Այսպէս է ասում Տէրը. «Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում

Օսմանյան ոսկով գնված պապս

Երբ Երևանից առաջին անգամ գնացի Լիբանան, 1991 թվականն էր: Պատերազմը նոր էր ավարտվել: Բեյրութում փլատակների մեջ փոքր Փարիզը չտեսա (Բեյրութը հաճախ են համեմատում Փարիզի հետ` անվանելով Արևելքի Փարիզ), բայց ավելի ցնցող բան տեսա` փոքրիկ Հայաստան: Զգացողություններս խառն էին` մանկությունից լսած, բայց չտեսած ազգականներ, անսովոր հայերեն, միայն հայերեն գրված խանութների ցուցանակներ, որ այդ տարիներին և հիմա էլ Հայաստանում այդքան հաճախ չես հանդիպի: Անթիլիասի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի մտա, Դեր-Զորից բերված ոսկորները սարսափազդու էին, սոսկումով նայում էի, և միայն մի միտք էր ուղեղս մուրճի պես զարկում` ո՞րն է արդարությունը:

Հայկական եկեղեցիներ, ակումբներ, մշակույթի տներ և ահա վերջապես այդքան լսած, բայց երբեք չտեսած Բուրջ Համուդ հայկական թաղամասը. այստեղ է ծնվել հայրս, այստեղ է այն տունը, որտեղ ապրել է հայրս:

Այսքան տպավորություններիս գումարվեց մի պատմություն, որը չէի լսել ո՛չ հորիցս, ո՛չ պապիցս: Երևի թուրքի վախն ապրած կյանքն էր ստիպել, որ լռել էր պապս:

Մեզնից ամեն մեկը մեր պատմության տխուր ու ցավոտ էջերի ժառանգորդն է, և Լիբանանը իր բաժինն ունի այդ էջերի մեջ:

Դարեր առաջ հայոց Տիգրան թագավորը տիրել է Լիբանանին, բայց դարեր հետո այդ նույն հզոր թագավորի ժողովուրդը որպես գաղթական մտավ Լիբանան: Այո՛, գաղթական, խոշտանգված ու հալածված մտավ Լիբանան, բայց օտար ափում երբեք չմուրաց, իր աշխատանքով ոտքի կանգնեց, սիրվեց և հարգվեց տեղի ժողովրդի կողմից:

Ժամանակի ընթացքում վերքերը սպիացան, բայց ցավը մնաց, անթեղվեց սրտերում: Հազարավոր հայ որբուկներ ևս հանգրվան գտան այս հողում` դանիացի միսիոներ Մարիա Յակոբսոնի որբանոցում` «Թռչնոց բնում», այլ որբանոցներում: Տեսնես՝ ի՞նչ ճակատագրի արժանացան նրանք, որոնց թաքցրին կամ որպես ծառա պահեցին քրդերը, այն ժամանակ ո՞վ էր տերը, այսօր նրանք կոչվում են ծպտված հայեր:

Հայ լինելուս հպարտության կողքին Լիբանանում նաև սարսափելի սոսկում ապրեցի, երբ մտածեցի, որ ես և եղբայրներս էլ կարող էինք ծպտված հայ լինել, չիմանալ մեր ազգությունը, մեր կրոնը…

Եվ ահա Լիբանանը իմ աչքի առաջ բացեց իմ ընտանիքին բաժին հասած ցավը: Այստեղ մնացի մի տան մեջ, որտեղ ապրել էր պապս և զորավոր մի կին, որի խոսքն օրենք էր և՛ իր ազգականների, և՛ իր թաղի համար: Պապիս հորեղբոր աղջիկը` Սառա խաթունը, որը 16-18 տարեկանում հասցրել էր արդեն ամուսնու և զավակի կորստյան ցավը տեսնել, կորցրել էր ամբողջ գերդաստանը. փրկվել էին միայն ինքը և հորեղբոր երկու աղջիկները` Մարիամը և Թամամը: Նրանք Դեր-Զորով հասել էին Սիրիա: Սառա խաթունը ինքնամոռաց փնտրել էր հինգ զոհված եղբայրներից ողջ մնացած միակ տղային` Սարգսին, որն այդ ժամանակ տասը տարեկան էր: Ամիսներ շարունակ ամեն օր նրան գտնելու հույսը սրտում բավական երկար ճանապարհ կտրելով գնացել-հասել էր «կարանտին» կոչվող շրջանը, որտեղ ամեն օր գաղթական հայեր էին ավելանում, բայց Սարգիսը չկար ու չկար: Ամենօրյա այցերից մեկի ժամանակ հանդիպում է համագյուղացիներից մեկին, որը լուսավոր հույսի շող է արթնացնում` կինն ասում է, որ քրդերի վրանների մոտ Սարգսին նման մեկին է տեսել: Սառան ոգևորված, ուրախացած, առանց ժամանակ կորցնելու երկար ճամփա է կտրում ու հասնում նշված վայրը: Տեսնում է, որ իրենց միակ հույսը քրդերի մոտ ոչխար է արածեցնում: Սարգիսը լսել անգամ չի ուզում քրոջ հետ վերադառնալու մասին. ո՞վ գիտի՝ այն ժամանակ ի՞նչ է մտածել տասնամյա երեխան, որ տեսել էր սպանություն, ջարդ, անցել դաժան ճամփեքով ու հիմա գտել է իր կարծիքով ապահով մի անկյուն ու կարծում էր, թե հայերի մոտ միայն ու միայն մահ է: Հերիք չէ՝ Սարգիսը չէր ուզում վերադառնալ, մյուս կողմից էլ՝ քուրդ տերը պնդում է, որ իր աշխատողին հենց այնպես չի տա: Խեղճ Սառան դափ-դատարկ վերադառնում է տուն, բայց առավոտ շուտ, դեռ լույսը չբացված, կանգնում է քրդի վրանի առաջ միակ խնայողությունը` օսմանյան մեկ ոսկին ձեռքին ու օսմանյան ոսկիով հետ է գնում իր գերդաստանի միակ գանձը` իրենց տոհմի շարունակողին ու պահում-փայփայում է նրան մոր պես: Հետո Սառան ամուսնանում է Նազար աղայի հետ ու երկու աղջիկ ունենում` Մարի և Թրվանդա: Հենց իրենք էլ ինձ պատմել են այս իրողությունը:

Սարգիսն ամուսնանում է, ունենում երեք աղջիկ ու մեկ տղա` Հարությունը` հայրս, որը մեր ամբողջ գերդաստանի հարությունն էր: Սակայն Սառա խաթունի ուրախությունը երկար չի տևում, մոտենում է 1946 թվականը, այսքան ցավից, տառապանքից հետո կրկին բաժանում: Այս անգամ Հայաստանն էր պատճառը` ծովից ծով հայրենիքից մնացած մի փոքրիկ պատառը:

Սարգիսն ընտանիքով միանում է Հայաստան ներգաղթողներին: Օրերով, շաբաթներով նավահանգստում սպասում են, որ նավ բարձրանան` ներգաղթողների մեծ հոսք կար, ու ամեն օր Սառա խաթունը ուտելիք է հասցնում նավահանգիստ` եղբոր ընտանիքին, ամեն օր աչքն արցունք, որ վաղն այլևս չի տեսնի եղբորը: Հայրս` Հարությունը, որ արդեն տասներկու տարեկան էր, երեք անգամ փախչում է ծնողներից, աղաչում-պաղատում, որ հորաքրոջ մոտ մնա, բայց հորաքույրը անդրդվելի էր. «Գնա՛, տղա՛ս, հայրենիքից անուշ բան չկա…»:

Հայաստան… ո՞վ կմտածեր, որ այդչափ ցավ, սարսափ տեսնելուց հետո այդքան փայփայած ու երազած հայրենիքը շատ, անպատմելի շատ հեռու էր լինելու իրենց երազանքներից: Ու հազար զրկանք կրած հայերը նորից պետք է տեսնեին սով, վախ, սարսափ ու աքսոր:

Պապս ու հայրս երբեք չտրտնջացին, չբողոքեցին: Յոթ տարեկան էի, երբ Սարգիս պապս մահացավ, մանկական հիշողություններիս մեջ տպավորվել է պապս` լուռ, խոնարհ, բարի, մշտապես իր թթի ծառի տակ նստած ու երկար-երկար զրույց անելիս իր դասընկերոջ` Լիբանանից եկած պապիկի հետ: Տեսնես՝ ի՞նչ էին խոսում` կորցրածի, թե՞ գտածի, էրգրի, թե՞ Լիբանանի մասին, չգիտեմ, միայն Աստված կիմանա…

Բայց շնորհակալ եմ քեզ, իմ անբախտ պապ, որ քո զավակներին մայր հայրենիք բերեցիր, աշխարհում ամենավատը անհայրենիք լինելն է…

ԱՆԱՀԻՏ ՔԻՐԱՋՅԱՆ

ԲԵՅՐՈՒԹ

Աղբյուր՝ Hayzinvor.am