության մեջ եմ, երբ նրանք տագնապի մեջ են՝ ես էլ եմ տագնապում, երբ նրանք ուղիղ ճանապարհից շեղվում են՝ ես էլ զայրանում և տառապում եմ…» (Բ Կորն. 11:24-29):

Պողոսի կյանքը ոչ միայն մշտական մի մարտիրոսություն էր, այլ նաև, առավելապես, մի իրական դյուցազնություն, ավելի գերազանց, քան Հերակլեսինը, մանավանդ, երբ նկատի ենք ունենում, որ այս դյուցազունն ընդամենը առասպելական առյուծների, վիշապների, կամ հսկաների դեմ էր պայքարում: Պողոսը մաքառում է մարդկայն տգիտության, չարության, նախանձի և նախապաշարումների դեմ և մանավանդ անտեսանելի և սատանայական «Իշխանությունների և պետությունների դեմ, խավարի աշխարհակալների դեմ, չարության գերմարդկային ուժերի դեմ»: (Եփես. 6:12): Պողոսի նամակները, նույնիսկ Ավետարաններից առաջ գրված լինելով, համարվում են քրիստոնեական գրականության առաջին գործերը:

Պողոս Առաքյալին հիշատակում ենք Ս. Ծնունդը կանխող ավագ տոների ժամանակ:

«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք աչք. Գալուստյան, Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան 1997

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am