Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Տեր Եսայի քհն. Արթենյան. Աստվածային սերը զգացմունք չէ

Կարելի է մարդու հետ զրուցել, իմաստուն խորհուրդներ ու խրատներ տալ, ոգևորել նրան, բայց այդ ոգևորությունը հնարավոր է, որ ոչ մի դրական արդյունք չբերի մարդու կյանքում, որովհետև սովորաբար ոգևորությունը հեշտ ծնվում և հեշտ էլ մարում է:

Նման ոգևորություն ծնվում է եկեղեցական տոների ժամանակ. մենք ուրախանում և ոգևորվում ենք: Սակայն պարզ ոգևորությունը բավարար չէ:

Իսկական քրիստոնյան նա չէ, ով հեշտությամբ ոգևորվում և սկսում է ժամանակավոր զգացմունքներով առաջնորդվել: Իսկական քրիստոնյան նա է, ով գիտակցում է, որ ինքը հոգեպես տկար է և գիտի՝ ում դիմել հոգու բժշկություն և մխիթարություն ստանալու համար: Միայն մեղավորության գիտակցումը մարդուն փրկության չի կարող առաջնորդել: Մարդը պետք է կարողանա իր զղջումը կյանքի կոչել, տեսանելի արդյունքների հասնել: Որքան էլ խոսենք հավատքից, իրականում միայն մեր գործերն են ունակ ապացուցելու մեր հավատքի գոյությունը:

Մարդը մշտապես հենարանի կարիք է զգում. աշխարհի բոլոր կրոնները և ուսմունքները փորձում են մարդուն տալ այդ հենարանը, որի վրա մարդը պիտի կառուցի իր հոգևոր կյանքը: Մեզ համար այդ հենարանը Աստվածային սերն է: Կարևոր է որ մենք անկեղծ լինենք ինքներս մեր և Աստծո հանդեպ: Բոլորս ցանկանում ենք փրկվել, իրական քրիստոնյայի կենցաղ վարել, սիրելի լինել Աստծուն: Սակայն Աստված մեզ սիրում է անկախ ամեն ինչից: Մենք այդ սերը ոչնչով ավելացնել կամ պակասեցնել չենք կարող, սակայն մեր մեջ եղած սերը զորացնելու և այդպիով Աստծուն սիրելի լինելու հնարավորությունը տրված է մեզ:

Մարդը տարբեր կարողություններով է օժտված. ժամանակի ընթացքում դրանք կարող են կորչել կամ սահամափակվել, կարող ենք կորցնել իրենց նշանակությունը, սակայն սիրելու ունակությունը միակ հավիտենական արժեքն է մարդու համար:

Սիրտն ու հոգին մարդու ամենաթանկ պարգևներն են, ամենամեծ ունեցվածքն ու արժեքը: Այդ պատճառով էլ պետք է կարողանալ լցնել, դաստիարակել սեփական սիրտն ու հոգին աստվածային սիրով: Քանի որ աստվածային սերն է պայմանը, որ Քրիստոս վերածնվում է մեր սրտերում՝ պարգևելով մեզ կյանք ու փրկություն:

Աղբյուր՝ Holytrinity.am