Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Հայկ Բժշկյանց. Կենսագրություն

Հայկ «Գայ» Բժշկյանց (փետրվարի 6 (18), 1887, Թավրիզ, Իրան - դեկտեմբերի 11, 1937, Մոսկվա, ԽՍՀՄ), հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատար, ԽՍՀՄ ԶՈՒ հայազգի հրամանատար, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոս, սովետա-լեհական պատերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ (1922 թվականին), կորպուսի հրամանատար (1935 թվական, հիմա՝ գեներալ-գնդապետ), պրոֆեսոր (1933 թվականից), ԽՄԿԿ անդամ (1918 թվականից): Իր դիվիզիայի կարմիր բանակայինները դժվարանում էին արտասանել նրա Հայկ անունը և Բժշկյանց ազգանունը, և խնդրել են իրենց հրամանատարին դիմելու նրան Գայ մականունով, որն ավելի հեշտ էր արտասանվում:

Կենսագրություն

Ծնվել է 1887 թվականի փետրվար 6-ին Իրանի Թավրիզ քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական՝ Արամյան դպրոցում, այնուհետև Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտել չի կարողացել ուսանողական շարժումներին մասնակցելու համար 1901 թվականին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցից հեռացվելու պատճառով։ Հետագայում ստացել է զինվորական բարձրագույն կրթություն։ 1903-1918 թվականներին եղել է ՍԴ Հնչակյան կուսակցության անդամ։ Հեղափոխական գործունեություն է ծավալել Թիֆլիսում, Բաքվում։ 1911 թվականին երկու անգամ ձերբակալվել է ցարական ժանդարմերիայի կողմից, աքսորվել Աստրախանի նահանգ (1912-1913 թվականներ)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական 6-րդ կամավորական գնդի հեծելազորային վաշտի հրամանատար, ապա՝ 6-րդ կամավորական գնդի գնդի հրամանատարը և մասնակցել կովկասյան ռազմաճակատում թուրքական զավթիչների դեմ մարտական գործողություններին։

Ռուսաստանի քաղաքացիական կռիվներում (1918-1920 թվականներ)

Դառնալով կոմունիստ, մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը: 1917 թվականի նոյեմբերին կազմավորել է կարմիր գվարդիայի ջոկատ, կռվել Բուխարայի էմիրի զորքերի դեմ: Գայի զորավարական տաղանդը դրսևորվել է հատկապես Ռուսաստանում ծավալված քաղաքացիական կռիվներում (1918-1920 թվականներ)։ 1918 թվականի մարտին Օրենբուրգի ճակատում իր ջոկատով կռվել է սպիտակ չեխերի, Դուտովի զորքերի դեմ: 1918 թվականի հուլիսից՝ Սենգիլեյ-Ստավրոպոլյան ռազմաճակատի հրամանատարի տեղակալն էր, ապա՝ Սիմբիրսկի համահավաք դիվիզիայի պետը: Նրա գլխավորած դիվիզիան ազատագրել է Սիմբիրսկը, Սիզրանը, Վոլգայի Ստավրոպոլը, Սամարան, Սենգիլեյը, Բուզուլուկը: 1918 թվականի դեկտեմբերի 26-ին Գայը նշանակվել է Արևելյան ռազմաճակատի առաջին բանակի հրամանատար, Ուրալի, Անդուրալի և Պովոլժիեի շրջաններում մասնակցել է Կոլչակի ղեկավարած սպիտակգվարդիականների դեմ մարտական գործողություններին, Օրենբուրգի, Ուֆայի և Օմսկի պաշտպանությանը: 1919 թվականի օգոստոս-սեպտեմբերին Հարավային ռազմաճակատում՝ 42-րդ հրաձգային դիվիզիայի, սեպտեմբերից՝ Կովկասյան ռազմաճակատում 1-ին Կովկասյան հեծյալ դիվիզիայի, 1920 թվականի մարտից՝ 2-րդ Կովկասյան հեծյալ կորպուսի հրամանատարն էր: Սպիտակ լեհերից ազատագրել է Լիտվայի և Բելառուսիայի բազմաթիվ բնակավայրեր: Ապահովելով 4-րդ բանակի նահանջը՝ Գայի կորպուսը ներկալվել է Արևելյան Գերմանիայում, բայց 1920 թվականի դեկտեմբերին խորհրդային կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերադարձվել է Խորհրդային Ռուսաստան:

Կյանքը 1922-1937 թվականներին

1922-1923 թվականներին եղել է ՀԽՍՀ ռազմական գործերի Ժողկոմ, ՀԽՍՀ ռազմական կոմիսար: Եռանդուն գործունեություն է ծավալել Հայկական միացյալ ռազմական դպրոցում և Հայկական առանձին լեռնահրաձգային դիվիզիայում: 1923 թվականի մայիսին նշանակվել է Սամարյան 7-րդ հեծյալ դիվիզիայի հրամանատար: 1924 թվականի հոկտեմբերին նշանակվել է այդ դիվիզիայի հիման վրա կազմված 3-րդ հեծյալ կորպուսի հրամանատար: 1927 թվականին Գայն ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: 1927-1932 թվականներին Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում եղել է ռազմական արվեստի պատմության ամբիոնի վարիչ: 1932 թվականին նշանակվել է ամբիոնի վարիչ Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայում: Գայը եղել է Սիմբիրսկի, Սամարայի, Օրենբուրգի, հեղկոմների, Սամարայի նահանգային գործկոմի նախագահության անդամ, ընտրվել է Հայաստանի, Անդրֆեդերացիայի, Բելառուսիայի Կենտրոնական գործադիր կոմիտեների անդամ: Գայը ռազմական արվեստի տեսաբան էր, ռազմագիտական աշխատությունների հեղինակ։

Մահն ու անմահությունը

1935 թվականի հունիս 3-ին ձերբակալվել է «հակասովետական ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով, (պրոլետարական ծագման կարմիր հրամանատարի ձերբակալման առաջին դեպքը Խորհրդային Միությունում): 1937 թվականի դեկտեմբեր 11-ին ԽՍՀՄ Գերագույն Դատարանի ռազմական տրիբունալի որոշմամբ մեղավոր է ճանաչվել և նույն օրը գնդակահարվել։ 1956 թվականի հունվարի 21-ին հետմահու արդարացվել է։ Գայի և նրա Երկաթյա դիվիզիայի մարտիկների հիշատակին հուշարձան է կանգնեցված Ուլյանովսկում: Խորհրդային Հայաստանում նրա անունով էին կոչվում Երևանի թիվ 129 միջնակարգ դպրոցը և սպայի տունը: Գայի արձանը կանգնեցված է Երևանի Նոր Նորք թաղամասում: Նրա մասին գրվել են պատմագիտական և գեղարվեստական գրքեր, ստեղծվել փաստագրական և գեղարվեստական ֆիլմեր:

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի