Այսպէս է ասում Տէրը. «Իմաստութեա՛մբ վարուեցէք դրսինների հետ՝ գնահատելով ժամանակը: Եւ ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին» (Կողոսացիներ 4:5)

Սայաթ-Նովա

Սայաթ-Նովա (Հարություն Սայադյան) (1712 - 1795), ուշ միջնադարի հայ տաղերգության և հոգևոր մշակույթի խոշոր ներկայացուցիչ: Նա կատարելության է հասցրել աշուղական-ժողովրդական քնարերգությունը, կամրջել միջնադարյան բանաստեղծությունը և նոր ձևավորվող պոեզիան, ժողովրդական խաղն ու հեղինակային քնարերգությունը:

Սայաթ-Նովան ուսանել է Թիֆլիսի հայոց դպրատներից մեկում, հետագայում գիտելիքները խորացրել է ինքնակրթությամբ: 12 տարեկանից սովորել է ջուլհակություն, միաժամանակ տարվել է երգ-երաժշտությամբ, սովորել է նվագել սազ, թամբուր, հատկապես՝ քամանչա, որը դարձել է նրա ստեղծագործական կյանքի ուղեկիցը: Տիրապետել է առնվազն 4 լեզվի՝ հայերենին, վրացերենին, թուրքերենին և պարսկերենին:

Սայաթ-Նովան ծառայել է պալատում, բայց ողջ էությամբ նվիրված էր հասարակ ժողովրդին. իրեն անվանել է «խալխի նոքար» (ժողովրդի ծառա), աշխատել է թեթևացնել ժողովրդի ծանր վիճակը՝ արժանանալով հոգևոր և իշխանական (թավադական) դասի որոշ ներկայացուցիչների թշնամանքին: Հերակլ արքան 1752 և 1759 թթ-ին նրան վտարել է արքունիքից, բռնությամբ դարձրել է քահանա և աքսորել Վրաստանից:

Սայաթ-Նովայից պահպանվել են մոտ 70 հայերեն, 120 թուրքերեն և շուրջ 30 վրացերեն երգեր: Դեռևս արքունիքում նա կազմել է իր երգերի հիմնական ժողովածուն՝ դավթարը, որտեղ ամփոփված է դրանց մեծ մասը:

Աշուղ-բանաստեղծը վրացերեն երգերում տուրք է տվել վրացական արքունիքում ընդունված ներբողային ոճին, թուրքերեն խաղերն առավելապես գրված են աշուղական բանարվեստի կաղապարներով և մեծ մասամբ աշուղական մրցավեճերի համար էին, մինչդեռ հայերեն խաղերը շենշող ու շլացուցիչ են, զգացմունքները՝ անմիջական, խոսքը՝ խրատական ու հակիրճ:

Իր խոհախրատական երգերում Սայաթ-Նովան բարձր է գնահատել բարությունը, պատիվը, արդարությունը և բարեկրթությունը, թևավոր խոսք է դարձել նրա «Գի՜ր սիրե, ղա՜լամ սիրե, դա՜վթար սիրե» արտահայտությունը: Նա իր երգերում հաճախ է դատապարտել հասարակական չարիքներն ու արատները. «Ում հաքին հին շալ ին տեսնում, էլ չին ասում, թե էս ո՞վ ա»:

Շարունակելով Նաղաշ Հովնաթանից սկիզբ առած ավանդույթը՝ Սայաթ-Նովան իր խաղերի մեծագույն մասը հորինել է սեփական եղանակներով, երաժշտական տարբեր ոճերից ստեղծել է միասնական՝ սայաթնովյան ոճ, օգտագործել է նաև աշուղական ավանդական եղանակները: Նրա հայերեն խաղերի 27 եղանակ հավաքել և գրի են առել երաժշտագետ Մուշեղ Աղայանն ու երգիչ Շարա Տալյանը:

Սայաթ-Նովան մեծապես նպաստել է Այսրկովկասի աշուղական արվեստի զարգացմանը, նկատելի ազդեցություն է ունեցել նաև կոմպոզիտորական արվեստի վրա:

Սայաթ-Նովայի երգերը թարգմանվել են մի շարք լեզուներով, նրա մասին գրվել են գրական, երաժշտական ստեղծագործություններ, գիտական աշխատություններ, կերպարին անդրադարձել են թատրոնում, կինոյում և կերպարվեստում:

1963 թ-ին Խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ նշվել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը: 1976 թ-ին նրա անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:

Տեսանյութը՝ Շողակաթ հեռուստաընկերության։