Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Հայացք մեր կյանքին

Մի պահ կանգ առնենք, մարդիկ... Կանգ առնենք մի պահ ու նայենք մեր կյանքին: Ոչ, նկատի չունեմ` իրադարձություներին, այլ` կյանքին: Մենք հաճախ կյանքը տեսնում ենք որպես իրադարձությունների մի շղթա, իրադարձությունների, որոնք պատահում են մեզ հետ, մեր շուրջ: Մենք վաղուց արդեն նույնացրել ենք մեր կյանքը այդ իրադարձությունների հետ և ասելով «ապրել»` հասկանում ենք ինչ-որ իմաստով «խաղալ» այդ իրադարձությունների դաշտում: Եվ մեր ողջ կյանքն անցնում է այդ իրադարձությունների մեջ. հաճելիներից ուրախանում ենք, տհաճներից` տխրում, կառուցում «ծրագրեր», ձգտում դրանց, «հաջողություններից»` ոգևորվում, անհաջողություններից` հուսահատվում... Տարիներն անցնում են: Կյանքի ժամանակն ավարտին է մոտենում... Սակայն իրադարձությունները չեն ավարտվում, նրանց հորձանքը նույն գետի պես հեղեղում է մեր շուրջը... Եվ հիշում ենք հին խոսքերը, որ ասում են. «Ոչ մի նոր բան չկա արեգակի ներքո.... Նախկինների հիշատակը չկա, չի լինելու նաև դրանցից հետո գալիքների հիշատակը....»:

Իսկ ո՞ւր անցավ մեր կյանքը, որտե՞ղ մենք բաց թողեցինք այն...

Մենք այն բաց թողեցինք հենց այդ նույն իրադարձությունների մեջ: Այո, հենց այն իրադարձությունների, որոնք մեզ «կյանքն» էին թվում, այնինչ` կյանքը այդ ողջ ընթացքում անցնում էր մեր ներսում, բայց մենք նրան չէինք ապրում: Այն կյանքը, որ մշտապես իր մեղմ զանգերն է խփում մեր սրտի խորքում, բայց մենք չէինք լսում նրան: Եվ ինչո՞ւ չէինք լսում... Ի՞նչն է պատճառը, որ մարդ չի նայում իր ներսը, և անընդհատ երջանկություն է փնտրում իրենից դուրս: Պատասխանն այստեղ է. մեր ներսում անելիքը շատ է, դժվարին ու ցավոտ, և մենք չենք ցանկանում դիպչել դրան ու մեզ նետում ենք արտաքին աշխարհ` հնարավորինս մեր ներսից հեռու` փնտրելով պատրանքային ուրախություններ, տարատեսակ զգացողություններ ու ապրումներ, մի խոսքով` ամեն բան, ինչ մեզ հնարավորինս կհեռացնի մեր ներսից, չի թողնի, որ վերհիշենք այն, չէ որ այն ցավոտ է, ու այնտեղ այնքա՜ն խնդիրներ կան: Եվ այսպես շուտով հասնում ենք այն բանին, որ իսպառ մոռանում ենք մեր ներսը ու մեր ներքին ծարավը փորձում ենք հագեցնել արտաքին աշխարհի ինչքով, մոլեռանդորեն ձգտում ենք փառքի, իշխանության` կարծելով, թե մեզ հենց դա է պակասում, կարծելով, թե մեր ներքին սովը դրանց բացակայությունից է... և գնալով դառնում ենք ավերի ու չարի աղբյուր` նախ մեզ համար, ապա և` ողջ աշխարհի: Ու այդպես էլ չենք գիտակցում, որ իրական երջանկությունը միայն մեր ներսում կարող ենք գտնել. որ թեև քարքարոտ, բայց միակ պտղաբեր դաշտը մեր ներսում է, և որ այն մշակելուց հետո շուտով առատորեն կհնձենք դրա երջանիկ պտուղները, և մեր աշխատանքը կվարձատրվի մեկի տեղ բազում արդյունքով:

Եվ մի՞թե ողջ աշխարհի չարիքը այս պարզ խելագարությունից չէ, որ գալիս է: Մարդն իրեն է փնտրում իրենից դուրս. մի՞թե սա խելագարություն չէ... Քրիստոս ասում է. «Ի՞նչ օգուտ մարդուն, եթե նա ողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի...», և թե` «Աստծու Արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, և չեն ասի, թե` ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետև ահա Աստծու Արքայությունը ներսում` ձեր մեջ է»...

Դարեր ի վեր մարդկությունը ուտում է ինքն իրեն, որովհետև իր ներսի քաղցը փորձում է դրսից բավարարել, և որքան ավելի է խժռում իրեն, այնքան ավելի է քաղցում: Եվ հիրավի դիպուկ են բանաստեղծի խոսքերը.

Ես ձեզ ասում եմ` կգա Ոգու սով,

Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ,

Կընկնեք մուրալու հափրած որկորով`

Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ...

Եվ մի՞թե մարդկային չարությունը հենց ներքին` իրական երջանկության պակասից չէ, մի՞թե սիրո պակասից չէ, որը մարդ զգում է իր ներսում` անկախ նրանից` հասկանում է այդ, թե ոչ: Հիշենք, թե ինչ էր ասում Մայր Թերեզան. «Այս աշխարհն ավելի շատ սիրո ու կարեկցանքի կարիք ունի, քան հացի»...

Եվ արդ, մարդու ողջ գոյության նպատակը հենց իր ներքին կյանքն ապրելն է: Հրեաներն ասում են, թե մարդ այս աշխարհ է գալիս որպես մի «վայրի այծիկ» (շատ մաքուր ու անմեղ, բայց դեռևս վայրի), և պետք է հեռանա այս աշխարհից որպես Հրեշտակ: Հարց տանք մեզ. մենք ապրո՞ւմ ենք այդպես, մենք այդ այծիկին դարձնո՞ւմ ենք Հրեշտակ, թե՞ դեռ մի բան էլ ապականում ենք նրա մաքրությունը և այդ անմեղ արարածին դարձնում գազան, որը շուտով սկսում է հոշոտել շուրջբոլորը...

Սիրելիներ, այս ողջ աշխարհը մեզ համար է ստեղծված` մեզնից յուրաքանչյուրի: Եվ այս տեսանկյունից` ողջ աշխարհը մեզնից է սկսվում` հենց մեր անձից: Եվ արդ, դառնանք դեպի մեզ, դառնանք դեպի մեր ներսը` աստիճանաբար, քայլ առ քայլ... Անընդհատ մեր մտքում պահենք, որ Տիրոջ Արքայությունը մեր ներսում է, և որ մեր նպատակը` մեր միա՛կ Նպատակը, այդ Արքայությունն է: Ու երբեք չմոռանանք, որ Տերը ցնծագին սրտով դառնում է դեպի այն հոգին, որն, անառակ որդու պես ի խորոց սրտի զղջալով, թողնում է ամեն բան և կատարյալ խոնարհ սրտով դեպի իր Հայրն է դառնում ու ասում. «Հայր, մեղանչեցի Քո և Երկնքի առաջ, այլևս արժանի չեմ Քո որդին կոչվելու, դարձրու ինձ մեկը Քո վարձկաններից»...

Մակար Ղազարյան

Աղբյուր՝ Surbzoravor.am