Այսպէս է ասում Տէրը. «Եթե Ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ» (Հովհաննես 16:7)

Երջանկութեան Արցունքներ

«Երջանկության արցունքները» կինոնկարի գլխավոր հերոսը և երգերի կատարողը սփյուռքահայ հանրահայտ երգիչ Մանուել Մենենկիչյանն էր: Մինչ այդ կինոնկարում նկարահանվելը և երգելը, նա երգում էր գլխավորապես ֆրանսերեն և անգլերեն լեզուններով: Կինոնկարը պատճառ դարձավ, որ Մ. Մենենկիչյանը սկսի երգել նաև հայերեն: Կինոնկարի առաջին ցուցադրումը կատարվեց Beverly Hills-ի մի կինոթատրոնում, այնուհետև այն երկու շաբաթ ցուցադրվեց Հոլիվուդի կինոթատրոններից մեկում՝ օրական 2 անգամ, իսկ հանգստյան օրերին՝ 3 անգամ: 1974թ.-ին ցուցադրման համար հրավեր ստացվեց Բեյրութից: Օդանավակայանում հազարավոր երկրպագուներ դիմավորեցին սիրելի երգչին, իսկ կինոնկարի սցենարիստին, ռեժիսորին և երգերի թե՛ երաժշտության, և թե՛ խոսքերի հեղինակին գրեթե չնկատեցին, որովհետև դեռևս նրան չէին ճանաչում: Բեյրութում կինոնկարը ցուցադրվեց միանգամից 3 կինոթատրոններում, իսկ Cinema Palace-ում՝ 3 ամիս շարունակ, օրական 3 անգամ, հանգստյան օրերին՝ 4 անգամ: Առաջին ցուցադրմանը հրավիրված էին նաև լիբանանաարաբ բարձրաստիճան պաշտոնյաներ: Կինոնկարը մեծ հաջողությամբ ցուցադրվել է նաև Թեհրանում և Արգենտինայում:

Սարքի Մուրադյանը և Մանուել Մենենկիչյանը Բեյրութի օդանավակայանում օդանավից իջնելիս:

«Երջանկության արցունքները» երգը, համանուն կինոնկարից, հիրավի գերել է հանդիսատեսի սիրտն առ այսօր: Անհնար է պատկերացնել որևէ հայ մարդու, որ դեռևս չի ունկնդրել այդ անչափ հաճելի երգը, որի թե՛ երաժշտությունը, և թե՛ խոսքերը գրել է մեր տաղանդավոր հայրենակիցը՝ Սարքի (Սարգիս) Մուրադյանը.

Երջանկության արցունքները
Սիրովդ ինձ տվիր,
Երջանկության համբույրները
Շրթներիս վրա դրոշմեցիր:
Գարնան նման արևաշող
Վարդերի բույրն ինձ բերիր
Ու շրթներովդ ինձ այրող,
Սրտիս կիրքը հագեցրեցիր:
Երջանկության արցունքները
Խոստումներովդ ինձ տվիր, 
Ու ինձ տալով ուրախ հույսեր, 
Դու ինձ երջանիկ դարձրեցիր:

Այս երգը գրեթե այնպիսի համբավ ունի, ինչպիսին՝ Լևոն Միրիջանյանի խոսքերով գրված «Ո՜վ սիրուն, սիրուն» ժողովրդական երգը: «Երջանկության արցունքները» երգը շատերն են երգել, բայց անժխտելի է, որ ամենալավ կատարումը եղել է լիբանանահայ անզուգական երգիչ և հանրահայտ դերասան Մանուել Մենենկիչյանի կողմից (https://www.youtube.com/watch?v=0IZ7FZN9cw4), ով հաճախել է մեծանուն, ամերիկացի դերասան Դուգլաս Սքոտի և աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դասերին:

Սարքի (Սարգիս) Մուրադյան

Տեքստի աղբյուր՝ Aravot.am