Այսպէս է ասում Տէրը. «Ճիշտ այնպէս, ինչպէս ողկոյզների մէջ մի ճութ է գտնւում, եւ ասում են՝ “Մի՛ փչացրու դա, որովհետեւ Տիրոջ օրհնութիւնը կայ դրա մէջ”, այնպէս էլ ես նոյն կերպ պիտի վարուեմ իմ ծառայի համար. յանուն նրա չեմ կործանելու բոլորին» (Եսայի 65:8)

«․․․Մայրենի լեզվի պաշտամունքն ու պահպանումը, հոգու և խղճի Նարեկյան մաքրությունը, առողջ կենսափիլիսոփայությունը օդի ու ջրի նման պետք են մեզ այսօր․․․»

... Մեր գոյության, մեր հարատևության խորհուրդը ինձ պատկերվում է չորս ամրակուռ սյուների վրա հանգչող գմբեթի տեսքով: Սյուներից առաջինը մեր մեծասքանչ լեզուն է, որ դարերի խորքից դեպի մեզ է գալիս Մեսրոպ Մաշտոցի սրբացած կերպարանքով:

Մյուսը մեր պատմության ու հայրենասիրության ոգին է, որ Խորենացու կերպարանքով է հետևում ինձ, քանի որ նա էր այդ ոգու հայտնաբերողն ու հաստատողը: Նա էր սահմանողը հայրենասիրական այն որակի, որը մեզ ուղեկցում է մինչև օրս:

Սյուներից հաջորդը տառապանքով ինքն իրեն զտելու, ինքն իրենից բարձրանալու, ոգու ու խղճի ամենաբարձր ոլորտներին առնչվելու այն հատկությունն է, որն իր հանճարով նվաճեց ու մեզ պարգևեց Նարեկա մեծ ճգնավորը: Աղարտվող, աղճատվող, այլասերվող ժողովուրդները չեն կարող երկար կյանք ունենալ:

Մեր ժողովրդի զորավոր սյուներից մյուսը, իմ խորին համոզմամբ, առողջ, լավատես, կենսահաստատ փիլիսոփայությունն է, որի կրողներից մեծագույնը Հովհաննես Թումանյանն է` լուսեղեն բանաստեղծն ու քաղաքացին:
Նա իմ բանաստեղծական ու քաղաքացիական իդեալն է: Ես նրա յուրաքանչյուր տողի հավատավորն եմ: Եվ սա չի վերաբերում նրա միայն պոեզիային, այլև հոդվածներին, նամակներին, հրապարակախոսությանը: Ընթերցում և վերընթերցում եմ դրանք և զարմանքով տեսնում, որ չկա մի միտք, մի դատողություն, մի գաղափար, որ այսօրվա լույսի տակ խունացած կամ սխալ դուրս եկած լինի:

...ԵՍ իմ գրական բավականին երկար ճանապարհին խորապես համոզվել եմ, որ իսկական գրողները, հիրավի ժողովրդականները, նրանք են, ովքեր իրենց ժողովրդի գոյության ներքին կապերը ամրապնդելու մտասևեռում ունեն, ովքեր մտահոգված են իրենց ժողովրդի ազգային և բարոյական նկարագրի անաղարտությամբ:

Մեր ժողովրդի գոյության դարավոր հենասյուները՝ մայրենի լեզվի պաշտամունքն ու պահպանումը, մեր պատմության հայրենասիրական ոգին, հոգու և խղճի Նարեկյան մաքրությունը, առողջ կենսափիլիսոփայությունը օդի ու ջրի նման պետք են մեզ այսօր, եթե ուզում ենք ապրել իբրև հայ ժողովուրդ, իբրև հայոց երկիր:

Ես իմ ամբողջ կյանքում մեր գոյության այդ խորհուրդների նվաստ պարտապանն եմ եղել ու եթե կարողանամ կյանքիս մնացած ժամանակամիջոցում այդ պարտքի մի չնչին մասն իսկ հատուցել, ապա պիտի արդարացված համարեմ իմ գոյությունը և խաղաղ հեռանամ աշխարհից:

Վահագն ԴԱՎԹՅԱՆ

1982թ․ 60 ամյակի ելույթից հատված.

Աղբյուր՝ Վահագն Դավթյան ֆեյսբուկյան էջ: