Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Կոմիտասի նամակը Արշակ Չօպանեանին

1904, դեկտեմբերի 30, Ս. Էջմիածին.

Սիրելի՛ բարեկամ,

Ժամանակին ստացած էի Ձեր պատասխան գիրը եւ ներփակը, որպէս եւ այսօր երկրորդ ներփակը. առաջինն անձամբ յանձնեցի Վեհին, իսկ երկրորդը ապահովագիր առաքեցի Տպղիս, Վեհն այժմ այնտեղ է, եւ արդէն հասած է ձեռքը:

Որքա՜ն ցաւեցայ, երբ լսեցի, որ անշուք կերպով եղաւ Փարիզի հայ գաղութի եկեղեցւոյ բացումը. մի այնպիսի յարմար առիթ փախուցինք, որ շատ քիչ անգամ կը պատահի. մի՞թէ այնքան կորել էր նախանձախնդրութիւնը դէպի մի բազմաչարչար եկեղեցի, դէպի մի նահատակ եկեղեցի, մեր սէրն ու կապը, որ նկատուեցաւ, իբր թէ մի նոր բնակարան են փոխում մարդիկ... Լա՛ւ, լռե՛նք:

Խնդրում եմ, Արմէնակիս (Շահմուրադ) լաւ խնամէք. նորա աչքն այստեղ էր. բայց իր վարժապետն ի՞նչ յարգ ունեցաւ, որ աշակերտի աղերսը լսուէր... Այս մեծ պասին, երեւի լսած կը լինէք, մտադիր եմ Թիֆլիս գնալու եւ երկու մեծ համանուագերգ տալու զուտ հայ հոգեւոր եւ աշխարհիկ երաժշտութեան, եթէ չը խափանուի. մարդոց վստահելը շատ դժուար է:

Գործերս յաջող են. այժմ կը զբաղուիմ հայ հին խազերու ուսումնասիրութեամբ եւ յուսով եմ շուտով կարող պիտի լինեմ գաղտնիքը բանալ եւ գէթ ցԺԳ դար եղանակներն ստուգել: Հրատարակելու կը պատրաստեմ ժողովրդական եղանակները դաշնակի, խմբի եւ այլն համար:

Պարոն Մագսուտեանին յատկապէս հիացմունքս եւ սրտիս անկեղծ ուրախութիւնը յայտնեցէք:
Ողջունեցէք Արմէնակին, եւ հարցանողաց:

Ձեր միշտ
Կոմիտաս Վարդապետ

Աղբյուր՝ Komitas Museum-Institute ֆեյսբուկյան էջ

Լուսանկարում՝ Սպիրիդոն Մելիքյան, Կոմիտաս Վարդապետ, Արմենակ Շահմուրադյան, Վաղարշապատ 1909 թ.