Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ արդարը հազիւ է փրկուելու, ապա ամբարիշտը կամ մեղաւորը էլ ո՞ւր պիտի մնայ:Հետեւաբար նրանք, որ չարչարւում են ըստ Աստծոյ կամքի, բարի գործերով թող իրենց հոգիները յանձնեն հաւատարիմ Ստեղծողին» (Պետրոս 4:18-19)

Ալեքսանդր Սպենդարյան․ Կենսագրություն

Ալեքսանդր Ստեփանոսի Սպենդիարյան (նոյեմբեր 1 (հոկտեմբեր 20), 1871, Կախովկա - մայիսի 7, 1928, Երևան), հայ մեծ կոմպոզիտոր, ում անունով է կոչվում Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ 1926:

Կենսագրություն

Կախովկա 1871-1877

Ալեքսանդր Սպենդիարյանը (Սպենդիարով) ծնվել է 1871 թ. նոյեմբերի 1-ին (հին տոմարով հոկտեմբերի 20), Ռուսական կայսրության, Տավրիկյան նահանգի, Դնեպրովյան գավառի Կախովկա քաղաքում (այժմ՝ Խերսոնի մարզ, Ուկրաինա)։ Հայրը՝ Աֆանասի Սպենդիարովը (Ստեփանոս Սպենդիարյանց) զբաղվում էր փայտանյութի առևտրով։ Մայրը՝ Նատալյա Սելինովան (Դշխուհի) Կարասուբազարի (այժմ՝ Բելոգորսկ) քաղաքագլուխ Կարպ Սելինյանի դուստրն էր։ Նրանց ընտանիքում հինգ երեխա էին մեծանում։ Ալեքսանդր Սպենդիարյանը ընտանիքի երկրորդ երեխան էր։ Երաժշտական ունակությունները նրան փոխանցվել են մորից, ով հաճախ էր նվագում հայկական ու թաթարական մեղեդիներ։ Ալեքսանդրը դաշնամուր նվագել սկսել է չորս տարեկանից։ Նրա առաջին ստեղծագործությունը մի փոքրիկ վալս էր, որը գրեց յոթ տարեկանում։

…Իմ մանկության և պատանեկության տարիների երաժշտական ազդեցություններից ամենաուժեղը մորս դաշնամուր նվագելն էր, ինչը ես շատ էի սիրում ունկնդրել և ինչն, անկասկած, իմ մեջ սեր արթնացրեց դեպի երաժշտությունը…
- Ալեքսանդր Սպենդիարյան

Սիմֆերոպոլ 1877-1890

1877 թ. Ալեքսանդր Սպենդիարյանն ընտանիքի հետ տեղափոխվում է Սիմֆերոպոլ: Մայրը նրա համար դաշնամուրի ուսուցչուհի է հրավիում։ Սպենդիարյանն արդեն վարժ կարդում էր նոտաները, սակայն մեկ տարի անց նա հրաժարվում է դաշնամուրի դասերից, քանի որ չէր սիրում գամմաներ ու վարժություններ նվագել։ 1882 թ. Ալեքսանդր Սպենդիարյանն ընդունվում է Սիմֆերոպոլի գիմնազիա, երգում աշակերտական երգչախմբում։ Տասնչորս տարեկանում սովորում է ջութակ նվագել և հրապուրվում այս գործիքով։ Իսկ ավագ եղբայրը՝ Լեոնիդը թավջութակ էր նվագում։ 1888 թ. Սպենդիարյանը գրում է մի ռոմանս, որը նրա առաջին տպագրված ստեղծագործությունն էր։ «Հմայված եմ քո գեղեցկությամբ» ռոմանսը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի առաջին սեր՝ Ելիզավետա Արենդտին։ 1890 թ. ավարտում է ուսումը գիմնազիայում և հոր հետ ճամփորդում՝ լինելով Վիեննայի օպերային թատրոնում:

...Շլացած դուրս եկա թատրոնից, երազելով՝ որպես գերագույն երջանկություն, իմ ստեղծագործությունը երբևիցե լսել այդպիսի հիանալի նվագախմբի կատարմամբ: Անտարակույս, հենց այդ պահից իմ մեջ ծնվեց հատուկ մի սեր նվագախմբի հանդեպ և ամրապնդվեց նույնպիսի սեր՝ երաժշտության մեջ էկզոտիկ կոլորիտի նկատմամբ...
- Ալեքսանդր Սպենդիարյան

Մոսկվա 1890-1895

1890 թ. Ալեքսանդր Սպենդիարյանը հոր խորհրդով ընդունվում է Մոսկվայի կայսերական համալսարան նախ՝ բնագիտության ֆակուլտետ, ապա ուսումը շարունակում իրավաբանության ֆակուլտետում։ Համալսարանում ուսանելու տարիներին նա նվագում է Նիկոլայ Կլենովսկու ղեկավարած ուսանողական նվագախմբում, որպես կոնցերտմայստեր՝ շարունակելով ջութակի դասերը Մեծ թատրոնի նվագախմբի ջութակահար Պեկարսկու մոտ։ Ուսանողական նվագախմբի դիրիժոր Նիկոլայ Կլենովսկին լսելով Սպենդիարյանի ստեղծագործությունները՝ խորհուրդ է տալիս լրջորեն զբաղվել կոմպոզիցիայի տեսությամբ։ Ալեքսանդր Սպենդիարյանը որպես առաջին ուսուցիչ ընտրում է հենց նրան։ Նույն համալսարանում էր սովորում նաև Սպենդիարյանի եղբայրը՝ Լեոնիդը, ով դարձավ հայտնի երկրաբան։ Մոսկվայում Սպենդիարյան եղբայրներն հաղորդակից էին հայկական մշակույթին, մտերիմ էին մոսկվաբնակ հայ մտավորականության հետ։ Նրանք հաճախ էին մասնակցում Ներսես Ներսեսովի և Սերգեյ Շահինյանի տանը կազմակերվող երեկույթներին։ 1894 թ. այդպիսի հավաքույթներից մեկի ժամանակ Ալեքսանդր Սպենդիարյանը ծանոթանում է Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Լսելով նրա «Ա՜յ վարդ» բանաստեղծությունը Սպենդիարյանը գրում է համանուն ռոմանս։ Այն կոմպոզիտորի առաջին ստեղծագործությունն էր՝ գրված հայ գրողի բանաստեղծության հիման վրա։ 1895 թ. Սպենդիարյանն ավարտում է իր ուսումը և մեկնում Պետերբուրգ: Երկու տարի անց՝ 1897 թ. հանձնելով ավարտական քննությունները ստանում է իրավաբանի առաջին կարգի դիպլոմ, այդպես էլ իր ողջ կյանքի ընքացքում չզբաղվելով այդ մասնագիտությամբ։

Պետերբուրգ 1895-1900

1895 թ. ջութակահար Հովհաննես Նալբանդյանի միջնորդությամբ հանդիպում է Նիկոլայ Ռիմսկի - Կորսակովին և ներկայացնում իր ստեղծագործություններից մի քանիսը։ Ռուս կոմպոզիտորը համաձայնում է դառնալ Սպենդիարյանի կոմպոզիցիայի տեսության ուսուցիչը։ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը մեծապես հավանում էր նրա երաժշտությունը և խրախուսում էր նրան ավելի խորանալ հայկական ժողովորդական երաժշտության ուսումնասիրության մեջ։ Նրա օգնությամբ Ալեքսանդր Սպենդիարյանը բարեկամական ու ստեղծագործական կապեր է հաստատում ռուսական երաժշտարվեստի անվանիների հետ։ 1900 թ.՝ ավարտելով ուսումը, գրում է իր առաջին սիմֆոնիկ ստեղծագործությունը՝ «Կոնցերտային նախերգանքը»՝ նվիրելով սիրելի ուսուցչին։

Յալթա 1901-1916

1901 թ. Ալեքսանդր Սպենդիարյանը տեղափոխվում է Յալթա՝ ամուսնանալով վաղամեռիկ եղբոր՝ Լեոնիդ Սպենդիարյանի կնոջ՝ Վարվառա Մազիրովայի հետ։ Կոմպոզիտորի հայրը որդու ընտանիքին է նվիրում առանձնատուն, որը նախկինում Սերբիայի Նատալյա թագուհու ամառային նստավայրն էր։ Սպենդիարյանների տունը շուտով դառնում է Յալթայի մշակութային կենտրոնը։ Այստեղ շատ հաճախ էին կազմակերպվում համերգներ, երեկույթներ, որոնց ներկա էին լինում Մաքսիմ Գորկին, Անտոն Չեխովը, Ալեքսանդր Գլազունովը, Անտոն Արենսկին, Ֆեոդոր Շալյապինը, Սերգեյ Ռախմանինովը, Իլյա Ռեպինը: Յալթայում կոմպոզիտորը ծավալում է ակտիվ հասարակական, մշակութային, խմբավարական ու ստեղծագործական գործունեություն. հիմնում երաժշտական դպրոցներ, սիրողական երգչախումբ, կազմակերպում համերգներ, գլխավորում Յալթայի Հայկական բարեգործական ընկերությունը։

Սուդակ 1916-1924

1916 թ. Սպենդիարյանը վաճառելով Յալթայի առանձնատունը ընտանիքի հետ տեղափոխվում է Սուդակ՝ ապրելու իր ամառանոցում։ Նույն տարում հրավեր ստանալով Թիֆլիսի Հայկական երաժշտական ընկերության կողմից կոմպոզիտորը մեկնում է Թիֆլիս, ելույթ ունենում համերգներով ու արժանանում է տեղի հայերի ջերմ ընդունելությանը։ Թիֆլիսում կոմպոզիտորը լսում և գրառում է Արևելյան մեղեդիներ, որոնք հետագայում օգտագործում է իր ստեղծագործություններում։ Այստեղ տեղի է ունենում Սպենդիարյանի և մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հանդիպումը՝ որ ընթացքում էլ կոմպոզիտորի մոտ ծնվում է օպերա գրելու գաղափարը։ Որպես օպերայի սյուժե ընտրվում է «Թմկաբերդի առումը» պոեմը։ Վերադառնալով Սուդակ նա սկսում է «Ալմաստ» օպերայի ստեղծման աշխատանքները։ Նույնիսկ Առաջին համաշխարհային պատերազմի և հեղափոխության դժվարին տարիներին Սպենդիարյանը ծավալում է բուռն հասարակական ու մշակութային գործունեություն։

Երևան 1924-1928

Սպենդիարյանը այն հայ մտավորակնների շարքում էր, ովքեր Հայաստանի իշխանությունների հրավերով տեղափոխվում էին բնակություն հաստատելու հայրենիքում։ Կոմպոզիտորը Հայաստան տեղափոխվեց 1924 թ.՝ իր հայրենիքում նախաձեռնելով երաժշտական ու մշակութային կյանքի զարգացման լայնածավալ աշխատանքներ։ Նրա ջանքերով ստեղծվեց Երևանի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբն ու բացվեց նվագախմբային դասարանը։ Հայաստանում կոմպոզիտորը ծավալում էր նաև մանկավարժական գործունեություն՝ իր հարուստ փորձը փոխանցելով նորաբաց կոնսերվատորիայի դասախոսներին և ուսանողներին։ Հայկական մշակույթի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի համար Ալեքսանդր Սպենդիարյանին 1926 թ. շնորհվում է Ժողովրդական արտիստի կոչում՝ Հայաստանում առաջին անգամ։ Կոմպոզիտորի մոտ հայտնաբերվում է թոքերի սուր բորբոքում, որի հետևանքով 1928 թ. մայիսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանը մահանում է՝ ախտորոշմամբ։ Նրա ընկերոջ՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ կոմպոզիտորի մարմինն ամփոփվում է նախագծված Ժողտան (Ներկայիս օպերային թատրոն) հարակից պուրակում։ Նրա մահից տարիներ անց՝ 1933 թ. հունվարի 20-ին «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվում է Հայաստանի օպերայի պետական թատրոնը, որը 1939 թ. կրում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը։

Գործունեությունը

Ալեքսանդր Սպենդիարյանի անունը իր նշանակալից տեղն ունի հայ դասական երաժշտության պատմության մեջ։ Յուրօրինակ կոմպոզիտոր, տաղանդավոր դիրիժոր, անընկճելի երաժշտահասարակական գործիչ, երիտասարդներ կրթող նրբանկատ մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից մեկն է, ով յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական և մասնավորապես ռուսական դասական երաժշտության ավանդույթներով, ընդլայնեց ազգային երաժշտության շրջանակները։ Նա հիմք դրեց հայ սիմֆոնիկ երաժշտությանը, հարստացրեց կամերային երաժշտությունը և ստեղծեց դասական «Ալմաստ» օպերան։ Սպենդիարյանը մեծ դեր խաղաց ազգային կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների և հայ երաժշտության մեջ ռեալիստական /իրատեսական/ ուղղվածության ձևավորման գործում։ Սպենդիարյանի երաժշտական ժառանգությունը բաղկացած է քառասունից ավելի երգերից ու ռոմանսներից, մի շարք կամերա-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործություններից, մեկ օպերայից, երկու մելոդեկլամացիաներից, մի քանի խմբերգերից ու վոկալ անսամբլներից։ Սպենդիարյանի գրչին են պատկանում մեծ քանակությամբ ժողովրդական երգերի մշակումներ՝ հայկական, ռուսական, ուկրաինական, թաթարական (Ղրիմի)։ Սպենդիարյանի ինքնատիպ երաժշտական ոճը դրսևորվեց արևելյան թեմաներով գրված ստեղծագործություններում։ Այդ մասին կոմպոզիտորը հետևյալն է գրում. «Հետադարձ հայացք նետելով այն ամենին, ինչ ես գրել եմ մինչև օրս, կարելի է այն եզրակացությանը գալ, որ… իմ ստեղծագործություններից առավել անհատական են արևելյան ոճի ստեղծագործությունները»: Լինելով «նոր ռուսական երաժշտական դպրոցի» ՝«Հզոր խմբակի» հետևորդը Սպենդիարյանը հակվեց ծրագրային երաժշտությանը, որին բնորոշ են վառ կերպարայնությունը, երաժշտական լեզվի գունեղությունը, անմիջականությունն ու հուզականությունը։ Դեռևս Սիմֆերոպոլի գիմնազիայում ուսանելու տարիներին երիտասարդ Սպենդիարյանը գրում է իր առաջին ստեղծագործությունները։ Ստեղծագործական առաջին փորձերի թվում կային նաև հերոսական երգերի մշակումներ ջութակի և դաշնամուրի համար, զինվորական քայլերգեր, ինչպես նաև մի շարք հայկական ազգային մեղեդիների մշակումներ քառաձայն երգչախմբի համար՝ «Գացեք տեսեք», «Ջան գյուլում» և այլն։ 1890-ական թթ. Սպենդիարյանը ստեղծեց մեծ քանակությամբ երգեր և ռոմանսներ, որոնք հագեցած էին լուսավոր, անհոգ քնարականությամբ, մեղեդայնությամբ, պարզ ու մատչելի երաժշտական կառուցվածքով։ Դրանցում արտացոլվեցին ռուսական կենցաղային երգերի և ռոմանսների անմիջական ազդեցությունը։ 1900 թ. Սպենդիարյանն ավարտելով ուսումնառությունը Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի մոտ, սկսեց իր որոնումները ստեղծագործական նոր արտահայտչաձևերում, ինչպես նաև երաժշտա-հասարակական գործունեության բազմակողմանի դրսևորումներում։ Այս ժամանակահատվածում Ալեքսանդր Սպենդիարյանն ակտիվ տարվեց երաժշտահասարակական, դիրիժորական և կոմպոզիտորական գործունեությամբ՝ նպաստելով Ղրիմի համերգային կյանքի և երաժշտական կրթության զարգացման գործին։ 1900-1917 թթ. Սպենդիարյանը գրեց իր խոշորակտավ ստեղծագործությունների մեծ մասը։ «Ղրիմյան էսքիզներ»-ի երկու սերիաները(1903, 1912 թթ.) «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկեր(1905 թ.), մելոդեկլամացիաներ՝ «Մենք կհանգստանանք»(ըստ Չեխովի Սոնյայի մենախոսությունը «Քեռի Վանյայի» պիեսից(1910 թ.), «էդելվեյս»(ըստ Գորկու, 1911 թ.), վոկալ անսամբլներ՝ «Պաղեստինի ոստը»(1901 թ.), «Չհնձված արտը», (1902 թ.), «Վլադիմիր Ստասովի հիշատակին» կանտատը(1907 թ.), «Բեդա Քարոզիչ»(1907 թ.), «Ձկնորսն ու փերին»(1902 թ.), և այլն։ Ակտիվ էին նրա շփումները տարբեր երաժշտա-հասարակական կազմակերպությունների հետ։ Դրանց թվում էին Ղրիմի, Խարկովի, Օդեսսայի, Մոսկվայի, Թբիլիսիի, Նախիջևանի, Բաքվի երաժշտա-հասարակական կազմակերպությունները, տպարանները, երգչախմբային և նվագախմբային միությունները, ուսումնական հաստատությունները և այլն։ Շատ լայն էր Սպենդիարյանի ստեղծագործական շփումները մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող ինչպես ռուս այնպես էլ հայազգի արվեստագետների հետ՝ Մաքսիմ Գորկի, Անտոն Չեխով, Լև Տոլստոյ, Ալեքսանդր Գլազունով, Բորիս Ասաֆև, Միխայիլ Գնեսին, Սերգեյ Վասիլենկո, Եվգենիա Զբրուևա, Ֆելիքս Բլյումենֆելդ, Նիկոլայ Չերեպնին, Նիկոլայ Ամանի, Սերգեյ Մերկուրով, Եվգենյա Մռավինա, Ալեքսանդր Ծատուրյան, Վարդգես Սուրենյանց, Նիկողայոս Տիգրանյան Հովհաննես Թումանյան, Մարտիրոս Սարյան, Ռոմանոս Մելիքյան, Հովհաննես Նալբանդյան և այլն։ Այդ մասին են վկայում նրա նամակագրական կապերը, և ժամանակակիցների հուշերը կոմպոզիտորի մասին։ Սպենդիարյանի ստեղծագործական կյանքում բեկումնային եղավ 1916 թ. նրա այցը Թիֆլիս, որտեղ նա ծանոթացավ Հովհաննես Թումանյանի հետ և ոգեշնչված «Թմկաբերդի առումը» պոեմով գրեց իր «Ալմաստ» օպերան։ Թիֆլիսում նաև կազմակերպվեցին կոմպոզիտորի հեղինակային համերգները, որից ստացված հասույթը Սպենդիարյանը տրամադրեց 1915 թ. ջարդերից տուժված հայերին։ Անընկճելի եռանդով Սպենդիարյանը շարունակեց իր գործը նաև հայրենիքում։ 1924 թ. գալով Երևան նա ձեռնամուխ եղավ հայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծմանը, որի անդրանիկ համերգը կազմակերպվեց 1924 թ. դեկտեմբերի 10-ին։ Սպենդիարյանն մանկավարժի և կոմպոզիտորի իր հմտությունները կիսեց և փոխանցեց երիտասարդ կոլեգաներին և ուսանողներին։ Հետաքրքիր մտքեր և ծրագրեր առաջարկեց երաժշտական հրատարակություն, օպերային թատրոն, ֆիլհարմոնիա ունենալու մասին, որոնք կոմպոզիտորի մահից տարիներ հետո դարձան իրականություն։ 1925 թ. Երևանում նա գրեց իր վերջին ստեղծագործություններից մեկը՝ «Երևանյան էտյուդները», որը նվիրեց Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական նվագախմբին։ 1926 թ. մեծ շուքով նշեցին կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության 25-ամյա հոբելյանը, նույն թվականին նա ստացավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի և պետկոնսերվատորիայի պրոֆեսորի պատվավոր կոչումները։ Սպենդիարյանի համար կարևոր նշանակություն ուներ 1927 թ. օպերային դասարանի հասարակական ելույթը, որին կոմպոզիտորը մեծ նշանակություն էր տալիս. «Զարյա Վոստոկա» թերթում կոմպոզիտորը գրեց. «Մայիսի 18-ին հայկական օպերայի հիմքը դրվեց»: 1928 թ. Հայաստանում, ինչպես նաև ողջ Խորհրդային միությունում նշվում էր Մաքսիմ Գորկիի ստեղծագործական գործունեության 35-ամյակը։ Հոբելյանական այդ համերգը ղեկավարում էր Սպենդիարյանը։ Դա կոմպոզիտորի վերջին ելույթն էր։ 1928 թ. մայիսի 7-ին նա կնքեց իր մահկանացուն։

Տեսանյութը՝ Շողակաթ հեռուստաընկերության։
Հեղինակ՝ Հեղինե Մկրտչյան։
Ռեժիսոր՝ Տիգրան Սմբատյան։